Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2008
Дата вступления в силу
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1724

Քաղաքացիական գործ թիվ 3-558(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ` Վ. Թորոսյան

               Ռ. Հակոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

քննարկելով Շողիկ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Շողիկ Ղարիբյանի ընդդեմ Թամարա Վարդանյանի, Անահիտ Հակոբյանի, Արսեն Մխիթարյանի, երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը և տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Շողիկ Ղարիբյանի ընդդեմ Անահիտ Հակոբյանի, երրորդ անձ Արսեն Մխիթարյանի՝ տան առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

 

Դիմելով դատարան՝ Շողիկ Ղարիբյանը պահանջել է վավեր ճանաչել Անահիտ Հակոբյանի հետ

կնքված տան առուվաճառքի պայմանագիրը և ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Բայդուկով փողոցի թիվ 17-րդ հասցեի տան նկատմամբ՝ պատասխանողին վճարելով տան արժեքի չվճարված գումարը:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ Թամարա Վարդանյանին գործին մասնակից չդարձնելու հիմքով:

Մեկ այլ հայցով դիմելով դատարան՝ Շողիկ Ղարիբյանը պահանջել է անվավեր ճանաչել Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև 24.07.2006 թվականին կնքված Բայդուկով փողոցի թիվ 17-րդ տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, տրված սեփականության իրավունքի վկայականը և Թամարա Վարդանյանին ընտանիքի հետ միասին վտարել Բայդուկով փողոցի թիվ 17-րդ տնից:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 07.01.2008 թվականի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Վերաքննիչ դատարանի 11.04.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.09.2006 թվականի վճիռը բեկանվել և հայցը մերժվել է, իսկ 21.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողիկ Ղարիբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Թամարա Վարդանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ, 290-րդ, 296-րդ, 436-րդ, 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ, 163-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Անահիտ Հակոբյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից:

Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ «Մոնոլիտ Ռիելթի» ՍՊԸ-ի աշխատակից Արսեն Մխիթարյանի կողմից ապօրինություններ թույլ տալու համար ՀՀ Ոստիկանության Շենգավիթ բաժնում նախապատրաստվել են նյութեր, ուստի առուվաճառքի միջնորդական պայմանագիրն անօրինական է և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, անհիմն է, քանի որ վերոհիշյալ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ և օրենքի պահանջներին համապատասխան կնքված պայմանագիր է, դրա օրինականության հարցը երբևէ չի վիճարկվել:

Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների պահպանմամբ: Հետևաբար, այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Իսկ պայմանագիրը կնքելիս բնակելի տունը արգելադրված չի եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 23.05.2006 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագրի համաձայն՝ Անահիտ Հակոբյանը պարտավորվել է վաճառել, իսկ Շողիկ Ղարիբյանը պարտավորվել է 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնել Բայդուկով փողոցի թիվ 17 հասցեի տունը:

2. Շողիկ Ղարիբյանի և Անահիտ Հակոբյանի միջև 24.05.2006 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Անահիտ Հակոբյանին տրվել է 13.500 ԱՄՆ դոլար:

3. 24.07.2006 թվականին Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև կնքվել է Բայդուկովի փողոցի թիվ 17 բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մերժելով գործարքը վավեր ճանաչելու մասին հայցապահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Անահիտ Հակոբյանի և Շողիկ Ղարիբյանի միջև 23.05.2006 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագիրը, ինչպես նաև Շողիկ Ղարիբյանի և Անահիտ Հակոբյանի միջև 24.05.2006 թվականին կնքված փոխառության պայմանագիրը, որով Անահիտ Հակոբյանին տրվել է 13.500 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես` վերոնշյալ պայմանագրերը վկայում են կողմերի միջև տան առուվաճառքի վերաբերյալ գործարքի առկայության, ինչպես նաև այն մասամբ կատարված լինելու` որոշակի գումար վճարված լինելու մասին: Մինչդեռ, հետագայում Անահիտ Հակոբյանը խուսափել է առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շողիկ Ղարիբյանի կողմից մասամբ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ Անահիտ Հակոբյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան