Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (12.05.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Ոստիկանություն
Дата принятия
12.05.1993
Дата подписания
12.05.1993
Дата вступления в силу
12.05.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,

ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմքում ընկած են Կողմերի իրավահավասարության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ցանկությունից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրենց իրավասության շրջանակներում ապահովում են երկու պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և գույքի պաշտպանությունը:

Կողմերը պարտավորվում են ապահովել ներքին գործերի մարմինների կողմից մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումը և քննումը այն հարցերով, որոնք վերաբերում են այդ մարմինների իրավասությանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա, իրենց իրավասության սահմաններում իրականացնում են համագործակցություն հանցավորության դեմ պայքարի հիմնական ուղղություններով` նախատեսված 1992 թվականի ապրիլի 24-ի «Հանցավորության դեմ պայքարի բնագավառում Անկախ պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մասին» Համաձայնագրի առաջին հոդվածով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, համագործակցությունն իրականացնում են հետևյալ ձևերով`

ա) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց առնչվող անձանց վերաբերյալ տեղեկության, միջազգային բնույթ ունեցող արտակարգ դեպքերի և ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկության, արխիվային տեղեկության փոխանակում,

բ) հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացում,

գ) աշխատանքային փորձի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող օրենսդրական և նորմատիվ ակտերի փոխանակում,

դ) քրեագիտական, հրշեջ և հատուկ տեխնիկայի, գույքային ունեցվածքի, արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի, պահեստամասերի, ծախսի նյութերի և ընդհանուր քաղաքացիական նշանակության այլ գույքի փոխշահավետ մատակարարում,

ե) երկու պետությունների տարածքներում գտնվող մատակարարող ձեռնարկությունների հետ անմիջական կապերի հաստատման գործում փոխադարձ օգնություն,

զ) փոխադարձ հաշվարկի հիման վրա կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցերում օգնության ցուցաբերում,

է) փոխադրման և ուղեկցման իրականացում,

ը) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական գրականության և տեղեկության փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացում,

թ) ծածկագրային կապի կազմակերպում,

ժ) մշակութային և մարզական կապերի զարգացում, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սանատորաառողջարանային բուժման գործում աջակցության ցուցաբերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի ներքին գործերի մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները իրենց իրավասության սահմաններում կարող են հաստատել անմիջական կապեր և ստորագրել լրացուցիչ պայմանագրային փաստաթղթեր իրենց գործունեության առանձին ուղղություններով համագործակցելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, պարտավորվում են միմյանց օգնություն ցույց տալ հետևյալ ճանապարհով`

- քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումներ կատարելով,

- վկաներին կանչելով և որպես վկա հարցաքննելու համար կալանքի տակ պահվող անձանց տեղ հասցնելով,

- հանձնման ենթակա անձանց կալանքի տակ վերցնելով,

- հետաքննության, քննչական և դատական մարմիններից թաքնված անձանց հետախուզելով, ձերբակալելով, անհրաժեշտության դեպքում նրանց կալանքի տակ վերցնելով,

- հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ հանցագործության հետքեր պարունակող, հանցագործության գործիք համարվող առարկաները ուղարկելով և հանձնելով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված հարցումները պետք է համապատասխան կերպով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները`

ա) հարցումը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,

բ) հարցմանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,

գ) վկաների, տուժողների, կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների և դատապարտյալների անունները, ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը և մշտական բնակության կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները և հասցեները,

դ) հարցման բովանդակությունը, ինչպես նաև դրանց էությանը և իրավախախտման հանցակազմի նկարագրությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

Հարցմանը կցվում են նաև դրա կատարման համար անհրաժեշտ, պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթեր:

Հարցումը պետք է հաստատված լինի ներքին գործերի մարմնի զինանշանը պատկերող կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հարցման բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը գտնի, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ հակասում է իր պետությունում գործող օրենսդրության հիմնական սկզբունքներին: Նման որոշում կայացնելու դեպքում հարցում անող Կողմը տեղեկացվում է գրավոր` մերժման պատճառների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մյուս Կողմին հաղորդվող տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու համար, եթե այդ տեղեկությունները կրում են գաղտնի բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալները և տեղեկությունները երրորդ կողմին տալու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տվյալները և տեղեկությունները հաղորդող Կողմի գրավոր համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն:

Ընդունող Կողմը ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս նրանց վրա դրված առաջադրանքների կատարման գործում, տրամադրվում են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ավտոտրանսպորտ և տեղեկության, այդ թվում` փակ բնույթի, հաղորդման կապի ուղիներ: Անհրաժեշտության դեպքում նաև աջակցություն է ցույց տրվում գործուղման ընթացքում կացարանի տրամադրման, ուղևորության փաստաթղթեր ձեռք բերելու գործում և գործուղված աշխատակիցների խնդրանքով կարող է ցուցաբերվել նյութական օգնություն` հետագայում ծախսերը հատուցելու պայմանով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը, մյուս Կողմի նախկին աշխատակիցներին ներքին գործերի մարմիններում ծառայության ընդունելով, այդ մարմիններում ծառայության անցկացման մասին իրենց պետությունների օրենսդրություններին համապատասխան, լուծում են նրանց ծառայողական ստաժի պահպանման հարցերը` երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու, հատուկ կոչում շնորհելու, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակի ապահովման, իրավունքներ և արտոնություններ տալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը, իրենց կառավարությունների որոշմամբ, փոխադարձ օգնություն են ցույց տալիս տարերային աղետների, խոշոր հրդեհների, վթարների և աղետների, համաճարակների և անասնահամաճարակների հետևանքների վերացման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվել:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից և ռուսերենից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը կարող են փոխանակել իրենց ներկայացուցիչներին: Ներկայացուցիչների փոխանակման կարգը և նրանց կարգավիճակը կսահմանվեն առանձին համաձայնագրով` հաշվի առնելով երկու պետությունների օրենսդրությունները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցման` մյուս Կողմի ստանալու երեք ամիս լրանալը:

Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 12-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան