ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի օգոստոսի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշմամբ (ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի օգոստոսի 15-ի N 618-Ա որոշմամբ) ստեղծված աշխատանքային խմբի հաշվետվությունն ընդունել ի գիտություն:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն N 2 հավելվածի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` միջոցներ ձեռնարկել ծրագրի և ժամանակացույցով սահմանված միջոցառումների իրականացումը նախատեսված ժամկետներում ապահովելու համար` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 23 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Նախաբան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ իշխանությունների քաղաքական որոշումը: Այն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն երկու կարևորագույն արդյունքների նվաճմանը`
1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսաապահովման նվազագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափի ապահովմամբ.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում:
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային գործող համակարգի հիմնախնդիրները
(իրավիճակի վերլուծություն և եզրահանգումներ)
Առկա իրավիճակը
1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ: Այն մինչև 2008 թվականի հունվար ամիսը ֆինանսավորվում էր զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընթացիկ մուծումների հաշվին: Պարտադիր սոցիալական վճարները կուտակվում էին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվին և ամբողջովին ուղղվում ընթացիկ կենսաթոշակների վճարմանը: Գործում էր «հիմնադրամի ֆինանսական հաշվեկշռվածության» սկզբունքը, ըստ որի` վճարվելիք կենսաթոշակները պետք է համարժեք լինեն հավաքագրված սոցվճարներին: Այսինքն՝ ներկայիս աշխատողներն ապահովում են ներկայիս անաշխատունակ անձանց կենսաթոշակները:
2. 2008 թվականին կենսաթոշակային ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 4.3 տոկոսը` հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պետական համախմբված բյուջեի սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը` 3 անգամ գերազանցելով առողջապահության և 1.6 անգամ կրթության համար կատարվող ծախսերը: Կենսաթոշակների վճարման ծախսերի նույնիսկ այս մակարդակը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք միջին կենսաթոշակ ապահովելու համար:
3. Կենսաթոշակների չափերը հնարավոր էր բարձրացնել կա´մ պարտադիր սոցվճարների դրույքաչափերի ավելացման հաշվին, կա´մ պետական բյուջեի այլ հարկային եկամուտների հաշվին: Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովման պարտադրանքը թույլ չէր տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը միայն հավաքագրված պարտադիր սոցվճարումների հաշվին` չբարձրացնելով դրանց դրույքաչափերը: Այդ պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2008 թվականի հունվար ամսից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող ծառայության: Վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն և պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60 տոկոս բարձրացումը: Ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի հետագա բարձրացումն ու երկարաժամկետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար:
4. Իրավիճակն էլ ավելի է սրվելու երկրի ժողովրդագրական վիճակի անբարենպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության կրճատմամբ, կյանքի սպասվող միջին տևողության ավելացմամբ:
Կենսաթոշակային համակարգում առկա իրավիճակի կանխատեսվող վատթարացման հիմնական պատճառներից մեկը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրված «ծնելիության բումն» է: Հենց «ծնելիության բումի» սերունդն է առաջիկա տարիներին համալրելու կենսաթոշակառուների բանակը: Սրան գումարվել են վերջին 20 տարվա ընթացքում ծնելիության կրճատման, կյանքի սպասվող միջին տևողության ավելացման և 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի երևույթները: Որպես հետևանք` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս աշխարհի շատ երկրների, նույնպես արձանագրում է «բնակչության ծերացում»:
5. Ի լրումն նկարագրված խնդիրների` գործող բաշխողական համակարգում առկա է նաև կատարված վճարումների և վճարվող կենսաթոշակների չափերի միջև ուղղակի կապի բացակայության խնդիրը: Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել համակարգին: Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերը:
6. Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և անցումային այլ երկրներ, կանգնած է հետևյալ 3 սոցիալ-տնտեսական իրավիճակների առջև՝
1) ժողովրդագրական խնդիրներ («բնակչության ծերացում»).
2) մեծ ծավալների ոչ ֆորմալ տնտեսության առկայություն.
3) եկամուտների արագընթաց վերականգնողական աճ:
Այս խնդիրների ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա արտահայտվում է ֆինանսական կայունության, կենսաթոշակների ադեկվատության (փոխհատուցման գործակից), ինչպես նաև կենսաթոշակային համակարգը բնութագրող մյուս ցուցանիշների վատթարացմամբ:
Համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրները
7. Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրն առանցքային է բնակչության ծերացման միտումներ արձանագրած ցանկացած երկրի համար: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունները և կանխատեսումները նույնպես վկայում են բնակչության տարիքային կառուցվածքում սպասվելիք լուրջ տեղաշարժերի մասին: Ընդ որում, 1990 թվականի համեմատ 2008 թվականի տարեսկզբի դրությամբ բնակչության ընդհանուր թվում 1.6 անգամ նվազել է 0-14 տարեկան երեխաների և 2.1 անգամ ավելացել է 65 և բարձր տարեկանների տեսակարար կշիռները: Այս ցուցանիշներից ուղղակիորեն կախված է կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը, քանի որ պակասում է համակարգին վճարումներ կատարողների քանակական ներուժը, և մեծանում համակարգից «սնվող» անձանց թիվը: Իրականում, համակարգի բեռնվածության գործակիցն ավելի մեծ է, քանի որ տարիքային կենսաթոշակառուներից բացի համակարգն ընդգրկում է նաև տարիքային կենսաթոշակի տարիքի չհասած անձանց (հաշմանդամներ, կերակրողին կորցրածներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցածներ և այլն):
8. Համակարգի ֆինանսական կայունության վրա ազդող կարևոր գործոններից է սոցվճարումներ կատարողների փաստացի թիվը, որը գրեթե 5 անգամ զիջում է աշխատունակ տարիքի (15-63) բնակչության ցուցանիշին: Երկրի աշխատանքի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված երկու ցուցանիշների միջև առկա տարբերությունները պայմանավորված են իրական գործազրկության` պաշտոնապես գրանցվածից մոտ 3 անգամ ավելի բարձր մակարդակով, ոչ ֆորմալ զբաղվածության մեծ ծավալներով, տնտեսության ֆորմալ հատվածում զբաղվածների մի մասի կողմից սոցվճարումներ չկատարելու երևույթով (սոցվճարումներ կատարելու տեսանկյունից «ոչ ֆորմալ» են նաև գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, քանի որ նրանք օրենքով պարտադիր սոցվճարներ չեն կատարում):
Արդյունքում, կենսաթոշակային բեռը վերաբաշխվում է ավելի քիչ թվով աշխատունակ տարիքի բնակչության վրա, ինչը կանխորոշում է կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակցի վատթարացման միտումը: Վերջինս 2008 թվականի դրությամբ մոտ է եղել 1-ի, այսինքն՝ մեկ սոցվճարում կատարողին բաժին է ընկել մեկ կենսաթոշակառու:
9. Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգը կարող է համարվել ֆինանսապես կայուն, եթե այդ հարաբերակցությունը կազմում է առնվազն 3/1-ի: Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև 2050 թվականը կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակիցը տատանվելու է 1.0-1.1-ի սահմաններում, ինչի հետևանքով համակարգը կհայտնվի «կայուն ֆինանսական ճգնաժամում», իսկ 2050-2065 թվականներին սպասվում է համակարգի «ֆինանսական կոլապս» (ՀՆԱ-ի նկատմամբ ստվերային և ոչ ֆորմալ տնտեսության տեսակարար կշռի անփոփոխ մնալու դեպքում արդեն 2011 թվականին կենսաթոշակառուների թվաքանակը կգերազանցի վճարում կատարողներինը: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումները՝ ուղղված ֆորմալ զբաղվածության ավելացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը, վճարումներ կատարողների թվաքանակը կավելանա մոտ 100000 մարդով): Այդ իրավիճակի պատճառներից թերևս հիմնականը կենսաթոշակառուների թվաքանակի և համակարգին վճարումներ կատարողների փաստացի թվաքանակի հարաբերակցությունն է, որի արդյունքում կենսաթոշակային ծախսերն էականորեն կգերազանցեն սոցիալական ապահովության վճարներից ստացվող եկամուտները:
10. Համակարգի ֆինանսական կայունությունը պայմանավորված է նաև միջին աշխատավարձի չափով և դրանից հաշվարկվող սոցվճարի դրույքաչափով: Ինչքան բարձր է միջին աշխատավարձի չափը, այնքան մեծ են համակարգը ֆինանսավորելու հնարավորությունները: Միաժամանակ, կարևոր է, թե աշխատավարձի ո՞ր խմբերից են հիմնականում սոցվճարումներ կատարվում: Այսպես, վերլուծությունը ցույց է տալիս, որ 2000-2008 թվականներին սոցվճարումներ կատարողների ավելի քան 2/3-ը կենտրոնացված է միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ստացողների խմբում, այդ թվում` գրեթե 1/3-ը սոցվճարումներ է կատարում նվազագույն աշխատավարձից: Բերված տվյալները վկայում են գործատուների կողմից աշխատավարձերի թերհաշվառման երևույթի տարածվածության մասին:
11. Միևնույն ժամանակ, ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ անկախ միջին աշխատավարձի աճի տեմպերից, եթե կենսաթոշակային համակարգի ծանրաբեռնվածության գործակիցը մոտ է 1-ի, իսկ սոցվճարների դրույքաչափը կազմում է 25-26 տոկոս, ապա համակարգը ֆինանսապես կայուն պահելու համար կենսաթոշակների միջին չափը չպետք է գերազանցի երկրի միջին աշխատավարձի 22-23 տոկոսը: Ծանրաբեռնվածության գործակցի վատթարացմանը զուգահեռ պետք է`
1) կամ պահպանել դրույքաչափը՝ նվազեցնելով փոխհատուցման գործակիցը (փոխհատուցման գործակիցն արտահայտում է միջին կենսաթոշակ - միջին աշխատավարձ հարաբերակցությունը).
2) կամ ավելացնել դրույքաչափը` փոխհատուցման գործակիցը պահպանելով որոշակի նախընտրելի սահմաններում.
3) կամ օգտագործել պետական բյուջեի այլ եկամուտները՝ համակարգի ֆինանսական պակասուրդը փակելու համար:
Նշվածներից ոչ մեկը, սակայն, երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման պայմաններում խնդրի լուծում չի ապահովում:
12. Չնայած այն հանգամանքին, որ 2008 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին շուրջ 60 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակների չափերը, ժողովրդագրական վիճակի զարգացման միտումները վկայում են, որ կենսաթոշակների չափերի ցանկացած «միանվագ բարձրացում» երկարաժամկետ հեռանկարում խորացնելու է համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու խնդիրը և չի լուծելու բնակչությանը պատշաճ կենսաթոշակներով ապահովելու խնդիրը: Ակտուարական հաշվարկների վրա հիմնված փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումը և նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք նվազագույն կենսաթոշակի ապահովումը հանգեցնելու է գործող համակարգի անվերականգնելի պակասուրդի (եթե հաշվի առնենք միայն հավաքագրված սոցիալական ապահովության վճարների և ծախսերի տարբերությունը), որի մակարդակն անշեղորեն աճելու է 2020-ական թվականներին` հասնելով ՀՆԱ-ի 1.4 տոկոսի: Բյուջեի պակասուրդի այս պայմաններում չի հաջողվելու կանխել կենսաթոշակների փոխհատուցման գործակցի անկումը: Կենսաթոշակների և աշխատավարձերի միջև խզումն անհնարին է վերացնել գործող համակարգի պայմաններում:
Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի խաթարումը
13. Կենսաթոշակային ապահովագրության առանցքային սկզբունքն է՝ անմիջական կապ հաստատել անհատի կողմից կատարվող հատկացումների և վճարվող կենսաթոշակների չափերի միջև: Սակայն գործող կենսաթոշակային համակարգը չի երաշխավորում անհատի անձնական եկամտին համարժեք փոխհատուցում: Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի բացակայությունը հակախթան է համակարգին վճարումներ կատարելու առումով: Ներկայումս պարտադիր սոցիալական վճարումներ կատարողները կազմում են զբաղված աշխատուժի միայն 37 տոկոսը:
14. Գործող համակարգն առավել անհրապույր է բարձր եկամուտներ ունեցողների տեսանկյունից: Միջինից բարձր աշխատավարձ ստացող անձանց կենսաթոշակները չեն գերազանցում իրենց աշխատավարձի 10 տոկոսն այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձ ստացողներին կենսաթոշակային համակարգն ապահովում է 75 տոկոսից բարձր փոխհատուցման գործակից: Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակը և թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի չափը: Արդյունքում, սոցվճարումների շուրջ 70 տոկոսը կատարվում է նվազագույն և միջինից ցածր աշխատավարձերից:
15. Բնակչության եկամուտների արագընթաց աճը հանգեցնում է կենսաթոշակների և աշխատավարձերի չափերի է´լ ավելի ընդգծված տարբերության: Միևնույն ժամանակ, ցածր աշխատավարձերից սոցվճարումներ կատարելը փոքրացնում է հավաքագրվող գումարների ծավալը՝ սահմանափակելով կենսաթոշակների չափերի` եկամուտների աճին համարժեք բարձրացման ֆինանսական հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում աշխատանքային եկամուտների մակարդակի նկատմամբ կենսաթոշակների համարժեքության ապահովման խնդիրը դեմ է առնում կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության խնդրի լուծման անհնարինությանը: Փորձագիտական գնահատմամբ` ներկայիս կենսաթոշակային համակարգն ի վիճակի չէ մեղմել աշխատավարձերի և կենսաթոշակների միջև եղած անհամաչափությունը՝ միաժամանակ չխաթարելով համակարգի ֆինանսական հաշվեկշռվածությունը:
16. Անհրաժեշտ են կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով`
1) կենսաթոշակների չափերի էական բարձրացում, նպատակ ունենալով նախ` նվազագույնի հասցնել, ապա` իսպառ բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում.
2) ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը` կապ ամրագրելով անձի աշխատանքային եկամուտների և կենսաթոշակների միջև` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ:
17. Վերը նշվածի համատեքստում կառավարությունը նախատեսում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ` գործող` պետական կենսաթոշակային համակարգի հիմքի վրա ձևավորելով նոր միասնական բազմաստիճան համակարգ:
Կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձից քաղված դասերը
18. Կենսաթոշակային բաշխողական համակարգերի ֆինանսական կայունության հիմնախնդիրը ծառացած է աշխարհի շատ երկրների առջև՝ որպես հետևանք բնակչության արագընթաց ծերացման: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերը նկարագրված իրավիճակում հայտնված երկրները ծագած մարտահրավերներին դիմագրավում են երեք հիմնական անցումներ (տրանսֆորմացիաներ) կատարելու միջոցով`
1) անցում սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից դեպի «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգը.
2) անցում բանաձևերի հիման վրա հաշվարկվող և քաղաքական որոշումներով սահմանվող կենսաթոշակի (ՍԿ) մոդելից դեպի իրական եկամուտների հիման վրա սահմանված վճարների (ՍՎ) մոդելը (աշխարհում գործող կենսաթոշակային համակարգերում կիրառվում է հիմնականում երկու մոդել` սահմանված կենսաթոշակի կամ սահմանված վճարների: Առաջինի դեպքում նախևառաջ օրենսդրորեն սահմանվում է վճարվելիք կենսաթոշակի բանաձևը, այնուհետև որոշվում է դրանց ֆինանսավորելու աղբյուրը: Երկրորդի դեպքում` կուտակմանը գնացող վճարի դրույքաչափը, իսկ կենսաթոշակների չափը որոշվում է` ըստ կուտակումների ծավալի և դրանց ներդրումներից ստացված եկամուտների).
3) անցում պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային համակարգից դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի:
Նշված սկզբունքները պահպանելով, ելնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններից` մշակվել է կենսաթոշակային բարեփոխումների հայաստանյան մոդելը:
19. Առաջարկվող անցումները տարբեր երկրներում տարբեր են: Սակայն կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ իրականացրած գրեթե բոլոր երկրներում դրանք արտացոլվում են «բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրում» գաղափարում: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը մշակվել է միջազգային փորձից քաղված դասերի և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրության հիման վրա:
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նկարագիրը
20. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունքում ձևավորված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է լինելու 4 աստիճաններից, որոնցից յուրաքաչյուրը ծառայելու է իր նպատակին, որոնք միմյանցից տարբերվում են` կախված շահառուների աշխատած տարիներից և տարիքից:
21. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանը պահանջվող աշխատանքային (ապահովագրական) ստաժ չունեցող անձանց ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին ապահովում է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամտով:
22. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանն օրենքով սահմանված ժամանակահատվածում ֆորմալ տնտեսությունում աշխատած և համապատասխան հարկեր (սոցիալական վճարումներ) վճարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը:
23. Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կատարված վճարներից և դրանց ներդրումից ստացված եկամուտներից գոյացած միջոցների հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը:
24. Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճանը կամավոր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ եկամտով:
Կենսաթոշակային համակարգի «0» աստիճան
25. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանից վճարվելու է սոցիալական կենսաթոշակը, որի նպատակը ծերության, անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքերում նվազագույն եկամտով ապահովելն է այն անձանց, ովքեր չունեն այլ կենսաթոշակի իրավունք, այսինքն, ըստ 2002 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-519-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` գործող օրենսդրություն)` հանդիսանում են սոցիալական կենսաթոշակի շահառու:
Կպահպանվեն գործող օրենսդրությամբ սահմանված սոցիալական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները` աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող նվազագույն ստաժը 5 տարվա փոխարեն սահմանելով 10 տարի (աղյուսակ N 1):
26. Սոցիալական կենսաթոշակ կարող են ստանալ նաև 2-րդ աստիճանի շահառուները, եթե անձը չունի պահանջվող նվազագույն ստաժ: Սոցիալական կենսաթոշակի նշանակումը կախված չէ անձանց այլ` ոչ կենսաթոշակային եկամուտների առկայությունից:
27. Սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակից: Պահպանվելու են նաև սոցիալական կենսաթոշակի` գործող օրենսդրությամբ սահմանված հաշվարկման կարգը` ըստ կենսաթոշակի տեսակների:
Աղյուսակ N 1. Ծերության սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները` ըստ աշխատանքային ստաժի և կենսաթոշակի անցնելու տարիների.
Կենսաթոշակի նշանակման տարին |
Աշխատանքային ստաժը |
2010 թ. |
մինչև 5 տարի |
2011 թ. |
մինչև 6 տարի |
2012 թ. |
մինչև 7 տարի |
2013 թ. |
մինչև 8 տարի |
2014 թ. |
մինչև 9 տարի |
2015 թ. |
մինչև 10 տարի |
28. Ծերության սոցիալական կենսաթոշակի չափը 2018 թվականին կկազմի նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսը, իսկ սկսած 2021 թվականից` հիմնական կենսաթոշակի 80 տոկոսը, որը պետք է լինի առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի չափ: Հիմնական կենսաթոշակի չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ակտուարական հաշվարկներից և նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքից: Սոցիալական կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է պետական բյուջեից:
29. Պահպանվելու են հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող սոցիալական կենսաթոշակների նշանակման և վճարման` գործող օրենսդրությամբ սահմանված կարգը: Անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը վերանայելու շրջանակներում կվերանայվի նաև հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների հաշվարկման կարգը:
Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճան
30. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանից վճարվում է աշխատանքային կենսաթոշակը: Աշխատանքային կենսաթոշակն անձանց աշխատանքային եկամուտների փոխհատուցումն է:
31. Աշխատանքային կենսաթոշակի իրավունքը (իրավունք տվող պայմանները) համապատասխանում է գործող համակարգի` ապահովագրական կենսաթոշակի իրավունքին, այսինքն` կպահպանվեն ապահովագրական կենսաթոշակների տեսակները, իրավունք տվող պայմանները, հաշվարկման կարգը` բացառությամբ նշված փոփոխությունների:
32. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն աշխատանքային (ապահովագրական) ստաժը գործող օրենսդրությամբ սահմանված 5 տարվա փոխարեն կսահմանվի 10 տարի:
33. Նշված անցումը սահուն կատարելու համար կգործի պահանջվող նվազագույն ստաժի բարձրացման հետևյալ գրաֆիկը` ըստ տարիների.
Տարեթիվը |
2011 թ. |
2012 թ. |
2013 թ. |
2014 թ. |
2015 թ. |
Պահանջվող ապահովագրական ստաժը |
6 տարի |
7 տարի |
8 տարի |
9 տարի |
10 տարի |
34. Աշխատանքային կենսաթոշակը բաղկացած է հիմնական կենսաթոշակից և ապահովագրական (աշխատանքային) ստաժի տարիների համար տրվող հավելումից` հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակը հաշվարկվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նկատի ունենալով հետևյալ կանոնները և թիրախները`
1) սկսած 2012 թվականից` միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին.
2) 2018 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեի 150 տոկոսին, իսկ հիմնական կենսաթոշակը` կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին.
3) սկսած 2012 թվականից` աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար` ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը, իսկ 2018 թվականից` նաև հիմնական կենսաթոշակը կինդեքսավորվեն սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ):
36. Այն անձինք, ովքեր անցում են կատարել պարտադիր կուտակային համակարգին, մինչև պարտադիր կուտակային համակարգին անցնելը (մինչև կուտակային վճար վճարելը) ձեռք բերած աշխատանքային (ապահովագրական) ստաժի տևողության համար ևս ստանում են աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված 34-րդ կետով սահմանված կարգով:
37. Կառավարությունը զուգահեռաբար միջոցներ կձեռնարկի հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով`
1) կենսաթոշակների այդ տեսակը վճարել ապահովագրական ընկերությունների միջոցով.
2) վերանայել անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարելով Եվրամիությունում ընդունված` աշխատունակության աստիճանի սահմանման մոդելին, որի համատեքստում նաև վերանայել հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով:
38. Կառավարությունը միջոցներ կձեռնարկի երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով`
1) կենսաթոշակների այդ տեսակը վճարելու ծախսերը գործատուի միջոցներից իրականացնելը, այդ թվում` ապահովագրական սխեմայի շրջանակներում.
2) երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պարտադիր մասնագիտական ստաժի պահանջից բացի սահմանել նաև նվազագույնը 25 տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժի պահանջ:
39. Մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը, 1-ին աստիճանի համար սահմանված կանոններով կիրականացվի նաև պարտադիր կուտակային համակարգի մասնակից անձանց հաշմանդամության կենսաթոշակի, այդ անձանց մահվան դեպքում` կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակի իրավունք ունեցողներին այդ կենսաթոշակը նշանակելը և վճարելը:
40. Աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճան
41. 2-րդ աստիճանից վճարվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակը, որի նպատակը կենսաթոշակային տարիքում անձանց կորցրած եկամուտների փոխհատուցումն է՝ կատարված վճարումներին համապատասխան:
42. 2010 թվականի հունվարի 1-ից պարտադրության սկզբունքով պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` անկախ քաղաքացիությունից, ովքեր ծնվել են 1970 թվականի հունվարի 1-ին և այդ օրվանից հետո և (կամ) առաջին անգամ աշխատանքի շուկա մտնելու պահին չեն բոլորել 40 տարեկանը:
43. Պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը բաց է. 42-րդ կետում նշված տարիքային խմբում չընդգրկված անձը, ինչպես նաև նշված տարիքային խմբում ընդգրկված զինծառայողները և գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը կամաարտահայտությամբ կարող են պարտադիր կուտակային համակարգի մասնակից դառնալ, սակայն անձը երբևէ չի կարող վերանայել իր այս որոշումը:
44. Այն անձանց համար, ովքեր 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադրության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 տոկոսի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետությունը (այսինքն` եթե աշխատավարձը ցածր է 500.000 դրամից, ապա պետությունը կվճարի այդ գումարի 5 տոկոսի չափով, իսկ 500.000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ պետության մասնակցությունը կկազմի ամսական 25.000 դրամ` յուրաքանչյուր աշխատողի համար: Այսպիսով, 500.000-ից բարձր աշխատավարձ ստացող անձանց կողմից փաստացի կատարվող կուտակային վճարը կգերազանցի իրենց աշխատավարձի 5 տոկոսը):
45. Այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել կամավորության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի 5 տոկոսի չափով` առանց պետության մասնակցության (պետությունն այս անձանց համար կուտակային վճար չի կատարում):
46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը վճարում է եկամտահարկ, որի դիմաց կենսաթոշակի անցնելիս նա ստանում է հիմնական կենսաթոշակ:
47. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին վճարում կատարած անձինք ստանում են`
1) հիմնական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե նրանց տարիքը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ փոքր է եղել 40 տարեկանից, և կենսաթոշակի անցնելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.
2) հիմնական կենսաթոշակ ու աշխատանքային ստաժի տարիների համար հավելում (աշխատանքային կենսաթոշակ) և կուտակային կենսաթոշակ, եթե 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց տարիքը մեծ է եղել 40 տարեկանից և կենսաթոշակի անցնելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.
3) սոցիալական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե կենսաթոշակի անցնելիս չեն ունեցել բավարար աշխատանքային ստաժ:
48. Մինչև 40 տարեկան այն անձինք, ովքեր պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին անցնելու պահին ունեցել են որոշակի աշխատանքային ստաժ, կենսաթոշակի անցնելիս կստանան նաև այդ աշխատանքային ստաժի տարիների համար հավելումը (աշխատանքային կենսաթոշակ):
49. Պարտադիր կուտակային կենսաթոշակների տնօրինման կանոնները կսահմանվեն համապատասխան օրենսդրությամբ: Անհատական հաշիվներում կուտակված միջոցներն անձն իրավունք ունի տնօրինելու`
1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում:
50. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կուտակային կենսաթոշակային միջոցները տնօրինել հետևյալ ձևերով`
1) ծրագրային վճարների ձևով. այն է՝ որոշակի ծրագրային սխեմայով ամսական կենսաթոշակների ստացում: Այս դեպքում ամսական կենսաթոշակը հաշվարկվում է ընդհանուր կուտակված գումարը բաժանելով կենսաթոշակային տարիքում կյանքի սպասվող միջին տևողության վրա (գումարը բաժանելով ամիսների թվի վրա).
2) անուիտետների ձևով. երբ կուտակված միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որն էլ պարտավորվում է անձին ցմահ վճարել որոշակի ամսական կենսաթոշակ.
3) միանվագ ստանալու ձևով. երբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում անձն իրավունք է ստանում միանվագ ստանալ իր կուտակած միջոցները:
51. Կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը կունենա մահացու ելք, կամ անկախ ծախսերից` այն ունի մահացու ելք:
52. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխած անձի կուտակած միջոցները կարող են տնօրինվել հետևյալ կերպ`
1) փոխանցվում են անձի նոր քաղաքացիության (ոչ քաղաքացիների համար՝ նոր բնակության) երկրում բացված անհատական կենսաթոշակային հաշվին, եթե տվյալ երկրում գործում է պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, և առկա են կենսաթոշակային ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքեր.
2) մնում են Հայաստանի Հանրապետությունում, եթե տվյալ երկրում չի գործում պարտադիր կամ կամավոր կուտակային համակարգ և (կամ) առկա չեն կենսաթոշակային ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքերը: Այս դեպքում անձն իր կուտակային միջոցներն ստանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
53. Կուտակային (պարտադիր) կենսաթոշակի օգտագործումը սահմանափակվում է հետևյալ կերպ`
1) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը փոքր է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, ապա անձն իրավունք ունի կուտակված միջոցներն ստանալ ծրագրային վճարումների ձևով կամ միանվագ.
2) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը մեծ է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա անձը պարտավոր է իր միջոցները տնօրինել անուիտետի գնման ձևով.
3) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը գերազանցում է հիմնական (բազային) կենսաթոշակի հնգապատիկը, ապա անձը վճարում է միջոցների մի մասը՝ հիմնական (բազային) կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետ գնելու նպատակով, իսկ մնացած մասն իրավունք ունի տնօրինել ծրագրային վճարների ձևով կամ ստանալ միանվագ: Որպես չափանիշ կարող է օգտագործվել նաև անհատական փոխհատուցման գործակիցը կամ անուիտետի նվազագույն գինը շուկայում:
54. Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան (այսուհետ՝ ՀԿԴ) և ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի մահացության ունիվերսալ աղյուսակներ: Դրանք պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ԱՎԾ):
55. Ծրագրային վճարը կուտակված միջոցների բաշխումն է` ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների: Ծրագրային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
56. Անուիտետներով է վճարվելու կուտակային կենսաթոշակների հիմնական մասը և պարտադիր պահանջ է դրվում դրանց ժառանգելիության ապահովումը: Ըստ այդ պահանջի` կլինեն հետևյալ տեսակի անուիտետներ`
1) անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Single Life with Guarantee), որն իրենից ներկայացնում է միայն մեկ անձի համար անուիտետի գնում, որի դեպքում անձի մահվանից հետո վճարումները դադարում են. եթե անձը մահանում է երաշխիքային ժամանակահատվածում, ապա նրա ժառանգներն ստանում են նրա չստացած միջոցների որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ համաձայն պայմանագրի.
2) ամուսինների անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Survivor with Guarantee), որն իրենից ներկայացնում է ամուսինների կողմից անուիտետի գնում, որի արդյունքում անձի մահվանից հետո նրա ամուսինն ստանում է անձին տրվող ամսական վճարների որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ մինչև ամուսնու մահը: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգներն ստանում են չվճարված գումարի որոշակի մասը:
57. Պարտադիր կուտակային վճարները հավաքագրվելիս` հարկվում են, այսինքն` եկամտահարկի հարկման բազայից չեն նվազեցվում: Պարտադիր կուտակային միջոցներից ստացված եկամուտները չեն հարկվում: Պարտադիր կուտակային կենսաթոշակները չեն հարկվում:
58. Պարտադիր կուտակված միջոցները ժառանգելի են: Ժառանգության պայմաններն ու ժառանգելի միջոցների բաժնեմասերը տարբեր են` ըստ դեպքերի`
1) այն դեպքում, երբ անձը մահանում է մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, նրա ամուսինը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս ժառանգներն ամբողջությամբ ստանում են անձի կուտակած միջոցները` ըստ գործող օրենսդրության.
2) եթե անձը մահանում է կենսաթոշակային տարիքում, և նա կենսաթոշակը ստանում էր ծրագրային վճարումների տեսքով, ապա մահացողի անհատական հաշվում մնացած միջոցներն ամբողջությամբ ստանում են ժառանգները` գործող օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:
59. Կուտակված միջոցների ժառանգելի չափաբաժինները փոխանցվում են ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե ժառանգներն ունեն կենսաթոշակային հաշիվ: Ժառանգված գումարների որոշակի մասը կարող է տնօրինվել կանխիկ, որը կսահմանվի օրենսդրությամբ: Իրավաբանական անձինք չեն կարող կենսաթոշակային ակտիվների ժառանգ հանդիսանալ:
60. Պարտադիր կուտակային միջոցները չեն կարող բռնագանձվել մինչև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնօրինվելը:
Պարտադիր կուտակային ակտիվների կառավարումը
61. Ակտիվների կառավարման գործընթացն սկսվում է վճարումների և տեղեկատվության հավաքագրումից: Պարտադիր կուտակային վճարումներ կատարող աշխատողների մասին տեղեկատվությունը գործատուները մշակում են ամսական կտրվածքով և ուղարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ): Տեղեկատվությունը ՊԵԿ-ում մուտքագրվում է տվյալների բազա:
62. Գործատուն հաշվարկված եկամտահարկը (միասնական հարկը) և պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարը փոխանցում է գանձապետարան: Գործատուն հաշվարկում է նաև պետական մասնակցության առավելագույն 25000 դրամին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ վճարը, եթե անձի աշխատավարձը մեծ է 500000 դրամից: Գործատուն պարտավոր է աշխատավարձի, վճարված հարկերի և կուտակային վճարումների մասին ամենամսյա և տարեկան տեղեկատվություն տրամադրել աշխատողներին:
63. ՊԵԿ-ը համադրում է անհատական հաշվետվությունների տվյալները և փաստացի վճարված միասնական հարկն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարը (անհատական հաշվետվությունների և անձնավորված հաշվառման համակարգը կնկարագրվի տեխնիկական առաջադրանքում): Ստուգված հաշվետվության տվյալները ՊԵԿ-ն էլեկտրոնային տեսքով ուղարկում է ՀԿԴ: Վերջինս տեղեկատվական բազա է ներառում անձանց անհատական կուտակումներին վերաբերող տեղեկատվությունը` ներառյալ պետական մասնակցության բաժինը: Միաժամանակ, ՊԵԿ-ը, հիմք ընդունելով իր կողմից ստուգված հաշվետվության տվյալները, հայտ է ներկայացնում գանձապետարան՝ հաշվարկված միջոցները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ՝ ԿԲ) գտնվող ՀԿԴ-ի հաշվին փոխանցելու համար: ՀԿԴ-ն իր մոտ պահվող անհատական հաշիվների միջոցների այն մասը, որի վերաբերյալ տեղեկատվություն է ստացել ՊԵԿ-ից, 24 ժամվա ընթացքում փոխանցում է ակտիվների կառավարիչներին (այսուհետ՝ ԱԿ): Ստացված տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թարմացնում է անձի կենսաթոշակային հաշվի տվյալները:
64. Անձի կենսաթոշակային հաշիվը կամ անհատական հաշիվը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը հաշվետիրոջ մասին`
1) անունը, ազգանունը, սեռը.
2) հասցեն կամ հասցեները.
3) անձնագրի սերիան, համարը.
4) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.
5) սոցիալական քարտի համարը (կամ նշում սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ).
6) բանկային հաշվի համարը.
7) անձի կատարած վճարումների պատմությունը (աշխատավարձի 10 կամ 5 տոկոսը).
8) տեղեկատվություն անձի կատարած ընտրության վերաբերյալ.
ա) ակտիվների կառավարիչների անվանումները,
բ) պորտֆելների տեսակները,
գ) միավորների քանակները, գումարը.
9) տեղեկատվություն կուտակված միջոցների օգտագործման մասին.
ա) ծրագրային վճարներ, ամսական կենսաթոշակներ,
բ) անուիտետ, ապահովագրական ընկերության անվանումը, ամսական կենսաթոշակը:
65. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին կամավոր և պարտադիր միացող աշխատողները լրացնում են դիմումի ձև և ստորագրում: Դիմումը ՀԿԴ է ներկայացվում թղթային տարբերակով, փակ ծրարով, ուղղակի բանկային և (կամ) փոստային բաժանմունքների միջոցով և (կամ) էլեկտրոնային մուտքի միջոցով: ՀԿԴ-ում դիմումի հիման վրա բացվում է աշխատողի կենսաթոշակային հաշիվը, որի մասին շահառուներն ստանում են տեղեկանք: Կենսաթոշակային հաշիվը բացելուց հետո, կամավորության սկզբունքով, պարտադիր կուտակային համակարգի մասնակից աշխատողը դիմում է գործատուին՝ իր աշխատավարձից 5 տոկոս կուտակային վճար հաշվարկելու և վճարելու համար:
66. Առաջին անգամ աշխատանքի շուկա մուտք գործող անձինք պարտավոր են ինքնուրույն բացել կենսաթոշակային հաշիվ ՀԿԴ-ում, և այդ հաշվի վերաբերյալ տեղեկանքը ներկայացնել գործատուին:
67. Կենսաթոշակային հաշվետերերը ՀԿԴ-ում կամ բանկերում, կամ փոստային բաժանմունքներում կամ առցանց տեղեկանում են ակտիվների կառավարիչների և նրանց ներդրումային պորտֆելների մասին և այդ տեղեկատվության հիման վրա կատարում իրենց ընտրությունը (գաղտնի, առանց բանկի կամ փոստի աշխատակցի մասնակցության): Ընտրությունը հավաստող փաստաթուղթ-տեղեկանքը մասնակիցները պարտադիր կերպով ներկայացնում են գործատուին (ընտրությունը համարվում է կատարված նաև, եթե ընտրության թերթիկն ստորագրված է, սակայն ԱԿ-ն և ներդրումային պորտֆելի ընտրության դաշտը դատարկ է): Գործատուն, հիմք ընդունելով համապատասխան տվյալները, այդ փաստաթուղթը ներառում է անձի անհատական հաշվետվությունում:
68. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանի մասնակիցներն իրավունք ունեն ընտրել ակտիվների կառավարիչներին և ներդրումային պորտֆելը: Մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և ներդրումային պորտֆելի ընտրությունը կատարվում է ՀԿԴ-ի ինտերնետային կայքի, բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով: Ընտրությունը կարող է փոփոխվել ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ: Ներդրումային պորտֆելի տարեկան մեկ անգամից ավելի փոփոխությունը վճարովի է, եթե նախկին պորտֆելում ներդրված միջոցներն ուղղվում են նոր ներդրումային պորտֆել: Ներդրումային պորտֆելի փոփոխությունն անվճար է, եթե նոր վճարումներն են ուղղվում մեկ այլ ներդրումային պորտֆել: Ներդրումային պորտֆելի փոփոխությունն անվճար է, եթե անձը նույն ակտիվների կառավարչի մի պորտֆելը փոխում է մյուսով: Մասնակիցները չեն կարող իրենց ամսական վճարները տեղաբաշխել միաժամանակ մի քանի ներդրումային պորտֆելներում:
69. Մասնակիցները կարող են ընտրություն չկատարել: Ընտրություն չկատարելը համարվում է միայն այն դեպքը, երբ մասնակիցը, կենսաթոշակային հաշվի բացման դիմումը լրացնելիս չի լրացնում համապատասխան դաշտերը (այսինքն՝ կենսաթոշակային հաշիվը բացված է, սակայն ընտրության մասին նշումը բացակայում է): Նման դեպքերում ակտիվների կառավարչի ընտրությունը կատարում է ՀԿԴ-ն՝ այդ նպատակների համար տեղադրված ծրագրային մոդուլի միջոցով: Այս դեպքում վճարումները ԱԿ-ների միջև բաշխվելու են այն համամասնությամբ, ինչ չափաբաժին որ ունի յուրաքանչյուր ԱԿ-ն շուկայում: Մասնակիցները կարող են նաև ներդրումային պորտֆելի ընտրություն չկատարել: Այս դեպքում` պատահականորեն ընտրված ԱԿ-ները պարտավոր են նման մասնակցի վճարումներն ուղղել հաշվեկշռված ներդրումային պորտֆել:
70. Պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցների` եկամտահարկի (միասնական հարկի) վճարման մասին անհատական հաշվետվությունները գործատուն յուրաքանչյուր ամիս ուղարկում է ՊԵԿ: Անհատական հաշվետվություններ ներառված տեղեկատվության ճշտության համար պատասխանատվություն են կրում`
1) աշխատողը՝ իր տրամադրած տեղեկատվության մասով.
2) գործատուն՝ հաշվարկված և վճարված աշխատավարձի և եկամտահարկի մասով, ինչպես նաև իր տրամադրած այլ տեղեկատվության մասով.
3) ՊԵԿ-ը՝ իր կատարած համադրումների մասով:
71. Աշխատողի անհատական հաշվի տեղեկատվությունն իրականությանը չհամապատասխանելու դեպքում աշխատողը ճշտում է կատարում առաջին հերթին գործատուի, այնուհետև՝ ՊԵԿ-ի հետ:
72. ՀԿԴ-ն յուրաքանչյուր վճարողի համար թողարկում է միավորներ: Միավորներն իրենցից ներկայացնում են կոնկրետ ներդրումային պորտֆելում փայամասնակցություն կամ բաժնեմաս: ՊԵԿ-ից ստացված ամսական վճարումների մասին տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թողարկում է որոշակի քանակության միավորներ: Այդ միավորները նույնականացնող համարները կոդավորվում են պատահական թվերի ալգորիթմով: Ալգորիթմի կիրառման համար հիմք են ծառայում մասնակիցների կենսաթոշակային հաշվի կամ սոցիալական քարտի համարները:
73. ՀԿԴ-ում պահվում են մասնակցի միավորներին կցված կոդավորված համարները, որոնք ԱԿ-ներին հնարավորություն չեն տալիս կոնկրետ անձի միավորները նույնականացնելու նրա կենսաթոշակային հաշվի համարի հետ:
74. ՀԿԴ-ում ներդրումային պորտֆելներն ունեն իրենց միավորները: Ամեն օր այդ միավորները գնահատվում են ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա (ակտիվների կառավարման վճարները հանվում են միավորների արժեքից): Կախված այդ գնահատումից` ներդրումային պորտֆելի մեկ միավորի արժեքը կարող է մեծանալ կամ փոքրանալ: Յուրաքանչյուր նոր վճարում վերածվում է միավորի: Միավորների քանակը վերահաշվարկվում է միավորների նախորդ օրվա ընթացիկ արժեքի հիման վրա:
75. ՀԿԴ-ն յուրաքանչյուր օրվա վերջում գնահատում է ներդրումային պորտֆելներ ներառված ակտիվները: Նշված գնահատման միջոցով վերագնահատվում են նաև յուրաքանչյուր պորտֆելի միավորները: Ակտիվների գնահատումը կատարվում է ակտիվների շուկայական արժեքի հիման վրա, ակտիվների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը:
76. Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բանկերի հաշիվներում կուտակային «2» աստիճանի մասնակիցների կուտակված միջոցների (ավանդների) մասին տեղեկատվությունն օրական պարբերականությամբ տրամադրվում է ՀԿԴ-ին (օտարերկրյա բանկերում պահվող միջոցների մասով): ՀԿԴ-ն օտարերկրյա գլոբալ պահառուից ամենօրյա տեղեկատվություն է ստանում արտասահմանյան արժեթղթերի վերաբերյալ, որի հիման վրա իրականացնում է կենսաթոշակային ակտիվների պահառությունը:
77. ՀԿԴ-ն նաև հաշվառում է վճարման փուլը, այսինքն` թե անձը կենսաթոշակի անցնելիս ինչ տարբերակ է ընտրել, որ ընկերության միջոցով, և ինչքան է կազմում նրա կենսաթոշակը:
78. Ակտիվների կառավարման գործընթացի վարչական ծախսերը ֆինանսավորվում են միջնորդավճարների հաշվին: Միջնորդավճարները գանձվում են կուտակային «2» աստիճանի մասնակիցների վճարումներից, դրանք բաղկացած են հետևյալ տեսակներից`
1) պորտֆելների մասնակցության վճարներ.
2) ակտիվների կառավարման վճարներ.
3) միավորների մարման վճարներ.
4) երաշխավորման հիմնադրամ փոխանցվող վճարներ:
79. Պետությունը սահմանում է միջնորդավճարների առավելագույն չափերը: Ակտիվների կառավարման վճարները կարող են պայմանավորվել կառավարվող ակտիվների մեծությամբ և (կամ) կենսաթոշակային հաշվին կատարված վճարումներով: Ակտիվների եկամտաբերության և ակտիվների արդյունավետ կառավարման համար լրացուցիչ վճարներ չեն գանձվում:
80. Միավորների մարման վճարի առավելագույն չափը պետք է կազմի միավորների զուտ արժեքի 1 տոկոսը: Այս վճարը գանձվում է ներդրումային պորտֆելների փոփոխության ժամանակ, եթե այն կատարվում է տարեկան մեկից ավելի անգամ:
81. Ներդրումային պորտֆելների օրական գնահատման արդյունքների հիման վրա ՀԿԴ-ն յուրաքանչյուր անձի կենսաթոշակային հաշվում գրանցում է նրա կենսաթոշակային ակտիվների ընթացիկ արժեքները, նրա կատարած վճարումները, ներդրումային պորտֆելների մասին տեղեկատվությունը: Օրական կտրվածքով վարվող այս տեղեկատվությունը շահառուներին անվճար տրամադրվում է ցանկացած ժամանակ` էլեկտրոնային մուտքի միջոցով կամ տարեկան մեկ անգամ` թղթային տարբերակով:
82. ՀԿԴ-ն պարտավոր է շահառուներին տրամադրել տարեկան կտրվածքով հետևյալ տեղեկատվությունը`
1) տարվա ընթացքում կատարված վճարումներն ըստ ամիսների.
2) տարվա ընթացքում կենսաթոշակային հաշվի ընթացիկ արժեքը, այսինքն՝ նրա ակտիվների զուտ արժեքն ըստ ամիսների.
3) սահմանված կարգով հաշվարկված ակտիվների եկամտաբերությունը` տոկոսով.
4) տարվա ընթացքում ըստ ամիսների թողարկված միավորների քանակը.
5) շահառուի վճարումներից գանձված միջնորդավճարներն ըստ տեսակների` դրանց գումարներն ու տոկոսադրույքները.
6) շահառուի` ակտիվների կառավարչի և ներդրումային պորտֆելի ընտրությունը.
7) եթե շահառուն ընտրություն չի կատարել, ապա ՀԴԿ-ի` ակտիվների կառավարչի և ներդրումային պորտֆելի ընտրությունը:
83. Շահառուներն անհատական կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն կստանան ՀԿԴ-ի ինտերնետային կայքի միջոցով, բանկերի մասնաճյուղերում և փոստի բաժանմունքներում` թղթային տարբերակով և (կամ) էլեկտրոնային մուտքի կետերի միջոցով:
Կենսաթոշակային ակտիվների ներդրումների կարգավորումը
84. Ներդրումային պորտֆելները կազմում են ԱԿ-ները՝ ներդրումային պորտֆելների նկատմամբ սահմանված սահմանափակումներին համապատասխան: Ներդրումային պորտֆելները գրանցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը:
85. ԱԿ-ները կարող են գրանցել երեք տեսակի ներդրումային պորտֆել`
1) ագրեսիվ պորտֆել, որը պետք է կազմված լինի նվազագույնը 50 տոկոսով՝ հաստատուն եկամտաբերության գործիքներից և առավելագույնը 50 տոկոսով՝ փոփոխական եկամտաբերության գործիքներից (այսուհետ՝ բաժնետոմսեր).
2) հաշվեկշռված պորտֆել, որը պետք է կազմված լինի նվազագույնը 75 տոկոսով՝ հաստատուն եկամտաբերության գործիքներից և առավելագույնը 25 տոկոսով՝ բաժնետոմսերից.
3) կոնսերվատիվ պորտֆել, որը կարող է կազմված լինել 100 տոկոսով հաստատուն եկամտաբերության գործիքներից:
86. Կուտակային բաղադրիչի ներդրման առաջին 3-5 տարիներին ԱԿ-ները կկազմեն միայն մեկ ներդրումային պորտֆել, որը պետք է լինի հաշվեկշռված: Հետագայում ԱԿ-ները պարտավոր են առաջարկել առնվազն երկու տեսակի ներդրումային պորտֆել, որոնցից մեկը` հաշվեկշռված: Ներդրումային պորտֆելների կառուցվածքը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել դեպի ավելի ագրեսիվ կառուցվածքի` բաժնետոմսերի տեսակարար կշռի բարձրացմամբ և այլընտրանքային ներդրումների ներառմամբ:
87. Ներդրումային պորտֆելի նկատմամբ սահմանվում են որակական և քանակական սահմանափակումներ, որոնք նպատակ ունեն դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելի ռիսկայնությունը: Քանակական սահմանափակումները հիմնականում վերաբերում են պարտատոմսերի և բաժնետոմսերի թույլատրելի հարաբերակցությանն ու պորտֆելի կառուցվածքին: Որակական սահմանափակումներն ուղղված են պարտատոմսեր և բաժնետոմսեր թողարկողի (այսուհետ՝ թողարկող) վճարունակության և թողարկողի հուսալիության չափանիշների սահմանմանը:
88. Կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն հետևյալ դասերի ակտիվների մեջ`
1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) երկրների կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական ինստիտուտների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ պետությունների թողարկած արժեթղթերում.
3) ՏՀԶԿ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած արժեթղթերում.
4) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկան կարգավորող մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման տակ գտնվող ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկայի կարգավորողի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ընկերությունների արժեթղթերում:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել:
89. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչի գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկրների ֆոնդային բորսայում ցուցակված, կապիտալի շուկան կարգավորող մարմնում գրանցված հայկական կազմակերպությունների արժեթղթերում.
4) ներդրումային ընկերություններում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կողմից:
90. Ակտիվների կառավարիչները երկրորդային շուկայում արժեթղթերի առքը պետք է իրականացնեն միայն բորսայական առևտրի միջոցով:
91. Ներդրումային պորտֆելի կառուցվածքը սահմանափակվում է հետևյալ կերպ`
1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի թողարկված արժեթղթերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը՝ բաժնետոմսերի, 10 տոկոսը՝ պարտատոմսերի համար: Այս սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերություններում կատարած ներդրումների վրա, եթե ներդրումային ընկերությունն այլ կերպ հետևում է նման սահմանափակումներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական պարտատոմսերի վրա.
2) ներդրումային պորտֆելում մեկ թողարկողի և (կամ) փոխկապակցված թողարկողների արժեթղթերի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի 5 տոկոս: Այս սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերությունների վրա, որոնք արդեն իսկ պահպանում են այդ սահմանափակումը.
3) արտարժույթով ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի 30 տոկոս.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական պարտատոմսերում ներդրումները չպետք է գերազանցեն պորտֆելի 70 տոկոսը.
5) բանկային հաշիվներում և ավանդներում պահվող միջոցները չպետք է գերազանցեն պորտֆելի 20 տոկոսը:
92. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության լիազոր մարմինը կարող է սահմանել այլ ժամանակավոր սահմանափակումներ, որոնք միտված կլինեն ֆինանսական շուկաների անբարենպաստ ազդեցությունները զսպելուն: Մասնավորապես` հնարավոր է ժամանակավոր նվազագույն սահմանաչափերի սահմանում:
93. Արտարժույթով ներդրումների և պետական պարտատոմսերում ներդրումների սահմանափակումներն այն ժամանակահատվածում, երբ ԱԿ-ներն առաջարկելու են միայն մեկ ներդրումային պորտֆել, կարող են սահմանվել այլ կերպ՝ ելնելով ներդրումային հնարավորություններից:
94. Կենսաթոշակային ակտիվների ներդումների նկատմամբ կիրառվելու են նաև որոշակի արգելքներ: Արգելվելու են ներդրումները`
1) չցուցակված արժեթղթերում.
2) այն ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով օտարման ենթակա չեն, կամ առկա են սահմանափակումներ.
3) ածանցյալ ֆինանսական գործիքներում (բացառությամբ հեջավորման նպատակի).
4) անշարժ գույքում՝ ուղղակի ներդրումները.
5) ֆիզիկական ակտիվներում, եթե դրանք ցուցակված չեն կազմակերպված շուկաներում և (կամ) եթե դրանց գնահատումն անորոշ է (օրինակ, արվեստի գործերում, հուշադրամներում, թանկարժեք մեքենաներում և այլն).
6) ԱԿ-ների, պահառուների, դրանց կառավարման խորհրդի անդամների, ինչպես նաև նշված անձանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում և այդ անձանց գույքի մեջ.
7) այլ ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով կհամարվեն ռիսկային:
95. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են`
1) շուկայական գների փոփոխության արդյունքում վերագնահատման, կամ
2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության, կամ
3) ԱԿ-ի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա ԱԿ-ները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից հետո` 3 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել պորտֆելի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար:
96. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել ակտիվների պահառուին, ակտիվների կառավարչին, ակտիվների կառավարչի կառավարման խորհրդի անդամներին և նրանց հետ փոխկապակցված անձանց:
97. Կենսաթոշակային ակտիվները կառավարող մարմնի խորհուրդը պետք է հաստատի ներքին ընթացակարգեր, որոնք պետք է ներառեն`
1) միջոցառումներ, որոնց իրականացմամբ պետք է ԱԿ-ները ապահովեն ակտիվների կառավարմանը ներկայացվող պահանջները.
2) ակտիվների տեսակներ, որտեղ կենսաթոշակային միջոցները պետք է ներդրվեն.
3) պատասխանատվության և լիազորությունների շրջանակներ` ներդրումային որոշումներ կայացնելու, ներդրումներ իրականացնելու և գործընթացը վերահսկելու համար:
98. ԱԿ-ներին արգելվելու է իրենց ազդագրերում և գովազդում հայտարարել ու խոստանալ եկամտաբերության երաշխավորված մակարդակ:
99. Պետությունը խիստ վերահսկողության և կարգավորման մեխանիզմների ներդրման ու կիրառման միջոցով ապահովելու է կենսաթոշակային ակտիվների անվտանգությունը: Ստեղծվելու է նաև երաշխավորման հիմնադրամ, որի նպատակը կլինի` ապահովագրել կենսաթոշակային ակտիվների կառավարման գործառնական ռիսկերը, ինչպես նաև հնարավոր կեղծիքը և փոխհատուցել դրա հետևանքով առաջացած վնասները:
Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճան
100. 3-րդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ կենսաթոշակ ապահովող աստիճանն է: Այս աստիճանից վճարվում է կամավոր կուտակային կենսաթոշակը, որի նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում անձանց կամավոր կատարած վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին կենսաթոշակային տարիքում նրանց լրացուցիչ եկամտով ապահովելն է:
101. Կամավոր կուտակային կենսաթոշակը կենսաթոշակային ապահովագրության արդյունքն է, որը վճարվում է անձի և կենսաթոշակային ապահովագրության համար լիցենզավորված ֆինանսական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
102. Կամավոր կուտակային կենսաթոշակը վճարվում է որոշակի կանոնների համաձայն, որոնք սահմանվում են կենսաթոշակային ապահովագրության պայմանագրով:
103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց ցանկությամբ կխնայեն իրենց եկամուտների մի մասը՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով:
104. Կամավոր կուտակային վճար կարող է կատարվել անձի կողմից հայտարարագրված ցանկացած եկամտից: Հայտարարագրված եկամուտներից կատարվող կամավոր կուտակային կենսաթոշակային վճարները նվազեցվում են եկամտահարկի հարկման բազայից, սակայն ոչ ավելի, քան հայտարարագրված եկամտի 5 տոկոսի չափով:
105. Գործատուի կողմից աշխատողի համար կատարված կենսաթոշակային վճարումները համարվում են ծախս և նվազեցվում համախառն եկամտի հարկման բազայից, սակայն մեկ աշխատողի հաշվով դրանք չեն կարող գերազանցել անհատական եկամտի (աշխատավարձի) 5 տոկոսը: Ընդ որում` այս ցուցանիշը չի կարող հաշվարկվել աշխատավարձի ֆոնդի նկատմամբ միջինացված, այն պետք է հաշվարկվի անհատական սկզբունքով:
106. Կամավոր կուտակված միջոցների տնօրինման տեսակները, ձևերը, ժամկետները և ընթացակարգերը սահմանվում են շահառուի հետ կնքված պայմանագրով: Պետությունը կամավոր կուտակային կենսաթոշակը տնօրինելու համար սահմանում է որոշակի պարտադիր պայմաններ, որոնք հիմնականում վերաբերում են կուտակային կենսաթոշակի տնօրինման ժամկետներին և ձևերին:
107. Կամավոր կենսաթոշակային «3» աստիճանի շահառուն կարող է տնօրինել կուտակված միջոցները՝
1) եթե լրացել է նրա՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.
2) եթե նա փոխել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում).
3) եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկում ներառված հիվանդությամբ:
108. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային միջոցները տնօրինել`
1) ծրագրային վճարների ձևով.
2) անուիտետների ձևով.
3) միանվագ տնօրինման ձևով:
109. Միջոցների միանվագ տնօրինումը մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը հնարավոր է հետևյալ դեպքերում`
1) երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ ծախսերը չկատարելու դեպքում հիվանդությունն ունի մահացու ելք, կամ անկախ ծախսերից այն ունի մահացու ելք.
2) երբ անձը փոխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (հնարավոր է նաև փոխանցում նոր քաղաքացիության երկրում անձի կենսաթոշակային հաշվին) կամ մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում):
110. Անձը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կարող է միանվագ ստանալ կամավոր կուտակված միջոցները (ՍՎ մոդելի դեպքում), սակայն այդ դեպքում դրանք կհարկվեն եկամտահարկի ավելի մեծ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:
111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`
1) պարտադիր կուտակային միջոցների («2» աստիճանի) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ կենտրոնացված հաշիվների վարում և պահառություն.
2) պահանջվող լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից, որն ինքնուրույնաբար հավաքագրում է վճարումները, վարում հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում: Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ:
112. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող են իրականացնել ինչպես պարտադիր կուտակային ակտիվների կառավարիչները (վերջիններիս արգելվում է միաժամանակ իրականացնել «սահմանված կենսաթոշակներ» մոդելի կենսաթոշակային ապահովագրություն), այնպես էլ` այլ լիցենզավորված ընկերություններ: Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության («2» աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում և կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններով: Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է լիցենզավորված այլ ընկերությունների կողմից, ապա անձը պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար:
113. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունները համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք են:
114. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ապահովադիր (ապահովագրական սխեմայի հովանավոր) կարող է հանդիսանալ`
1) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր համար.
2) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում երրորդ անձի համար.
3) գործատուն, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր աշխատողների համար:
115. Անձինք (եթե վճարում են անձամբ) և գործատուները (եթե վճարում են աշխատողի համար) կենսաթոշակային վճարների փոխանցումները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են ՊԵԿ` որպես հարկային բազայի նվազեցման հիմք:
116. Կամավոր կուտակային 3-րդ աստիճանի ներդրումային պորտֆելները պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմնի կողմից:
117. ԱԿ-ները կարող են գրանցել երեք տեսակի ներդրումային պորտֆելներ`
1) ագրեսիվ ներդրումային պորտֆել, 75 տոկոս և ավելի բաժնետոմսեր.
2) հաշվեկշռված ներդրումային պորտֆել, 50-75 տոկոս բաժնետոմսեր.
3) կոնսերվատիվ ներդրումային պորտֆել, մինչև 50 տոկոս բաժնետոմսեր:
118. Ներդրումային պորտֆելի կառուցվածքը սահմանափակվում է`
1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի նրանց թողարկած արժեթղթերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը բաժնետոմսերի, 10 տոկոսը՝ պարտատոմսերի համար: Այս սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերություններում կատարված ներդրումների վրա, եթե ներդրումային ընկերության պորտֆելն այլ կերպ բավարարում է այդ սահմանափակումներին (բացառությամբ պետական և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտատոմսերի).
2) ներդրումային պորտֆելում մեկ կամ փոխկապակցված թողարկողների արժեթղթերի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի 5 տոկոս: Տվյալ սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերությունների վրա, որոնք արդեն իսկ պահպանում են այդ սահմանափակումը.
3) ներդրումային պորտֆելում մեկ կամ փոխկապակցված թողարկողների արժեթղթերի չափը չպետք է գերազանցի պորտֆելի 5 տոկոսը:
119. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմնի կողմից հնարավոր է նաև այլ՝ ժամանակավոր սահմանափակումների կիրառում, եթե դա միտված է անբարենպաստ ազդեցությունները զսպելուն: Այս դեպքում հնարավոր է նաև նվազագույն սահմանաչափերի սահմանում:
120. Կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն հետևյալ դասերի ակտիվների մեջ`
1) ՏՀԶԿ երկրների կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական ինստիտուտների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ պետությունների թողարկած արժեթղթերում.
3) ՏՀԶԿ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած արժեթղթերում.
4) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկան կարգավորող մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման տակ գտնվող ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկայի կարգավորողի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ընկերությունների արժեթղթերում.
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կողմից սահմանված չափանիշներին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կենսաթոշակային ակտիվները:
121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչի գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի թողարկած արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկրների ֆոնդային բորսայում ցուցակված, կապիտալի շուկան կարգավորող մարմնում գրանցված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների արժեթղթերում.
4) ներդրումային ընկերություններում, որոնք վերահսկվում են կապիտալի շուկան կարգավորող մարմնի կողմից:
122. Կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվներն արգելվում է ներդնել`
1) չցուցակված արժեթղթերում.
2) ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով օտարման ենթակա չեն.
3) ածանցյալ ֆինանսական գործիքներում` բացառությամբ հեջավորման նպատակով.
4) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում, որոնք ցուցակված չեն կազմակերպված շուկաներում և (կամ) որոնց գնահատումն անորոշ է (արվեստի գործեր, հուշադրամներ, թանկարժեք մեքենաներ և այլն).
5) ակտիվների կառավարիչների, պահառուների, դրանց կառավարման խորհրդի անդամների, ինչպես նաև նշված անձանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում և այդ անձանց գույքի մեջ:
123. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են՝
1) շուկայական գների փոփոխության հետևանքով ակտիվների վերագնահատման.
2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.
3) ակտիվների կառավարչի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա ԱԿ-ները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից հետո` 3 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել պորտֆելի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար:
124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել ակտիվների պահառուին, ակտիվների կառավարչին, ակտիվների կառավարչի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:
125. «Սահմանված կենսաթոշակ» մոդելի համար ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը կսահմանի ներդրումների առանձին սահմանափակումներ:
Կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը
Պետական կառավարման ինստիտուտների գործառույթները
126. Պետական բաշխողական բաղադրիչից վճարվող սոցիալական, հիմնական և աշխատանքային կենսաթոշակների կառավարումը կիրականացնի սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին:
127. Մասնավոր կուտակային բաղադրիչից վճարվող պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների կառավարումը կկատարվի ֆինանսական ինստիտուտների միջոցով:
128. Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը կմշակի պետական կենսաթոշակային (սոցիալական) ապահովության քաղաքականությունը, ինչպես նաև կապահովի կենսաթոշակային քաղաքականության իրականացումը, մոնիթորինգը և վերահսկողությունը:
129. Բարեփոխումների կենթարկվի սոցիալական ապահովության համակարգի կառավարումը: Մասնավորապես` 2008-2009 թվականներին`
1) տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերի կատարելագործման միջոցով սոցիալական ծառայություններ մատուցող մարմինները կինտեգրվեն, ինչը հնարավորություն կտա ապահովել մատչելի, որակյալ և արդյունավետ սոցիալական ծառայությունների փաթեթով տրամադրումը համալիր կենտրոնների կողմից.
2) միջոցներ կձեռնարկվեն կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման համակարգ ներդնելու ուղղությամբ` աստիճանաբար կրճատելով ՍԱՊԾ-ի վճարումների ծառայության կողմից սպասարկվող շահառուների շրջանակը: Կենսաթոշակների վճարումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության գանձապետարանի հետ համագործակցության դասական սխեմայով, որը ներկայումս կիրառվում է այլ նպաստների վճարումների համար: Այսինքն` ՍԱՊԾ-ի կողմից գանձապետարանին կպատվիրվեն ըստ կենսաթոշակառուների ցուցակների հաշվարկված գումարները, որոնք կփոխանցվեն «Հայփոստ» ՓԲԸ-ի կամ առևտրային բանկերին` կենսաթոշակների վճարումն ապահովելու համար.
3) կվերանայվեն (կազատականացվեն) կենսաթոշակների վճարման որոշ կանոններ, մասնավորապես` կվերանայվեն կենսաթոշակն անձամբ ստանալու, սահմանված ժամկետում կենսաթոշակառուի չներկայանալու կամ կենսաթոշակը չստանալու դեպքում կենսաթոշակի գումարը գանձապետարանի հաշվին վերադարձնելու օրենսդրական պահանջներ:
130. ՍԱՊԾ-ն կիրականացնի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես `
1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակների (սոցիալական, աշխատանքային և հիմնական, այդ թվում` կուտակային բաղադրիչի մասնակիցների համար) հաշվարկելը (վերահաշվարկելը), նշանակելը և վճարելը.
2) պետական կենսաթոշակ ստացող անձանց հաշվառելը և վարչական ռեգիստր վարելը.
3) կենսաթոշակի նշանակումը, հաշվարկումը, վճարումը և այլ հարցեր կանոնակարգող օրենսդրության պարզաբանումը:
131. Պետական կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ՍԱՊԾ-ն էլեկտրոնային մուտքի իրավունք ունենալու միջոցով կստանա ՊԵԿ-ից` անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելով նաև առկա տվյալների հավաստիության ճշգրտման համար:
132. Քաղաքացիների (շահառուների) սպասարկման որակը բարելավելու նպատակով կառավարությունը միջոցներ կձեռնարկի տարածքային բաժինների շենքային և գույքային պայմանները բարելավելու համար:
133. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչությունը (այսուհետ` ԱՏ) կիրականացնի գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակների նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգումների կազմակերպումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան վերապահված գործերով վարչական վարույթի իրականացման գործառույթները: Հաշվի առնելով ԱՏ-ին նոր գործառույթներ վերապահելը` կկարևորվի վերջինիս կարողությունների հզորացումը:
134. ԱՏ-ն կհամագործակցի ՍԱՊԾ-ի հետ: Մասնավորապես` կենսաթոշակների նշանակման և վճարման համար գործատուների կամ շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ հավաստիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ՍԱՊԾ-ն դիմում է գործատուին կամ փաստաթղթերը ներկայացնող շահառուին` տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն, որից հետո, եթե կասկածները չեն փարատվում, և առկա է հավաստիության պակաս, ապա ունեցած տեղեկատվությունը փոխանցում է ԱՏ-ին՝ համապատասխան գործատուի մոտ ստուգումներ անցկացնելու և հանգամանքներն ու իրավիճակը պարզելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Այս համագործակցությունը հնարավորություն կտա խուսափել ավելորդ, կրկնվող գործառույթներով առանձին կառուցվածքային միավորներ ստեղծելուց և կնվազեցնի գործատուի մոտ ստուգումներ իրականացնող մարմինների թիվը:
135. ՊԵԿ-ը կազմակերպելու է միասնական հարկի և պարտադիր (կամավոր) կուտակային վճարների ու դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման աշխատանքները: Հաշվի առնելով կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված ՊԵԿ-ին նոր գործառույթներ վերապահումը` վերջինիս կարողությունների հզորացումը մոտակա 2-3 տարիների ընթացքում կդառնա երկրի միջազգային համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը:
136. Միասնական հարկի ներդրման պայմաններում ՊԵԿ-ը կիրականացնի միասնական հարկ վճարող և պարտադիր կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը: ՊԵԿ-ը կիրականացնի նաև վճարողների անհատական հաշիվների համադրումները` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ:
137. Եկամտահարկ (միասնական) վճարողների անձնավորված հաշվառումը ենթադրում է ՊԵԿ-ի կողմից հետևյալ գործառույթների իրականացում`
1) աշխատողների եկամուտների, վճարված հարկերի և կուտակային վճարների վերաբերյալ ամսական անհատական հաշվետվություններ ստանալը.
2) անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազա ստեղծելը, վարելը, համադրելը, անհրաժեշտության դեպքում՝ ստուգումներ կատարելը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային, ՍԱՊԾ-ին և օրենքով սահմանված այլ կառույցներին պարտադիր կուտակային վճարումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը (էլեկտրոնային մուտքի տրամադրման միջոցով).
4) եկամտահարկի (միասնական) և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների հավաքագրման գործընթացը վերահսկելը.
5) վճարվող եկամտահարկի և կուտակային անհատական հաշիվներին ուղղվող գումարների գծով հաշվառում և նույնականացում կատարելը` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ.
6) եկամտահարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները հաշվարկելը և վճարելը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելը:
138. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունները (այսուհետ` ՖՆ, ԷՆ) կապահովեն ֆինանսատնտեսական և հարկային ոլորտներում քաղաքականության մշակումը և հաստատված կենսաթոշակային քաղաքականությանը համապատասխան պետական կենսաթոշակների ֆինանսավորումը:
139. Հայաստանի Հանրապետության գանձապետարանը կիրականացնի ՍԱՊԾ-ի կողմից նախապատրաստված հայտի հիման վրա պետական կենսաթոշակների ֆինանսավորումը վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին` կենսաթոշակառուների բանկային հաշիվներին կենսաթոշակային գումարը հաշվեգրելու համար: Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ԿԲ-ում գտնվող ՀԿԴ-ի հաշվին կփոխանցի նաև պարտադիր կուտակային վճարները` ներառյալ պետական մասնակցության չափաբաժինները:
140. ՀԿԴ-ն կուտակային բաղադրիչի կենտրոնացված կառավարման մարմինն է: ՀԿԴ-ն կիրականացնի հետևյալ գործառույթները`
1) քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվները վարելը, այդ թվում` տեղեկատվության և ֆինանսական միջոցները վճարողների անհատական հաշիվներ մուտքագրելը.
2) ըստ ներդրումային պորտֆելի ընտրության` կենսաթոշակային միավորներ թողարկելը, գնահատելը և մարելը.
3) կենսաթոշակային հաշիվների ակտիվները կառավարմանը փոխանցելը.
4) շահառուների և ակտիվների կառավարիչների միջև միջնորդի դեր կատարելը.
5) հաշիվները կոդավորելը, ընտրություն չկատարած անձանց համար ակտիվների կառավարիչների պատահական ընտրություն կատարելը.
6) ակտիվների կառավարիչներից տեղեկատվություն ստանալը, շահառուներին և համապատասխան պետական կառավարման մարմիններին (և հակառակը) փոխանցելը.
7) արժեթղթերի և բանկային ավանդների պահառություն կատարելը:
141. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը (այսուհետ` ՖՀՎԼՄ) կիրականացնի կենսաթոշակային համակարգի ֆինանսական ինստիտուտների՝ ակտիվների կառավարիչների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, ՀԿԴ-ի և այլն գործունեության կարգավորումը, լիցենզավորումը, մոնիթորինգն ու վերահսկողությունը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ն պատասխանատու կլինի կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ինստիտուտների ներդրման համար: Նշված ինստիտուտների կարգավորման և վերահսկողության գործառույթները ներառում են՝
1) լիցենզավորման պահանջները սահմանելը, լիցենզիաներ տրամադրելը, կասեցնելը և դադարեցնելը.
2) շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանակներում պրուդենցիալ պահանջներ սահմանելը.
3) տեղեկատվության բացահայտման պահանջներ սահմանելը.
4) ըստ սահմանված ձևերի հաշվետվություններ ընդունելը և վերլուծելը, հեռակա և տեղում ստուգումներ կատարելը.
5) սպառողների շահերը պաշտպանելը:
142. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր կառույց կիրականացնի շահառուների խորհրդատվություն իր իրավասությունների և գործառույթների շրջանակներում: Ոչ մի պետական կառույց չի կատարում ներդրումային պորտֆելների և ակտիվների կառավարիչների ընտրությանն առնչվող ուղղակի ֆինանսական խորհրդատվություն:
143. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուտների զարգացման և կարողությունների հզորացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմշակի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կիրականացնի հատուկ նպատակային ծրագրեր: Վերջիններս կներառեն մարդկային ռեսուրսների պատրաստման և մասնագիտական վերապատրաստման, պետական կառույցների տեխնիկական վերազինման և գիտելիքի ընդլայնման, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների, այդ թվում` կորպորատիվ ցանցերի ներդրման և այլ բաղկացուցիչներ:
144. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագիր-ժամանակացույցի համաձայն` ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
145. Միաժամանակ, բարեփոխումների էությունն ու ընթացքը քաղաքացիական հասարակությանը հասկանալի և ըմբռնելի դարձնելու նպատակով կմշակվի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցառումների ծրագիրը»:
146. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունավետությունն էապես կախված է մասնակիցների ֆինանսական գիտելիքներից` հանրային-մասնավոր գործընկերության շրջանակում կմշակվեն և կիրականացվեն բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի ֆինանսական կրթության բազմաթեմատիկ ծրագրեր: Վերջինները կներառեն ֆինանսական շուկաների, ինստիտուտների, գործիքների և դրանց տեսակների, ակտիվների եկամտաբերության վերաբերյալ ուսուցման և գիտելիքների տարածման մեխանիզմները:
Ոչ պետական ինստիտուտների կարգավորումն ու վերահսկողությունը
147. ՀԿԴ-ի` պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրությանն առնչվող գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրով:
148. ՀԿԴ-ի գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը: ՀԿԴ-ի ընդհանուր գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ընթացիկ վերահսկողության ընթացակարգին համապատասխան:
149. Կենսաթոշակային կուտակային «2» և «3» աստիճաններին առնչվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության վերահսկողություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրի կատարման վերահսկողություն.
3) Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ կարգերին համապատասխանության վերահսկողություն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմնի սահմանած կարգերն ուղղված կլինեն ՀԿԴ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի զսպմանը և կեղծիքի հնարավորության նվազեցմանը:
150. Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կսահմանվեն գրանցման, լիցենզավորման կարգերը, ինչպես նաև գործունեության իրավական հիմքերը: Մասնավորապես` ԱԿ-ի գործունեության իրավական հիմքեր կհանդիսանան`
1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայում մասնագիտացված կառույցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ընկերությունների մասին, կենսաթոշակային ապահովության մասին և այլն).
2) ԱԿ-ի և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրերը.
3) Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ի մշակած կարգերն ու կանոնները:
151. ԱԿ-ների քանակը շուկայում կլինի սահմանափակ, առավելություն կտրվի այն կազմակերպություններին, որոնց հիմնադիրները կունենան համապատասխան միջազգային փորձ, կորպորատիվ կառավարման ավանդույթներ, միջազգային վարկանիշ` ակտիվների կառավարման ոլորտում, ինչպես նաև օժտված կլինեն համապատասխան ռեսուրսներով: ԱԿ-ների սկզբնական ընտրությունը և դրանց հետ բանակցությունները կիրականցնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ն պատասխանատու կլինի ԱԿ-ների լիցենզավորման և վերահսկողության համար:
152. Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների կարգավորումն ու վերահսկողությունը կիրականացվի` ըստ հետևյալ ուղղությունների`
1) լիցենզավորում.
2) տեղեկատվության բացահայտում.
3) կառավարման պահանջների սահմանում.
4) նվազագույն կապիտալի չափի սահմանում.
5) ակտիվների կառավարման վճարների առավելագույն չափի սահմանում.
6) ներդրումային պորտֆելների կառուցվածքի սահմանափակումներ.
7) ՍԿ-ի սխեմաների համար նաև վճարունակության չափանիշեր:
153. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ մոդելում կարևոր դեր է հատկացվելու պահառությանը և այդ գործառույթն իրականացնող ընկերությունների գործունեությունը կարգավորելուն ու վերահսկելուն: Կենսաթոշակային ակտիվների պահառությունը Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի ՀԿԴ-ն, իսկ կամավոր կուտակային ապահովագրության դեպքում՝ նաև պահառու բանկերը:
154. Կամավոր կուտակային ապահովագրության դեպքում առանձին վերահսկողություն է իրականացվելու պահառուների նկատմամբ` կապված արժեթղթային հաշիվների վարման, ներդրումային պորտֆելների սահմանափակումներին հետևելուն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի կառավարման հետ:
155. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կատարելու են կամավոր կուտակային վճարումներ հավաքագրելու, անհատական հաշիվներ վարելու, կենսաթոշակային ակտիվներ կառավարելու գործառույթներ: Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության կարգավորումը և վերահսկողությունն իրականացվելու է ըստ նույն սկզբունքների, որոնք սահմանված են ՀԿԴ-ի և պարտադիր կուտակային ակտիվների կառավարիչների գործունեության կարգավորման և վերահսկողության համար:
156. Այն ֆինանսական ինստիտուտները, որոնք կամավոր կուտակային 3-րդ աստիճանի մասնակիցներին կառաջարկեն «սահմանված կենսաթոշակ» մոդելի ապահովագրություն, պարտավոր են պահպանել ակտիվների և պարտավորությունների համապատասխանեցման պահանջները, որոնք ծավալային և ժամկետային կտրվածքներով կսահմանի Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ն: Վերահսկողություն կիրականացվի ակտուարական հաշվարկների, սակագների սահմանման, դրանց վերանայման գործընթացի, ինչպես նաև ներդրումային քաղաքականության նկատմամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը միավորելը
157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն կսահմանվի միասնական հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը:
158. Սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի դրույքաչափերը կհաշվարկվեն նոր հարկման բազայի համար, այնուհետև կհաշվարկվի միասնական եկամտահարկի դրույքաչափը:
159. Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որտեղ կվերանայվի աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից գանձվող եկամտահարկի դրույքաչափը, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար կսահմանվեն եկամտահարկի նոր դրույքաչափեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների
ՀՀ |
Միջոցառումը |
Պատասխանատու կատարողը (համակատարողներ) |
Կատարման ժամկետը |
Աշխատանքի արդյունքը (ձևը և բովանդակությունը) |
1 |
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ | |||
1.1 |
Անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվությունների ներկայացման, այլ տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակության բիզնես գործընթացների մանրամասն նկարագրություն և համակարգի տեխնիկական հանձնարարականի կազմում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008թ. |
Մանրամասն կնկարագրվի տեղեկատվության և ֆինանսական միջոցների շարժը (ճանապարհը), համադրումներ կատարելու, ներկայացված տեղեկատվությունը ճշտելու ընթացակարգերը և այլն: |
1.2 |
Անձնավորված հաշվառման համակարգի տեխնիկական առաջադրանքի կազմում և հաստատում` |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
01.04.2009թ.. |
Անձնավորված հաշվառման համակարգի տեխնիկական առաջադրանք, որտեղ մանրամասն կնկարագրվի`
Կգնահատվի անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվությունների համակարգի ներդրման և բնականոն գործունեության շրջանակներում պետական մարմինների տեխնիկական կարիքները (համակարգչային տեխնիկա, կազմտեխնիկա և այլն)` հաշվի առնելով գործատուներին հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու հնարավորությունը |
Անձնավորված հաշվառման համակարգի ներդրման իրավական ապահովում | ||||
1.3 |
«Կենսաթոշակային համակարգում անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008թ |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի անձնավորված հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև` սահմանի.
|
1.4 |
«Կենսաթոշակային համակարգում անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
օրենքն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում |
|
Անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական ապահովում | ||||
1.5 |
Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը և կիրարկումը, տեղեկատվական համակարգի գործունեությունը ապահովող ծրագրային փաթեթի մշակում (ձեռքբերում), փորձարկում և ներդրում (այդ թվում գործատուների կողմից անհատականացված հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը ապահովող մոդուլի) |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
01.04.2009թ.- 31.08.2009թ. |
1. Համապատասխան ծրագրային փաթեթի ներդրում, որը հնարավորություն կտա`
2. Համակարգչային ծրագրերի մշակում, փորձարկման ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացում, ՀՏ-ներում համակարգչային ծրագրերի տեղադրում, Գործատուների մոտ համակարգչային ծրագրերի տեղադրում: |
1.6 |
Մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և տպագրություն: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
30.10.2009թ. |
Կմշակվեն և կտպագրվեն անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ և այլն: |
1.7 |
ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ անձնակազմի, գործատուների համար ուսուցողական սեմինարների անցկացում: |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
30.11.2009թ. |
Սեմինարի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ անձնակազմին և գործատուներին կներկայացվի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև նրանք ձեռք կբերեն համապատասխան համակարգչային ծրագրերով աշխատելու գործնական գիտելիքներ` տեղում իրականացված ուսուցման միջոցով: |
2 |
ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության իրավական ապահովում | ||||
2.1 |
Կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը կանոնակարգող ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
25.12.2008թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կուտակային համակարգի ներդրման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև` սահմանի.
|
2.2 |
Բաշխողական բաղադրիչի գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008թ. |
Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև` սահմանի
|
2.3 |
Կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը կանոնակարգող ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
օրենքն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում |
|
2.4 |
Բաշխողական բաղադրիչի գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
օրենքն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում |
|
2.5 |
ՀԿԴ և ՀՀ կառավարության միջև անհատական կենսաթոշակային հաշիվների վարման պայմանագրի նախագծի մշակում և կնքում |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
30.06.2009թ. |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի, Կենսաթոշակային օրենսդրության հիման վրա ՀՀ կառավարության և ՀԿԴ միջև կնքված պայմանագիր, ըստ որի ՀՀ կառավարությունը կուտակային կենսաթոշակային ապահովագրության գործառույթների մի մասը պատվիրակում է ՀԿԴ-ին: |
2.6 |
Կուտակային կենսաթոշակային ապահովագրության իրականացումը կանոնակարգող այլ ենթաօրենսդրական ակտերի մշակում |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.08.2009թ. |
Կենսաթոշակային ակտիվների կառավարման գործընթացի և դրա նկատմամբ վերահսկողության ենթաօրենսդրական կարգավորում: |
Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության տեխնիկական ապահովում | ||||
2.7 |
ՀԿԴ-ում անհրաժեշտ ծրագրային փաթեթի ներդրման ապահովում |
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա |
30.08.2009թ. |
ՀԿԴ-ում կենսաթոշակային հաշիվների կառավարման համար ծրագրային ապահովման ստեղծում/ներդրում: Անհատական կենսաթոշակային հաշիվների մուտքի հնարավորության ստեղծում ինտերնետի և տերմինալների (բանկերի, հայփոստի բաժանմունքների) միջոցով: |
2.8 |
Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների լիցենզավորում |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.09.2009թ. |
Միջազգային համբավ ունեցող ակտիվների կառավարիչների ներգրավում, լիցենզավորում: |
2.9 |
Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների վերահսկող ստորաբաժանման ստեղծում ԿԲ-ում |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.06.2009թ. |
Գործող վերահսկողական մարմնի առկայություն կուտակային կենսաթոշակային ապահովագրության անցման պահին: Համարժեք վերահսկողական կարողությունների առկայություն: |
2.10 |
Պետության կողմից անհատական կուտակային հաշիվներին մասնակցության չափի կանխատեսումների իրականացում: |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
Յուրաքանչյուր տարի |
Պետական բյուջեի տարեկան ծրագրավորման ծախսային հոդվածի իրատեսական կանխատեսում: |
3 |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
3.1 |
Միասնական հարկի ներդրումը ապահովող ՀՀ օրենքների նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
25.12.2008թ. |
1. Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի միասնական հարկի (այսուհետ` հարկ) հաշվարկելու, վճարելու, փոխանցելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև` սահմանի
2. այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մշակում` ըստ անհրաժեշտության |
3.2 |
Միասնական հարկի ներդրումը ապահովող ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
օրենքն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում |
|
3.3 |
Գերատեսչական իրավական ակտերի նախագծի մշակում և ներկայացում հաստատման |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց հետո 3 ամսվա ընթացքում |
Օրենքի կիրարկումն ապահովող հրահանգների, Հաշվետվական ձևերի մշակում և համաձայնեցում շահագրգիռ մարմինների հետ, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի ձևերի և լրացման կարգի մշակում |
3.4 |
Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի մշակում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
15.04.2009թ. |
Հանրային իրազեկման և բարեփոխումների լուսաբանման աշխատանքների իրականացում |
3.5 |
Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի իրականացում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
շարունակական, ըստ ծրագրի |
Հանրային իրազեկման և բարեփոխումների լուսաբանման աշխատանքների իրականացում |
3.6 |
Միասնական հարկի հավաքագրումն ապահովող ծրագրային փաթեթի մշակում և ներդրում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
25.12.2008թ.- 31.07.2009թ. |
|
3.7 |
Մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և հրատարակում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
30.09.2009թ. |
|
3.8 |
Գործատուների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների համար ուսուցման ծրագրի մշակում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
30.09.2009թ. |
Միասնական հարկի, կուտակային վճարումների հաշվարկման և վճարման կարգի կիրառման, հաշվետվական ձևերի և անձնական հաշվի քարտերի լրացման, համակարգչային ծրագրերի շահագործման պրակտիկ հմտությունների փոխանցում գործատուներին և ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմին |
4 |
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ | |||
4.1 |
Բարեփոխումների գործընթացում ներգրավված անձնակազմի վերապատրաստման (ուսուցման) կարիքների գնահատում, վերապատրաստման (ուսուցման) ծրագրի կազմում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008թ.- 01.04.2009թ. |
Յուրաքանչյուր ինստիտուտ առանձին պետք է ներկայացնի իր անձնակազմի վերապատրաստման ուղղությունները, խնդիրները, որի լուծման համար անհրաժեշտ է այդ վերապատրաստումը, դրա նախընտրելի ձևը և հստակ ժամկետները: |
4.2 |
Անձնակազմի վերապատրաստման (ուսուցման) ծրագրի իրականացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
շարունակական, ըստ ծրագրի |
|
4.3 |
Բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների նյութատեխնիկական կարիքների գնահատում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
25.12.2008թ.- 01.04.2009թ. |
Յուրաքանչյուր գերատեսչություն առանձին պետք է ներկայացնի իր պահանջարկը նյութատեխնիկական միջոցների նկատմամբ մանրամասն նշելով, թե կոնկրետ ինչի համար է այն անհրաժեշտ` ներառելով նաև որակական և քանակական հիմնավորումները: |
4.4 |
Պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացումն ապահովող իրավական ակտերի նախագծերի ներկայացում պատկան մարմիններին |
համապատասխան մարմիններ |
01.04.2009թ.- 01.06.2009թ.. |
Յուրաքանչյուր գերատեսչություն առանձին պետք է ներկայացնի իր առաջարկությունները և ժամկետները ելնելով Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի և անձնավորված հաշվառման տեխնիկական առաջադրանքից: |
4.5 |
Դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և անհրաժեշտ աջակցության ստացում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
շարունակական |
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կարողությունների հզորացման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական աջակցության ապահովում |
5 |
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
5.1 |
Հանրային իրազեկման աշխատանքային ծրագրի հաստատում և իրականացում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
շարունակական |
Ըստ հաստատված ծրագրի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |