ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-734(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմենակ և Գուլյա Սահակյանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2008 թվականի որոշման մասի դեմ՝ ըստ Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արմենակ և Գուլյա Սահակյանները պահանջել են բռնագանձել ՀՀ կենտրոնական բանկից իրենց կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում դրամական ավանդ դրված 22.768 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի կեսը՝ 11.350 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.02.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Միաժամանակ որոշվել է Արմենակ և Գուլյա Սահակյաններից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 340 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմենակ և Գուլյա Սահակյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետը, 31-րդ հոդվածի գ) կետը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ
օրենքի 21-րդ հոդվածի դ) կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմենակ և Գուլյա Սահակյանները, լինելով կենսաթոշակառուներ, 2-րդ խմբի հաշմանդամներ, չունենալով բավարար նյութական միջոցներ և պետական տուրքը որևէ ձևով վճարելու հնարավորություն, վերաքննիչ բողոքին կից ներկայացված 21.11.2007 թվականի դիմումով խնդրել են ազատել իրենց պետական տուրքի վճարումից:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով 21.11.2007 թվականի դիմում-միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստերը, «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 18.12.2007 թվականի որոշմամբ քննարկել և բավարարել է Արմենակ և Գուլյա Սահակյանների՝ «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդությունը, այնինչ այդպիսի միջնորդություն բողոք բերողների կողմից ընդհանրապես չի ներկայացվել:
Ավելին, Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը վերածելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդության, ըստ էության ինքնուրույն փոփոխել է բուն դիմում-միջնորդության իմաստն ու բովանդակությունը՝ դրանով իսկ դուրս գալով դիմումի շրջանակներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ ազատել իրենց պետական տուրքի վճարումից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Արմենակ և Գուլյա Սահակյանների 21.11.2007 թվականի դիմումի համաձայն՝ Արմենակ և Գուլյա Սահակյանների ընտանիքը ապրում է միայն կենսաթոշակով և գտնվում է ֆինանսական ծանր վիճակում. չեն կարողանում դեղորայք գնել, հնարավորություն չունեն վճարել պետական տուրքը, խնդրել են վերաքննիչ բողոքն ընդունել առանց պետական տուրքի վճարման:
2. Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ Արմենակ և Գուլյա Սահակյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն պետական տուրքի վճարումը տարաժամկետվել է:
3. Արմենակ և Գուլյա Սահակյանները կենսաթոշակառուներ են և երկրորդ խմբի հաշմանդամներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են uահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, իսկ նույն հոդվածի դ) կետի համաձայն՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի դ) կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են uահմանել դատարանները կամ դատավորները` նույն oրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում` պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումը անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմենակ և Գուլյա Սահակյանները կենսաթոշակառուներ ու երկրորդ խմբի հաշմանդամներ են, գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, որի հետևանքով հնարավորություն չունենալով վճարելու պետական տուրքը՝ Վերաքննիչ դատարանին խնդրել են վերաքննիչ բողոքն ընդունել պետական տուրքի վճարումից ազատելու պայմանով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ Արմենակ և Գուլյա Սահակյանների պետական տուրքի վճարումը տարաժամկետվել է:
Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմենակ և Գուլյա Սահակյանները ներկայացրել են «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին» միջնորդություն, որը բխում էր իրենց գույքային դրությունից և որպես պետական տուրքի գծով արտոնություն կարող էր սահմանվել դատարանի կողմից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի 18.12.2007 թվականի որոշմամբ քննարկվել է «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդություն այն դեպքում, երբ Արմենակ և Գուլյա Սահակյանների կողմից նման միջնորդություն չի ներկայացվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, առանց որևէ իրավական հիմքի, այն է՝ առանց «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդության առկայության, Արմենակ և Գուլյա Սահակյանների՝ «Պետական տուրքի վճարումից ազատելու մասին» միջնորդությունը դիտել է որպես «Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին» միջնորդություն և Արմենակ ու Գուլյա Սահակյաններին պետական տուրքի վճարումից ազատելու փոխարեն տարաժամկետել է պետական տուրքի վճարումը, որով և խախտել է գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման տնօրինչականության սկզբունքը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ փոփոխել է կենսաթոշակառուների կողմից ներկայացված միջնորդության իմաստն ու բովանդակությունը՝ դրանով իսկ դուրս գալով միջնորդության շրջանակներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2008 թվականի թիվ 08-1070 որոշումը և այն փոփոխել՝ որոշման եզրափակիչ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Արմենակ և Գուլյա Սահակյաններին ազատել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից»:
2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի և 31-րդ հոդվածի դ) կետի հիմքով Արմենակ և Գուլյա Սահակյաններին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |