ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 17.09.2008թ.:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է Դուշանբեում` 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:
2. Համաձայնագրի նպատակն է ամրապնդել դաշնակցային հարաբերություններն անդրազգային մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների հակազդեցության բնագավառում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմաններ սահմանելու միջոցով:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- իր տարածքով համաձայնագրին համապատասխան արտոնյալ պայմաններով մատակարարվող հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների տարանցմամբ փոխադրման դեպքում, մատակարարող Կողմի կամ ընդունող Կողմի հարցման հիման վրա, առաջնահերթ կարգով ընձեռել համաձայնագրին համապատասխան մատակարարվող հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների տարանցման իրավունք,
- համաձայնագրի շրջանակներում արտոնյալ պայմաններով մատակարարված հատուկ տեխնիկան և հատուկ միջոցներն իրավապահ մարմիններից և հատուկ ծառայություններից չվաճառել ու չփոխանցել օտարերկրյա պետություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին` առանց մատակարարող Կողմի նախնական գրավոր համաձայնության,
- վերը նշված պարտավորության խախտման կամ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու դեպքում, եռամսյա ժամկետում հատուկ տեխնիկա և հատուկ միջոցներ մատակարարած Կողմին ազատ փոխարկվող արժույթով վճարել մատակարարված հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների գնի և համանման արտադրանքը համաշխարհային շուկա մատակարարելու ժամանակ ձևավորված գնի միջև տարբերությունը` հանած դրա շահագործման յուրաքանչյուր տարվա համար զեղչը,
- իրականացնել պետական գաղտնիք հանդիսացող և համաձայնագրի կատարման ընթացքում ստացված տեղեկությունների պաշտպանությունն իր օրենսդրությանը և 2004թ. հունիսի 18-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» համաձայնագրին համապատասխան,
- համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված հրապարակման ոչ ենթակա և գաղտնի բնույթ կրող տեղեկատվությունը, ներառյալ պայմանագրային գները, առանց շահագրգիռ Կողմերի համաձայնության, չփոխանցել համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններին, դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց և չօգտագործել ի վնաս Կողմերից որևէ մեկի շահերի,
- համաձայնագրի շրջանակներում ստացված հատուկ տեխնիկայի ու հատուկ միջոցների, մտավոր սեփականության, օգտագործման համար չթույլատրված առարկայի և/կամ առանց փոխանցող Կողմի հետ համաձայնության չլիազորված իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիության դեպքում, ապահովել դրանց իրավական և այլ պաշտպանության անհրաժեշտ միջոցները` ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է հանդիսանում,
- համաձայնագրից դուրս գալու դեպքում պահպանել համաձայնագրի 6-րդ հոդվածի պահանջներն այնքան ժամանակ, քանի դեռ շահագրգիռ Կողմերը բանակցությունների միջոցով չեն կարգավորել այն բոլոր վիճելի հարցերը, որոնք ծագել են համաձայնագրի գործողության դադարեցման առնչությամբ,
- սահմանել սույն համաձայնագրի դրույթների իրականացման համար լիազորված պետական մարմին և այդ մասին ծանուցել ՀԱՊԿ քարտուղարությանը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` արտաքին քաղաքականության բնագավառում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ սկզբունքին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Գ. Հարությունյան |
28 հոկտեմբերի 2008 թ. ՍԴՈ-769 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|