Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-800
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.04.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.409
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
10.04.2009
Дата вступления в силу
10.04.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 ապրիլի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 18.03.2009թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 8-ին Երևանում` արտակարգ իրավիճակներում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության նպատակով:

2. Համաձայնագրով արտակարգ իրավիճակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի ցանկացած տեսակի աջակցություն: Աջակցությունը ներառում է ցանկացած տեսակի տեղակայման գործընթաց աղետի օրը, արտակարգ իրավիճակների ընթացքում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ձեռնարկել բոլոր միջոցները` արդյունավետ, արագ և համապատասխան մակարդակի աջակցություն երաշխավորելու համար,

տեղակայման գործընթացի համակարգում այնքանով, որքանով հնարավոր է, համակարգել տեղակայման և աջակցության գործընթացները, ինչպես նաև համակարգել աջակցող կազմակերպությունների գործողությունները, ինչպիսիք են ոչ կառավարական կազմակերպությունները, պետությունները և կազմակերպությունները,

իր հաշվին տրամադրել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին աշխատանքներ ծավալելու համար անհրաժեշտ պայմաններ, եթե տեղակայման գործընթացով առկա է նման պահանջ,

ազատել ցուցաբերվող աջակցությունը ձևակերպումներից, հատկապես սարքավորումների և օգնության համար նախատեսված պարագաների համար սահմանվող ֆորմալ պահանջներից, ապահովել դրանց պահեստավորումը և վերարտահանումը,

երաշխավորել Հայաստանի տարածք մարդկանց և սարքավորումների մուտքը և ելքը` պետական սահմանում առանց խոչընդոտների հարուցման,

ապահովել որոնողափրկարարական շների` երկրի տարածք մուտք գործելն ու դուրս գալը, վերացնել անասնաբուժական բոլոր պահանջները,

վերականգնողական խմբին, օգտագործվող բոլոր սարքավորումները, օգնության պարագաներն ազատել բոլոր տեսակի ուղղակի և անուղղակի հարկերից և տուրքերից, մաքսազերծումից և այլ վճարներից,

ազատել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին բոլոր մաքսային ընթացակարգերից, ուղղակի և անուղղակի հարկերից և այլ վճարներից, ինչպիսիք են կանխիկ գումարի ներմուծման և արտահանման հետ կապված վճարները,

չդիտարկել թմրանյութերի ներմուծումը կամ տեղակայումից հետո դրանց չօգտագործված չափաբաժնի վերարտահանումը որպես ներմուծում կամ արտահանում` թմրադեղերի մասին միջազգային համաձայնագրի համաձայն,

ապահովել գոյություն ունեցող հեռահաղորդակցման միջոցների կամ հատուկ հաճախականության օգտագործումը, ինչպես նաև ապահովել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից արտակարգ իրավիճակների հեռահաղորդակցման համակարգի հիմնադրումը,

ստանձնել տեղակայումն իրականացնելիս արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի անդամների պատճառած վնասների համար պատասխանատվությունը` բացառությամբ այն դեպքի, երբ այդ վնասը հասցվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով:

4. Համաձայնագիրը սահմանում է նաև համապատասխան իրավասու մարմինների համագործակցության կարգը և նպատակները, համաձայնագրի դրույթների մեկնաբանման և նշված ծառայությունների կատարման առնչությամբ ծագած տարաձայնությունների լուծման կարգը, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու կարգն ու ժամկետները:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայնագրի հայերեն և անգլերեն բնօրինակների միջև առկա են որոշ տարբերություններ: Սույն փաստին իր գրավոր բացատրությունում անդրադարձել է նաև Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Ելնելով համաձայնագրի այն դրույթից, որ համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին, սահմանադրական դատարանն իր դիրքորոշումն արտահայտում է` հիմնվելով նաև համաձայնագրի անգլերեն բնօրինակի վրա:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 ապրիլի 2009 թ.

ՍԴՈ-800

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան