Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.09.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.09.2008
Дата вступления в силу
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1194/2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-470(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝  Կ. Հակոբյան  

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

 

Վ. Աբելյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

 

քննարկելով Հասմիկ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ասյա Մարկոսյանի ընդդեմ Հասմիկ Մարտիրոսյանի և Հայկարամ Հակոբյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Հասմիկ Մարտիրոսյանի ընդդեմ Ասյա Մարկոսյանի, Շենգավիթի թաղապետարանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման և «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի՝ բնակարանի նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես միակ փաստացի տիրապետող ժառանգի ժառանգության և սեփականության իրավունքները ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործով դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Հասմիկ Մարտիրոսյանին, Հայկարամ Հակոբյանին և նրանց ընտանիքի անդամներին վտարել Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի 38 բնակարանից և բնակարանը հանձնել իրեն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հասմիկ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Շենգավիթի թաղապետարանի և Ասյա Մարկոսյանի միջև 20.11.2006 թվականին կնքված բնակարանի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը, ինչպես նաև ճանաչել իր ժառանգության և սեփականության իրավունքները բնակարանի նկատմամբ:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.03.2008 թվականի որոշմամբ բողոքը բավարարվել է. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Շենգավիթի թաղապետարանը և Ասյա Մարկոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վեճի առարկա նվիրատվության պայմանագիրը վավերացրած նոտար Սվետլանա Բադիրյանը չպետք է մասնակից դարձվեր գործի քննությանը, քանի որ սույն քաղաքացիական գործով դատարանի կողմից քննության առարկա պետք է դարձվի ոչ թե նվիրատվության պայմանագրի վիճահարույց լինելու հարցը, այլ այդ պայմանագրի նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառելիությունը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Գործին որպես երրորդ անձ նոտար Սվետլանա Բադիրյանի փոխարեն ներգրավվել է Անահիտ Մինասյանը, որը առնչություն չունի վիճարկվող գործարքի հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.       

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1.20.11.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վավերացվել է նոտար Սվետլանա Բադիրյանի կողմից, որի փոխարեն գործի քննությանը ներգրավվել է Անահիտ Սիմոնյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը, կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործին որպես երրրորդ անձ է ներգավվել ոչ այն նոտարը, որը վավերացրել է վեճի առարկա նվիրատվության պայմանագիրը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կիրառման հիմք չէ, քանի որ նշված հոդվածը վերաբերում է միայն ոչ պատշաճ հայցվորին կամ պատասխանողին պատշաճ հայցվորով և պատասխանողով փոխարինելուն, այլ ոչ թե երրորդ անձին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ նվիրատվության պայմանագիրը վավերացրած նոտարին գործի քննությանը մասնակից չդարձնելը Դատարանի վճիռը բեկանելու հիմք չէ, քանի որ այդ հանգամանքը չէր կարող հանգեցնել սույն քաղաքացիական գործի սխալ լուծմանը: Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով վիճարկվում է ոչ թե վեճի առարկա նվիրատվության պայմանագրի կնքման պահին նվիրատու Շենգավիթի թաղապետարանի մոտ համապատասխան լիազորությունների առկայության կամ բացակայության հարցը, այլ վերջինիս սեփականության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների համաձայն՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյանի

Դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

 

Վ. Աբելյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի