Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (17.02.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Ուկրաինայի Հանրապետություն
Дата принятия
17.02.1994
Дата подписания
17.02.1994
Дата вступления в силу
17.02.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հենվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև 1993 թվականի հունվարի 19-ին ստորագրված Համագործակցության հիմունքների մասին Պայմանագրի դրույթների վրա,

կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,

հարգելով երկու պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրենց իրավասության շրջանակներում ապահովում են մյուս Կողմի պետության քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների, օրինական շահերի և սեփականության պաշտպանությունը իրենց պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար:

Կողմերը պարտավորվում են ապահովել մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումն ու քննումը ներքին գործերի մարմինների կողմից` այն հարցերով, որոնք վերաբերում են այդ մարմինների իրավասությանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը իրենց պետություններում գործող օրենսդրության հիման վրա համագործակցությունն իրականացնում են հետևյալ ուղղություններով`

ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,

բ) բանդիտիզմի, ահաբեկչության և միջազգային հանցավորության դեմ պայքարի,

գ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործառույթների դեմ պայքարի,

դ) թմրանյութերի ու հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,

ե) կեղծ փաստաթղթերի, դրամանիշերի ու արժեթղթերի պատրաստման և իրացման դեմ պայքարի,

զ) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

է) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտները մշակութային և պատմական արժեքներ են համարվում,

ը) հանցագործների, քննությունից և դատից, պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,

թ) Կողմերից մեկի պետության տարածքում հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտի հետախուզման,

ժ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,

ժա) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,

ժբ) տարերային աղետների, աղետների, խոշոր վթարների և հրդեհների, համաճարակների և անասնահամաճարակների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման,

ժգ) ճանապարհային երթևեկության և հակահրդեհային անվտանգության ապահովման,

ժդ) օդանավերի թռիչքների, նրանց անձնակազմերի և ուղևորների անվտանգության ապահովման,

ժե) գաղտնի միգրացիայի ոլորտում հսկողության և տեղեկության փոխանակման,

ժզ) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման,

ժէ) գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման,

ժը) նյութատեխնիկական ապահովման:

Կողմերը նաև համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մինչ խորհրդարանների կողմից 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի վավերացումը Կողմերը, ընդունված փորձի, ազգային օրենսդրության, միջազգային իրավական նորմերի հիման վրա և փոխադարձ պայմանավորվածությամբ, պարտավորվում են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել օպերատիվ-հետախուզական և դատավարական գործողություններ անցկացնելու, քրեական գործերով և օպերատիվ հաշվառման գործերով հարցումներ և հանձնարարություններ կատարելու, ինչպես նաև երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերի ներքին գործերի մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարների թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համագործակցությունն իրականացում են հետևյալ ձևերով`

ա) քրեական գործերով, օպերատիվ-հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների և հանձնարարությունների կատարմամբ,

բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և քրեագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության փոխանակմամբ,

գ) օպերատիվ հետախուզական և դատավարական միջոցառումների անցկացմանն աջակցելով,

դ) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխադարձաբար աջակցություն ցույց տալով,

ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների գույքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,

զ) հատուկ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցորդմանն աջակցելով,

է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,

ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,

թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն աջակցություն ցույց տալով:

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակելու և զարգացնելու համագործակցության այլ փոխընդունելի ձևեր, որոնք նշված չեն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հարցումները, հանձնարարությունները և խնդրանքները պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինեն և ունեն հետևյալ ռեկվիզիտները`

ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,

բ) հարցմանը կամ հանձնարարությանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,

գ) վկաների, տուժածների, կասկածյալների, մեղադրյալների, հետախուզվողների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները և անունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության կամ գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները, անունները և հասցեները,

դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրանց էությանը և իրավախախտման հանցակազմի նկարագրությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

2. Հարցմանը կամ հանձնարարությանը կցվում են նաև պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումներ, որոնք անհրաժեշտ են թույլատրված գործողությունները կատարելու համար:

3. Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի` զինանշան պատկերող կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

4. Հարցումը կամ հանձնարարություն կատարելիս կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն:

5. Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

6. Հարցման կամ հանձնարարության բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցնող Կողմը գտնի, որ դրա կատարումը սպառնում է իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը և այլ կարևոր շահերին:

7. Նման որոշում կայացնելու դեպքում հարցում անող Կողմը տեղեկացվում է գրավոր` մերժման պատճառների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է մյուս Կողմին հաղորդվող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այդ տեղեկությունները կրում են գաղտնի բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած տվյալները և տեղեկությունները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ Կողմին կարող են փոխանցվել բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:

Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն նրանց վրա դրված պարտականությունների կատարման գործում, ապահովվում է նրանց իրավական պաշտպանվածությունը` ընդունող Կողմի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը պայմանավորվեցին, անհատական կարգով և հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, քննարկել ՆԳ մարմիններում մյուս Կողմի աշխատակիցներին ծառայության ընդունելու հարցերը, լուծել նրանց ծառայողական ստաժի պահպանման հարցերը` երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու և պետական կենսաթոշակ նշանակելու համար. այն չափերով, որ սահմանված է ընդունող Կողմի ՆԳ մարմինների աշխատակիցների համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, ղազախերենից կամ ռուսերենից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի լիազորված ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում հանդիպում են միմյանց սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չի սահմանվում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև վեց ամիս լրանալը` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը կստանա նրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը:

Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1994 թվականի փետրվարի 17-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, որոնք ունեն միանման ուժ, ընդ որում տարընթերցման դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի փետրվարի 17-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան