Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.11.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
28.11.2008
Дата вступления в силу
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0377/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0377/05/08 
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արտակ Ոսկանյանի` ինքնակամ շինությունը քանդելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Արտակ Ոսկանյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, պարտավորեցնել պատասխանողին քանդելու Երևանի Քանաքեռի Շրջանցիկ թունելի՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինությունը, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի 24.10.2007 թվականի որոշմամբ արձանագրվել է Արտակ Ոսկանյանի վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու և ոչ թե ինքնակամ շենք կամ շինություն կառուցելու փաստը և, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն եզրակացության, որ ինքնակամ շենքեր կամ շինություններ կառուցելը պետք է դրսևորվի անձի կողմից տվյալ հողամասի վրա կատարված գործողությամբ՝ մասնավորապես որևէ շինություն կամ կառույց կառուցելով: Դատարանը վերակառուցման շինարարարական աշխատանքներ կատարելու հանգամանքը որակել է որպես ընդհանուր օգտագործման տարածքում բարեկարգման նպատակով կատարված վերանորոգում և դրա նկատմամբ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 156-րդ հոդվածը: Մինչդեռ վարչական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտակ Ոսկանյանի կողմից կատարվել են ոչ թե գոյություն ունեցող շինության ընթացիկ նորոգման կամ բարեկարգման գործողություններ, այլ հին շինության փոխարեն կառուցվել է նորը, և այդ աշխատանքները ներառված չեն ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների ցանկում: Նոր շինություն կառուցելու փաստի մասին վարչական իրավախախտում թույլ տալու մասին արձանագրությունում նշել է նաև Արտակ Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է Դատարանի այն փաստարկին, որ Քաղաքապետարանը չի հիմնավորել տարածքը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքը, ապա սեփականատիրոջ պարզումն էական է միայն կատարված զանցանքի համար պատասխանատվության չափը որոշելու առումով և չի կարող դիտվել որպես հայցի մերժման հիմք: Դատարանն այդ հարցին անդրադառնալիս անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-410(ՎԴ) և 12.12.2007 թվականի թիվ 3-1835(Ա) գործերով որոշումներում արտահայտված դիրքորոշումը, որով սահմանվել է հողի նկատմամբ պետական սեփականության կանխավարկածի սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` գումար բռնագանձելու պահանջի մասով բեկանել Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճիռը և հայցն այդ մասով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի 12.10.2007 թվականի թիվ 004291 արձանագրության համաձայն` Երևանի Քանաքեռի Շրջանցիկ թունել հասցեում Արտակ Ոսկանյանի կողմից իրականացվել են նախկինում գոյություն ունեցող կիսաքանդ բաղնիքի և զուգարանի վերակառուցման շինարարական աշխատանքներ շուրջ 20քմ մակերեսով: Նույն արձանագրության մեջ առկա Արտակ Ոսկանյանի բացատրության համաձայն` իրենք խարխլված բաղնիքի, զուգարանի և խոհանոցի փոխարեն կառուցում են նորը:

2) Վերոնշյալը հաստատվել է վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 24.10.2007 թվականի թիվ Վ-16/9 արձանագրությամբ, որով առաջարկվել է Արտակ Ոսկանյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամ տույժի:

3) Երևանի քաղաքապետի 24.10.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-16/9 որոշմամբ Արտակ Ոսկանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով տույժի: Միաժամանակ Արտակ Ոսկանյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

4) Գործում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է պարզի կողմերի ներկայացրած պահանջների և առարկությունների, ինչպես նաև այն իրավական ակտերի հիման վրա, որոնք կիրառելի են տվյալ գործով: Դրանց միջոցով է դատարանի համար պարզ դառնում, թե տվյալ գործով որ փաստի (փաստերի) առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հայցը բավարարելու կամ մերժելու և համապատասխան իրավական նորմերը տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի դարձնելու համար (Տես՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ2/0038/05/08 գործով 31.10.2008 թվականի որոշումը):

Սույն գործի քննության ընթացքում Դատարանը գտել է, որ գործի համար էական նշանակություն ունի ինքնակամ շինությունը պետության սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լինելու փաստը, ինչպես նաև այն, որ Արտակ Ոսկանյանի կողմից կառուցվել է ոչ թե նոր ինքնակամ կառույց, այլ իրականացվել են գոյություն ունեցող շինության վերակառուցման աշխատանքներ, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն առաջանալ չի կարող:

 

1. Ինքնակամ կառույցի հասկացության մասով.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ կառույցը համարվում է ինքնակամ, եթե

1. այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,

2. կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության,

3. կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարական թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարական թույլտվություն չի պահանջվում ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արտակ Ոսկանյանի կողմից իրականացվել է վերակառուցում, որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքերը բացակայում են:

Մինչդեռ վերոնշյալ իրավական ակտերից հետևում է, որ հին շինության քանդման և դրա փոխարեն նորի կառուցման (թեկուզև նույն մակերեսով) համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն:

Սույն գործով այդպիսի թույլտվություն Արտակ Ոսկանյանին չի տրվել, հետևաբար, նրա կողմից վերակառուցված շինությունը համարվում է ինքնակամ և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածները:

 

2. Հողամասը պետության սեփականություն լինելու կանխավարկածի մասով.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես՝ «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից գործի քննության ընթացքում որևէ կերպ չհիմնավորվեց վիճելի տարածքի` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու փաստը` անտեսելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածի հետ կապված արդեն արտահայտել է իր դիրքորոշումը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, արձանագրել է, որ նման դեպքերում գործում է դրա՝ պետական սեփականություն լինելու կանխավարկածը (Տես Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում նույնպես բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես կիրառելի է այդ հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածը:

Այսպիսով, Դատարանը սույն գործի քննության ժամանակ հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Հետևաբար, Դատարանի վճիռն օրինական և պատշաճ կերպով պատճառաբանված չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ դա հանգեցրել է գործի սխալ լուծման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 06.05.2008 թվականի վճռի՝ գումար բռնագանձելու մասը և այն փոփոխել. Արտակ Ոսկանյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ որպես վարչական տույժի գումար, ինչպես նաև 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան