Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-590(ՎԴ)
2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1071Ա
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դատավորներ՝ Տ. Սահակյան
Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Ե. Խունդկարյանի

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Միքայել Մեժլումյանի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ, Հրաչիկ Վարդանյանների և Անահիտ Անտոնյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և առանձնացնելու պահանջի մասին, Անահիտ Անտոնյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Հրաչիկ Վարդանյանների և Միքայել Մեժլումյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, Գայանե Գալոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միքայել Մեժլումյանի, Անահիտ Անտոնյանի` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները մասնակի անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին, անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ Վարդանյանների, Միքայել Մեժլումյանի, Գայանե Գալոյանի, Անահիտ Անտոնյանի` բաժինն առանձնացնելու և տունը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Միքայել Մեժլումյանը պահանջել է առանձնացնել իր կողմից փաստացի զբաղեցված Երևանի Պռոշյան 5ա հասցեում գտնվող 450քմ հողամասը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ:

Դիմելով դատարան` Անահիտ Անտոնյանը պահանջել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից առանձնացնել իր բաժինը և վերացնել սեփականության իրավունքի խախտումը` Միքայել Մեժլումյանին պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Գալոյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Միքայել Մեժլումյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները և Երևանի Պռոշյան 5ա հասցեում 104,7քմ շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ իրեն ճանաչել համասեփականատեր:

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանը պահանջել է առանձնացնել Հրաչիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի հողամասի 1/10-րդ մասը և հրապարակային սակարկություններով վաճառել ամբողջ տունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճռով Միքայել Մեժլումյանի և Գայանե Գալոյանի հայցերը մերժվել են, Անահիտ Անտոնյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի մասով գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2008 թվականի որոշմամբ Գայանե Գալոյանի, Միքայել Մեժլումյանի և Անահիտ Անտոնյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` բեկանվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Անտոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միքայել Մեժլումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 202-րդ հոդվածները, որի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործի փաստերի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող 1303,8քմ մակերեսով հողամասը համասեփականատերերի փաստացի օգտագործման արդյունքում բաժանվել է երկու` 702քմ և 604,7քմ մակերեսներով մասերի: Վեճի առարկա 604,7քմ մակերեսով հողամասը երկու սեփականատերերի` Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առանձնացնելու մասին համաձայնություն առկա չէ, հետևաբար այն պետք է դիտել հավասար:

Անահիտ Անտոնյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից և պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պարտավորեցնելով միայն քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն բավարարելով կոնկրետ չի նշել, թե վճռի որ մասն է բեկանվում և որ մասն է թողնվում անփոփոխ, ինչպես նաև չի նշել գործի քննության ծավալը:

Փաստորեն ստորադաս դատարանն Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը, այն է` ընդհանուր սեփականության ներքո գտնվող 604,7քմ հողամասից սեփականատերերի բաժիններն առանձնացնելու հարցը չեն լուծել, որի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի մասերով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2008 թվականի որոշումը և դատական ակտը փոփոխել:

 

2.1. Միքայել Մեժլումյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է շինություններ, որոնք գտնվել են 1308քմ մակերեսով հողամասի վրա: Մինչդեռ Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին հողամաս չի նվիրել: Նվիրատվության պայմանագրի առարկա է միայն շինությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները, իրավացիորեն նշել է, որ հնարավոր չէ Անահիտ Անտոնյանին հատկացնել հողամաս, որը նրան չի նվիրվել և չի պատկանում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) 10.08.1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի 136,8քմ մակերեսով բնակելի, 32քմ մակերեսով օժանդակ և 238,9քմ այլ մակերեսներից բաղկացած տնատիրությունը, որը գտնվում է ընդհանուր հողամասի վրա:

2) Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 07.08.2007 թվականի թիվ Ել-55602 մասնագիտական եզրակացության համաձայն` Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեների շինությունները գտնվում են 1308քմ մակերեսով հողամասի վրա:

3) Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեում գտնվող 1308քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա են 3 գույքային միավորներ` 1. Պռոշյան 5 հասցեում գտնվող շինություններ` գրանցված Հրաչիկ, Սահակ, Անդրանիկ և Ռուդոլֆ Սարգսի Վարդանյանների անվամբ (285,5քմ բնակելի տուն, 58,5քմ և 24,05քմ ավտոտնակներ և 52,98քմ օժանդակ մակերես), 2. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Անահիտ Անտոնյանի անվամբ (407,5քմ բնակելի տուն),

3. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Գայանե Գալոյանի անվամբ (104,7քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկ, 96քմ մակերեսով հողամաս և նրա վրա առկա 22,3քմ օժանդակ շինություն) և Միքայել Մեժլումյանի անվամբ (Գայանե Գալոյանին պատկանող տան 2-րդ հարկի 82,9քմ մակերեսով մասը և բնակելի տան 1-ին հարկ` 84,86քմ մակերեսով և 59,55քմ նկուղային հարկ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո, որի հիմքերն ու կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով: Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել դրա մասնակիցների միջև նրանց համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի վերաքննիչ բողոքներին, գտել է, որ դրանք պետք է բավարարվեն, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես, Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 31.05.2006 թվականի թիվ ԵԼ-3392 գրությունը, Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 06.06.1986 թվականի վճիռը, Պռոշյան 3, 5, 7, 9բ և 1-ին նրբանցքի 30/2 տան բնակիչների հայտարարությունը, 14.09.1994 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չհետազոտելով և գնահատման առարկա չդարձնելով գործում առկա մի շարք ապացույցներ, չի լուծել Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքը համարում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակներում գործն ուղարկել է նոր քննության:

Հետևաբար առաջին ատյանի դատարանում գործն ըստ էության լուծված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոքի պատճառաբանությունները:

Ինչ վերաբերում է Անահիտ Անտոնյանի պահանջներին առանձին անդրադառնալուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի պահանջների միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել ճիշտ լուծումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան