Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-785
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1338
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
16.12.2008
Дата вступления в силу
16.12.2008

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

16 դեկտեմբերի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրում (Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Պայմանագրի նպատակն է 2007 թվականի նոյեմբերի 15-ին Գյուղական ճանապարհների հատվածի ծրագրի իրականացման համար կնքված պայմանագրով նախատեսված ծրագրի իրականացման գերածախսի ֆինանսական լրացուցիչ վարկ ստանալը:

2. Պայմանագրով Ասիական զարգացման բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում տասնմեկ միլիոն երկու հարյուր մեկ հազար Փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ 11.201.000) համարժեք գումար՝ տարբեր արտարժույթներով, 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման գերածախսի ֆինանսավորման նպատակով:

Պայմանագրի բաղկացուցիչ մասն են կազմում երկու հավելվածներ՝ «Ամորտիզացիոն ժամանակացույց» ու «Վարկային միջոցների բաշխում և մասհանում» վերտառություններով:

3. Վարկային պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) Ասիական զարգացման բանկին վարկային տոկոսներ վճարել տարեկան մեկ (1%) տոկոս տոկոսադրույքով վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում, և տարեկան մեկ և կես տոկոս (1.5%), որը ենթակա է հաշվարկման Վարկային հաշվից ստացված և Վարկի տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ.

բ) Վարկի տոկոսները և ցանկացած այլ վճարումները կատարել կիսամյակը մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին.

գ) Վարկային հաշվից ստացված Վարկի հիմնական գումարը վճարել Վարկային պայմանագրի Հավելված 1-ում սահմանված ամորտիզացիոն ժամանակացույցի համաձայն.

դ) Վարկի հիմնական գումարի և տոկոսների վճարումը կատարել ԱՄՆ դոլարով` ըստ Վարկային կանոնակարգի 4.03 Բաժնի (ա) կետի և 4.04 Բաժնի.

ե) ապահովել վարկային միջոցների ուղղումը Ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը.

զ) կատարել պահանջվող ծախսերի 13.7 %-ի համաֆինանսավորում.

է) վճարել ՀՀ տարածքում գանձվող հարկերն ու մաքսավճարները:

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունը համահունչ է արտաքին քաղաքականության բնագավառում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրում (Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 դեկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-785