Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ3/0207/05/08
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Վարչական գործ թիվ ՎԴ3/0207/05/08
2008թ
.

                    

                   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ Ժորա Դանիելովի՝ 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության՝ 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ժորա Դանիելովից 5.670.000 ՀՀ դրամ գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ժորա Դանիելովը պահանջել է վերացնել Տեսչության 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, չի կիրառել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 111-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, էական համարելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից Տեսչության պետին հանձնարարագիր տալու համար անհրաժեշտ լիազորություն տրամադրված լինելու հարցը, անտեսել է, որ նշված հարցը կարգավորված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 111-րդ հոդվածի 4-րդ կետով, որի համաձայն՝ հարկային մարմնի ղեկավարը սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային տեսուչների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հա ստատագրված վճարների մասին oրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տե սչության պետին:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ կարգով չի գնահատել Ժորա Դանիելովի կողմից Վրաստանի քաղաքացիներին՝ իր անունից հանդես գալու լիազորագիր տալու փաստը, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ Ժորա Դանիելովի մասնակցությունն արքայանարնջի չրի ներմուծմանը, տեղափոխմանը և իրացմանը կրել է ձևական բնույթ և սահմանափակվել է միայն լիազորագիր տալով և հիմնավոր չի համարել Ժորա Դանիելովի կողմից շահույթ ստանալու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը:

Վարչական դատարանն անտեսել է, որ ներմուծողն է պարտավորություն կրում ապրանքի իրացման ընթացքում օրինականության պահպանման համար, այլ ոչ թե լիազորված անձը, որը կատարում է միայն լիազորողի պահանջները, հետևաբար չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տեսչության պետի 06.05.2008 թվականի թիվ 2326225 հանձնարարագրով հարկային տեսուչներին հանձնարարվել է ֆիզիկական անձ Ժորա Դանիելովի մոտ կատարել առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում:

2) Ժորա Դանիելովի 06.05.2008 թվականի հայտարարության համաձայն` 2007 թվականի դեկտեմբեր ամսին 6 անգամ Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել ընդհանուր 14.000կգ չորացրած արքայանարինջ, որի համար մաքսատանը վճարել է 1.704.919 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ: Ապրանքները վաճառվել են մեկ կիլոգրամը 650-700 ՀՀ դրամով:

3) Տեսչության աշխատակիցների կողմից 08.05.2008 թվականին կազմվել է թիվ 2326225 ստուգման ակտը, որում նշվել է, որ Ժորա Դանիելովը 2007 թվականի դեկտեմբերին 6 անգամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 14.000կգ չորացրած արքայանարինջ` 8.518.400 ՀՀ դրամ մաքսային արժեքով: Ժորա Դանիելովի հայտարարության համաձայն` ներկրված ապրանքն իրացվել է մեկ կիլոգրանը 650-700 ՀՀ դրամով:

4) Ժորա Դանիելովի 08.05.2008 թվականի հայտարարության համաձայն՝ վերջինս հրաժարվել է ստորագրել թիվ 2326225 ստուգման ակտը, քանի որ ակտում նշված գործունեության արդյունքում վնաս է կրել, տեղյակ չի եղել հարկային օրենսդրության համապատասխան նորմերին, իսկ ակտում արձանագրված գումարն ի վիճակի չէ մուծել:

5) Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գելա Զաքրոշվիլիի և Թամազ Չիտաշվիլիի հայտարարությունների համաձայն` Ժորա Դանիելովի կողմից վերջիններիս տրվել է լիազորագիր Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներմուծելու համար:

5) 19.11.2007 թվականին Ժորա Դանիելովը լիազորել է Թամազ Չիտաշվիլիին և Գելա Զաքրոշվիլիին իր փոխարեն ներկայանալ մաքսատանը, ստանալ և մաքսազերծել իր անվամբ եղած բեռը, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, իր անունից տալ հայտարարություններ և դիմումներ, կատարել համապատասխան մուծումներ, բեռը տեղափոխել մինչև Հայաստանի Հանրապետություն, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները, որոնք կապված են վերը նշված հանձնարարության հետ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ: Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Սույն գործով Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի` Տեսչության պետի կողմից:

Մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը նախատեսում է, որ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին oրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անհրաժեշտ համարելով Տեսչության պետի կողմից համապատասխան փաստի ապացուցման անհրաժեշտությունը, պետք է անձից պահանջեր ներկայացնելու այդ փաստի ապացույցները: Մինչդեռ Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցը պահանջելու, այդ փաստը հիմնավորված չի համարել` այդ հանգամանքը նույնպես դնելով վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքում:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ժորա Դանիելովի գործունեությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ: Որպես դատական ակտի հիմնավորում հիմք է ընդունվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161(ՏԴ) գործով որոշումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161(ՏԴ) գործով որոշմամբ տրված ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանությունից հետևում է Ժորա Դանիելովի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ մասնավորապես հստակ նշել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին:

Ժորա Դանիելովի գործունեությունն իրականացվել է ինքնուրույն, իր ռիսկով և հետապնդել է շահույթ ստանալու նպատակ: Այդ հանգամանքները հաստատվում են վերջինիս կողմից ընդունված այն փաստերով, որ 14.000կգ չորացրած արքայանարինջը ներմուծվել է Ժորա Դանիելովի անունից և վաճառվել շուկայում: Իրավական առումով ապրանքները ներմուծել է Ժորա Դանիելովը, իսկ շուկայում վաճառելն ուղղակիորեն վկայում է շահույթ ստանալու նպատակի մասին: Այն հանգամանքը, որ ապրանքները ներմուծվել են այլ անձանց կողմից, անձի կողմից իրականացված գործունեությունը ձեռնարկատիրական չդիտելու համար բավարար չի կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար:

Վերոնշյալից հետևում է, որ ներկայացուցչության ինստիտուտի միջոցով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները կատարում են իրավաբանական գործողություններ` առանց անմիջականորեն դրանց մասնակցելու: Սակայն, այդ գործողություններն ուղղված են հենց ներկայացվողի համար իրավունքներ և պարտականություններ ստեղծելուն:

Հետևաբար, սույն գործով Ժորա Դանիելովի անունից կնքված բոլոր գործարքները` ապրանքների ներկրումը, դրանց վաճառքը, իրավունքներ և պարտականություններ են առաջացնում միայն Ժորա Դանիելովի համար:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան