Գլխավոր տեղեկություն
Номер
N 553-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2009-23.09.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.673
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.2007
Дата вступления в силу
09.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 553-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորող վերահսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման, վնասազերծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց անօրինական տեղաշարժը կանխելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 15
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 3-ի N 553-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են կարգավորող վերահսկողությունից դուրս մնացած ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների կամ ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութերի ու առարկաների (այսուհետ` ռադիոակտիվ նյութեր) կամ ռադիոակտիվ նյութ լինելու կասկած հարուցող այլ նյութերի ու առարկաների հայտնաբերման ու վնասազերծման հետ կապված հարաբերությունները` մարդկանց ճառագայթային պաշտպանության և շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելման նպատակով:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշմամբ հաստատված ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակներին հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի վրա:

 

II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում ներգրավված են`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

(3-րդ կետը փոփ. 08.01.09 N 36-Ն)

 

III. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվում են`

1) ռադիոակտիվ նյութերի որոնման ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունքում,

2) մաքսային կետերում ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ժամանակ,

3) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ճառագայթային վտանգի նշան ունեցող կամ ռադիոակտիվությունը ցուցադրող այլ նշագրմամբ նյութերի պատահական հայտնաբերման ժամանակ,

4) ռադիոակտիվ նյութ լինելու կասկած հարուցող այլ նյութերի ու առարկաների հայտնաբերման ժամանակ:

5. Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն իր իրավասության սահմաններում ապահովում է հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը դրանց պահեստավորման համար նախատեսված պահեստարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում իր իրավասությունների սահմաններում`

1) մասնակցում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման ծրագրերի իրականացմանը և համակարգում ռադիոակտիվ նյութերի որոնման ու վնասազերծման աշխատանքները.

2) կարգավորող վերահսկողությունից դուրս մնացած ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման նպատակով իրականացնում է օպերատիվ հետախուզական գործունեություն:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման` ճառագայթային վտանգի նշան ունեցող կամ ռադիոակտիվությունը ցուցադրող այլ նշագրմամբ կամ ռադիոակտիվ նյութ լինելու կասկած հարուցող առարկաների կամ սարքերի հայտնաբերման մասին տեղեկացման դեպքում ստորաբաժանման հերթապահը՝

1) գրանցում է տեղեկությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին.

2) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի մասնագետների ժամանումը կազմակերպում է հայտնաբերված ռադիոակտիվ նյութի գտնվելու վայրի շրջափակումը, մարդկանց չթույլատրված շփումը դրանց հետ:

(7-րդ կետը փոփ. 08.01.09 N 36-Ն)

8. Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ճառագայթային հսկողության կազմակերպում և իրականացում.

2) մաքսային կետերում ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ժամանակ ռադիոմետրիկ սարքերի «Ռադիոակտիվություն» ազդանշան հնչելու կամ սարքերի համապատասխան ցուցմունքի գրանցման դեպքում` ռադիոակտիվ նյութ պարունակող ապրանքի կամ տրանսպորտային միջոցի ճշտում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին ռադիոակտիվ նյութի հայտնաբերման մասին տեղեկացում.

4) մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի մասնագետների ժամանումը` ռադիոակտիվ նյութ պարունակող բեռի կամ տրանսպորտային միջոցի` ճառագայթային անվտանգության տեսակետից անվտանգ վայր տեղափոխման և դրա պահպանության ապահովում:

(8-րդ կետը փոփ. 08.01.09 N 36-Ն)

9. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով և 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկությունների հաղորդման ժամանակ`

1) պետք է օգտագործվեն փոխհամաձայնեցված կապուղիներ ու կապի միջոցներ.

2) տեղեկությունը հաղորդող և ստացող անձինք պետք է հակադարձ կապի սկզբունքով ճշտեն տեղեկատվության իրական լինելու փաստը.

3) հաղորդվող տեղեկությունը հնարավորինս պետք է արտացոլի ռադիոակտիվ նյութի հայտնաբերման հանգամանքները (դրա գտնվելու ժամանակը, տեղը, ինչպես է նյութը բնութագրվել որպես ռադիոակտիվ, իրազեկման պահին նյութի գտնվելու վայրը):

10. Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտենն իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման ծրագրի մշակում և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

2) հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի տիպաճշտման (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը.

3) մասնագիտական եզրակացության հիման վրա` հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի վնասազերծման վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնելը: Հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին տեղեկությունները պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի տվյալների բանկում:

(10-րդ կետը փոփ. 08.01.09 N 36-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` այլ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ներկայացնելու համար, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների:

(11-րդ կետը փոփ. 08.01.09 N 36-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան