Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.09.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.09.2008
Дата вступления в силу
26.09.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 08-557

Քաղաքացիական գործ թիվ 3-491(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան
Դատավորներ՝  Գ. Մատինյան

               Ս. Միքայելյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

 

Վ. Աբելյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նվարդ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Նվարդ Բաղդասարյանի հայցի ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Խորհրդային տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Նվարդ Բաղդասարյանը պահանջել է պարտավորեցնել Հիմնադրամին նշանակել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նվարդ Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.    

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների» թիվ 1 ցուցակը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից 03.08.2007 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի հայցվորը 1991 թվականից աշխատել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ռենտգեն բաժնում, որպես ռենտգեն-լաբորանտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործում առկա հրամանները հայցվորի աշխատանքային գրքույկի հետ համեմատելիս հաշվի չի առել, որ դրանք նույնաբովանդակ են և համապատասխանում են աշխատանքային գրքույկում կատարած գրառումներին, որի հետևանքով վերջինս զրկվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իր իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Գործում առկա աշխատանքային գրքույկի համաձայն՝ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից Ընկերության ռենտգեն բաժանմունքում աշխատում է որպես ռենտգեն-լաբորանտ:

2. Ընկերության գլխավոր տնօրեն Գ.Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից առայսօր աշխատում է Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ:

3. Ընկերության գլխավոր տնօրեն Գ.Գրիգորյանի 03.10.2007 թվականի թիվ 134 գրության համաձայն՝ Նվարդ Բաղդասարյանը, որպես վնասակար պայմաններում աշխատող, 16.12.1991 թվականից ստացել է լրացուցիչ արձակուրդային օրեր և նրա աշխատավարձը ներառել է 50%-ի չափով հավելավճար:

4. Հիմնադրամի տնօրեն Ա. Մարտիրոսյանի 18.07.2007 թվականի թիվ 684 գրությամբ մերժվել է Նվարդ Բաղդասարյանին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.       

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին՝ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

«Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների» թիվ 1 ցուցակի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ռենտգեն-լաբորանտները:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջը մերժելիս գնահատման առարկա չի դարձրել Նվարդ Բաղդասարյանի աշխատանքային գրքույկը և հրամանները, Ընկերության հրամանագրքում կատարված գրառումները, Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքը, որով հիմնավորվում են, որ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից աշխատում է Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ, Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.10.2007 թվականի թիվ 134 գրությունը, որով հիմնավորվում է, որ Նվարդ Բաղդասարյանը, որպես վնասակար պայմաններում աշխատող, 16.12.1991 թվականից ստացել է լրացուցիչ արձակուրդային օրեր և նրա աշխատավարձը ներառել է 50%-ի չափով հավելավճար:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից աշխատելով Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ, օրենքով սահմանված կարգով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հայցապահանջի մերժման հիմքում դնելով Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքի հերքման հանգամանքը՝ աշխատանքային գրքույկի և Ընկերության հրամանագրքերում կատարված գրառումներով և գրանցումներով, չի նշել թե որ գրառումներով և գրանցումներով է հերքվում վերը նշված տեղեկանքը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Նվարդ Բաղդասարյանի հայցը բավարարել՝ պարտավորեցնել Հիմնադրամին նշանակել Նվարդ Բաղդասարյանին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան