Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (09.06.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հունաստանի Հանրապետություն
Дата принятия
17.06.1996
Дата подписания
17.06.1996
Дата вступления в силу
09.06.1997

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունաստանի Հանրապետության կառավարությունը, որոնք այսուհետև կանվանվեն Պայմանավորվող կողմեր,

ելնելով միմյանց երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունից,

ցանկանալով ամրապնդել բարեկամական կապերը իրենց երկրների միջև,

ընդունելով զբոսաշրջության կարևորությունը տնտեսության զարգացման, ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարի կամքի ապահովման և հարաբերությունների սերտացման համար,

հիմնվելով իրավահավասարության և փոխշահավետության հիմունքների վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրին և իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան կնպաստեն միմյանց երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կձգտեն երկու երկրների միջև զբոսաշրջության փոխանակման ասպարեզում դյուրացնել մաքսային և այլ ձևակերպումներն իրենց երկրների օրենքների ու կանոնների համաձայն` նկատի առնելով նաև Կողմերի միջազգային պարտավորությունները, և կաջակցեն երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում գործող ճամփորդական գործակալությունների, ինչպես նաև ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մյուս Կողմի հասարակությանը, նրանց զբոսաշրջության տեսարժան վայրերին ավելի լավ ծանոթանալու, երկկողմ զբոսաշրջության տեղաշարժն ավելացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը կխրախուսեն փոխադարձ զբոսաշրջության բարենպաստ պայմանների ստեղծմանը տեղեկատվության, գովազդային և վավերագրական այլ նյութերի փոխանակության միջոցով` համաձայն իրենց օրենքներին և կանոններին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը, համաձայն երկու երկրներում գործող օրենսդրության, կխրախուսեն և փոխադարձաբար դյուրին կդարձնեն հույն և հայ ձեռներեցների, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ներդրումների հնարավորությունները զբոսաշրջության սեկտորներում: Այդ նպատակով նրանք կանոնավոր կերպով կհաղորդակցվեն զբոսաշրջության ասպարեզում ազգային օրենսդրությամբ նախատեսված ներդրումների դրդապատճառների, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում նման ներդրումների առկա հնարավորությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն բոլոր երկկողմ համագործակցության ձևերը` առանձին ուշադրություն դարձնելով «նոու-հաու»-ի և գործնական փորձի փոխանակմանը իրենց երկրներում զբոսաշրջության բնագավառում ակտիվ գործող կազմակերպությունների և հաստատությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկկողմ համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում գործող գործակալությունների և ձեռնարկությունների միջև` երրորդ երկրներից զբոսաշրջիկների ներհոսքին նպաստելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը տեղեկություն և փաստաթղթեր կփոխանակեն` կապված վիճակագրության, օրենսդրության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուսումնասիրման և հետազոտման հետ, կուսումնասիրեն զբոսաշրջության ոլորտում աշխատողների մասնագիտական վերապատրաստման բնագավառում համագործակցության բոլոր հնարավոր ձևերը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կարող են միմյանց տարածքում հիմնադրել ազգային զբոսաշրջության պաշտոնական տեղեկատվական ներկայացուցչություններ, որոնք չեն զբաղվի առևտրային գործունեությամբ, և որոնց համագործակցությունը կկարգավորվի հենց այդ նպատակի համար կազմված հատուկ պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի ազգային զբոսաշրջության ղեկավար մարմինները կզարգացնեն համագործակցությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց երկու Կողմերն էլ անդամակցում են:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը իրականացնելու նպատակով երկկողմ խորհրդակցությունների և իրավազոր իշխանությունների հանձնարարականների ներկայացման միջոցով պարբերաբար կգումարվի համատեղ հանձնաժողով, որը կազմված կլինի յուրաքանչյուր երկրի հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից: Կողմերը կարող են մասնակցելու հրավիրել իրենց ներկայացուցիչներին և մասնագետներին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր զբոսաշրջության սեկտորից:

Հանձնաժողովի հանդիպումները տեղի կունենան հաջորդաբար յուրաքանչյուր երկրում` Պայմանավորվող կողմերի համաձայնեցրած ժամկետներում:

Յուրաքանչյուր հանդիպում կնախագահի այն երկրի պատվիրակության ղեկավարը, որտեղ այն տեղի է ունենում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց տեղեկացնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի հինգ տարի ժամկետով, այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս հինգ տարով, եթե Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին չի հայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Աթենք քաղաքում 1996 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունիսի 9-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան