ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1555-Ն
ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները և չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.
2) գիտական կենտրոնների ձևավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշման |
Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ե Վ Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Գիտական կենտրոնների ձևավորման սույն սկզբունքները և չափանիշները մշակվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները:
2. Գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը:
3. Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն են`
1) գիտական կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրությունը.
2) գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի և տարածքների համատեղ օգտագործումը.
3) գիտական ներուժի և վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը.
4) գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը.
5) կառավարման համակարգում ժամանակակից մենեջմենթի ներդրումը.
6) ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը:
4. Գիտական կենտրոնների ձևավորման չափանիշներն են`
1) համապատասխան նյութատեխնիկական բազայի և տարածքների,
2) բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողների և մասնագետների` համալիր ուսումնասիրություն կատարելու կարողության,
3) միջազգային համագործակցության փորձի,
4) մտավոր սեփականության օբյեկտների,
5) գիտական արդյունքների ներդրման փորձի առկայությունը:
5. Նշված չափանիշները կողմնորոշիչ են գիտական կենտրոնների ձևավորման գործընթացում:
6. Գիտական կենտրոն կարող են ձևավորել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտաարտադրական միավորումներ և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտական կենտրոններ ձևավորելու կարգը:
2. Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) ստեղծում է գիտության պետական կոմիտեի նախագահի նախագահությամբ և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
3. Կոմիտեն հրապարակում է գիտական կենտրոնի ձևավորման հայտի ձևը (այսուհետ` հայտ):
4. Հայտը կոմիտե է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև բուհերի, գիտաարտադրական միավորումների և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
5. Հիմք ընդունելով գիտական կենտրոնի ձևավորման սկզբունքները և չափանիշները` հանձնաժողովը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ քննարկում է հայտը և տալիս գիտական կենտրոն ձևավորելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն:
6. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կոմիտեն գիտական կենտրոն ձևավորելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր հատկացումների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |