Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2008
Дата вступления в силу
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 08-1505

Քաղաքացիական գործ թիվ 3-621(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան
                  
Ե. Խունդկարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարտունու տարածքային սպառկոոպի վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարչության ընդդեմ Արթուր Զաքարյանի, Մարտունու քաղաքապետարանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, հողի վարձակալության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, հողամասի իրական չափերը պարզելու, Վարչության շինության սեփականության, դրա սպասարկման համար հողատարածքի վարձակալության իրավունքը ճանաչելու և Մարտունու քաղաքապետարանին որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին և Արթուր Զաքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վարչության` անշարժ գույքի օգտագործման խոչընդոտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Վարչությունը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Արթուր Զաքարյանի և Հասմիկ Մոսոյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումն ու վերջիններիս անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, ճանաչել Վարչության շինության սեփականության, դրա սպասարկման համար 100քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը և պարտավորեցնել Մարտունու քաղաքապետարանին կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր Զաքարյանը պահանջել է պարտադրել Վարչությանն ազատելու սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 3,5քմ մակերեսով հողամասը` տեղահանելով առևտրի կրպակը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2008 թվականի որոշմամբ Վարչության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը, 48-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ և 72-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վարչությունը դատարան չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, թե կոնկրետ վիճելի տարածքում քանի քառակուսի մետր հողամաս, ինչ կարգով, որքան վարձավճարով է նախկինում հատկացվել Վարչությանը առևտրի կրպակը տեղադրելու համար, որի հիմքով Կադաստրը պետք է կատարեր հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես` վարձակալության պայմանագիրը, արխիվային տեղեկանքը, շինության վարձակալության վճարների մասին տեղեկանքը, շինություններով զբաղեցված հողամասերի ցուցակը, հողի վարձավճարների վճարման անդորրագրերը, որոնցով հիմնավորվում են վերը նշված հանգամանքները:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Վարչության կողմից չի ներկայացվել վիճելի հողամասի վերաբերյալ նոտարական վավերացմամբ հողամասի վարձակալության պայմանագիր, անտեսել է, որ Մարտունու քաղաքապետարանը չի պահպանել վարձակալության պայմանագրի կնքման օրենքով սահմանված կարգը: Առավել ևս Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ Վարչությունը Մարտունու քաղաքապետարանի բացթողումը հայտնաբերելուց հետո այդ խախտումը վերացնելու համար դիմել է դատական պաշտպանության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Կադաստրը պետք է գրանցեր Վարչության վարձակալության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ: ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ ճանաչել Արթուր Զաքարյանի սեփականության իրավունքն այն հողամասի նկատմամբ, որը վարձակալության իրավունքով օգտագործվում է Վարչության կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 1976 թվականին Մարտունու շրջխորհրդի գործկոմի որոշմամբ «Հայկոոպի» վարչության Մարտունու նախկին շրջանային սպառկոոպին Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի հարակից մասում 6 քմ մակերեսով հուշանվերների խանութ-տաղավարը տեղադրելու համար օգտագործման իրավունքով հատկացվել է հողամաս:

2) Մարտունու քաղաքապետարանի 16.02.2006 թվականի թիվ 058 գրության համաձայն՝ Մյասնիկյան փողոցի 051-005 ծածկագրով հողամասի նկատմամբ Արթուր Զաքարյանն ունի սեփականության իրավունքի վկայական: Վիճելի տարածքի հյուսիս-արևմտյան մասում տեղադրված է Վարչությանը պատկանող 6 քմ մակերեսով տաղավար:

3) Կադաստրի 13.02.2006 թվականի տեղեկանքի համաձայն` Մարտունի քաղաքի քարտեզագրման ժամանակ 051-005 ծածկագրով հողամասում կատարվել է անճշտություն, 100 քմ մակերեսը պատկանում է Մարտունու սպառկոոպին, որը գծագրվել է Արթուր Զաքարյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետության կամ համայնքի սեփականությանը պատկանող և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձի, եթե սահմանված կարգով չի լուծվել պայմանագիրը:

ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքները, դրանց սահմանափակումները, ներառյալ` սերվիտուտները, ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման: Նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մինչև սույն օրենսգրքի ընդունումը նախկին Հողային օրենսգրքով նախատեսված հողամասերի նկատմամբ մշտական և ժամանակավոր օգտագործման իրավունք ունեցող անձինք, այդ թվում մասնավորեցված (սեփականաշնորհված) իրավաբանական անձինք, օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասերի նկատմամբ ձեռք են բերում վարձակալության իրավունք` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներով, առանց հողամասի չափերի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)): Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեն գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեն կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները՝ դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար (տես` Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործով վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Վարչությունը դատարան չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, թե կոնկրետ վեճի առարկա տարածքում քանի քառակուսի մետր հողատարածք, ինչ կարգով, որքան վարձավճարով է նախկինում հատկացվել Վարչությանը առևտրի կրպակը տեղադրելու համար գնահատման առարկա չդարձնելով 1976 թվականի Մարտունու շրջխորհրդի գործկոմի որոշմամբ Վարչությանը Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի հարակից մասում 6 քմ մակերեսով հուշանվերների խանութ-տաղավարը տեղադրելու համար օգտագործման իրավունքով հողամաս հատկացված լինելու փաստը, ինչպես նաև Կադաստրի 13.02.2006 թվականի տեղեկանքը, համաձայն որի՝ Մարտունի քաղաքի քարտեզագրման ժամանակ 051-005 ծածկագրով հողամասում կատարվել է անճշտություն, 100 քմ մակերեսը պատկանում է Մարտունու սպառկոոպին, որը գծագրվել է Արթուր Զաքարյանին:

Վերոնշյալից հետևում է, որ Արթուր Զաքարյանին տրված սեփականության իրավունքի վկայականում ներառվել է նաև Վարչությանն օգտագործման իրավունքով պատկանող հողամասը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան