Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-796
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.254
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.03.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2009
Дата вступления в силу
10.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 02.03.2009թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. փետրվարի 26-ին՝ Երևանում: Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկային համաձայնագրի (Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որը վավերացվել է 2005թ. հոկտեմբերի 10-ին) լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:

2. Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը կազմում է 1.300.000 SDR-ին համարժեք գումար:

3. Համաձայնագիրը բաղկացած է երեք առդիրից և մեկ հավելվածից, որոնք սահմանում են Ծրագրի նկարագրությունը, Ծրագրի իրականացման կարգը և վարկի մարման ժամանակացույցը: Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 2005թ. հուլիսի 1-ի` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր պայմաններ վարկերի և դրամաշնորհների համար» վերտառությամբ փաստաթուղթը` մինչև 2006թ. հոկտեմբերի 15-ը կատարված փոփոխություններով:

4. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին գյուղական ձեռնարկությունների զարգացմանը:

5. Համաձայնագիրը սահմանում է վարկի մարման կարգը և ժամկետները, գանձվող տոկոսագումարների չափը, ֆինանսավորման չմասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը, վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք սպասարկման վճարի չափը, վճարման ժամկետները:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

●  վարկի մայր գումարը վերադարձնել համաձայնագրով սահմանված վերադարձի ժամանակացույցին համապատասխան,

●  հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածությունը և այդ նպատակով իրականացնել ողջ ծրագիրը ԾԻԳ-երի միջոցով և ապահովել Ծրագրի իրականացումը համաձայնագրի դրույթներին համապատասխան,

●  պահպանել ԾԻԳ-ը մինչև Ծրագրի ավարտը` Ընկերակցության պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և տեխնիկական առաջադրանքներով,

●  ապահովել Ծրագրի իրականացումը՝ համաձայն Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթների,

●  Ծրագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսուն օրվա ընթացքում Ընկերակցության նախնական հաստատմանը ներկայացնել նորացված Գործառնական ձեռնարկն ու շրջակա միջավայրի կառավարման նորացված Ծրագիրը,

●  ապահովել Ծրագրի իրականացումը շրջակա միջավայրի թարմացված կառավարման ծրագրի դրույթների համաձայն,

●  իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել հաշվետվություններ, վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ,

●  պատրաստել և Ընկերակցությանը ներկայացնել միջանկյալ աուդիտի չենթարկված ծրագրի ֆինանսական հաշվետվությունները,

●  ապահովել, որպեսզի աշխատանքները գնվեն Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով, բացառությամբ համաձայնագրով սահմանված դեպքերի,

●  ապահովել, որպեսզի ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքներն ու աշխատանքները գնվեն համաձայնագրով սահմանված կարգով:

7. Համաձայնագիրը սահմանում է նաև գնումների իրականացման կարգը, գնման մեթոդները, ֆինանսավորման միջոցների մասհանման կարգը, պայմանները և ժամանակահատվածը:

8. Համաձայնագրով սահմանված է նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ընթացակարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 մարտի 2009 թ.

ՍԴՈ-796