ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-13-Ո-18
2008 թ.
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՅՈՒ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Վ. Աբելյանի, Մ. Մարտիրոսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Սիմոնյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի, Հ. Փանոսյանի, Գ. Բադիրյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Յու. Բաղդասարյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի դեկտեմբերի 11-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) թիվ N-Կ-2-11/08 որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Ֆ. Արամյանի` Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին հասցեագրված դիմումը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտման վերաբերյալ, որը հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական նորմերի ակնհայտ խախտում:
Ըստ եզրակացության՝
ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Ս. Շահբազյանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 13-ին կայացվել է որոշում՝ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտ գտնվող խաչմերուկում Ֆելիքս Արամյանին պատկանող «ՎԱԶ-21099» մակնիշի 10 ՕՍ 856 պետհամարանիշի և Տարոն Սահակյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 17 ԼԼ 263 պետհամարանիշի ավտոմեքենաների բախման փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Ֆ. Արամյանի և Տ. Սահակյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Քննիչի որոշման դեմ Ֆելիքս Արամյանը 2008 թվականի մայիսի 13-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի 2008 թվականի հունիսի 16-ի թիվ 16-443-08 գրությամբ բողոք բերողին հայտնվել է, որ քննիչի կողմից կայացված որոշումը վերացնելու հիմքեր չկան: Միաժամանակ պարզաբանվել է, որ դիմողի կողմից բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վեցամսյա ժամկետի խախտմամբ:
2008 թվականի օգոստոսի 1-ին դիմող Ֆ. Արամյանը բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 2007 թվականի նոյեմբերի 13-ին կայացված քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Յու. Բաղդասարյան) 2008 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Ֆ. Արամյանի բողոքը մերժվել է՝ ժամկետանց լինելու հիմքով:
Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Ֆ. Արամյանը 2008 թվականի օգոստոսի 20-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի (դատավոր՝ Ս. Ավետիսյան) 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն այն մասին, որ բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն: Տվյալ պարագայում դատարանի կողմից նշված նորմերի պահանջները չեն իրականացվել. առանց դիմողին ծանուցելու գործի քննության վայրի և ժամանակի մասին` 05.08.2008թ. դատարանը քննել է դիմումն ու որոշում կայացրել այն մերժելու մասին, ինչը հանգեցրել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի սկզբունքների խախտման»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Դատարանի կողմից չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո: Միաժամանակ, նույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
Սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանի կողմից Ֆելիքս Արամյանին հասցեագրված 28.08.2008թ. ԿԴ3/0117/08 գրության՝ բողոքի քննության ընթացքը չի արձանագրվել:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական օրենքի ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում:
Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք է դատավորի կողմից դատավարական նորմերի ակնհայտ խախտումը, Կարգապահական հանձնաժողովը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանը ամբողջությամբ ընդունել է եզրակացության մեջ նշված փաստերի առկայությունը:
Դատավոր Յու. Բաղդասարյանը բացատրության մեջ մասնավորապես նշել է, որ Ֆ. Արամյանի բողոքը վերաբերում էր ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Շարբաթյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2007 թվականի նոյեմբերի 13-ին կայացված որոշումը վերացնելուն:
Քանի որ բողոքի և կից փաստաթղթերի հետազոտման արդյունքում, պարզելով, որ այն դատարան է ներկայացվել ժամկետանց, որպիսի պարագայում բողոքն ըստ էության չէր քննվելու, ուստի առանց դատական նիստ հրավիրելու և կողմերին ծանուցելու, որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ այն ժամկետանց լինելու պատճառաբանությամբ և արձանագրություն չի կազմվել:
Բողոքը և կից փաստաթղթերը ուսումնասիրելու ժամանակ, երբ դատավորը եկել է այն հետևության, որ այն պետք է քննարկի և որոշում կայացնի վերը նշված կարգով, առանց անալոգիա կիրառելու, մտաբերել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձին հոդվածներ թույլ են տալիս դատավորին կայացնել որոշումներ առանց կողմերին ծանուցելու և արձանագրություն կազմելու:
Ուսումնասիրելով Կարգապահական հանձնաժողովի որոշման մեջ նշված փաստարկները և օրենսդրական ակտերին կատարված հղումները, իր համար պարզ է դարձել, որ նույնիսկ բողոքն ըստ էության չքննելու պարագայում անհրաժեշտ է նշանակել դատական նիստ, ծանուցել կողմերին և արձանագրել բողոքի քննության ընթացքը:
Ընդհանրացնելով, Յու. Բաղդասարյանը ամբողջությամբ ընդունել է իր կողմից թույլ տրված սխալները և հայցել Կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 2008 թվականի օգոստոսի 1-ին Ֆ. Արամյանը բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել Նաիրի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 2007 թվականի նոյեմբերի 13-ին կայացված որոշումը:
2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, առանց դիմողին ծանուցելու գործի քննության ժամանակի և վայրի մասին, 2008 թվականի օգոստոսի 5-ին քննել է դիմումն ու որոշում կայացրել այն մերժելու մասին` ժամկետանց լինելու հիմքով:
3. 05.08.2008թ. բողոքի քննության ընթացքը դատարանի կողմից չի արձանագրվել:
4. Կարգապահական խախտման վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությանը կից ներկայացված եզրակացության համաձայն` դատավոր Յու. Բաղդասարյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 290-րդ հոդվածի 4-րդ մասի, 315-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն էլ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն: Մինչդեռ, սույն գործով դատավորը 05.08.2008 թվականին քննել է դիմումն ու որոշում կայացրել` առանց գործի քննության ժամանակի և վայրի մասին դիմողին ծանուցելու, ինչը հանգեցրել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սկզբունքների խախտման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Խորհուրդը միաժամանակ գտնում է, որ դատարանի կողմից անտեսվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրություններում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո: Նույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
Սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանի կողմից բողոքի քննության ընթացքը չի արձանագրվել:
Խորհուրդը գտնում է, որ սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Յու. Բաղդասարյանի կողմից դատավարական նորմի ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով: Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ա. Թումանյան Ա. ԽաչատրյանՄ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան Վ. Աբելյան Գ. Բադիրյան Հ. Փանոսյան Ս. Անտոնյան |