Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/08
               Դատավոր՝ Ա. Միրզոյան

Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/08
2008 թ
.

                    

                   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Լաերտ Դոխոլյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Վալենտինա Վերմիշյանը և Գագիկ Մացակյանը պահանջել են վերացնել Կադաստի ղեկավարի 08.05.2008 թվականի մերժման գրությունը և պարտավորեցնել գրանցելու Վալենտինա Վերմիշյանի ու Գագիկ Մացակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործի քննությանը մասնակից չդարձված անձ Լաերտ Դոխոլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Վալենտինա Վերմիշյանի ու Գագիկ Մացակյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի, ինչպես նաև Կադաստրի կողմից:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վարչական դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Լաերտ Դոխոլյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման: Ըստ էության, Լաերտ Դոխոլյանին պատկանող ավտոտնակն ու դրա տակ գտնվող հողամասը հատկացվել է հայցվորներին: Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն՝ գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Դոխոլյանին թույլատրվել է Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում կառուցել ավտոտնակ: Նշված տան՝ Արփենիկ և Վահան Մացակյանների սեփականության իրավունքի վկայագրից հանված լուսապատճենի համաձայն՝ հողամասի հատակագծում նշված միայն մեկ ավտոտնակն է պատկանում Արփենիկ և Վահան Մացակյաններին, իսկ վերը նշված թույլտվության հիման վրա Լաերտ Դոխոլյանի կողմից կառուցված ավտոտնակը Մացակյանների սեփականության մեջ ներառված չէ: Այսինքն՝ Լաերտ Դոխոլյանը Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի վերը նշված որոշման համաձայն, կառուցելով հիշյալ ավտոտնակը և մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելով այն, դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի հիմքով 1991 թվականից դարձել է ավտոտնակի զբաղեցրած հողամասի սեփականատեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճիռը՝ նշված հասցեի հողամասում Լաերտ Դոխոլյանին պատկանող ավտոտնակի և դրա զբաղեցրած հողամասի մասով, և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան՝ նոր քննության:

 

2.1. Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վճռաբեկ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե դատական ակտն ինչ եղանակով պետք է տարածվի իր իրավունքների կամ պարտականությունների վրա:

Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեում գտնվող հողատարածքը (հայցվորները ստացել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր), որի վրա կառուցված է ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորների իրավանախորդներին:

Բողոք բերողի այն պնդումը, թե ավտոտնակը կառուցվել է իր կողմից և այն սեփականության իրավունքով պատկանում է իրեն, անհիմն է, քանի որ Լաերտ Արշալույսի Դոխոլյանի անվամբ Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեում կամ այլ հասցեում ավտոտնակ հաշվառված կամ գրանցված չէ:

Բողոք բերողի այն պնդումը, թե հայցվորների բարեկամները համաձայնություն են տվել իրենց հողամասում ավտոտնակ կառուցելու համար, որը հաստատված է 13.12.1983 թվականի Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի թիվ 23/12-17 արձանագրությամբ, անհիմն է, քանի որ ներկայացված փաստաթուղթը Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի 16-րդ հասցեի կադաստրային գործում առկա չէ:

 

2.2. Կադաստրի կողմից ներկայացված՝ վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող տնատիրությունում առկա է ավտոտնակ, որի պատկանելությունը պարզված չէ, և որի վերաբերյալ կադաստրային գործում որևէ փաստաթուղթ առկա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կիրովականի քաղսովետի գործադիր կոմիտեի ինվենտարիզացիոն բյուրոյի կողմից 26.04.1983 թվականին տրված գույքային թերթի համաձայն՝ Շիրվանզադեի փողոց թիվ 16 տունը 3/4 մասով սեփականության իրավունքով պատկանել է Արփենիկ Եգորի Մացակյանին, 1/4 մասով՝ Վահան Մացակի Մացակյանին: Նշված գույքային թերթի համաձայն՝ տնատիրության հողատարածությունը կազմել է 600,5 քմ:

2) Վահան Մացակի Մացակյանը մահացել է 11.09.2002 թվականին:

3) 03.04.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 07.03.1995 թվականին մահացած Արփենիկ Եգորի Մացակյանի ժառանգներ են՝ Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը, և Գագիկ Վահանի Մացակյանը: Ժառանգությունը բաղկացած է ք. Վանաձոր, Շիրվանզադեի փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի 3/4 մասից:

4) 03.04.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 11.09.2002 թվականին մահացած Վահան Մացակի Մացակյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսացել կինը՝ Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը, և որդին՝ Գագիկ Վահանի Մացակյանը: Ժառանգական գույքը բաղկացած է ք. Վանաձոր, Շիրվազադեի փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի 1/4 մասից:

5) 08.05.2008 թվականին Վալենտինա Անուշավանի Վերմիշյանը և Գագիկ Վահանի Մացակյանը դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանում և խնդրել են ք. Վանաձոր Շիրվանզադեի փողոց թիվ 16 հասցեի տան և հողամասի նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը:

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 12.05.2008 թվականի թիվ 57-2496 գրությամբ մերժվել է պետական գրացման կատարումը, պատճառաբանելով, որ կադաստրային գործում բացակայում են հողհատկացման փաստաթղթերը, որի հետևանքով հնարավոր չէ որոշել հատկացված հողամասի չափերը, սահմանների տեղադրությունը և մակերեսը, ինչպես նաև հնարավոր չէ որոշել գոյություն ունեցող երկու ավտոտնակներից մեկի պատկանելությունը:

7) Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն՝ գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Արշալույսի Դոխոլյանին թույլատրել է առաջինների կողմից օգտագործվող հողամասում՝ Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում, կառուցել ավտոտնակ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

8) Քաղաքացիներ Ռեգալ Մալխասյանի, Լևոն Մացակյանի և Գոհար Մխոյանի նոտարական կարգով վավերացված 01.09.2008 թվականի հայտարարության համաձայն՝ Լաերտ Դոխոլյանը «1983 թվականին ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շիրվանզադե փողոց թիվ 16 հասցեում կառուցել է ավտոտնակ և մինչև օրս շահագործում է այն» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը: Նման դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը՝ համաձայն նույն հոդվածի առաջին մասի:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Սույն գործով Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 08.05.2008 թվականի վարչական ակտը, ինչպես նաև Կադաստրը պարտավորեցվել է գրանցելու Վալենտինա Վերմիշյանի և Գագիկ Մացակյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան ու հողամասի նկատմամբ, այդ թվում նաև նշված հասցեում գտնվող ավտոտնակի և դրա տակ գտնվող հողամասի նկատմամբ: Այնինչ, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 13.12.1983 թվականի նիստի որոշման թիվ 23/12-17 արձանագրության քաղվածքի համաձայն՝ գործադիր կոմիտեն, հաշվի առնելով Դոխոլյանների բարեկամներ, սույն գործով հայցվորների իրավանախորդներ Արփենիկ և Վահան Մացակյանների գրավոր համաձայնությունը, Լաերտ Արշալույսի Դոխոլյանին թույլատրել է Արփենիկ և Վահան Մացակյանների կողմից օգտագործվող հողամասում՝ Շիրվանզադեի փողոցի թիվ 16 հասցեում, կառուցել ավտոտնակ, որը Ռեգալ Մալխասյանի, Լևոն Մացակյանի և Գոհար Մխոյանի նոտարական կարգով վավերացված 01.09.2008 թվականի հայտարարության համաձայն կառուցվել և մինչ օրս շահագործվում է Լաերտ Դոխոլյանի կողմից:

Վերոնշյալ ապացույցները Դատարան չեն ներկայացվել այն պատճառով, որ Լաերտ Դոխոլյանը մասնակից չի դարձվել գործի քննությանը, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.08.2008 թվականի վճռի՝ Լաերտ Դոխոլյանի կողմից օգտագործվող ավտոտնակի և հողամասի մասը, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան