ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ-1301/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-464(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Բագրատյանի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Մուշեղ Շահինյանի ընդդեմ Արսեն Հարությունյանի և Հրաչյա Բագրատյանի՝ 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ առոչինչ գործարքների անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել իր և Հ.Բագրատյանի միջև 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև իր և Ա.Հարությունյանի միջև 01.12.2003 թվականին կնքված «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ՝ վերադարձնելով «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Բագրատյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 124-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հրաչյա Բագրատյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Մասնավորապես, դատարանը Հրաչյա Բագրատյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը հաստատված է համարել՝ հիմք ընդունելով օրենքով սահմանված կարգով չհաստատված լիազորագիրը և հաշվի չառնելով լիազորված անձի հայտարարությունը լիազորագրի չգործելու մասին:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն քաղաքացիական գործով դատարանը առոչինչ է ճանաչել վեճի առարկա գործարքը՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, որը գործարքը առոչինչ ճանաչելու հիմքեր չի նախատեսում: Վերջինս կիրառելի է միայն վիճահարույց գործարքների նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.05.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հրաչյա Բագրատյանին պատշաճ ձևով ծանուցված լինելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
2) Սույն քաղաքացիական գործում բացակայում է Դատարանի 10.05.2007 թվականի վճիռը Հրաչյա Բագրատյանին ուղարկելու մասին որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հրաչյա Բագրատյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման՝ վճռաբեկ բողոքի հիմքը: Ըստ վերոհիշյալ հոդվածի՝ գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի oրինակը հրապարակման կամ հաջորդ oրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
Մինչդեռ, բողոքարկվող վճիռը բողոք բերած անձանց պատշաճ ձևով ուղարկելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |