Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

քրեական և զինվորական գործերով

վերաքննիչ դատարանի դատավճիռ

քրեական գործ 184/06

ՎԲ-76/08

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ՝ Ա. Խաչատրյան

               Մ. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

 

 

Ե. Խունդկարյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը Լյովա Գառնիկի Շահինյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի դատավճռով Լյովա Գառնիկի Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների համար և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման վեց տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 3-րդ մասով ազատազրկման՝ երկու տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին՝ 6 տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 3-րդ մասով նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման 1 տարին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2005 թվականի փետրվարի 22-ից: Բացի այդ, դատարանը վճռել է Լ. Շահինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.655.400 դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում:

2. 2006 թվականի փետրվարի 21-ին Լ. Շահինյանը, իսկ 2006 թվականի փետրվարի 22-ին Լ. Շահինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը բողոքարկել են ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ դատավճիռը բեկանելու և արդարացման դատավճիռ կայացնելու պահանջով:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, քննության առնելով Լ. Շահինյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները, 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Լ. Շահինյանի և նրա պաշտպան Լ. Սահակյանի վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման:

3. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռի դեմ Լ. Շահինյանի և նրա պաշտպան Լ. Սահակյանի կողմից 2006 թվականի հուլիսի 21-ին և 2006 թվականի հուլիսի 24-ին վճռաբեկ բողոքներ են բերվել՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2006 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է՝ տրամադրելով մեկամսյա ժամկետ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

2006 թվականի սեպտեմբերի 7-ին Լ. Շահինյանը վերակազմելով վճռաբեկ բողոքը, այն ներկայացրել է վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է:

2006 թվականի դետեմբերի 29-ին Լ. Շահինյանի պաշտպան Լ.Սահակյանը, իսկ 2007 թվականի հունվարի 22-ին Լ. Շահինյանը այլ հիմքով վճռաբեկ բողոք են բերել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռի դեմ՝ դարձյալ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թվականի փետրվարի 16-ի որոշմամբ վերոնշյալ վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռի դեմ 2008 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

4. Լ. Շահինյանը 2001 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է «Շալե Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և նշանակվել է այդ ընկերության տնօրեն: Ընկերությունն իրականացրել է խորհրդատվական գործունեություն, բայց աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվություն չի ունեցել: 2001 թվականի մարտին Լ. Շահինյանը ծանոթացել է աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող «Աուդիտ Խորհրդատու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Սուրեն Մանուկյանի հետ և նրա համաձայնությամբ դարձել նաև հիշյալ ընկերության տնօրենը:

2001 թվականի ապրիլի 16-ին Լ. Շահինյանը որպես մասնագետ աշխատանքի է ընդունել իր ուսանողական ընկեր Լևոն Հովհաննիսյանին, իսկ 2001 թվականի ապրիլի 20-ին, երբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնում, «Շալե Կոնսալտինգ» և «Աուդիտ Խորհրդատու» ՍՊ ընկերությունների տնօրեն է նշանակել Լ. Հովհաննիսյանին: Սակայն փաստացի հանդիսանալով «Շալե Կոնսալտինգ», «Աուդիտ Խորհրդատու», իսկ ավելի ուշ նաև «Աուդիտ Խորհուրդ Սերվիս» ՍՊ ընկերությունների ղեկավար՝ 2002-2003թթ. ընթացքում Լ. Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել է «Աուդիտ Խորհրդատու» և «Աուդիտ Խորհուրդ Սերվիս» ՍՊ ընկերություններին պատկանող առանձնապես խոշոր չափերի, համապատասխանաբար 60.0 մլն և 16.0 մլն դրամ գումարները:

5. Լ. Շահինյանը 2001-2002թթ. ընթացքում կազմակերպել է, առանց ծառայությունների մատուցման, Լ. Հովհաննիսյանի կողմից «Շալե Կոնսալտինգ» ՍՊ ընկերության անունից «Աուդիտ Խորհրդատու» ՍՊ ընկերության համար խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի կազմումն ու տրամադրումը, որի արդյունքում 2001-2002թթ-ի ընթացքում, «Աուդիտ Խորհրդատու» ՍՊ ընկերության միջոցներից «Շալե Կոնսալտինգ» ՍՊ ընկերությանը վճարվել է 7.965.900 դրամ գումար, որի հետևանքով պետական բյուջե չի վճարվել 2.655.400 դրամի ԱԱՀ-ի և շահութահարկի գումար՝ պետությանը պատճառելով նույնքան գումարի առանձնապես խոշոր վնաս:

Լ. Շահինյանը, միաժամանակ հանդիսանալով «Շալե Կոնսալտինգ» և «Աուդիտ Խորհրդատու» ընկերությունների գործադիր տնօրեն, 2001 թվականի ապրիլի 18-ին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր է կնքել երկու ընկերությունների միջև, որում որպես «Աուդիտ Խորհրդատու» ՍՊ ընկերության տնօրեն է ներգրավել Լ. Հովհաննիսյանին այն դեպքում, երբ վերջինս ընկերության աշխատող չի եղել, համապատասխան լիազորագիր և ընկերության անունից հանդես գալու իրավունք չի ունեցել:

 

Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Վճռաբեկ բողոքում նշվում է՝ թեև նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Շահինյանը կազմակերպել է առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթերի կազմումն ու տրամադրումը, որի հետևաքնով «Աուդիտ Խորհրդատու» ՍՊ ընկերության կողմից պակաս է հաշվարկվել և պետ. բյուջե չի վճարվել 1.327.700 դրամ ԱԱՀ-ի և 1.327.700 դրամ շահութահարկի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է նույնքան գումարի վնաս, սակայն հանրորեն վտանգավոր արարքը կատարվել է 2001-2002 թթ-ին: Նշված ժամանակահատվածում գործող քրեական օրենսգրքով կեղծ փաստաթղթերի կազմումն ու տրամադրումը արգելված, հետևաբար և քրեորեն հետապնդելի արարքներ չեն եղել: Հիմք ընդունելով վերոնշյալը` բողոք բերող անձը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված դրույթները:

7. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատական ակտերը և այդ մասով վարույթը կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է հետևյալ հարցը. իրավաչա՞փ էր արդյոք կեղծ ձեռնարկատիրության կազմակերպման համար Լ. Շահինյանին դատապարտելը՝ այն դեպքում, երբ նրան մեղսագրվող արարքները կատարվել էին նախքան կեղծ ձեռնարկատիրության հանցակազմի ամրագրումը քրեական օրենսգրքում:

9. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր արարքը կատարելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ «Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»:

Արարքը քրեականացնող կամ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի համար պատասխանատվությունը խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությունը բխում է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային-իրավական ակտերից, մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 15-րդ, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածների դրույթներից:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին»։

Արարքը քրեականացնող կամ քրեական օրենսգրքով արգելված արարքի համար նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը խստացնող օրենքի հետադարձ ուժի անթույլատրելության շեշտադրմանն են ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Մասնավորապես` Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (C.R. v. The United Kingdom, 1995թ., գանգատ N 20190/92, կետ 32; S.W. v. The United Kingdom, 1995թ., գանգատ N 20166/92, կետ 34) գործերով որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այն դիրքորոշումն է արտահայտում, որ 7-րդ հոդվածով սահմանված երաշխիքը հանդիսանում է իրավունքի գերակայության անբաժան տարրը, կարևոր տեղ է զբաղեցնում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության համակարգում: Դա հատկապես դրսևորվում է այն հանգամանքով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ դրանից որևէ բացառություն չի թույլատրվում նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ: 7-րդ հոդվածը պետք է մեկնաբանել կամ կիրառել այնպես, ինչպես բխում է նրա առարկայից և նպատակներից, որպեսզի ապահովվի կամայական հետապնդումից, դատապարտումից և պատժից արդյունավետ պաշտպանությունը:

Գ-ն ընդդեմ Ֆրանսիայի (G. v France, 1995թ., գանգատ N 15312/89) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություններ և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար, և արգելվում է օրենքի հետադարձ ուժը, եթե դա ի վնաս մեղադրյալի է:

Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (Kokkinakis v. Greece, 1993թ. գանգատ N 14307/88, կետ 52), գործով` 7-րդ հոդվածը (1-ին մաս) չի սահմանափակվում միայն ի վնաս մեղադրյալի օրենքի հետադարձ ուժի արգելմամբ: Այն սահմանում է ավելի ընդհանուր բնույթի սկզբունք, այն է՝ հանցագործության սահմանումը և դրանց համար պատիժը պետք է նախատեսվի միայն օրենքով, և որ քրեական օրենքը չպետք է լայնորեն մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ հանցագործությունները պետք է հստակորեն սահմանվեն օրենքով: Այս պահանջը կատարված է համարվում, եթե անձը կարող է համապատասխան նորմերի ձևակերպումից, անհրաժեշտության դեպքում նաև դատարանի մեկնաբանության միջոցով իմանալ, թե որ գործողությունների և անգործության համար կարող է ենթարկվել պատասխանատվության:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:

Սույն գործով դատապարտյալ Լ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել յուրացման և վատնման և կեղծ ձեռնարկատիրության կազմակերպման համար: Յուրացման և վատնման հանցակազմը նախատեսված է ինչպես ՀՀ 1961թ., այնպես էլ գործող` 2003թ. քրեական օրենսգրքում, մինչդեռ կեղծ ձեռնարկատիրության հանցակազմն առաջին անգամ նախատեսվել է ՀՀ 2003թ. քրեական օրենսգրքում. 1961թ. օրենքում այն նախատեսված չի եղել:

Սույն գործի քննության ընթացքում պարզվել է, որ Լ. Շահինյանին մեղսագրվող 38-189-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարվել է 2001-2002 թթ-ի ընթացքում, այսինքն այն ժամանակահատվածում, երբ կեղծ ձեռնարկատիրությունը քրեական օրենսգրքով արգելված, հետևաբար և քրեորեն պատժելի չէր, ուստի և ՀՀ քրեական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով չէր կարող հանցակցությամբ կատարվել:

Ստացվում է, որ սույն գործով Լ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել այնպիսի արարքի հանցակցելու համար, որը դրա կատարման պահին գործող քրեական օրենքով հանցագործություն չի համարվել: Այսինքն` արարքի քրեականացման մասով հետադարձ ուժ է տրվել 2003 թվականի քրեական օրենսգրքին, ինչը Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը, անթույլատրելի է համարում:

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճռով անփոփոխ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որի համաձայն` դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը: Չբեկանելով առաջին ատյանի դատարանի ակտը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (...)»: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որոշում է կայացնում ինչպես առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատական ակտերի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի մասով բեկանելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 421-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բողոքը բավարարել: Լյովա Գառնիկի Շահինյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի դատավճիռները մասնակիորեն բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Լյովա Գառնիկի Շահինյանի նկատմամբ նշանակված 7(յոթ) տարի ազատազրկումը պակասեցնելով 1(մեկ) տարով՝ թողնել կրելու ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով:

2. Դատավճիռների մնացած մասերը թողնել անփոփոխ:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Դ. Ավետիսյան

 

 

Հ. Ղուկասյան

    

Ս. Օհանյան

   

Ս. Սարգսյան

   

Վ. Աբելյան

 

 

Ե. Խունդկարյան