Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-660(ՎԴ)
2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 4168/2007 թ.
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝ Վ. Թորոսյան
Մ. Ասատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ձագեձորի «Մուսալլամի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Լեռնիկ Ազարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2008 թվականի վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վալյա Դանիելյանի ընդդեմ Կազմակերպության՝ աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի բռնագանձման, կարգապահական տույժի հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վալյա Դանիելյանը պահանջել է անվավեր ճանաչել կարգապահական տույժի ենթարկելու հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 01.06.2007 թվականից:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վալյա Դանիելյանը 04.05.2008 թվականին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` 30.01.2008 թվականի վճռում վրիպակն ուղղելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի 06.05.2008 թվականի որոշմամբ պահանջը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեռնիկ Ազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:

Կազմակերպության տնօրենի 14.04.2008 թվականի թիվ 809 հրամանի հիման վրա՝ ի կատարումն 30.01.2008 թվականի վճռի, Ձագեձորի դպրոցի ուսմասվար Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում որպես փոխտնօրեն ուսումնական աշխատանքների գծով: Վալյա Դանիելյանը աշխատանքային պարտականությունների փաստացի կատարմանն անցել է 14.04.2008 թվականից, իսկ դիմումը ներկայացրել է 04.05.2008 թվականին: Փաստորեն, վճռում վրիպակն ուղղելու մասին դիմումը ներկայացվել է վճռի կատարումից հետո, մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճռում վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջ կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2008 թվականի «Վրիպակն ուղղելու վերաբերյալ» որոշումը և դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճռով որոշվել է Վալյա Դանիելյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես ուսումնական գծով փոխտնօրեն:

2. Կազմակերպության տնօրենի 14.04.2008 թվականի թիվ 809 հրամանի հիման վրա Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում: Աշխատանքային պարտականությունների կատարմանը Վալյա Դանիելյանն անցել է 14.04.2008 թվականից:

3. Վճռում վրիպակն ուղղելու պահանջով դիմումը ներկայացվել է Վերաքննիչ դատարան 04.05.2008 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները՝ չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչ վճռի կատարումը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վճիռը կարող է պարզաբանվել կամ դրանում առկա վրիպակը կարող է ուղվել միայն մինչ վճռի կատարումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14.04.2008 թվականի դրությամբ Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճիռը կատարվել է՝ Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարումից հետո դրանում առկա վրիպակն ուղղելու վերաբերյալ պահանջ չէր կարող ներկայացվել: Հետևաբար, Վայլա Դանիելյանի դիմումն ենթակա է մերժման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2008 թվականի «Վրիպակն ուղղելու վերաբերյալ» որոշումը և այն փոփոխել. Վալյա Դանիելյանի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան