ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ԵԱԴԴ/0604/02/08 |
Վարչական գործ թիվ ԵԱԴԴ/0604/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Ա. Մաթևոսյանի | ||
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.08.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Գոռ Մարտիրոսյանի` գումար բռնագանձելու, ինչպես նաև ըստ Գոռ, Սերյոժա, Սամվել և Արմեն Մարտիրոսյանների, Վարսիկ Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` հայցն ամբողջությամբ մերժելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Գոռ Մարտիրոսյանից բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ որպես վարչական տուգանքի գումար:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2008 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և ըստ առարկայական ընդդատության հանձնվել է Վարչական դատարանի քննությանը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Գոռ Մարտիրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն առոչինչ է, քանի որ այն կայացվել է ոչ իրավասու մարմնի կողմից, մասնավորապես, քաղաքապետի փոխարեն այն ստորագրել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Դատարանը, վճիռ կայացնելիս անտեսել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական մարմինը Երևանի քաղաքապետն է և ոչ թե այդ պաշտոնը զբաղեցրած անձը:
Հետևաբար, Դատարանը, գտնելով, որ ակտն ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից, սխալ է մեկնաբանել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:
Երևանի քաղաքապետի 18.08.2003 թվականի որոշմամբ սահմանված է, որ Երևանի քաղաքապետի բացակայության ժամանակ քաղաքապետին փոխարինում է առաջին տեղակալը: Հետևաբար, Երևանի քաղաքապետի բացակայության դեպքում տեղակալի կողմից որոշում ստորագրելն այն առոչինչ ճանաչելու հիմք չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 19.06.2007 թվականի թիվ 004225 արձանագրության համաձայն` Երևանի Աջափնյակ համայնքի Չուխաջյան փողոցի թիվ 26-րդ տան բնակիչ Գոռ Մարտիրոսյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի սեփական տանը կից կառուցում է մոտ 80 քմ մակերեսով քարե շարվածքով շինություն:
2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 եզրակացությամբ առաջարկվել է Գոռ Մարտիրոսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տուգանքի 200.000 ՀՀ դրամի չափով:
3) Երևանի քաղաքապետի 06.07.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-4/6 որոշմամբ Գոռ Մարտիրոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի:
Նշված որոշման մեջ գրված է «Երևանի քաղաքապետ» «Ե. Զախարյան», սակայն այն ստորագրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի կողմից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես հետևյալ ակնառու կոպիտ սխալը՝ ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը:
«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի հրամանագրի 1.7 կետի համաձայն` Երևանի քաղաքապետն ունի տեղակալ (տեղակալներ), որոնք իրականացնում են Քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկը փոխարինում է Երևանի քաղաքապետին նրա բացակայության ժամանակ:
Այսինքն, Երևանի քաղաքապետին` որպես վարչական մարմին, փոխարինելու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի լիազորություններն անցնում են նրա տեղակալին:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման թիվ Վ-4/6 վարչական գործի վերաբերյալ որոշման կայացման համար իրավասու մարմին է համարվում Երևանի քաղաքապետը: Հետևաբար, «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 որոշումը, որն ստորագրվել է նրա տեղակալի կողմից, ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից, ուստի այն առոչինչ է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Դատարանի պարտականությունն է ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պահանջել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր պարունակող ապացույցներ:
Մինչդեռ Դատարանը սույն գործի լուծման համար անհաժեշտ համարելով Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում ընդունելու լիազորության առկայության փաստի հաստատումը, Քաղաքապետարանի ներկայացուցչից չի պահանջել այդ փաստը հաստատող ապացույց և բավարարել է հայցը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը կիրառել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետը, որի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը: Սույն գործի փաստերի համաձայն` «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» Երևանի քաղաքապետի 06.07.2007 թվականի թիվ Վ-4/6 որոշման մեջ գրված է «Երևանի քաղաքապետ» «Ե. Զախարյան», սակայն այն ստորագրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացվում են այլ պաշտոնատար անձի` Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից, համապատասխան վարչական ակտի մեջ պետք է նշվեն այն ստորագրող պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները:
Վերոնշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այս մասով Դատարանի պատճառաբանությունը, սակայն գտնում է, որ վերոնշյալ ձևական խախտումը հիմք չէ Քաղաքապետարանի հայցը մերժելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 04.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
Ա. Մաթևոսյան | ||
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |