Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-086-4
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.25/40(630) Հոդ.653
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.06.2008
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
16.06.2008
Дата вступления в силу
05.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրն է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրությունը`

ա) տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության ուսումնասիրությունը.

բ) զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը.

գ) նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական և այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) հարցումներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց` նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.

գ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների և փորձագետների, այդ թվում` միջազգային:

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, և մեկ` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

Ձևավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում Լ. Տեր-Պետրոսյանին և այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը զեկուցում է Ազգային ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

(10-րդ կետը փոփ. 22.10.08 Ն-105-4, 24.02.09 Ն-127-4)

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան
 

16 հունիսի 2008 թվականի,

քաղ. Երևան

Ն-086-4

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N  1

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ն-086-4 և Լ-248-4 որոշումների հիման վրա ձևավորել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով.

 

Հանձնաժողովի նախագահ

ՆԻԿՈՅԱՆ Սամվել   «Հանրապետական» (ՀՀԿ) պատգամավորական խմբակցություն

Անդամներ

ՆԱՂԴԱԼՅԱՆ Հերմինե   «Հանրապետական» (ՀՀԿ) պատգամավորական խմբակցություն
ՍԱՖԱՐՅԱՆ Արամ   «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցություն
ԶՈՀՐԱԲՅԱՆ Նաիրա   «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցություն
ՇԱՀԲԱԶՅԱՆ Արտյուշ   Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցություն
ՄԻՆԱՍՅԱՆ Արծվիկ   Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցություն
ՄԱՐԳԱՐՅԱՆ Հովհաննես   «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություն
ԱՎՈՅԱՆ Արտաշես   «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություն
ԽԱՉԱՏՐՅԱՆ Լյովա   Խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորներից

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան
 

16 հունիսի 2008 թվականի,

քաղ. Երևան