Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.617
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.03.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
13.03.2009
Дата вступления в силу
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0216/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0216/05/08

 2009թ.

Դատավոր՝ Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Է. Հայրիյանի

 

Ա. Մաթևոսյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը

ՀՀ վարչական դատարանի 08.10.2008 վճռի դեմ՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ «Ղարս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 544.827.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 544.827.200 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես, Ընկերությունում կատարված նախնական հաշվարկների վերաբերյալ տեղեկանքը և թիվ 61200307 քրեական գործով տրված փորձագետի 17.04.2007 թվականի թիվ 07-0267 եզրակացությունը:

Սույն գործով ստուգումը նշանակվել է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, այն է՝ ստուգումը նշանակվել է քրեական գործ հարուցելու համար նյութեր նախապատրաստելու ընթացքում, իսկ նյութեր նախապատրաստելը քրեական դատավարության ընթացակարգ է:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասից հետևում է, որ այն իմպերատիվ նորմ է և արգելում է քրեական դատավարության փուլում վերը նշված օրենքի կիրառումը, մինչդեռ, դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, մի կողմից նշել է, թե «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները, մյուս կողմից՝ հակասելով ինքն իրեն, նշել է, թե «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նաև քրեական դատավարության ոլորտում, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում չեն սահմանվում ստուգում իրականացնելու պայմաններն ու կարգը: Դատարանն անտեսել է օրենքի անալոգիայի կիրառման բացառումը։ Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավական ակտերի անալոգիա կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Տվյալ դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում իրավական ակտերի անալոգիայի կիրառում։

Դատարանը, նշելով, թե նշված հարաբերությունները կարգավորող օրենք է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, թույլ է տվել այդ օրենքի դրույթների բազմաթիվ խախտումներ՝ անտեսելով, որ նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա։

Սույն գործով հանցագործության վերաբերյալ նյութերն ստանալուց հետո, երբ ստուգում է նշանակվել Ընկերությունում, ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցները Կարապետ Դարբինյանին կամ Ընկերության մյուս պաշտոնատար անձանց հայտնաբերելու և ստուգումներին մասնակից դարձնելու ուղղությամբ, սակայն ստուգողներին չի հաջողվել նրանց հայտնաբերել։ 27.02.2007 թվականին Կարապետ Դարբինյանը դատախազությունում ծանոթացել է ստուգման տեղեկանքին և հրաժարվել է այն ստանալ: Վերը նշված հանգամանքներից ելնելով՝ Դատախազությունը ստուգման տեղեկանքը դիտել է որպես պետական բյուջե վճարման ենթակա հարկերը հիմնավորող փաստաթուղթ և դրել հայցադիմումի հիմքում։ Ստուգման տեղեկանքում Ընկերության հարկային պարտավորությունները հաշվարկվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, և տեղեկանքում նշված է ընկերության հարկային պարտավորությունների չափը՝ 544.827.200 ՀՀ դրամ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հայցադիմումը հարուցվել է քաղաքացիական դատավարության կարգով։

Այսպիսով, Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների դրույթները՝ անտեսելով, որ տվյալ պարագայում նշված օրենքները կիրառելի չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.10.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Դատախազությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում (նյութեր) է ստացել Ընկերության վերաբերյալ, որի համաձայն` Ընկերությունը (տնօրեն Կարապետ Դարբինյան) 2000 թվականից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարբեր տեսակի ապրանքներ՝ 458.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, դրանք իրացրել է, սակայն 2001 թվականի առաջին եռամսյակից հետո հարկային մարմիններին հաշվետվություններ չի ներկայացրել և հարկեր չի վճարել։ Բացի այդ, Ընկերությունը 2002 թվականից մինչև 2006 թվականի հոկտեմբեր ամիսը 20 կազմակերպությունների հետ կատարել է 134 գործարք՝ նրանց մատակարարելով 400.000.000 ՀՀ դրամի ապրանքներ։

Հաղորդման (նյութերի) ընթացքը լուծելու համար Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի 10.01.2007 թվականի որոշմամբ նշանակվել է ստուգում (Ընկերության հարկային պարտավորությունների չափը ճշտելու համար), որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը։

2. Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի «Ստուգում նշանակելու մասին» 10.01.2007 թվականի որոշման հիմքով արձակված՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 23.01.2007 թվականի թիվ 1024202 հանձնարարագրի հիման վրա կատարված ստուգման արդյունքում 01.02.2007 թվականին կազմվել է «Ընկերությունում կատարված նախնական հաշվարկների վերաբերյալ» տեղեկանքը, որում ամրագրվել է, որ 01.01.2001թ.-30.09.2006թ. ժամանակահատվածի համար Ընկերության հարկային պարտավորությունների գումարը ՀՀ պետական բյուջեի հանդեպ կազմում է 544.827.200 ՀՀ դրամ:

3. Ստուգման տեղեկանքի և նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մյուս տվյալների հիման վրա Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի 01.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (թիվ 61200307)՝ Ընկերության տնօրեն Կարապետ Դարբինյանի կողմից հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:

4. Դատախազության քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի 11.04.2007 թվականի որոշմամբ նշանակված դատահաշվապահական և տնտեսագիտական համալիր փորձաքննության արդյունքում կազմված՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 17.04.2007 թվականի թիվ ՀՄ 07-0267 և ՀՄ 07-0267-1 եզրակացությունների համաձայն՝ Ընկերության հարկային պարտավորությունները 01.01.2001 թվականից մինչև 01.07.2006 թվականը ընկած ժամանակահատվածում ԱԱՀ-ի և շահութահարկի գծով՝ տույժ և տուգանքներով հանդերձ, կազմում են 206.339.318 ՀՀ դրամ, իսկ 01.07.2006 թվականից մինչև 01.04.2007 թվականը՝ 49.280.732 ՀՀ դրամ:

5. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 20.07.2007 թվականի թիվ 1-47 դատավճռի համաձայն՝ 2006-2007 թվականների ժամանակաշրջանում հարկային պարտավորությունները կատարելուց չարամտորեն խուսափելու մասով Ընկերության տնօրեն Կարապետ Անդրանիկի Դարբինյանը դատապարտվել է: Միաժամանակ, վճռվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչության քաղաքացիական հայցը բավարարել մասնակի՝ Ընկերության տնօրեն Կարապետ Անդրանիկի Դարբինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 27.891.716 ՀՀ դրամ: Նշված դատավճռով արձանագրվել է նաև, որ 01.01.2001 թվականից մինչև 01.01.2006 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության ծավալած տնտեսական գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերը՝ տույժ տուգանքներով հանդերձ, կազմել են 206.339.300 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման քաղաքացիական հայցի կարգով։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատախազը պարտավոր է հայց հարուցել ի պաշտպանություն պետության գույքային շահերի: Ընդ որում, քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի (մինչ 21.04.2007 թվականը գործող խմբագրությամբ) համաձայն՝ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է նաև հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, անձամբ քննել գործը լրիվ ծավալով՝ նախաքննության ընթացքում ընդունելով անհրաժեշտ որոշումներ և իրականացնելով քննչական և այլ դատավարական գործողություններ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությունում ստուգում նշանակելու մասին ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 23.01.2007 թվականի թիվ 1024202 հանձնարարագրի արձակման ու «Ընկերությունում կատարված նախնական հաշվարկների վերաբերյալ» 01.02.2007 թվականի տեղեկանքի կազմման հիմք է Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի 10.01.2007 թվականի որոշումը, որը կայացվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից հանցագործության կատարման մասին հաղորդման (նյութերի) հետագա ընթացքը լուծելու կապակցությամբ, իսկ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահաշվապահական և տնտեսագիտական փորձագետների 17.04.2007 թվականի թիվ ՀՄ 07-0267 եզրակացությունը ձեռք է բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Դատախազության քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի 11.04.2007 թվականի որոշման հիմքով:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշված օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նշված օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշված օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները դուրս են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:

Մինչդեռ, Դատախազության հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Ընկերությունում կատարված նախնական հաշվարկների վերաբերյալ» 01.02.2007 թվականի տեղեկանքը (որը ձեռք է բերվել քրեադատավարական կարգով) չի կարող հարկային պարտավորությունների հաշվարկման հիմք հանդիսանալ, քանի որ այն կազմվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով և վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ վերոնշյալ օրենքները սույն վեճի լուծման համար կիրառելի չեն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես, Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի «Ստուգում նշանակելու մասին» 10.01.2007 թվականի որոշման հիման վրա կազմված «Ընկերությունում կատարված նախնական հաշվարկների վերաբերյալ» 01.02.2007 թվականի տեղեկանքը, Դատախազության քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի 11.04.2007 թվականի որոշման հիման վրա կազմված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահաշվապահական և տնտեսագիտական փորձագետների 17.04.2007 թվականի թիվ ՀՄ 07-0267 եզրակացությունը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 20.07.2007 թվականի թիվ 1-47 դատավճիռը, որոնցով արձանագրվել է 01.01.2001 թվականից մինչև 01.01.2006 թվականն ընկած ժամանակահատվածում ծավալած տնտեսական գործունեության արդյունքում Ընկերության կողմից ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով չկատարված հարկային պարտավորություններ ունենալու հանգամանքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.10.2008 թվականի վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Ա. Մաթևոսյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան