Գլխավոր տեղեկություն
Номер
N 957-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2008-04.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.947
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.2007
Дата вступления в силу
13.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 957-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների կատարման ժամանակացույցի 34-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 957-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի 34-րդ կետի պահանջներից և նպատակ ունի Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման հիմնախնդիրների հիման վրա սահմանելու դրանց լուծման ուղղությունները և միջոցառումները:

2. Սույն ծրագիրը մշակվել է Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման առկա հիմնախնդիրների հիման վրա և ներառում է առանցքային երեք ուղղություն`

1) Երևան քաղաքի ճանապարհների (այդ թվում` քաղաքի տարածքում գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների, քաղաքային և համայնքային նշանակության ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ կամ ճանապարհափողոցային ցանց) թողունակության բարձրացման հիմնախնդիրների լուծման հիմնական ուղղությունները և միջոցառումները.

2) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներից երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված հիմնախնդիրների լուծման հիմնական ուղղությունները և միջոցառումները.

3) Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման հիմնախնդիրների լուծման հիմնական ուղղությունները և միջոցառումները:

3. Ծրագիրը կրում է Երևան քաղաքի ռազմավարական զարգացումներից բխող միջնաժամկետ միջոցառումների իրականացում, որը Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծի իրականացման շրջանակներում կապահովի Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության բարձրացման, Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման հետ կապված առկա հիմնախնդիրների անհետաձգելի լուծումները` հիմնախնդիրների հեռանկարային լուծման ուղղությամբ արմատական բարեփոխումների հետագա միջոցառումների առաջարկմամբ և իրականացմամբ:

4. Սույն ծրագրից բխող միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, վարկային և ներդրումային միջոցները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

 

II. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներից երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման առկա հիմնախնդիրներն են`

1) Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման անբավարար վիճակը. ճանապարհալուսացուցային տեղակայանքները վաղեմի արտադրության են, սպառել են նախատեսված շահագործման ժամկետները, շատ դեպքերում չեն գործում կամ գործում են հաճախակի խափանումներով, ճանապարհափողոցային ցանցի թողունակության ապահովումն իրականացնում են սահմանված հաստատուն ռեժիմով և կարգով` հաշվի չառնելով տրանսպորտային միջոցների` ըստ տարբեր ուղղությունների երթևեկության ինտենսիվությունների փոփոխությունները: Բացի դրանից` ճանապարհափողոցային ցանցում ներկայումս հաշվվում է մոտավորապես 2800 ճանապարհային նշանների, մոտավորապես մեկ միլիոն գծամետր նշագծումների բացակայություն, որը մասամբ վերաբերում է ճանապարհափողոցային ցանցում ավտոտրանսպորտային միջոցների կանգառման, կայանման արգելմանը կամ սահմանափակմանը.

2) կանոնակարգված չէ Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի (ավտոկայանատեղերի) կազմակերպման գործընթացը, և անբավարար վիճակում է գտնվում դրա նկատմամբ վերահսկողությունը. Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցը (քաղաքի փոքր կենտրոնում համատարած, կենտրոնական փողոցներում 60-70 տոկոս բեռնվածությամբ) վերածվել են վճարովի, ծառայողական կամ ընդհանուր օգտագործման նշանակության ավտոկայանատեղերի, որի արդյունքում հիմնականում զբաղեցվում են ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի առաջին, որոշ դեպքերում նաև երկրորդ գոտիները: Ավտոտրանսպորտային միջոցները կայանում են կատարում ճանապարհափողոցային ցանցի արգելված գոտիներում, հետիոտն երթևեկության անցուղիներում, մայթերին, ինչի հետևանքով, հաշվի առնելով նաև կայանման գոտուց տրանսպորտային միջոցի շրջանցումով երթևեկելի գոտի դուրս գալու հանգամանքը, ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը նվազում է առնվազն 30-40 տոկոսով.

3) Երևան քաղաքի աշխարհագրական բարդ ռելիեֆային կտրտվածությունը. քաղաքի համայնքները հիմնականում կապված են տրամագծային ուղիներով, որոնք հիմնականում անցնում են քաղաքի կենտրոնական մայրուղիներով և փողոցներով, ինչը հանգեցնում է տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության ու ճանապարհափողոցային ցանցի թողունակության հարաբերակցության աննախադեպ աճի և տրանսպորտային լուրջ խցանումների` առանձնապես օրվա «պիկ» ժամերին.

4) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի զգալի մասի ոչ բարեկարգ և ճանապարհային ծածկույթի ոչ բավարար վիճակը. ճանապարհափողոցային ցանցի ծածկույթի գերակշռող մասի ոչ բարեկարգ կամ անբավարար վիճակի հետևանքով տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար նախընտրելի է տրանսպորտային միջոցը վարել առավելապես բարեկարգված ճանապարհներով (փողոցներով), ինչի արդյունքում նշված ուղղություններում նկատելիորեն բարձրանում է երթևեկության ինտենսիվությունը` նվազեցնելով ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը.

5) Երևան քաղաքի մեծաթիվ տրանսպորտային պարկը և դրա աննախադեպ աճի տենդենցները. Երևան քաղաքում շահագործվում է հանրապետությունում առկա ավտոտրանսպորտային միջոցների գերակշիռ մասը (60-70 տոկոսը) և այն աննախադեպ աճի միտում ունի: Հանրապետություն ներկրվող տարեկան 20-25 հազ. ավտոտրանսպորտային միջոցներից 80 տոկոսից ավելին հանգրվանում և շահագործվում է Երևան քաղաքում: Բացի դրանից` յուրաքանչյուր օրվա կտրվածքով Երևան քաղաք է մուտք գործում կամ տարանցում 20-30 հազ. ավտոտրանսպորտային միջոց, որոնց հիմնական մասը (մոտավորապես 80-85 տոկոսը) ավտոկայանատեղերի բացակայության, անբավարար թվաքանակի կամ սահմանափակ հնարավորությունների դեպքում, հանգրվանում է Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում` նկատելիորեն նվազեցնելով ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը.

6) Երևան քաղաքում հսկայածավալ շինարարական աշխատանքների կազմակերպման գործընթացի ոչ բավարար կարգավորումը. շինարարական գոտիներում շինարարական տեխնիկայի և մեխանիզմների տեղադրումն ու արգելապատնեշումն զբաղեցնում են ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մեկ կամ մի քանի գոտիները, երբեմն նաև ամբողջ երթևեկելի մասերը և, արդյունքում, էապես նվազում է ցանցի թողունակությունը կամ, երթևեկության սահմանափակումների հետ կապված աճում են հարակից այլ ճանապարհներով (փողոցներով) տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը և ծանրաբեռնվածությունը.

7) Երևան քաղաքում առևտրի և սպասարկման օբյեկտների տեղաբաշխման և գործունեության կազմակերպման անբավարար վիճակը. շուկայական հարաբերությունների պայմաններում զգալիորեն ընդլայնվել և այսուհետ ընդլայնման միտում ունի առևտրի ու սպասարկման օբյեկտների ցանցը, որը ներառում է ճանապարհափողոցային ցանցի հարևանությամբ տեղաբաշխված տոնավաճառները, շուկաները, տարաբնույթ նշանակությամբ խանութները և կրպակները, հանգստի ու զվարճանքի, զբոսաշրջային վայրերը, սպասարկման այլ օբյեկտներ: Որպես կանոն, նշված օբյեկտները կահավորված չեն ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերով: Ըստ այդմ, օբյեկտներին հարող մայթերը կամ ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի առաջին գոտիները վերածվում են ավտոկայանատեղերի` գերազանցապես նվազեցնելով հարող ցանցի թողունակությունը: Բացի դրանից` առևտրի և սպասարկման օբյեկտների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների ընդունման, ծառայությունների մատուցման, առաքումների իրականացման և այլ գործողությունների իրականացումը գերազանցապես խորացնում է հիմնախնդրի լուծումը.

8) Երևան քաղաք բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներով ներկրվող գյուղատնտեսական և շինարարական բեռների տեղափոխման և իրացման գործընթացի անկատարությունը և ոչ բավարար վերահսկողությունը. որպես կանոն, այն գերազանցապես իրականացվում է քաղաքի ճանապարհափողոցային ցանցի (հատկապես կենտրոնական փողոցների) երթևեկելի գոտիներում, մայթերին, ինչն ինքնին էական բացասական ներգործություն է ունենում քաղաքի ճանապարհափողոցային ցանցի նորմատիվային թողունակության ապահովման վրա.

9) Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի անկատարությունը և տրանսպորտային սպասարկման ոչ բավարար մակարդակը. Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի գործող երթուղային ցանցին համապատասխան Երևան քաղաքի տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսային 46 (թվաքանակը` 600), տրոլեյբուսային 8 (թվաքանակը` 90) և միկրոավտոբուսային 125 (թվաքանակը` մոտավորապես 3300) երթուղիներով: Երևան քաղաքի հիմնական տրանսպորտային սպասարկումն իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնք առկա թվաքանակի, երթևեկության մեծ արագության և մեծամասամբ տրամագծային երթուղիներով շահագործման հետ կապված, հաճախակի խցանումներ են առաջացնում հատկապես քաղաքի կենտրոնական փողոցներում, ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի գոտիներում, խաչմերուկներում, հասարակական տրանսպորտի կանգառներում.

10) Երևան քաղաքի հետ կապող (հատկապես միջմարզային, մերձքաղաքային) ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցների մուտքը Երևան քաղաքի կենտրոնական հատվածներ. միջմարզային ավտոբուսային երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, որպես կանոն, Երևան քաղաքի տարածքում սպասարկումն իրականացնում են հիմնականում տրամագծային բնույթ կրող ուղեգծերով, որոնք հավելում են քաղաքի ճանապարհափողոցային ցանցի ծանրաբեռնվածությունը: Դրանց կայանման վերջնականգառների խնդիրը տարիներ շարունակ բավարար լուծում չի ստացել, որոշ դեպքերում տրանսպորտային միջոցների համար ընտրվում են կամայական վերջնականգառներ և կայանատեղեր, տարեցտարի աճում են նշված երթուղիների և դրանց սպասարկմանը ներգրավված շարժակազմերի թվաքանակները և չթույլատրված վերջնականգառների թիվը.

11) կանոնակարգված չէ Երևան քաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով փոխադրումների կազմակերպման գործընթացը և դրա նկատմամբ վերահսկողության համակարգը. Երևան քաղաքում շահագործվում են պաշտոնական տվյալներով գրանցված մոտավորապես 6 հազ. մարդատար թեթև տաքսի ավտոմեքենա, չնայած դրանց իրական թվաքանակը գերազանցում է 15 հազարը: Անկախ այն հանգամանքից, որ շահագործվող տաքսի-ավտոմեքենաների ընդհանուր թվաքանակից միայն 30 տոկոսն է կայանում կատարում կազմակերպված հավաքակայաններում, այդուհանդերձ, մարդատար տաքսի ծառայությունների մատուցումը սովորաբար իրականացվում է հիմնականում Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում, պատվերի սպասումով երթևեկելի գոտիներում, մայթերին, խաչմերուկների հարևանությամբ, դեռ ավելին, հասարակական վերգետնյա տրանսպորտի կանգառներում կայանած տրանսպորտային միջոցներով, ինչը խիստ սահմանափակում է ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը.

12) բավարար կանոնակարգված չէ Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում բարեկարգման, կառուցման և վթարային (անկախ բնույթից) աշխատանքների ծրագրավորումը. որոշ դեպքերում նշված աշխատանքներն իրականացվում են առանց սահմանված կարգով ձևակերպված թույլտվության, սահմանված ժամկետների խախտումներով, օրվա կամայական ժամերին, ինչպես նաև ոչ կատարելագործված վերահսկելի մեխանիզմներով, որոնք էապես բացասաբար են անդրադառնում Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության վրա. անբավարար են օրենսդրական պատասխանատվության, ինչպես նաև բնագավառի համար պատասխանատու պետական կառավարման մարմինների իրավասությունների և համագործակցության շրջանակները.

13) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երկաթուղային գծերի (այդ թվում` չօգտագործվող) հետ բազմաթիվ հատումների առկայությունը և դրանց կարգավորման անկատարությունը. հիմնականում չեն գործում գործարանային սպասարկման երկաթուղային գծերի հիմնական հատվածները, ինչպես նաև ուղևորատար փոխադրումների գծերի որոշ հատվածներ, դրանց գերակշիռ մասը պիտանի չէ հետագա շահագործման համար, երկաթուղային գծանցների հետ հատումները չունեն համապատասխան ինժեներական լուծումներով բավարար կարգավորում.

14) Երևան քաղաքում կամրջաշինարարության և ստորգետնյա հետիոտնային անցումների ցանցի ոչ բավարար զարգացածությունը. Երևան քաղաքի ստորգետնյա հետիոտնային անցումները թվաքանակով համարժեք են ճանապարհափողոցային ցանցի թողունակության ապահովման համար պահանջվող (կամ ներկայումս անհրաժեշտ) թվաքանակի ոչ ավելի, քան 20 տոկոսին: Առկա ստորգետնյա անցուղիները հիմնականում տեղաբաշխված են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, գյուղատնտեսական շուկաներին հարող տրանսպորտային հանգույցներում, որոշ դպրոցների հարևանությամբ և նվազ թվաքանակով ճանապարհափողոցային ցանցի հատվածներում, ապահովված չեն հետիոտնի անցանելիության մատչելիությունն ու անվտանգությունը և արդյունքում հետիոտնը երթևեկում է երթևեկելի գոտիներում.

15) Երևան քաղաքում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպման գործընթացը կանոնակարգված չէ. Երևան քաղաքում հսկայածավալ շինարարական աշխատանքների իրականացման նպատակով քաղաքի տարածք են մուտք գործում կամ քաղաքի կենտրոնական տարածքով շինանյութերի փոխադրումներ, շինարարական աղբի հեռացման և այլ աշխատանքներ իրականացնում տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցներ, որոնք իրենց եզրաչափերի, շարժման ցածր արագությունների, ինչպես նաև փոխադրումների ընթացքում քաղաքի ճանապարհափողոցային ցանցի վրա արտանետումների արդյունքում, զգալիորեն նվազեցնում են ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը, մանավանդ, որ շինարարական աշխատանքների իրականացման համար հստակ ժամային սահմանափակումներ չեն նախատեսված, կամ գործընթացը չի վերահսկվում, փոխադրումներն իրականացվում են օրվա ցանկացած (նույնիսկ «պիկ») ժամերին.

16) Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների տեխնիկական ցածր պատրաստականությունը. Երևան քաղաքի տրանսպորտային պարկը հիմնականում ներառում է հին արտադրության տրանսպորտային միջոցներ, որոնցում գերակշիռ մասը մարդատար թեթև տրանսպորտային միջոցներն են: Տրանսպորտային միջոցների տեխնիկական պատրաստականությունն արձանագրվում է տարեկան տեխնիկական ստուգատեսի արդյունքներով, որից հետո դրանց տեխնիկական վիճակը համարյա չի վերահսկվում: Տրանսպորտային միջոցները ունենալով տեխնիկական տարբեր հատկանիշներ և ցուցանիշներ, Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության վրա բացասական ազդեցություն են ունենում. քաղաքի բարեկարգ ճանապարհափողոցային ցանցում թողունակության նվազեցմանը (մանավանդ կարգավորող խաչմերուկներում) նպաստում են թափառքի մեծ ժամանակով, ցածր տեխնիկական պատրաստականությամբ տրանսպորտային միջոցները, որոնք որոշակիորեն խոչընդոտում են հետևող տրանսպորտային միջոցների կանոնավոր երթևեկությանը. անբարեկարգ ցանցում լրացուցիչ բարդություն է առաջացնում ճանապարհային փոքր բացակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ցածր անցանելիության հանգամանքով թողունակության նվազեցումը.

17) Երևան քաղաքում խիստ ցածր է հետիոտնի կարգապահությունը և ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված պարտավորությունների կատարումը. Ճանապարհափողոցային ցանցում, չնայած երթևեկության առկա օբյեկտիվ խոչընդոտներին (Ճանապարհային երթևեկության ոչ ճիշտ կազմակերպումը, վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, հետիոտն երթևեկության գոտիների արգելապատնեշումը, տրանսպորտային միջոցների` մայթերին կայանումը, ստորգետնյա հետիոտն անցումների բացակայությունը կամ անբարեկարգ, հակասանիտարական վիճակը և այլն), հետիոտնը գերազանցապես չի օգտվում ստորգետնյա անցումներից, վերգետնյա թույլատրված անցուղիներից, գերադասում է քաղաքի ճանապարհը (փողոցը) հատել իր համար մատչելի կարճ ուղիով, ինչը հանգեցնում է ինչպես ցանցի թողունակության նվազեցմանը, այնպես էլ անվտանգ երթևեկության հիմնախնդիրների լուծման խոչընդոտմանը: Հետիոտնը պատասխանատվության չի ենթարկվում ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված իր պարտականությունների չկատարման համար, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ճանապարհափողոցային ցանցի թողունակության վրա.

18) Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման գործընթացը գտնվում է ոչ բավարար վիճակում. հիմնականում բացակայում են կանգառասրահները, կանգառման նշանները, կանգառագոտիների նշագծումը, ինչի արդյունքում կանգառները հիմնականում զբաղեցվում են այլ տրանսպորտային միջոցներով, հասարակական տրանսպորտի միջոցները կանգառ են կատարում կանգառից դուրս: Չնայած Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների տեղաբաշխման սխեման համապատասխանում է գործող շինարարական նորմատիվների և կանոնների պահանջներին, այդուհանդերձ, վերանայման կարիք ունի, կապված ինչպես բնակչության տրանսպորտային սպասարկման, այնպես էլ քաղաքաշինական խնդիրների լուծման հետ: Կանգառները ներկայիս պայմաններում չեն ապահովում հասարակական տրանսպորտի միջոցների կանգառման թողունակությունը, քանի որ հասարակական տրանսպորտի շարժակազմում գերակշիռ մաս են կազմում միկրոավտոբուսները.

19) Երևան քաղաքում լիարժեք չի կանոնակարգված ճանապարհափողոցային ցանցից աղբահանման, ձնահեռացման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև հորդառատ տեղումների և ձնհալոցքների ընթացքում քաղաքի բարձրադիր շրջաններից հոսող ջրերի հեռացման համակարգը. աղբահանումը կատարվում է օրվա տարբեր ժամերին (նույնիսկ «պիկ»), ինչը աղբահանումն իրականացնող կազմակերպությունների աշխատանքների կանոնակարգման բացակայության, գործընթացի նկատմամբ անվերահսկելիության, պատասխանատվության շրջանակների ոչ հստակ սահմանման բացակայության արդյունք է: Ճանապարհափողոցային ցանց աղբանետում է իրականացվում ինչպես առևտրի և սպասարկման օբյեկտներից, այնպես էլ քաղաքացիների կողմից: Ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի առաջին գոտում կուտակված աղբը, աղբահանում իրականացնող տրանսպորտային միջոցներն զբաղեցնում են երթևեկելի առաջին գոտին, ինչը սահմանափակում է այդ գոտիով թողունակությունը: Նմանատիպ ազդեցություն է ունենում հեղեղատար համակարգի նվազ թողունակությունը, ինչպես նաև ձմռան ամիսներին ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մասերի, մայթերի` ձնից ոչ ժամանակին մաքրումը, առաջին գոտում ձնակուտակումը.

20) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի գոտիներում ավտոտրանսպորտային միջոցների զանգվածային կանգառ և կայանում կատարելը. բացակայում են քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման և հեռանկարային զարգացման հայեցակարգային հստակ ծրագրերը: Ավտոտրանսպորտային միջոցները, ավտոկայանատեղերի բացակայության, անբավարար թվաքանակի և սահմանափակ հնարավորությունների պայմաններում, կանգառ կամ կայանում են կատարում ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մասերում` հաճախակի նաև մայթերին: Ցանցին հարակից բակային տարածքները, խաղահրապարակները մեծամասամբ վերածվել են անձնական օգտագործման ավտոտնակների կամ զբաղեցված են առևտրասպասարկման օբյեկտներով, հիմնականում ունեն կայանման սահմանափակ հնարավորություններ, ինչը կարևորվում է առանձնապես քաղաքի կենտրոնական հատվածների առումով: Մինչ օրս կանոնակարգված չէ նշված հանգամանքներում անթույլատրելի կանգառ կամ կայանում կատարած տրանսպորտային միջոցների ցանցից հեռացման, պատասխանատվության (ներազդեցության) համապատասխան միջոցներ կիրառելու օրենսդրական դաշտը.

21) դեռևս լիարժեք չի ապահովված Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի լուսավորվածությունը. նկատի ունենալով լուսավորվածության բացակայության պայմաններում տեսադաշտի սահմանափակ հնարավորությունները` հետիոտնի անսպասելի անցումները գիշերային, առանձնապես ուշ երեկոյան ժամերին, խիստ բացասաբար են անդրադառնում ճանապարհների թողունակության վրա: Կանոնակարգված չէ նաև փողոցային լուսավորության ցանցի սպասարկման և նորոգման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որն իրականացվում է օրվա ցանկացած ժամերին` ավտոմոբիլային աշտարակների և այլ մեխանիզմների օգտագործմամբ.

22) վերգետնյա հասարակական տրանսպորտի մեծ տեղատարողությամբ միջոցների շահագործումը. Երևան քաղաքը չունի զարգացած վերգետնյա էլեկտրատրանսպորտ, և շահագործվում են միայն տրոլեյբուսներ, այդուհանդերձ, քաղաքի ճանապարհափողոցային ցանցում տրանսպորտային հոսքերի ինտենսիվության և տրոլեյբուսների, ինչպես նաև մեծ տեղատարողությամբ ավտոբուսների ցածր մանևրայնության և ցածր արագությունների արդյունքում դժվարանում է ինչպես դրանց շահագործումը, այնպես էլ էական է դրանց շահագործման բացասական ազդեցությունը ցանցի թողունակության վրա: Երևանի էլեկտրատրանսպորտի շահագործումն ապահովող քարշի ենթակայանները և հպակային ցանցը գտնվում են անմխիթար վիճակում և հաճախակի խափանումների տեղիք են տալիս: Երկու դեպքում էլ խափանումների (հոսանքազրկում, լարերի կտրում, հանգույցների անկում և այլն) հետևանքով տրանսպորտային միջոցը հարկադրված կայանմամբ մնում է քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի գոտում` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ գոտիով, դրանով իսկ էապես նվազեցնելով ցանցի թողունակությունը.

23) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երկայնությամբ ծառերի էտման աշխատանքների կազմակերպման և արտաքին գովազդի միջոցների տեղադրման գործընթացի անկատարությունը և դրանց նկատմամբ վերահսկողության ոչ բավարար վիճակը. ճանապարհափողոցային ցանցի երկայնքով, երթևեկելի գոտու ուղղությամբ ծառերի արտաճած ճյուղերը տրանսպորտային միջոցներին վանում են երթևեկության երկրորդ գոտի, որոշ դեպքերում ծածկում են լուսացուցային տեղակայանքներից օգտվելու տեսադաշտը` նվազեցնելով ցանցի թողունակությունը: Ցանցի թողունակության վրա նույնպիսի բացասական ներգործություն է ունենում նաև արտաքին գովազդների հենասյուների տեղադրումը լուսացուցային տեղակայանքների դիմաց.

24) Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի կառավարման և ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված մի շարք գործոններ.

ա. ցածր է տրանսպորտային միջոցների (այդ թվում` հասարակական) վարողների մասնագիտական որակավորման և ուսուցման մակարդակը, կատարելագործված չեն մեթոդոլոգիական մեխանիզմները, որի արդյունքում վարորդական իրավունք ստացած անձինք խորապես չեն տիրապետում տրանսպորտային միջոցի վարման և ճանապարհային երթևեկության կանոններին, խոչընդոտում են ճանապարհային նորմալ երթևեկությանը` դրանով իսկ նպաստելով թողունակության նվազեցմանը: Նման բացասական ներգործություն են ունենում նաև տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից այդ միջոցները վարորդական պակաս փորձով կամ անփորձ, վարորդական իրավունք չունեցող անձանց (այդ թվում` երեխաներին) հանձնելը, Երևան քաղաքի ավտոտրանսպորտային պարկը համալրող արտասահմանյան մակնիշների մարդատար թեթև տրանսպորտային միջոցների կառավարման լրացուցիչ մասնագիտական պատրաստվածության, փորձի և հմտության բացակայությունը,

բ. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, ըստ բնակչության տրանսպորտային սպասարկման պահանջարկի ապահովման, պետք է իրականացվի հերթափոխային ռեժիմով, սակայն փաստացի իրավիճակը չի համապատասխանում իրականությանը: Հասարակական տրանսպորտի, այնպես էլ մարդատար տաքսի ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմին ներկայացվող պահանջների խախտումները (գերնորմատիվային աշխատանքի հետևանքով հոգնածություն) ուղղակիորեն և էապես բացասաբար են ներգործում Երևանի ճանապարհափողոցային ցանցի թողունակության ապահովման վրա,

գ. հասարակական տրանսպորտի (հատկապես միկրոավտոբուսներում), ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցներում (այդ թվում` անձնական օգտագործման) շարժման ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը վարորդի և ուղևորների կողմից, տրանսպորտային միջոցների ուղեսրահներում բարձրաձայն երաժշտություն միացնելը, տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրման գործող կանոնների խախտումները, տրանսպորտային սպասարկման գործընթացում հասարակական տրանսպորտի միջոցներում (հատկապես միկրոավտոբուսներում) շարժման ընթացքում փոխադրավարձ ստանալը, մանրադրամը վերադարձնելը նույնպես խիստ բացասաբար են անդրադառնում ճանապարհափողոցային ցանցի թողունակության վրա,

դ. որպես կանոն, առավել ինտենսիվ երթևեկություն քաղաքում դիտվում է առավոտյան և երեկոյան «պիկ» ժամերին, որոնք կենտրոնանում են 1.5-2 ժամ ժամանակահատվածում, ինչը պայմանավորված է պետական, ուսումնական և այլ հիմնարկների, ինչպես նաև առևտրի սպասարկման և այլ նշանակության օբյեկտների` հիմնականում սահմանված նույն աշխատանքային ռեժիմով: Բնականաբար, «պիկ» ժամերին անհամեմատ աճում է ճանապարհափողոցային ցանցի ծանրաբեռնվածությունը և նվազում է թողունակությունը, ըստ այդմ, կարևորվում է տրանսպորտային հոսքերը որոշակիորեն տարաբաշխելու հարցը:

 

III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգմանը և կահավորմանը ներկայացված հիմնախնդիրներից բխում են դրանց լուծման հետևյալ հիմնական ուղղությունները`

1) Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման վիճակի բարելավման միջոցառումների իրականացում.

2) Երևան քաղաքի ճանապարհների ծածկույթի բարելավման և պահպանման միջոցառումների իրականացում.

3) ճանապարհափողոցային ցանցի ընդլայնմանը, Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր մակարդակներով էստակադային անցումների, նոր ճանապարհների (այդ թվում` շրջանցիկ և տարանցիկ) նախագծման և կառուցման միջոցառումների իրականացում.

4) Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի օպտիմալացման և կառավարման արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում, այդ թվում` գործող մետրոպոլիտենի հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ.

5) Երևան քաղաքի տարածքում իրականացվող շինարարական, վթարային և բարեկարգման աշխատանքների կանոնակարգմանն ուղղված իրավական ու գործնական միջոցառումների իրականացում.

6) Երևան քաղաքի տարածքում առևտրասպասարկման օբյեկտների տեղաբաշխման օպտիմալ սխեմայի, ինչպես նաև դրանց գործունեության կարգավորման մեխանիզմների մշակմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

7) Երևան քաղաքն սպասարկող հասարակական տրանսպորտի տեսակարար կշռում միկրոավտոբուսների թվաքանակի էական նվազեցման, այդ թվում` Երևանի մետրոպոլիտենի ճյուղավորվածության զարգացման միջոցառումների իրականացում.

8) Երևան քաղաքի վարչական տարածք մուտք գործող միջպետական, միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցների վերջնականգառների կանոնակարգման միջոցառումների իրականացում.

9) Երևան քաղաքի վարչական տարածքում մարդատար թեթև տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպմանը և դրանց կայանատեղերի կանոնակարգմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

10) Երևան քաղաքի վարչական տարածքում հեռանկարային շահագործման համար ոչ պիտանի երկաթուղային գծերի հեռացման (ապամոնտաժման), ճանապարհափողոցային ցանցի հետ երկաթուղային գծերի հատումների կրճատման միջոցառումների իրականացում.

11) Երևան քաղաքում կամրջաշինարարության և ստորգետնյա կամ թեթև կոնստրուկցիաներով կամրջային հետիոտնային անցումների կառուցման միջոցառումների իրականացում.

12) Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության կանոնակարգմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

13) Երևան քաղաքի վարչական տարածքում տեխնիկական անբավարար պատրաստականություն ունեցող և հին արտադրության տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակմանը կամ արգելմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

14) Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության մասնակիցների կարգապահության և պատասխանատվության բարձրացմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

15) Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման, կահավորման, պահպանման ու շահագործման միջոցառումների իրականացում.

16) Երևան քաղաքի տարածքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման և կանոնակարգման միջոցառումների իրականացում, այդ թվում` ստորգետնյա և բազմահարկ ավտոկայանատեղերի կառուցման նախագծային աշխատանքների նախապատրաստում և իրականացում.

17) ճանապարհափողոցային ցանցում կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

18) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցից աղբահանման, ձնահեռացման գործընթացի կազմակերպմանը և կանոնակարգմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

19) պետական կառավարման մարմինների իրավասությունների տարանջատմանը, պատասխանատվության բարձրացմանը, վարչական ներազդեցության միջոցների կիրառմանը և վերահսկողական գործընթացի կանոնակարգմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում.

20) Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության բարձրացմանը, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցմանը, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգմանը և կահավորմանը սույն ծրագրով նախատեսված և այլ հիմնախնդիրների լուծմանն ուղղված այլ իրավական և գործնական միջոցառումների իրականացում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

 

7. Ծրագրից բխող միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`

1) էականորեն նվազեցնել Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մասերի ծանրաբեռնվածությունը.

2) ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` Երևան քաղաքի տրանսպորտային պարկի աճի տեմպերին զուգընթաց ճանապարհափողոցային ցանցի նորմատիվային թողունակությունն ապահովելու համար.

3) ստեղծել բարենպաստ պայմաններ` Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների և հետիոտն մատչելի ու հարմարավետ երթևեկության համար.

4) բարձրացնել հասարակական տրանսպորտի կանգառներից բնակչության օգտվելու մատչելիությունը և հարմարավետությունը, հասարակական տրանսպորտի շահագործման արդյունավետությունն ու կառավարելիությունը.

5) բարձրացնել ճանապարհային երթևեկության մասնակիցների կարգապահությունը և պատասխանատվությունը.

6) կատարելագործել Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում կատարվող տարբեր բնույթի աշխատանքների և միջոցառումների իրականացման գործընթացը.

7) հստակեցնել Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության ապահովման ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և պատասխանատվության շրջանակները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

8. Ծրագրի մոնիթորինգը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրային միջոցառումների ֆինանսավորման մասով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ծրագրային միջոցառումների կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը` Երևանի քաղաքապետարանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 957-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 2007-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN ը/կ
  
Միջոցառման անվանումը Կատարման
ժամկետը
Կատարողը
(համակատարողը)
Ֆինանսավորման

աղբյուրը

ծավալը
(մլն. դրամ)

1 2 3 4 5 6
1. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համալիր սխեմայի մշակում` հաշվի առնելով տրանսպորտային զարգացումների և երթևեկության կազմակերպման միջնաժամկետ համալիր միջոցառումների իրականացում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում 60.75
2. Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական առաջարկությունների փաթեթի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 2008 թ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

- -
3. Երևան քաղաքի տարածքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի հնարավոր տեղաբաշխման վայրերի, դրանց տեխնիկական հնարավորությունների և կազմակերպման ձևերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2009 թ. 1-ին եռամսյակ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

- -
4. Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համալիր սխեմայի հիման վրա Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների` ստորգետնյա և բազմահարկ տեղաբաշխմամբ, հատուկ նշանակությամբ կայանատեղերի կազմակերպման հայեցակարգի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 2009 թ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

-
5. Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համալիր սխեմայի հիման վրա նոր լուսացուցային տեղակայանքների տեղադրման, փոխարինման և վերականգնման աշխատանքների իրականացում 2007-2011 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

 ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում 1500.0
6. Երևան քաղաքում լուսացուցային տնտեսության պահպանման, շահագործման և սպասարկման, ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացում 2007-2011 թթ. Երևանի քաղաքապետարան ՀՀ պետական բյուջեի պահպանման ծախսեր 2150.0
7. Երևան քաղաքում ճանապարհային նշանների և կողմնորոշիչ ցուցանակների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում, այն համապատասխանեցնելով միջազգային գործող ստանդարտներին 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարան

ՀՀ պետական բյուջեի
ծրագրային ֆինանսավորում

70.0
8. Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով ավտոմատ կառավարման համակարգերի ներդրում 2009 թ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ պետական բյուջեի
ծրագրային ֆինանսավորում

 Համաշ-
խարհա-
յին բանկի
միջոցներ   
9. Երևան քաղաքի տարածքում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության արգելում` նախատեսված փողոցներում` դրանց շարժման կանոնակարգմանն ուղղված իրավական և գործնական միջոցառումների իրականացում

2008 թ.

(շարունակաբար)

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

- -
10. Երևան քաղաքում առևտրասպասարկման օբյեկտների տեղաբաշխման և դրանց գործունեության կանոնակարգմանն ուղղված իրավական և կազմակերպական միջոցառումների իրականացում 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարան - -
11. Երևան քաղաքում շինարարական աշխատանքների կանոնակարգմանն ուղղված մեխանիզմների և տեխնիկական պայմանների մշակում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 

- -
12. Երևան քաղաքում վթարային և բարեկարգման, ճանապարհափողոցային ցանցի վրա քանդման աշխատանքների, հաղորդակցության ուղիների անցկացման կանոնակարգման միջոցառումների իրականացում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

- -
13. Երևան քաղաքի տարածքում առկա երկաթուղային գծերի հետագա շահագործման նպատակահարմարության որոշման համար ուսումնասիրությունների կազմակերպում, երկաթուղային գծերի հետ ճանապարհների հատումների կրճատման նպատակով առաջարկությունների փաթեթի ներկայացում 2008-2009 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

- -
14. Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցից աղբահանման և ձնահեռացման, ճանապարհափողոցային ցանցի երկայնքով ծառերի էտման գործընթացի աշխատանքների իրավական և կազմակերպական կանոնակարգում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

Երևանի թաղային համայնքներ

համայնքային բյուջեներ -
15. Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության մասնակիցների կարգապահության բարձրացման միջոցառումների (այդ թվում` իրավական և գործնական կարգավորման, քարոզչության ծավալման և այլն) իրականացում

2007-2008 թթ.

(շարունակաբար)

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

- -
16. Երևան քաղաքի տարածքում մարդատար թեթև տաքսի ավտոմեքենաներով իրականացվող փոխադրումների կազմակերպման և դրանց կայանատեղերի կանոնակարգման միջոցառումների իրականացում

2007-2008 թթ.

(շարունակաբար)

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

- -
17. Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի գոտիներում, ինչպես նաև արգելված հատվածներում կանգառ և կայանում կատարած, տրանսպորտային միջոցների տեղահանման գործընթացի իրավական և գործնական կարգավորում

2008-2009 թթ.

(շարունակաբար)

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

- -
18. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համալիր զարգացման ծրագրի մշակում` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի կազմակերպությունների կենտրոնացումը (խոշորացումը), պետական մասնաբաժնով հասարակական տրանսպորտի ընկերությունների հետայսու ստեղծման ռազմավարությունը, և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 2009 թ. 2-րդ եռամսյակ Երևանի քաղաքապետարան - -
19. Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համալիր սխեմայի հիման վրա Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման աշխատանքների իրականացում 2007-2009 թթ. Երևանի քաղաքապետարան ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում 413.0
20. Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի միասնական երթուղային ցանցի մշակում` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի տարբեր տեսակների աշխատանքի ներդաշնակեցումը, այդ թվում` գործող մետրոպոլիտենի հնարավորությունների առավելագույն օգտագործումը 2007 թ. Երևանի քաղաքապետարան համակարգի միջոցներից -
21. Երևան քաղաքի վարչական տարածք մուտք գործող` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վերջնականգառների (կայանատեղերի) կանոնակարգում` դրանք սահմանելով քաղաքի մուտքերի մոտ, «ուսանողական», պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների` քաղաքի տարածքում շարժման ուղեգծերի կարգավորում` ապահովելով դրանց կայանումը ճանապարհափողոցային ցանցից դուրս թույլատրելի տարածքներում 2008-2009 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 

- -
22. Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով խոշոր տրանսպորտային հանգույցներում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման համար տեսախցիկների տեղադրում 2007-2009 թթ.

Երևանի քաղաքապետարան
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ պետական բյուջեի
ծրագրային ֆինանսավորում

   Համաշ-
խարհա-
յին բանկի
միջոցներ
23. Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցում տրանսպորտային հոսքերի ռազմավարական և օպերատիվ գնահատման նպատակով մոնիթորինգի իրավիճակային կենտրոնի ստեղծման և տրանսպորտային հոսքերի տեսակառավարման առաջավոր տեխնոլոգիաների ներդրման համար առաջարկությունների փաթեթի նախապատրաստում 2010 թ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

- -
24. Երևան քաղաքի նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման գործընթացի կազմակերպման նախապատրաստում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

- -
25. Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի հարևանությամբ (այդ թվում` սիզամարգերում, մայթերին) տեղաբաշխված` ճանապարհների թողունակությանը խոչընդոտող օբյեկտների ապամոնտաժման կամ գործունեության դադարեցման գործնական միջոցառումների իրականացում 2007-2008 թթ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

- -
26. Երևան քաղաքի տարածքում տրամվայի գծերի ապամոնտաժման աշխատանքների ավարտում 2009 թ. Երևանի քաղաքապետարան - -
27. Ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների տարանջատման և պատասխանատվության բարձրացման օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում 2009 թ.

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

- -
28.

Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի թողունակության վրա բացասական ներգործություն ունեցող հիմնախնդիրների լուսաբանման և հանրությանն իրազեկման ծրագրի իրականացում

2007 թ.

(շարունակաբար)

Երևանի քաղաքապետարան - -
29. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման (տրանսպորտի) ոլորտը կարգավորող իրավական դաշտի (այդ թվում` գործող ստանդարտների) միջազգային չափանիշներին համապատասխանության ուսումնասիրություն և օրենսդրական առաջարկությունները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 2008-2009 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

(ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան
ծրագրային ֆինանսավորում  
30.

Երևանի քաղաքապետարանին կից` տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգության ապահովման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծում` մասնակից դարձնելով համապատասխան մասնագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

2008 թ. Երևանի քաղաքապետարան    
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 02.10.08 N 1156-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան