Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-725(ՎԴ)
2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1875
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝ Է. Մուրադյան
Վ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերյոժա Ամիրխանյանի ընդդեմ Ընկերության՝ նախկին աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդը և չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սերյոժա Ամիրխանյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Ընկերությունից 588.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի, 120.000 դրամ հարկադիր պարապուրդի գումարները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 27.07.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2008 թվականի որոշմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 27.07.2006 թվականի վճռի՝ աշխատավարձի բռնագանձման մասը բեկանվել և ուղարկվել է նոր քննության: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը իրավացիորեն մերժել է Սերյոժա Ամիրխանյանի պահանջը՝ 1999-2001 թվականների չվճարված աշխատավարձը բռնագանձելու վերաբերյալ կիրառելով իրավունքների դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 1999-2001 թվականներին ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառել է 2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և եկել այն եզրահանգման, որ աշխատավարձի վճարման պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի տարածվում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 27.07.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության կողմից չի վճարվել Սերյոժա Ամիրխանյանի 1999, 2000 և 2001 թվականների աշխատավարձը:

2) Ընկերությունը, հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, պահանջել է մերժել 588.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի կարգավորմանը (տես՝ Ռուդոլֆ Ղազարյանն ընդդեմ «Արաքս» ԲԲԸ-ի՝ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների պարտքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-162(ՎԴ)):

Սակայն, կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնական և այլ հատուկ օրենսդրությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերյոժա Ամիրխանյանի պահանջի իրավունքի ծագման պահին գործող ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքով հայցային վաղեմության կիրառման կանոնները նախատեսված չեն, հետևաբար այդ իրավահարաբերություների նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

Սույն քաղաքացիական գործով Ընկերության մոտ ծագել է Սերյոժա Ամիրխանյանի 1999, 2000 և 2001 թվականների աշխատավարձի վճարման պարտավորությունը: Հետևաբար, Սերյոժա Ամիրխանյանի կողմից հայցադիմում ներկայացնելու պահին՝ 2006 թվականին, հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացած է եղել, ինչի հիմքով չվճարված աշխատավարձի բռնագանձման հայցը ենթակա է մերժման:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Ընկերության միջնորդությանը, եկել է այն եզրահանգման, որ այդ պահանջի նկատմամբ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով հայցային վաղեմություն չի տարածվում: Այսինքն, Վերաքննիչ դատարանը կիրառել է 2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որը սույն գործով կիրառման ենթակա չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը՝ աշխատավարձի բռնագանձման մասով բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2008 թվականի որոշումը՝ աշխատավարձի բռնագանձման մասով, և այդ մասով օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 27.07.2006 թվականի վճռին:

Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան