Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2009-11.07.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.94
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2009
Дата вступления в силу
22.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 32-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 32-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համազգեստը մուգ կապտագույն գաբարդինից է, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազներինը` մուգ կապտագույն կիսաբրդյա կտորից:

2. Գլխարկ` կիսաբրդյա, հովհարով` մուգ կապույտ կտորից է` սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ կանաչավուն եզրաշերտով: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով և ոսկեգույն գլխարկանշանով: Գլխարկահովհարը սև է` լաքապատ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեգույն լարահյուսից, դրվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկեթելերով, իսկ գլխարկագագաթի վրա` Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը:

3. Գլխարկ` ականջակալներով` 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի խորհրդականների, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող դատախազներին տրվում են ականջակալներով մորթե գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազներին տրվում է գորշ կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ: Ականջակալներով գլխարկը և ամենօրյա գլխարկները կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում, ամենօրյա գլխարկի հովհարը պետք է գտնվի հոնքերի մակարդակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև:

4. Կիտել` կիսաբրդյա` 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով չորս ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով: Թևքածալերի վրա կան 3 փոքր` 13 մմ տրամագծով ոսկեգույն կոճակներ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող դատախազների կիտելները երկկոճկուն (երկփեղկ) են, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Կիտելը կողքերից ունի կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ: Կանանց համար կիտելի ձևը նույնն է` դեպի ձախ կոճկումով: Կիտելը կրում են բոլոր կոճակները կոճկված, գրպանների կափույրները դուրս հանված:

5. Տաբատ` կիսաբրդյա` ուղիղ ուրվագծով է, առանց ծալքերի, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով: Կանանց համար տաբատի փոխարեն տրվում է կիսաշրջազգեստ: Կիսաշրջազգեստն ուղիղ կարվածքով է, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով: Հետևամասում բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Տաբատը կրում են կիսաճտքավոր կոշիկների մեջ ոչ ձիգ վիճակում տեղավորված կամ կոշիկների վրա բաց թողնված: Տաբատը պետք է ունենա երկայնակի արդուկած փոթ:

6. Կոշիկ` սև գույնի կաշվից է: Երեսամասն ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Կանանց համար տրվում են համապատասխան կոշիկներ (կիսաճտքավոր կոշիկներ):

7. Կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից է: Երեսամասն ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով: Կիսաճտքավոր կոշիկները պետք է խնամքով քուղակապված լինեն: Կանանց համար տրվում են համապատասխան կոշիկներ (կիսաճտքավոր կոշիկներ):

8. Վերնաշապիկ` երկարաթև` սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով:

9. Վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ: Հետևամասը` վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկված, փողկապով (NN 1 և 2 ձևեր), իսկ կարճաթև վերնաշապիկները` առանց փողկապի, ուսադիրներով, վերևի կոճակն արձակված (NN 3 և 4 ձևեր): Վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար, կամ դրանից ոչ ավելի, քան 0.5 սմ բարձր: Կանանց համար վերնաշապիկի ձևը նույնն է` դեպի ձախ կոճկումով:

10. Փողկապ` սև` ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Փողկապը վերնաշապիկին ամրացվում է սահմանված նմուշի ոսկեգույն ամրակով` վերևից 3-րդ և 4-րդ կոճակների միջև:

11. Վերարկու` ձմեռային, կիսաբրդյա` ունի 6 ոսկեգույն կոճակ` գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների ու արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող անձանց համար` մուգ կապտագույն դրապից: Վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված, գրպանների կափույրները դուրս հանված: Հեռավորությունը գետնից միջև տղամարդու վերարկուի ներքևի փեշը պետք է լինի 40 սմ, կանանց վերարկուինը` 38-42 սմ: Վերարկուի հետ կրում են սպիտակ գույնի կաշնե (վզպատ) (NN 5 և 6 ձևեր):

12. Անձրևանոց` կրելու գոտիով` անջրաթափանց է, միակոճկուն, ուղիղ ուրվագծով, հանովի գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար անձրևանոցը գորշ գույնի կտորից է, 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների ու արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող անձանց համար` մուգ կապտագույն կտորից: Ունի նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի: Անձրևանոցն անձրևային եղանակին կրում են բոլոր կոճակները կոճկված, գլխանոցով կամ առանց դրա` հագուստի պարագաների վրայից (NN 7 և 8 ձևեր):

13. Փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա շերտիկ:

14. Գոտի` կաշվե, սև` 50 մմ լայնությամբ երկանցք մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով: Գոտին կրում են այնպես, որ ճարմանդն առջևից գտնվի մեջտեղում:

15. Ձեռնոց` կաշվե, սև, հինգմատնյա` կրում են ձմեռային վերարկուի հետ:

16. Կիտելի, վերարկուի, անձրևանոցի վրա տեղադրվում են դատախազության խորհրդանշաններ, թևքանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ: Կարճաթև վերնաշապիկի վրա տեղադրվում են դասային աստիճանի տարբերանշաններ:

17. Դատախազության խորհրդանշանը տեղադրվում է օձիքների անկյուններում` 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազներինը` ոսկեզօծ խորհրդանշան, կարված 29 մմ երկարությամբ և 18 մմ լայնությամբ, որը եզրազարդվում է ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:

18. Թևքանշանը վահանաձև է, երիզված ծիրանագույն 2 մմ երիզով, Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով` 11 սմ X 7.5 սմ մուգ կապույտ ֆոնի վրա (N 9 ձև): Թևքանշանը կրում են ձախ թևքի արտաքին կողմին, թևքի վերին կետից մինչև նշանը 90 մմ հեռավորությամբ:

19. Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի տարրերն են` վահանը, կշեռքը և սուրը: Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևի մասում պատկերված է կշեռքը, իսկ կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության դրոշը: Վերջինիս վրա տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանից դուրս, վերևի մասում երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը: Վահանը երիզված է մուգ կապույտ ժապավենով, որի վրա ոսկեգույն տառերով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» (N 10 ձև):

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

20. Դասային աստիճանների տարբերանշաններն ուսադիրներն են, որոնք լինում են կարովի (կիտելի, ձմեռային վերարկուի, անձրևանոցի վրա) և հանովի (կարճաթև վերնաշապիկի վրա): Կարովի ուսադիրները տեղադրվում են թևքատեղադրման գծից ուսի կարի վրա այնպես, որ ուսի կարը համընկնի ուսադրի երկայնական առանցքային գծի հետ: Հանովի ուսադիրներն ամրացվում են ուսերի գոտեմակօղերին: Ուսադիրը կիսափափուկ, ձգված վեցանկյուն է` երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից, ստորին ծայրին զուգահեռ բութանկյունով: Ուսադիրներն սպիտակ գույնի դաշտով են, կանաչ գույնի մակաշերտով: Ուսադրի երկարությունը 11-12 սմ է, լայնությունը` դասային աստիճաններ ունեցող անձանց համար` սկսած արդարադատության պետական խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականը ներառյալ` 4,5 սմ, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականից մինչև 3-րդ դասի խորհրդականը ներառյալ` 4 սմ: Ուսադրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն մահուդե գործվածքով: Ուսադիրներին, ըստ դասային աստիճանի, տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր, իսկ վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է 13 մմ տրամագծով ոսկեգույն կոճակ:

 

III. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

21. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից հատուկ միահյուսվածքով` մահուդի աստառի վրա` առանց մակաշերտի: Արդարադատության պետական խորհրդականի ուսադրի մակերեսի վրա կարվում է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը` 25 մմ բարձրությամբ, և դրանից ներքև` ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` 25 մմ տրամագծով: Աստղերի թևերի արանքներում ամեն կողմից կարվում են հնգական ճառագայթներ (N 11 ձև):

22. Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` 2 ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի ուսադիրների վրա` մեկ ուռուցիկ ոսկեգույն հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով (N 11 ձև):

 

IV. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

23. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա: Ուսադիրների վրա` 2 մուգ կանաչավուն մակաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 հնգաթև ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` մեկ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (N 11 ձև):

 

V. 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

24. Ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից` մահուդե աստառի վրա: Ուսադիրների վրա` մեկ մուգ կանաչավուն մակաշերտ: 1-ին դասի խորհրդականի ուսադիրներին ամրացվում է 4 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 3 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով, 3-րդ դասի խորհրդականի ուսադիրներին` 2 ոսկեգույն աստղ` յուրաքանչյուրը 13 մմ տրամագծով (N 12 ձև):

 

VI. ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ ԱՍՏՂԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ուսադիրներին աստղերը տեղադրվում են`

1) բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

2) արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.

3) արդարադատության 2-րդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա.

4) արդարադատության 3-րդ դասի խորհրդականի համար` երկայնակի առանցքային գծի վրա.

5) 1-ին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը դաշտի կենտրոնում, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից բարձր, մակաշերտի վրա.

6) 2-րդ դասի խորհրդականի համար` դաշտի կենտրոնում.

7) 3-րդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա:

26. Աստղերը ճառագայթներից մեկով ուղղված են դեպի ուսադիրների վերին եզրը:

Դասային աստիճանը

Աստղերի թիվը ուսադիր-ների վրա
(հատ)

Աստղերի տրամա-գիծը (մմ)

Տարածությունն

ուսադրի ներքևի

եզրից մինչև

առաջին աստղի

կենտրոնը

(մմ)

Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների միջև ընկած տարածությունը (մմ)

Արդարադատության պետական խորհրդական

1

25

30

-

Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական

3

22

25

25

Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական

2

22

25

25

Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

1

22

45

-

Արդարադատության 1-ին դասի խորհրդական

3

20

25

25

Արդարադատության 2-րդ դասի խորհրդական

2

20

25

-

Արդարադատության 3-րդ դասի խորհրդական

1

20

45

-

1-ին դասի խորհրդական

4

13

25

25

2-րդ դասի խորհրդական

3

13

25

25

3-րդ դասի խորհրդական

2

13

25

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Ձև 1

Ձև 2

Ձև 3

Ձև 4

Ձև 5

Ձև 6

Ձև 7

Ձև 8

Ձև 9

Ձև 10

Ձև 11

Ձև 12