Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.11.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
28.11.2008
Дата вступления в силу
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0139/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0139/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

  

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 17.06.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Ռոման Վարդանյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ռոման Վարդանյանից բռնագանձել 191.364 ՀՀ դրամ, որից 183.690 (մեկ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամը որպես վարչական տուգանքի գումար, 7.674 ՀՀ դրամը՝ որպես Կոմիտեի կողմից վճարված պետական տուրքի գումար և պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը կատարել պարտավորեցնելու և 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածը և 199-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաստատված է համարել, որ Ռոման Վարդանյանը չի կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը, այն է` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ավտոմեքենան սահմանված ժամկետում չի արտահանել կամ չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, սակայն պատասխանողին ազատել է պարտավորության չկատարման համար նախատեսված վարչական տուգանքի բռնագանձումից:

Դատարանը, չունենալով վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից և քննության առել Կոմիտեի՝ Բագրատաշենի մաքսակետի պետի 17.03.2008 թվականի վարչական ակտի իրավաչափությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 17.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 21.01.2008 թվականին Կոմիտեի Բագրատաշենի մաքսային կետում Ռոման Վարդանյանի կողմից ներկայացվել է հայտարարագիր, ըստ որի՝ նույն օրը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 30 օր ժամկետով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կրայսլեր Սիրրուս» մակնիշի 1996 թվականի արտադրության ավտոմեքենա:

2) Կոմիտեի Բագրատաշենի մաքսային կետի պետի 17.03.2008 թվականի թիվ 1394 որոշմամբ Ռոման Վարդանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 21.01.2008 թվականին թիվ C 1742 հայտարարագրով ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան սահմանված ժամկետում հետադարձ չարտահանելու կամ այլ մաքսային ռեժիմով չվերահայտարարագրելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքները տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ նույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

Դատարանի կողմից սույն գործով հաստատված է համարվել Ռոման Վարդանյանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորության չկատարման փաստը:

Վերոնշյալից ակնհայտ է, որ Դատարանի կողմից նորմի դիսպոզիցիայով նախատեսված խախտման փաստը հաստատված համարելու դեպքում օրենքով նախատեսված սանկցիայի չկիրառելը հանդիսանում է ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ և 199-րդ հոդվածների խախտում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը: Այսինքն՝ վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի հիման վրա,

-վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (Տես՝ Ժորա, Հակոբ Կիչատյաններն ընդդեմ Կարինե, Սոնա, Նարեկ Կիչատյանների՝ Երևանի Բաշինջաղյան 173 շենքի 16 բնակարանից Ժորա, Հակոբ Կիչատյանների բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Կարինե, Սոնա, Նարեկ Կիչատյաններն ընդդեմ Ժորա, Հակոբ Կիչատյանների՝ Երևանի Բաշինջաղյան 173 շենքի 16 բնակարանը սեփականության իրավունքով կողմերի միջև բաժանելու և մուտքերն առանձնացնելու պահանջների մասին թիվ 3-1132(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

Մինչդեռ, սույն գործով Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջները, քննության առարկա է դարձրել վարչական ակտի իրավաչափության հարցը՝ դուրս գալով հայցի առարկայի շրջանակներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 17.06.2008 թվականի վճիռը՝ հայցը մերժելու մասով և այն փոփոխել. Ռոման Վարդանյանից բռնագանձել 183.690 ՀՀ դրամ՝ վարչական տուգանքի գումարը, ինչպես նաև 3.764 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումարը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան