ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ3/0169/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0169/05/08 |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ Սերգեյ Մկրտչյանի՝ 2.635.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սերգեյ Մկրտչյանի ընդդեմ Տեսչության՝ ստուգման ակտը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Սերգեյ Մկրտչյանից 2.635.200 ՀՀ դրամ, որից 2.196.000 ՀՀ դրամը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանք, իսկ 439.200 ՀՀ դրամը՝ որպես պարտադիր սոցիալական ապահովության վճար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սերգեյ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 10.03.2008 թվականի թիվ 2325406 ստուգման ակտը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.07.2008 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Սերգեյ Մկրտչյանի գործունեությունը չի դիտել որպես ձեռնարկատիրական, այնինչ գործի նյութերով հիմնավորված է, որ Սերգեյ Մկրտչյանն ավտոմեքենաներ է ներմուծել շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով: Այդ փաստը հաստատող ապացույց են թե Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցադիմումը, որով նա հայտնել է, որ ավտոմեքենաները ձեռք է բերել տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, ինչը ենթադրում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ, և թե Սերգեյ Մկրտչյանի հետագա գործողությունները, այն է՝ նա ավտոմեքենաներ ներմուծել է մի քանի անգամ, այսինքն՝ պարբերաբար, և դրանք վաճառելու արդյունքում ստացել է շահույթ (եկամուտ): Ապացույցները սխալ գնահատելու արդյունքում Դատարանի կայացրած դատական ակտը առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1161 (ՏԴ) որոշմանը:
2. Վարչական դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Տարածքային տեսչության պետին առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության ստուգում նշանակելու լիազորություն տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 15.07.2005 թվականի թիվ 1-06/379Ա հրամանով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Տեսչության պետի 27.02.2008 թվականի թիվ 2325406 հանձնարարագրի հիման վրա Տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Մարգար Ավետիսյանին և սոց.վճարների և եկամտահարկի բաժնի հարկային տեսուչ Վահիկ Հարությունյանին հանձնարարվել է քաղաքացի Սերգեյ Մկրտչյանի մոտ կատարել առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում (17.09.2007 թ.-ստուգման ավարտն ընկած ժամանակաշրջանի համար):
2) Ստուգումն իրականացնող տեսուչների կողմից 10.03.2008 թվականին կազմվել է թիվ 2325406 ակտը, որով արձանագրվել է, որ Սերգեյ Մկրտչյանն առանց պետական գրանցման զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ (արտասահմանյան ավտոմեքենաների ներմուծում և վաճառք): Սերգեյ Մկրտչյանին առաջադրվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի կարգով նշանակված տուգանքի տեսքով 2.196.000 դրամի չափով վերջնական հարկային պարտավորություն:
3) Սերգեյ Մկրտչյանը 29.02.2008 թվականին ստուգումն իրականացնող անձանց բացատրություն է տվել այն մասին, որ վաճառել է իր կողմից ներկրված մեքենաներից երկուսը՝ «Ֆորդ Էքսպլորեր» և «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենաները:
4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 24.06.2008 թ. թիվ 17/35-269 գրության համաձայն՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ հաշվառված են եղել չորս ավտոմեքենաներ՝ մեկ հատ «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա, մեկ հատ «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենա, երկու հատ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
5) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 07.02.2008 թ. թիվ 17/35-55 գրության համաձայն՝ 2008 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ հաշվառված են եղել երեք ավտոմեքենաներ՝ մեկ հատ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, երկու հատ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
6) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վայքի հաշվառման-քննական խմբի 24.05.2008 թվականի թիվ 17/35-220 գրության համաձայն՝ 23.05.2008 թվականի դրությամբ Վայոց ձորի Գլաձոր գյուղի բնակիչ Սերգեյ Մկրտչյանի անվամբ գրանցված չէ որևէ ավտոտրանսպորտային միջոց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)՝ գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) հիսուն տոկոսի չափով:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)՝ գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60.000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է:
Սույն գործով կարևոր է այն հարցի պարզումը, թե արդյո՞ք Սերգեյ Մկրտչյանն ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի իրականացման եղանակով զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՝ ոչ:
Վիճարկվող ակտն անվավեր ճանաչելիս՝ Դատարանը պատճառաբանել է, որ Սերգեյ Մկրտչյանը չի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ ավտոմեքենաների ներմուծումը և վաճառքը հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով չի իրականացվել, այլ 01.02.2008 թ-ի և 23.05.2008 թ-ի դրությամբ վաճառել է իր անձնական գույքը հանդիսացող համապատասխանաբար երկու և երեք ավտոմեքենաները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել, մասնավորապես, հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.
1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,
2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,
3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,
4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,
5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,
6. այլ առանձնահատուկ հատկանիշներ (իրավական հիմնավորումները տե՜ս Նունե Սահակյանի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի՝ ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ստեփան Ախոյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի՝ ապօրինի տիրապետումից «Շինտրաստ» ՓԲԸ-ի 102.050 հատ բաժնետոմսերը հետ պահանջելու պահանջների մասին, 01.08.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-1161 (ՏԴ)):
Սույն գործի փաստերից հետևում է, որ Սերգեյ Մկրտչյանն ի սկզբանե ավտոմեքենաներ է ներմուծել շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով: Այդ հանգամանքը նախ հաստատվում է Սերգեյ Մկրտչյանի կողմից հակընդդեմ հայցադիմումում այդ փաստի ընդունմամբ, մասնավորապես վերջինս նշել է, որ ավտոմեքենաները ձեռք է բերել տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, ինչը վկայում է անձի՝ շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության մասին: Վերոնշյալ հանգամանքը հիմնավորվում է նաև Սերգեյ Մկրտչյանի հետագա գործողություններով, այն է՝ նա ավտոմեքենաները ներմուծել է մի քանի անգամ, այսինքն՝ պարբերաբար, ու արդյունքում դրանք բոլորը վաճառել է:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործունեությունը ձեռնարկատիրական որակելու համար պարտադիր հատկանիշ է անհատի՝ շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ հետապնդելու ի սկզբանե ունեցած մտադրության առկայությունը, և ոչ թե փաստացի շահույթ (եկամուտ) ստանալու փաստի առկայությունը, քանի որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում փաստացի շահույթ (եկամուտ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հանդիսանում է անձի ձեռնարկատիրական ռիսկը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Սերգեյ Մկրտչյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ տեխնիկական խնդիրներ ունեցող մեքենաներն օտարելիս՝ Սերգեյ Մկրտչյանը որևէ շահույթ չի ստացել:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով վիճարկվող ակտն անվավեր ճանաչելիս՝ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վիճարկվող ակտի կազմման հիմք հանդիսացող հանձնարարագիրն արձակվել է ոչ իրավասու մարմնի կողմից:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝ սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը՝ նույն օրենքից ելնելով:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշման հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.02.2008 թվականի թիվ 2325406 ստուգման հանձնարարագիրն արձակվել է Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության պետի կողմից, որի արձակման լիազորությունը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի և ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 15.07.2005 թ-ի թիվ 1-06/379-Ա հրամանի ուժով, տեսչության պետին է փոխանցվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի կողմից:
Վերոնշյալից հետևում է, որ 27.02.2008 թվականի թիվ 2325406 հանձնարարագիրն արձակվել է նման լիազորություն ունեցող մարմնի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 14.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել ու Սերգեյ Մկրտչյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.635.200 ՀՀ դրամ, որից 2.196.000 ՀՀ դրամ՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիմքով նշանակված տուգանքի գումար, 439.200 ՀՀ դրամ՝ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով նշանակված տուգանքի գումար:
Սերգեյ Մկրտչյանի հակընդդեմ հայցը՝ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության 10.03.2008 թվականի թիվ 2325406 ստուգման ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|