ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1480-Ն
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 18 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիդեկտեմբերի 11-ի N 1480-Ն որոշման |
2009 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1.1. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ընդհանուր նկարագիրը
Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) պատմությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնանում է յուրահատուկ զարգացումներով, որոնք իրենց նշանակալի ազդեցությունն են թողնում երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:
ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով հանդիսանում է այն անկյունաքարը, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում: Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում ՓՄՁ-ի զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
Որպես ՓՄՁ-ին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հետևողական տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` վերջին տարիներին արձանագրվեց ՓՄՁ-ն բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ:
ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) ձևավորման գործում. ըստ 2007 թվականի տվյալների` ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.0%:
Նշանակալի է ՓՄՁ-ի դերը նաև երկրի հարկաբյուջետային (ֆիսկալ) ցուցանիշների ձևավորման գործում. 2007 թվականի տվյալներով ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների տեսքով (բացառությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 127.4 մլրդ դրամ կամ պետական բյուջե վճարված հարկերի 25.2%-ը: ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսակարար կշիռը 2007 թվականին վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարում կազմել է 45.7% կամ 38.9 մլրդ դրամ:
ՓՄՁ-ի ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման մեջ 2007 թվականին կազմել է 17.4%, իսկ ներմուծման մեջ` 37.3%: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 16.9% և 36.8%:
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը` որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, 2007 թվականին կազմել է 398.6, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 7 անգամ (2002 թվականին ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը կազմել է 58.1, 2003 թվականին` 82.0, 2004 թվականին` 117.8, 2005 թվականին` 171.9, 2006 թվականին` 237.2):
ՓՄՁ-ի զարգացման միտումները պահպանվել են նաև 2008 թվականին:
Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (ավելի քան 90%-ը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ըստ նախնական գնահատականների` 2008 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման միջազգային ստանդարտների (համակարգերի), նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ապրանքների (ծառայությունների) շուկաներ առաջմղման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` շուրջ 4800 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ՓՄՁ-ի զարգացման և աջակցության համակարգի կայացման ուղղությամբ իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին ազգային տնտեսություն ներմուծել ՓՄՁ-ի պետական քաղաքականության հետևողական իրագործման համար անհրաժեշտ գրեթե բոլոր հիմնարար սկզբունքներն ու մեխանիզմները:
Այս ամենի արդյունքում ներկայումս ՓՄՁ-ի զարգացումը տեղափոխվել է որակապես նոր փուլ, երբ ձևավորվում և ամրապնդվում է այս ուղղությամբ պետական աջակցության համակարգը, ընդլայնվում են ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծավալներն ու աշխարհագրությունը, կատարելագործվում են դրանց տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը: Այս համատեքստում պետական քաղաքականությունն ուղղված է ՓՄՁ-ի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը:
Հայաստանում ՓՄՁ-ի աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմները հիմք են հանդիսանում ՓՄՁ-ի հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցությանը, առաջավոր տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը: Այս զարգացումների համատեքստում կարևորվում է միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) ակտիվ ներգրավումը Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում:
ՓՄՁ-ին պետական աջակցության 2009 թվականի ծրագրային միջոցառումների (ծրագրային ուղղությունների) ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ 2009 թվականին կշարունակվի համագործակցությունը մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ: Վերջիններիս հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության առանձին մարզերում աշխատանքներ կիրականացվեն միջազգային պրակտիկայում կիրառվող մեխանիզմների և տնտեսական զարգացման մոդելների, մասնավորապես` ֆինանսական միջոցների մատակարարման շղթաների, բիզնես-ինկուբատորների, կլաստերների ձևավորման և ներդրման ուղղությամբ: Այս համատեքստում համագործակցություն կիրականացվի Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Հոլանդիայի «Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի», հոլանդական «Համագործակցության զարգացում» ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և այլ կազմակերպությունների հետ:
1.2. ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները
ՓՄՁ-ի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների պակասով:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում վերջին մի քանի տարվա ընթացքում դրական փոփոխություններ են կատարվել ՓՄՁ-ի կառուցվածքում, որոնք որակապես նոր հարթություն են տեղափոխել ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանն առնչվող հիմնախնդիրները` դրանց դրսևորման և ՓՄՁ-ի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
Չնայած նրան, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հիմնականում լուծվել են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հիմնախնդիրներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության ուղղություններով, երկրում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ՓՄՁ-ի հետագա զարգացման համար:
ՓՄՁ-ի զարգացման հիմնախնդիրները պայմանականորեն կարող են դասակարգվել ըստ օրենսդրական, ֆինանսական, տեխնիկական և ենթակառուցվածքային գործոնների, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե՜ սկսնակ և թե՜ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության վրա: Առկա հիմնախնդիրների դրսևորումները և սրությունը խիստ տարբերվում են նաև` կախված ՓՄՁ-ի սուբյեկտների գործելու վայրից (Երևան, Հայաստանի Հանրապետության մարզեր), հատկապես այդ տարբերությունները կտրուկ են արտահայտվում հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում:
ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների և պետական մարմինների միջև փոխհարաբերություններում դեռևս առկա մի շարք վարչարարական բնույթի խնդիրներին, մասնավորապես` կապված տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) ֆինանսական (հաշվապահական) հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի, տնտեսավարող սուբյեկտներում (ՓՄՁ-ի սուբյեկտներում) անհարկի ստուգումներ իրականացնելու հաճախականության փաստերի հետ և այլն:
ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող ֆինանսական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցներից օգտվելու անհնարինությանը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությանը, ինչը լուրջ խնդիր է հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես, արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտող առանձին հիմնախնդիր է նաև միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը: Այս ենթատեքստում լուրջ խնդիրներ են տեղեկատվական հոսքերի մատչելիության, դրանց ընկալման, մշակման և փոխանակման խնդիրները, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը:
ՓՄՁ-ի սուբյեկտների, հատկապես Երևան քաղաքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների համար լուրջ հիմնախնդիր է իրենց բիզնեսի կազմակերպումն ու կառավարումը: Այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում (որոշ մարզերում նմանատիպ կառույցներ ընդհանրապես չեն գործում): Մյուս կողմից առկա է ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից նման ծառայությունների կարևորության չգիտակցման փաստը: Այս համատեքստում որակյալ խորհրդատվական ծառայությունների կարիք ունեն հատկապես սկսնակ գործարարները և գործող այն ՓՄՁ-ի սուբյեկտները, որոնք փորձում են շուկայում ներկայացնել նորարարական արտադրանք կամ ծառայություն:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է փաստել, որ Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս փուլում ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են`
ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությունը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարուց ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես, արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար,
սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը,
գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունները,
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)` շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են թողարկվող արտադրանքի որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչին էականորեն խոչընդոտում է ժամանակակից լաբորատորիաների բացակայությունը, որոնց փորձաքննության արդյունքները կընդունվեն արտահանող երկրներում,
միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը,
տեղեկատվական հոսքերի անմատչելիությունը և դրանց ընկալման, մշակման ու փոխանակման խնդիրները, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը,
շուկայական և մասնավորապես արտարժութային ռիսկերից ապահովագրման և դրանք կառավարելու հետ կապված բարդությունները, ինչը հատկապես խնդիրներ է ստեղծում արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար,
ՓՄՁ-ի սուբյեկտների համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ընձեռվող հնարավորությունների թերի և ոչ բավարար օգտագործման հետևանքով շուկայում թույլ մրցակցային դիրքերը, ինչը մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների անմատչելիությամբ և դրանց կիրառման հնարավորությունների վերաբերյալ ոչ բավարար պատկերացումներով:
Հայաստանում ՓՄՁ-ի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների լուծմանն են ուղղված 2009 թվականի ընթացքում նախատեսված ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է երկրի տնտեսական աճի, մայրաքաղաքի և մարզերի համամասնական տնտեսական զարգացման, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և, ընդհանուր առմամբ, երկրում աղքատության հաղթահարման շարունակականության ապահովման գործում:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1437-Ն որոշմամբ հաստատված՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի N 704-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում:
Ծրագրի նպատակներն են`
1) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը.
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը.
4) ՓՄՁ-ի սուբյեկտների՝ գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը.
5) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես` սկսնակ գործարարների, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար.
6) նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը նպաստումը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը.
3) Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող 70-75 ՓՄՁ-ի սուբյեկտի վարկային երաշխավորությունների տրամադրումը.
4) սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում 200-250 սկսնակ գործարարների աջակցության ցուցաբերումը.
5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)` շուկաներ առաջմղման ուղղությամբ 250-260 ՓՄՁ-ի սուբյեկտի աջակցության ցուցաբերումը.
6) 4000-4200 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը.
7) շուրջ 300 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի գործարար ուսուցողական աջակցության ցուցաբերումը.
8) Հայաստանի Հանրապետության մարզերում գործարար ակտիվության բարձրացմանը նպաստումը` աջակցության ավելի քան 90 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) (համաձայնությամբ) և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացմանը: Այլ հավասար պայմաններում առաջնայնությունը տրվում է գործազուրկներին, սահմանափակ կարողություններով անձանց և ազատամարտիկներին.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով.
5) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2009 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2009 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝
5.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման և աջակցության ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության էական ձեռքբերումներից է երկրում ՓՄՁ-ի զարգացման ու պետական աջակցության ծրագրերն իրականացնող հիմնական կառույցի` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծումն ու կայացումը` Երևան քաղաքում գործող կենտրոնական գրասենյակով և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող մարզային մասնաճյուղերով (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններով):
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ամրապնդմանն ու դրանց գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ներկայացուցչության ստեղծմանը:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) ՓՄՁ-ի պետական աջակցության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:
2009 թվականին նախատեսվում է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև շարունակել աշխատանքները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ:
2009 թվականին նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործարարությանն աջակցող, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին տարածաշրջանների, բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` ի լրումն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքներում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում հիմնադրված ներկայացուցչությունների, 2009 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչության հիմնադրման ուղղությամբ` հիմնվելով նման ներկայացուցչության անհրաժեշտության բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2009 թվականին պարբերաբար կկազմակերպվեն քննարկումներ և հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ քաղաքային ու գյուղական համայնքներում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` նրանց գործունեությանը խոչընդոտող հիմնախնդիրների հստակեցման և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը դրանց լուծմանն ուղղելու նպատակով:
2009 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում կշարունակի գործել «թեժ գիծը», որի միջոցով ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները, որոնք վերաբերվում են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրության և վարչարարությանը: «Թեժ գծի» միջոցով ստացված հեռախոսազանգերի սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությունը ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող պետական կառույցների հետ, որոնց հետ համատեղ կմշակվեն «թեժ գծի» միջոցով ստացված հեռախոսազանգերի մշակման աշխատակարգեր: «Թեժ գծի» միջոցով ստացված այն հեռախոսազանգերը, որոնք կպահանջեն նեղ մասնագիտական խորհրդատվության տրամադրում, կսպասարկվեն համաձայն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում գործող խորհրդատվական աջակցության ծրագրի ընթացակարգի: «Թեժ գծի» միջոցով գործարարներն իրենց հարցադիմումները կարող են ներկայացնել ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում գործող ինտերակտիվ խորհրդատվության բաղադրիչի միջոցով:
Բացի դրանից, 2009 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով հիմնականում աշխատանքներ կիրականացվեն մասնավոր հատվածի հետ համատեղ գործարար գաղափարների մշակման և դրանց իրագործման ուղղությամբ:
2009 թվականին կանցկացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մոնիթորինգ, ինչը կնպաստի գործարարների հետ հետադարձ կապի հաստատմանը և իրականացվող ծրագրերի վերահսկելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Նշված միջոցառումները, ընդհանուր առմամբ, կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համակարգի կայացման և զարգացման գործընթացին:
5.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Դրա հետ մեկտեղ կդիտարկվի ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագիրը, կմշակվեն և կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար:
5.2.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2009 թվականին կշարունակվի և կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկային երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ գործարարներին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչն առավել արդիական է երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Վարկային երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է երեք տարի: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70%-ը և 10 մլն դրամը: Ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 6 գործընկեր բանկերի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ, Յունիբանկ և ՎՏԲ բանկ) միջոցով, որոնց հետ փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:
Որպես երաշխավորագրերի ապահովման միջոց գործընկեր առևտրային բանկերում ավանդադրվում են դրամական միջոցներ, որոնք ըստ առանձին երաշխավորագրի դեպոնացվում (գրավադրվում) են համապատասխան չափաքանակով:
2009 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում շահառուների մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ, որի արդյունքները հիմք կհանդիսանան սույն ծրագրի իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի կատարելագործման համար: Միաժամանակ, համագործակցության դաշտն ընդլայնելու և խորացնելու նպատակով 2009 թվականի ընթացքում բանակցություններ կվարվեն նոր առևտրային բանկերի հետ` ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրում ներգրավելու նպատակով:
Ինչպես 2008 թվականի, այնպես էլ 2009 թվականի ընթացքում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնայնությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին: Երևան քաղաքում, որպես բացառություն, կդիտարկվի միայն նորարարական ծրագրեր ներկայացնող ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման հարցը, որոնց կողմից ներկայացվող հայտերը կդրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը:
5.2.2. ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագիր
Կապիտալի ֆինանսավորման ցանկացած մեխանիզմ հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին խոշոր գործարար նախագծեր իրագործելու և կառավարելու նպատակով ներգրավելու կապիտալ միջոցներ:
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի շրջանակներում մշակվել են գործող ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի մեխանիզմները, որի շրջանակներում նախատեսվում է գործող ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի որոշակի բաժնեմասի կամ փայամասնակցության ձեռքբերում (նոր արտադրական հզորությունների կամ նոր արտադրական ուղղությունների զարգացման ֆինանսավորման նպատակով):
ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալում ներդրումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հավանության արժանացած և կոնկրետ գործարար նախագծի իրագործման համար անհրաժեշտ գումարների սահմաններում: Սույն ծրագրի շրջանակներում բաժնեմասերում ներդրումները կամ փայամասնակցության ձեռք բերումը չի ենթադրում փոխառու միջոցների տրամադրում, այլ հիմնվում է բաժնեմասի հաշվեկշռային կամ շուկայական գնի աճի և ձեռնարկատիրական շահույթից ակնկալվող դիվիդենտի սկզբունքի վրա:
ՓՄՁ-ի սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի մեկնարկից հետո 3-5 տարվա ընթացքում նախատեսվում է բաժնեմասի վաճառք ուղղակի հասարակական առաջարկի սկզբունքով, որը մինչ այդ կենթադրի Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ կազմակերպության արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացների, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված աշխատանքների իրականացում:
5.2.3. ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիր
2009 թվականի ընթացքում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձրալեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային ներդրումների ծավալը` վարկառուների համար վարկավորման գնի նվազման միջոցների նկատմամբ պահանջարկի բարձրացման միջոցով:
Ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը բավականին բարձր է, որը, ըստ գնահատականների, ներկայումս կազմում է 20-22%, ինչը խոչընդոտ է հանդիսանում նշված բնակավայրերի տնտեսական զարգացման համար: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ի սուբյեկտներին առավել մատչելի պայմաններով օգտվել վարկային ծառայություններից, ինչն իր հերթին կհանգեցնի այդ բնակավայրերում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Սուբսիդավորման ենթակա վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվել է 10 տոկոսային կետ (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), որը սակայն, չի կարող գերազանցել տարեկան 500,000 դրամը:
2008 թվականի ընթացքում ընդլայվել է նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի աշխարհագրությունը, և ներկայումս, բացի Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզերից ծրագիրն իրագործվում է նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
5.3. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի իրատեսական գործարար նախաձեռնություններով հանդես եկող սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրին:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը և նրանց աջակցություն ցուցաբերելը հիմնադրման և կայացման շրջանում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում, որպես նորաստեղծ բիզնեսի կայացման վերջնական արդյունք, լավագույն գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) իրականացման ուղղությամբ սկսնակ գործարարներին կցուցաբերվի ֆինանսական աջակցություն (վարկավորում)` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր առևտրային բանկերի միջոցով` առավելագույնը 2 մլն դրամ` տարեկան 12% տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով: Լավագույն գնահատականի արժանացած գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման, ընդ որում, վարկային պարտավորությունը 100%-ով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրում սկսնակ գործարարների ներգրավման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրով համապատասխան աջակցություն կարող են ստանալ նաև զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցում անցած և պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն ստացած անձինք` ներկայացվող պահանջներին համապատասխանելու պարագայում:
Հաշվի առնելով իրականացված միջոցառումների գծով նախորդ տարիներին ձեռք բերված փորձը` 2009 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը կատարելագործելու և ընդլայնելու ուղղությամբ:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը 2009 թվականին կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում` մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
5.4. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
Այս ուղղությամբ կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից մշակված ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և նոր արտադրատեսակների ներդրման հետազոտական և մշակման աշխատանքների աջակցության ծրագրի իրականացման գործընթացը, որի շրջանակներում նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով կհավաքագրվեն ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացվող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում ինչպես գործող, այնպես էլ սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից իրատեսական նախաձեռնություններ ներկայացնելու պարագայում դրանց առևտրայնացման նպատակով վերջիններիս կցուցաբերվի տեխնիկական աջակցություն:
Բացի դրանից, այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն նաև տնտեսության մի շարք ոլորտներում նոր ծրագրերի մշակմանն աջակցության և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ներդրողներ ներգրավելու և ծրագրերի իրագործումն ապահովելու համար:
5.5. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելը:
Ելնելով նշված նկատառումներից` 2009 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի), սննդամթերքի արտադրության ոլորտում արդյունաբերական վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման (խորհրդատվական կամ հավաստագրման աշխատանքներ), ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման համակարգերի բարելավման ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Աջակցությունն առավելապես կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելուն ուղղված աջակցությունը կիրականացվի նաև զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Բացի դրանից, համապատասխան միջոցառումներ կիրականացվեն նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, մասնավորապես, ճանաչված ինտերնետային կայքերում ՓՄՁ-ի սուբյեկտների և նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվության (մի քանի լեզուներով) տեղադրման ուղղությամբ, ինչը կխթանի տեղական և միջազգային շուկայում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) առաջմղումը, որն էլ վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:
5.6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմման ու ներկայացման, հարկային ու մաքսային ձևակերպումների և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
2009 թվականին կշարունակվի Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի հիման վրա գործարարությանն առնչվող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների մասին ամփոփ տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքները: Ամփոփ տեղեկատվական նյութերը մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) կողմից փորձաքննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերին` ՓՄՁ-ի սուբյեկտներին համապատասխան տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու ուղղությամբ` հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում: Մասնավորապես, կընդլայնվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տարածաշրջանային ընդգրկվածությունը` ներգրավելով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին: Այդ նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների գործունեության համար տվյալ ուղղությամբ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու առանձնահատկությունները պարզաբանելու համար:
2009 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված ԳԾՄԿ-ների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտներին որակյալ գործարար խորհրդատվության տրամադրման ճանապարհով:
Գործարարների մոտ առաջացող խնդիրները` կապված հաշվապահական հաշվառման, հարկային և մաքսային փաստաթղթաշրջանառության և վարչարարության հետ, ինչպես նաև վարչական իրավախախտումների արդյունքում վճարված տույժերի և տուգանքների գերակշիռ մասը պայմանավորված են ՓՄՁ-ի սուբյեկտներում փորձառու հաշվապահների` հաշվապահական հաշվառում վարելու հմտությունների պակասով: Միաժամանակ, այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են դիմել մասնագետների խորհրդատվությանը, հաճախ բարդություններ են ունենում` պայմանավորված մի շարք հանգամանքներով` ԳԾՄԿ-ների վերաբերյալ տեղեկատվության պակաս, ԳԾՄԿ-ների գործունեության նկատմամբ վստահության և վերահսկողության մեխանիզմների պակաս, գործարարների և ԳԾՄԿ-ների միջև պայմանագրային հարաբերությունների ոչ հստակություն, ԳԾՄԿ-ների մոտ պարզ և միմյանց հետ համադրելի գնային քաղաքականության բացակայություն, որոշ ՓՄՁ-ի սուբյեկտների համար ԳԾՄԿ-ների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու ոչ բավարար մատչելիություն:
Նշված խնդիրները հաղթահարելու նպատակով ծրագրի շրջանակներում կգործարկվի հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցվող ծառայությունների արժեքի համաֆինանսավորման ծրագիրը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործող ընթացակարգերի համաձայն։ Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեկ տարվա կտրվածքով աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ի սուբյեկտներին` համաֆինանսավորելով ԳԾՄ-ների կողմից նրանց մատուցվող ծառայությունների արժեքը: Մատուցվող ծառայությունների շրջանակը կընդգրկի ՓՄՁ-ի սուբյեկտներում հաշվապահական հաշվառման վարումը, հարկային հաշվետվությունների կազմումը, հարկային խորհրդատվությունը, դատարանում ՓՄՁ-ի սուբյեկտների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև հարկային համակարգին առնչվող այլ ուղղություններ:
Ծրագրով նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և բիզնեսին աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում ԶԼՄ-ների միջոցով կապահովվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կշարունակվի հեռարձակվել «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը, որի միջոցով գործարար համայնքին կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին: Բացի դրանից, կներկայացվի նաև առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին տեղեկատվություն կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների միջոցով:
2009 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:
2009 թվականին կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին տեղեկատվական բազայի համալրման ուղղությամբ: Գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին հավաքագրված տեղեկատվությունը կամփոփվի մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, որը պարբերաբար կհամալրվի գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մասին նոր տեղեկատվությամբ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից յուրաքանչյուր ամիսը 1-2 անգամ հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կկազմակերպվեն խմբային հանդիպումներ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը, որոնց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացվող աջակցության ծրագրերում ներգրավել ՓՄՁ-ի սուբյեկտների լայն շրջանակ:
5.7. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն
Ծրագրի շրջանակներում գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները՝ հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:
Նման դասընթացներին մասնակցությունն սկսնակ գործարարներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, գործող հարկային և մաքսային ընթացակարգերի, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, գործարար ու ներդրումային ծրագրերի կազմման վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ` կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի հմտության և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:
Ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում վերջիններիս համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ` համագործակցելով միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Աջակցություն կցուցաբերվի նաև ՓՄՁ-ի սուբյեկտների հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` դրանց վերաբերյալ համապատասխան հայտերի առկայության պարագայում:
Ծրագրի շրջանակներում (համաֆինանսավորման սկզբունքով) աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչը կնպաստի այդ դասընթացների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Նշված դասընթացների կազմակերպման գործընթացում կներգրավվեն նաև Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող, տվյալ ոլորտում մասնագիտացված ԳԾՄԿ-ները, ինչը Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կընձեռի տեղերում մասնակցելու մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին: Բացի դրանից, Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հատուկ մասնագիտացված դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Նման դասընթացների նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների պահանջարկի բացահայտման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը և ներկայացուցչությունները մարզային համայնքներում կկազմակերպեն գործարար հանդիպումներ, հարցումներ, քննարկումներ:
2009 թվականի ընթացքում տնտեսական դաշտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվելու պարագայում, առանձին դեպքերում, կատարված փոփոխությունների ազդեցության և արդյունքների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտներին իրազեկման և պարզաբանման նպատակով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական բնույթի միջոցառումներ:
5.8. Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հաղորդակցման կենտրոնի գործունեության կազմակերպում
2008 թվականից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, որպես գործընկեր կազմակերպություն, հյուրընկալում է Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հաղորդակցման կենտրոնին, որը ՓՄՁ-ի ոլորտի աջակցության նպատակով Եվրամիության նոր նախաձեռնություններից մեկն է: Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հաղորդակցման կենտրոնի կողմից 2009 թվականի ընթացքում նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք ուղղված են լինելու «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» գործունեության մասին տեղեկատվության լուսաբանմանն ու տարածմանը հնարավոր շահառուների շրջանում: Մասնավորապես, նախատեսվում է պատրաստել ու հեռարձակել հեռուստահաղորդումներ, գովազդային հոլովակներ հեռուստատեսությամբ և ռադիոյով, տարածել տարաբնույթ հոդվածներ ու էլեկտրոնային նորություններ «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» գործունեության և ընթացիկ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև այլ հնարավոր միջոցներով «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել բոլոր գործարարներին:
«Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հաղորդակցման կենտրոնը տեղեկատվություն է փոխանակելու ինչպես տեխնոլոգիաների, հետազոտությունների, այնպես էլ համագործակցության հնարավոր այլ ուղղություններով` կապող օղակ հանդիսանալով հայ գործարարների և «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» անդամ մյուս երկրներում գործունեություն ծավալող գործարարների միջև` շուրջ 40 երկրներում գործող ավելի քան 600 աջակցող կազմակերպությունների միջոցով:
Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» գործունեության շրջանակներում ապահովվելու են նաև հայ գործարարների և Եվրոպայում գործող նրանց հնարավոր գործընկերների միջև գործարար կապերը և տեղեկատվության փոխանակումը: Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ կիրականացվեն նաև փոխադարձ այցելություններ և միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնց միջոցով գործարարները հնարավորություն կստանան հստակեցնելու համագործակցության պայմաններն ու անձնական կապեր հաստատել գործընկերների հետ:
Բացի դրանից, 2009 թվականի ընթացքում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» գործունեության շրջանակներում Հայաստանում նախատեսվում է կազմակերպել «ՓՄՁ-ի եվրոպական շաբաթ 2009» խորագրով միջոցառում:
5.9. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում-իրականացում
2009 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Այս համատեքստում 2009 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի», Հոլանդիայի «Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի», հոլանդական «Համագործակցության զարգացում» ծրագրի, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
2009 թվականին աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 600,000.0 հազ. դրամ, սակայն բյուջետային գործընթացների շրջանակներում քննարկումների արդյունքներով ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 573,500.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների հատկացում:
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանձին տողով:
VII. Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2009 թվականի ընթացքում |
2. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
3. |
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
4. |
ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2009 թվականի ընթացքում |
5. |
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
6. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
7. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
8. |
Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հաղորդակցման կենտրոնի գործունեության կազմակերպում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2009 թվականի ընթացքում |
9. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2009 թվականի ընթացքում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |