Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (06.05.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
27.01.1998
Дата подписания
27.01.1998
Дата вступления в силу
06.05.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ցանկանալով խրախուսել փոխհարաբերությունները քաղաքացիական ավիացիայի բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի նպատակների համար.

ա) «ավիացիոն իշխանություն» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Լեհաստանի Հանրապետության դեպքում` տրանսպորտի և ծովային տնտեսության նախարարություն, կամ, երկու կողմից էլ, ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնել նշված իշխանությունների պարտականությունների մեջ մտնող ցանկացած գործառույթ,

բ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է այն ավիաընկերությունը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ կատարելու համար, և որը ձեռք է բերել շահագործման լիազորություններ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմին վերապահում է իրավունքներ, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով` նրա Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով:

Նման հաղորդակցությունները և երթուղիները այսուհետ համապատասխանաբար կանվանվեն «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություն կատարելիս պետք է օգտվի հետևյալ իրավունքներից.

ա) թռիչք կատարել առանց վայրէջքի մյուս Պայմանավորվող կողմի տարածքով,

բ) կանգ առնել նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով,

գ) սահմանված երթուղիներով նախատեսված կանգառներում վերցնել կամ իջեցնել ուղևորներ, փոստ և բեռ` սույն Համաձայնագրի դրույթների և նրա Հավելվածի համաձայն:

 

Հոդված 3

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելու նպատակով: Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը այդ նշանակման մասին:

2. Մի Պայմանավորվող կողմը, ստանալով նշանակման մասին ծանուցումը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների համաձայն, պետք է անհապաղ համապատասխան շահագործման լիազորություններ տա մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել, որ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կատարի նշանակված միջազգային օդային հաղորդակցությունների համար նախատեսված օրենսդրությունը և կանոնակարգերը համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի դրույթների, որը ստորագրման համար բացվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին` Չիկագոյում:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, պետք է իրավունք ունենա մերժել կատարման լիազորությունները կամ հարկադրել այնպիսի պայմաններ, որոնք կարող են անհրաժեշտ թվալ նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքները իրականացնելու համար, եթե նշված Պայմանավորվող կողմը համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ փաստացի սեփականության իրավունքը կամ արդյունավետ հսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին:

5. Երբ նշանակված ավիաընկերությունը լիազորված է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ապա, սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն, այն ուժի մեջ կմտնի այդ հաղորդակցության համար:

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իրավունք ունենա հետաձգել շահագործման լիազորությունները կամ դադարեցնել մյուս Պայմանավորվող կողմից նշանակած ավիաընկերության իրավունքները կամ հարկադրել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ կլինեն այդ իրավունքները իրականացնելու համար.

ա) ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ փաստացի սեփականության իրավունքը կամ արդյունավետ հսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի ենթարկվում այս իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի օրենսդրությանը և կանոնակարգերին, կամ

գ) այն դեպքում, երբ ավիաընկերությունը չի կարողանում գործել սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի պահանջներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների անհապաղ հետաձգումը, դադարեցումը կամ հարկադրումը էական են, որպեսզի կանխվեն օրենսդրությանը կամ կանոնակարգերի հետագա խախտումները, և նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո:

 

Հոդված 5

 

1. Համաձայնեցված երթուղիների շահագործման համար Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները պետք է ապահովեն այնպիսի տարողություն, որը կբավարարի այս հաղորդակցությունների ժամանակ միջազգային փոխադրումների ընթացիկ պահանջներին:

2. Եթե, Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, դարձյալ պահանջվում են համաձայնագրեր, որոնք կարող են կնքվել նշանակված ավիաընկերությունների միջև, համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, ապա դրանք պետք է համաձայնեցվեն նշված Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ:

 

Հոդված 6

 

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային օդային հաղորդակցություններ կատարող օդանավը, ինչպես նաև նրա սարքավորումը, օդանավում եղած վառելանյութը, քսայուղը, մթերքների պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը), մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս պետք է ազատվեն մաքսատուրքերից, տեսչական ստուգման վարձից և այլ գանձումներից կամ հարկերից` հաշվի առնելով, որ հետ վերադառնալիս այդ սարքավորումը, մթերքները և պաշարները մնում են օդանավում այնքան ժամանակ, մինչև դրանք հետ արտահանվեն:

2. Դրանք պետք է ազատվեն նույնատիպ տուրքերից, գանձումներից ու հարկերից, բացառությամբ կատարված ծառայությունների ծախսերի, որոնք են.

ա) մի Պայմանավորվող կողմի տարածքում օդանավ վերցված պաշարները` այդ Պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունների նշված սահմանափակումներով, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավում օգտագործվելու համար,

բ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մտած պահեստամասերը և սարքավորումը, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,

գ) վառելանյութը և քսայուղերը, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավի համար, եթե նույնիսկ այդ պաշարները պետք է օգտագործվեն այն Պայմանավորվող կողմի տարածքով թռիչքի մի մասի համար, որտեղ դրանք օդանավ են վերցվել,

դ) գովազդային նյութերը, որոնք չունեն առևտրային արժեք և օգտագործվում են նշանակված ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Եթե մի Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությունը կամ կանոնակարգերը պահանջում են, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերը պետք է ենթարկվեն այդ Պայմանավորվող կողմի մաքսատան ստուգմանը:

 

Հոդված 7

 

Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավում գտնվող սարքավորումները, ինչպես նաև նյութերը և պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների հաստատման դեպքում:

Այս դեպքում դրանք կարող են գտնվել նշված իշխանությունների վերահսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև նորից արտահանվեն կամ, նույն իշխանությունների համաձայնությամբ, այլ կերպ տնօրինվեն:

 

Հոդված 8

 

ՈՒղևորները, ուղեբեռը և բեռը մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցման և օդանավակայանի տարածքը չլքելու դեպքում պետք է ենթարկվեն միայն պարզեցված ստուգման: ՈՒղեբեռը և բեռը ուղիղ տարանցման դեպքում պետք է ազատվեն մաքսատուրքերից և այլ նմանատիպ հարկերից:

 

Հոդված 9

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն օրենսդրությունը և կանոնակարգերը, որոնք թույլատրում են միջազգային հաղորդակցություններ կատարող օդանավին իր երկրում մնալ և այնտեղից մեկնել կամ իր տարածքում հաղորդակցություններ կատարել, պետք է կիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի նկատմամբ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և կանոնակարգերը, որոնք թույլատրում են օդանավում գտնվող ուղևորների, անձնակազմի, փոստի և բեռի գտնվելը իր տարածքում կամ այնտեղից մեկնելը և, մասնավորապես, անձնագրերի ստուգումը, մաքսային և սանիտարական ստուգումները, պետք է կիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավում գտնվող ուղևորների, անձնակազմի, փոստի և բեռի նկատմամբ:

 

Հոդված 10

 

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված սակագները, մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ այնտեղից փոխադրման համար, պետք է հաստատվեն չափավոր սահմաններում` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառելով շահագործման արժեքը, եկամուտի ընդունելի չափը և այլ ավիաընկերությունների սակագները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները հնարավորության դեպքում պետք է համաձայնեցնել երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների հետ` խորհրդակցելով այլ ավիաընկերությունների հետ, որոնք մասամբ կամ ամբողջովին շահագործում են այդ երթուղին: Նման համաձայնությունը, որտեղ որ հնարավոր է, պետք է իրագործվի միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի կողմից հաստատված` սակագներ սահմանող մեխանիզմով:

3. Համաձայնեցված սակագները գործարկման համար նախատեսված օրվանից 45 օր առաջ պետք է ներկայացնեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը: Հատուկ դեպքերում, նշված իշխանությունների համաձայնության դեպքում, ժամանակի այս սահմանափակումը կարելի է կրճատել:

4. Եթե նշանակված ավիաընկերությունները չկարողանան համաձայնության գալ ներկայացված սակագներից որևէ մեկի կապակցությամբ կամ որևէ պատճառով չկարողանան սահմանել սակագին սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, կամ եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված 45 օրվա ժամկետի առաջին 30 օրվա ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը տեղեկացնի իր անհամաձայնությունը ներկայացված բոլոր սակագների նկատմամբ, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին, ապա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սահմանել մի նոր սակագին` համաձայնեցնելով այն միմյանց հետ:

5. Ոչ մի սակագին ուժի մեջ չի մտնի, եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չհաստատեն այն:

6. Սույն հոդվածի պայմաններին համապատասխան հաստատված սակագները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև նոր սակագներ հաստատվեն սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 11

 

1. Նշանակված ավիաընկերությունների միջև հաշիվներն ու վճարումները պետք է կատարվեն երկու երկրների միջև գործող վճարումների մասին Համաձայնագրի և այդ երկրներում գործող արտարժույթի փոխանակման կարգին համապատասխան:

2. Վճարումների մասին Համաձայնագրի համապատասխան դրույթների բացակայության դեպքում վերը նշված հաշիվները և վճարումները պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով` տվյալ երկրում գործող տարադրամի փոխանակման կարգի համաձայն:

 

Հոդված 12

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ազատում է հաղորդակցություններում կատարած միջազգային չվերթներից առաջացած եկամուտների ցանկացած հարկից, գանձումից, ինչպես նաև ֆինանսական այլ գանձումից:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է չգանձել հարկեր մյուս Պայմանավորվող կողմի այն ծառայողների աշխատավարձից, որոնք պետք է աշխատեն սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածում նշված ներկայացուցչություններում:

 

Հոդված 13

 

1. Նշանակված ավիաընկերությունները պետք է իրավունք ունենան մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունենալ իրենց ներկայացուցչությունները անհրաժեշտ աշխատակազմով` համաձայնեցված օդային հաղորդակցություններ իրականացնելու համար:

2. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է իրավունք ունենա անմիջականորեն կամ գործակալների միջոցով զբաղվել ավիափոխադրումների վաճառքով: Պայմանավորվող կողմերը չպետք է սահմանափակեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը` փոխադարձաբար վաճառել կամ ցանկացած անձնավորության կողմից գնել այդպիսի փոխադրումներ:

3. Վերը նշված գործողությունները պետք է իրականացվեն մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությանն ու կանոնակարգերին համապատասխան:

 

Հոդված 14

 

Սերտ համագործակցության ոգով Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդակցեն միմյանց հետ` նպատակ ունենալով ապահովել սույն Համաձայնագրի և Հավելվածի դրույթների կատարումը:

 

Հոդված 15

 

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ վեճ է ծագում սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ, ապա Պայմանավորվող կողմերը առաջին հերթին պետք է փորձեն լուծել այն բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են վեճի լուծումը հանձնել որևէ մարմնի կամ անձի, կամ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ստեղծվել երեք դատավորներից կազմված դատարան, որոնցից երկուսին նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իսկ երրորդին նշանակում են ընտրված երկուսը:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, դիվանագիտական ուղիներով ստանալով մյուս Պայմանավորվող կողմի` դատավարություն պահանջող ծանուցումը, 60 օրվա ընթացքում պետք է նշանակի դատավոր, իսկ երրորդ դատավորը պետք է նշանակվի հետագա 60 օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը չկարողանա նշված ժամկետում առաջարկել դատավորի թեկնածություն, կամ եթե այս ժամկետում չի նշանակվում երրորդ դատավոր, ապա Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կնշանակի դատավոր կամ դատավորներ, ինչպես որ պահանջվում է: Այդ դեպքում երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է գործի որպես դատական մարմնի նախագահ:

3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված ցանկացած որոշում:

 

Հոդված 16

 

1. Պայմանավորվող կողմերը իրենց իրավունքները և պարտավորությունները վերահաստատում են միջազգային իրավունքով, ներառյալ Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիան` ստորագրված Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» Կոնվենցիան` ստորագրված Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին, «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» Կոնվենցիան` ստորագրված Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված պայքարի մասին» Կոնվենցիան` ստորագրված Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին և «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Արձանագրությունը` ստորագրված 1988 թվականի փետրվարի 24-ին:

2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է հնարավոր օգնություն ցուցաբերեն միմյանց` օդանավի անօրինական բռնագրավումը և ուղևորների, անձնակազմի, օդանավի, օդանավակայանների և օդային հաղորդակցության սարքավորումների և ավիացիայի անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողություններն ու սպառնալիքը կանխելու համար:

3. Պայմանավորվող կողմերը իրենց փոխհարաբերություններում պետք է գործեն ավիացիայի անվտանգության պայմաններին համապատասխան, որոնք հաստատված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից և սահմանված են որպես Կոնվենցիայի Հավելված այնպես, որ այդ անվտանգության ստանդարտները կիրառելի լինեն Պայմանավորվող կողմերի համար. նրանք պետք է գրանցված օդանավի շահագործողներից, իրենց տարածքում հիմնական աշխատավայր կամ մշտական բնակավայր ունեցող շահագործողներից և օդանավակայանի աշխատողներից պահանջեն, որ նրանք գործեն ավիացիայի անվտանգության ստանդարտներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայն է, որ իր ավիաընկերությունը պահպանի մյուս Պայմանավորվող կողմի պահանջով սույն հոդվածի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության ստանդարտները այդ Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու կամ այնտեղ մնալու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ իր տարածքում արդյունավետ միջոցառումներ են ձեռնարկվել` օդանավը, ուղևորներին և նրանց ձեռքի բեռը պաշտպանելու համար, և կատարի անձնակազմի, բեռի ու օդանավի պաշարների համապատասխան ստուգումներ մինչև օդանավ նստելը կամ բեռնելը կամ այդ ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն ընդունի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած պահանջ, որպեսզի ձեռք առնվեն անվտանգության հատուկ միջոցառումներ` վտանգը կանխելու համար:

5. Եթե ծագի որևէ միջադեպ, կամ առկա լինի դրա սպառնալիքը, օրինակ` քաղաքացիական օդանավի անօրինական բռնագրավում կամ այլ անօրինական գործողություններ այդ օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանի կամ օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ, ապա Պայմանավորվող կողմերը պետք է օգնեն միմյանց հաղորդակցության ուղիների և համապատասխան այլ միջոցների օգնությամբ, որոնք նախատեսված են այդ միջադեպը կամ սպառնալիքը արագ և հուսալի վերացնելու համար:

 

Հոդված 17

 

1. Մի Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ առաջարկել մյուս Պայմանավորվող կողմին որևէ փոփոխություն, որը գտնում է անհրաժեշտ սույն Համաձայնագրի համար: Այդ փոփոխությունների վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունները պետք է սկսվեն մի Պայմանավորվող կողմի առաջադրած պահանջի ներկայացման օրվանից 60 օրվա ընթացքում:

2. Եթե մի Պայմանավորվող կողմը անհրաժեշտ է համարում փոփոխություն կատարել սույն Համաձայնագրի Հավելվածում, ապա այն կարող է կատարվել երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի միջև համապատասխան նոտաների փոխանակմամբ:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Պայմանավորվող կողմի ծանուցումը ստանալու օրվանից 12 ամիս հետո:

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագիրը պետք է գրանցվի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում:

 

Հոդված 20

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:

Կատարված է Վարշավա քաղաքում 1998 թվականի հունվարի 27-ին, երկու բնօրինակով, հայերեն, լեհերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

 

Հավելված

 

Երթուղիների ժամանակացույց

 

1. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը` «Հայկական ավիաուղիներ», Լեհաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը` ««LOT» լեհական ավիաուղիների ՄԱ»:

2. Երթուղիներ, որոնցով Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը պետք է կատարի օդային հաղորդակցություններ.

 

Մեկնման
վայրեր

Միջանկյալ
վայրեր
Վայրեր
Լեհաստանում
Նշված վայրերից
դուրս

Երևան

մեկ վայր

Վարշավա

մեկ վայր

 

3. Երթուղիներ, որոնցով Լեհաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը պետք է կատարի օդային հաղորդակցություններ.

 

Մեկնման
վայրեր
Միջանկյալ
վայրեր
Վայրեր
Հայաստանում
Նշված վայրերից
դուրս

Երևան

մեկ վայր

Երևան

մեկ վայր

 

4. Միջանկյալ վայրերը և վայրերից դուրս կետերը կհամաձայնեցվեն նշանակված ավիաընկերությունների միջև և կգործեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 6-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան