ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-2640/2008 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-439(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Վ. Թորոսյան Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հուլիսի 25-ին
քննարկելով Ռոբերտ Ամիրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռոբերտ Ամիրյանի, Իռա Ամիրյանի ընդդեմ Ավետիք Ամիրյանի՝ տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորները խնդրել են անվավեր ճանաչել Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքված Երևանի Նորք-Մարաշ թիվ 115 տան առուվաճառքի պայմանագիրը և վերադարձնել գործարքով ստացածը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Ամիրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել վեճի առարկա պայմանագիրը և դրա կնքումից հետո կողմերի միջև ծագած հարաբերությունները: Մասնավորապես, գնահատման առարկա չի դարձրել Ավետիք Ամիրյանի կողմից 20.06.2003 թվականին տրված պարտավորագիրը, որից հետևում է, որ կողմերի միջև իրականում կնքվել է ոչ թե առուվաճառքի, այլ փոխառության պայմանագիր, իսկ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է փոխառությամբ տրված գումարի վերադարձելիություն ապահովելու համար:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքվել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 115 տան վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր:
2. Պարտավորագրով Ավետիք Ամիրյանը պարտավորվել է վեց ամսվա ընթացքում Նորք-Մարաշի 115 տան հետ ոչ մի գործարք չկատարել, Ավետիք Ամիրյանի կողմից տրված պարտքը մարելուց հետո բնակարանը անվանափոխել Ռոբերտ Ամիրյանի անունով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
(տե՜ս Ա.Եփրեմյան ընդդեմ Ն.Մանվելյանի՝ անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ չկան հիմքեր Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Ավետիք Ամիրյանի կողմից 20.06.2003 թվականի տրված գրավոր պարտավորագիրը: Մասնավորապես, պարտավորագրով Ավետիք Ամիրյանը պարտավորվում է վեց ամսվա ընթացքում Նորք-Մարաշի 115 տան հետ ոչ մի գործարք չկատարել, իսկ Ավետիք Ամիրյանի կողմից տրված պարտքը մարելուց հետո բնակարանը անվանափոխել Ռոբերտ Ամիրյանի անունով:
Վերոնշյալ պարտավորագրից հետևում է, որ Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով նրանց միջև իրականում ծագել են այլ իրավահարաբերություններ, քան այն հարաբերությունները, որոնք կողմերը երրորդ անձանց ներկայացրել են առուվաճառքի պայմանագիրը կնքելիս: Մասնավորապես, առուվաճառքի պայմանագիրը Ավետիք Ամիրյանի համար հանդիսացել է երաշխիք հետագայում Ռոբերտ Ամիրյանին փոխառությամբ տրված գումարը հետ ստանալու համար, իսկ պարտավորագիրը վերջինիս համար հանդիսացել է երաշխիք հետագայում իրեն պատկանող տունը հետ վերադարձնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|