Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
28.11.2008
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
28.11.2008
Дата вступления в силу
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0348/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0348/05/08 
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Մայրանուշ Մկրտչյանի` ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Մայրանուշ Մկրտչյանից բռնագանձել 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, պարտավորեցնել քանդել առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը, ինչպես նաև բռնագանձել վճարված պետական տուրքի գումարը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարչական տույժի գումար բռնագանձելու մասով պահանջը մերժել է՝ նշելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածների միջև առկա է հակասություն այն առումով, որ վերը նշված հոդվածներում ամրագրված «զավթել» և «կառուցել» հասկացությունները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, այսինքն` որևէ շինության կամ կառույցի կառուցում, հետևաբար պետք է կիրառվի ավելի մեղմ պատասխանատվություն սահմանող նորմը:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ինքնակամ հողամաս զավթելով, իսկ 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը` հողամասում շինություն կառուցելով, ինչն էլ կատարվել է Մայրանուշ Մկրտչյանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` վարչական տուգանքի բռնագանձումը մերժելու մասով, բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և հայցն այդ մասով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի թիվ 004321 արձանագրության համաձայն` Երևանի Ռ. Մելիքյան փողոցի 2/3 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Մայրանուշ Մկրտչյանի կողմից նույն շենքի բակում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցվում է մոտ 36 քմ մակերեսով ավտոտնակ:

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ Վ-17/4 արձանագրությամբ առաջարկվել է Մայրանուշ Մկրտչյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի:

3) Երևանի քաղաքապետի 31.10.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-17/4 որոշմամբ Մայրանուշ Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի: Միաժամանակ վերջինս պարտավորեցվել է քանդել ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն գործով Դատարանը, 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն, եկել է այն եզրահանգման, որ Մայրանուշ Մկրտչյանի նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատժամիջոց, այսինքն՝ 200.000 ՀՀ դրամ տուգանք:

Մինչդեռ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ նրանցում արտացոլված իրավախախտումները (զանցանքները) միմյանցից տարբերվում են ինչպես կատարման ձևերով (օբյեկտիվ կողմով), այնպես էլ վարչական պատասխանատվության միջոցի՝ վարչական տուգանքի չափով: Ընդ որում, վարչական տուգանքը 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու դեպքում, իսկ վարչական տուգանքը 400.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ինքնակամ զավթել» և «ինքնակամ կառուցել» օրենսդրական եզրույթները միմյանցից տարբերվող հասկացություններ են և չեն կարող նույնացվել (Տես՝ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Ցողիկ Հակոբջանյանի` գումարի բռնագանձման, ինքնակամ կառույցը քանդելու և տարածքը նախկին տեսքի բերելու պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/0380/05/08 գործով 31.10.2008 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մայրանուշ Մկրտչյանը Երևանի Ռ.Մելիքյան փողոցի 2/3 շենքի բակում ինքնակամ զավթել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ինչպես նաև որպես հողօգտագործման իրավունք չունեցող անձ պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն՝ կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ (զանցանքներ), որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն եզրահանգումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված «զավթել» և «կառուցել» օրենսդրական եզրույթները ենթադրում են անձի կողմից կատարված նույնաբովանդակ գործողություն:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով, բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Մայրանուշ Մկրտչյանից բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վարչական տույժի գումար, ինչպես նաև 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումարը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան