Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2008
Дата вступления в силу
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

քրեական գործ թիվ ԱՎԴ/0022/06/08

  ԱՎԴ/0022/06/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով հավատարմագրված փաստաբան Ն.Ավետիսյանի միջոցով մեղադրյալ Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշումների դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Նախաքննության մարմնի կողմից 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:

2. Ա. Ավետիսյանը 2008 թվականի մարտի 7-ին ձերբակալվել է, 2008 թվականի մարտի 8-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. 2008 թվականի մարտի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Վ.Հարությունյանը Ա.Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ բավարարվել է քննիչ Վ.Հարությունյանի միջնորդությունը, Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկու ամիս ժամանակով և մերժվել է Ա. Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպան Հ. Մնացականյանի միջնորդությունը:

4. Որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ա.Ավետիսյանի շահերի պաշտպան Լ.Սիմոնյանը՝ պահանջելով որոշում կայացնել Ա.Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և կալանքից ազատելու մասին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 8-ի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքն՝ առանց բավարարման:

5. 2008 թվականի ապրիլի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Վ.Հարությունյանը մեղադրյալ Ա.Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է մասնակի, Ա.Ավետիսյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամիս ժամանակով և մերժվել է Ա. Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպան Լ. Սիմոնյանի միջնորդությունը:

6. Որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ա.Ավետիսյանի շահերի պաշտպան Լ.Սիմոնյանը՝ պահանջելով որոշում կայացնել Ա.Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և կալանքից ազատելու մասին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:

7. 2008 թվականի մայիսի 27-ին նախաքննական մարմնի կողմից կայացվել է որոշում Ասլան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

8. Ա.Ավետիսյանի շահերի պաշտպան Լ.Սիմոնյանը 2008 թվականի հունիսի 3-ին միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն Ա. Ավետիսյանի շահերի պաշտպան Լ.Սիմոնյանի 2008 թվականի հունիսի 3-ի միջնորդությունը թողել է առանց քննության՝ նկատի ունենալով, որ մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա.Ավետիսյանի վերաբերյալ գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան:

9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Ավետիսյանը հավատարմագրված փաստաբան Ն.Ավետիսյանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

10. 2008 թվականի մարտի 8-ին Ա.Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո, վերջինիս և նրա մի խումբ համախոհների կողմից ներգրավվելով երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն ուղղված օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հրապարակային լայնածավալ միջոցառմանը, նրանց ուղղորդմամբ և հրահրմամբ անմիջական մասնակցություն է ունեցել Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից սկսած Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանությունների, բռնությունների, ջարդերի, հրկիզումների, գույքի ոչնչացման և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով կազմակերպված զանգվածային անկարգություններին:

11. 2008 թվականի մայիսի 27-ին նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմամբ Ասլան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, այն բանի համար, որ թեև մեղադրյալ Ա.Ավետիսյանը ներկա է գտնվել զանգվածային անկարգություններին, սակայն անմիջական մասնակցություն չի ունեցել դրանց, այլ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր է արել:

12. Նախաքննության մարմինը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ (գ.թ. 38, 39) նշել է, որ Ա. Ավետիսյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով: Այսինքն՝ քննիչը սահմանափակվել է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) նախատեսված խափանման միջոց կիրառելու 1-ին և 2-րդ հիմքերը թվարկելով, սակայն այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել: Իսկ դատարանները կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշում են կայացրել՝ հիմնվելով միայն քննիչի միջնորդության մեջ բերված հիմնավորումների վրա:

Դատական ստուգման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2008 թվականի մայիսի 19-ին կայացված որոշմամբ, որով անփոփոխ է թողնվել ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի՝ Ա. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը, որպես հիմնավորում ուղղակիորեն նշվել է կալանքի տակ պահելու հիմքերի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1, 2-րդ կետեր/ և պայմանների /հիմնավոր կասկածի առկայություն, ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է 3-8 տարի ժամկետով ազատազրկում) առկայությունը:

 

Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Բողոքատուն գտնում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ քննիչը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ պետք է շարադրի այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորող որևէ նյութ չի կցել գործին, իսկ դատարանները, հիմնվելով նախաքննական մարմնի սուբյեկտիվ կարծիքի վրա, այն բավարարել են:

Քննիչի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության վրա հիմնված՝ դատարանների այն հետևությունը, որ «գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման, ինչպես նաև նախաքննության ավարտման համար անհրաժեշտ է մեկ ամիս ժամանակ», անհիմն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ դա քննիչի պարտականությունն է և ոչ թե մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմք: Բացի այդ, քննիչն իր որոշման մեջ չի նշել որևէ հիմք, թե Ասլան Ավետիսյանը, ազատության մեջ գտնվելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված ինչ անօրինական գործողություններ կարող է կատարել և ինչպես կարող է խոչընդոտել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությանը:

Դատարանների որոշումները չեն համապատասխանում նաև նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին:

14. Բողոքատուն նաև գտնում է, որ դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումներ կայացնելիս անհիմն են մերժել Ա.Ավետիսյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները: Ըստ բողոքի՝ գրավը հանդիսանում է կալանքի այլընտրանքային խափանման միջոց, և կալանքը հիմնավորող հիմքերի պատճառաբանությամբ չի կարող կալանքից գրավով ազատելը մերժվել կամ ճանաչվել անթույլատրելի:

Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումներում կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները մերժելիս դատարանների կողմից չի նշվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում սպառիչ թվարկված որևէ հիմք, որն իրավունք կտար Ասլան Ավետիսյանին գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:

15. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի՝ Ա.Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշումները և որոշում կայացնել Ասլան Ավետիսյանին կալանքից ազատելու մասին:

Մերժելու դեպքում բողոքատուն խնդրել է Ասլան Ավետիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել թույլատրելի և սահմանել գրավի չափը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը:

16. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով և հետևյալ դեպքերում`

(…)

3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

(…)

Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (…)»:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ ....»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի (…) մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակն ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը»:

18. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումներում թե առաջին ատյանի և թե վերաքննիչ դատարանները բավարարվել են միայն օրենքով նախատեսված կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, և իրենց որոշումները չեն պատճառաբանել փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով:

Մինչդեռ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:

19. Նշված սկզբունքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը: Հակառակ պարագայում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ հիմնական իրավունքը փաստացի կբովանդակազրկվի:

20. Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա:

21. Բացի ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից, Վճռաբեկ դատարանի` 19-րդ և 20-րդ կետերում ներկայացված մոտեցումները բխում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումից:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը Յագսինն ու Սաժինն ընդդեմ Թուրքիայի (8 հունիսի 1995թ. Yagci and Sargin v.Tսrkey, գանգատ թիվ 16419190, կետ 52) գործով վճռում նշել է. «Դատարանն անշուշտ ոչ մի դեպքում թույլատրելի չի համարի որևէ դատական որոշում, որը հիմնված կլինի ստանդարտ ձևակերպումների վրա, առանց արդարադատությունից թաքնվելու վտանգի առկայության պատճառների որևիցե պարզաբանման»:

Մեկ այլ գործով վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «….անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ներպետական դատարանները հաստատել և համոզիչ կերպով ներկայացրել են այնպիսի կոնկրետ փաստեր, որոնք հիմնավորել են իրենց կողմից արված հետևություններն առ այն, որ դիմողը կարող է փախուստի դիմել, խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը կամ կատարել նոր հանցագործություն: ….Ներպետական իշխանությունների պարտականությունն է կալանքի ժամկետի երկարացման հիմքերին համապատասխանող կոնկրետ փաստերի առկայությունն ապացուցելը: ….» (տես Մամեդովայի գործով վճռի կետեր 73, 75)

22. Հետևաբար՝ մեղադրյալ Ա.Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէր օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ էր կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:

Ընդ որում, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, և որը պետք է բխի անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից:

II. Կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը բացառապես նրան մեղսագրվող հանցագործության ծանրությամբ և քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորելու իրավաչափության մասին.

23. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի` խափանման միջոց կարող է կիրառվել «միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի`«Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝

1. վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2. կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3.տարիքը և առողջական վիճակը.

4. սեռը.

5. զբաղմունքի տեսակը.

6. ընտանեական դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7. գույքային դրությունը.

8. բնակության մշտական վայրի առկայությունը.

9. այլ էական հանգամանքներ»:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում օգտագործվող «խափանման միջոցի կիրառում» հասկացությունը տարածվում է ինչպես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այնպես էլ կալանքի ժամկետը երկարացնելու նկատմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը կանոնակարգող հատուկ նորմ: Ուստի անձին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումն անհրաժեշտ է հիմնավորվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հիմքերով, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված հանգամանքները:

25. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում սահմանվել են կալանքի ժամկետի երկարացման հիմքերի առավել կոնկրետ չափանիշներ:

Մասնավորապես, մի շարք գործերով Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «… թեև անձին սպառնացող պատժի խստությունը հանդիսանում է փախուստի դիմելու կամ նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր, ազատությունից զրկելը երկարաձգելու անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը» (տես. Mamedova v. Rսssia, 1 հունիսի 2006թ. վճիռը, գանգատ թիվ 7064(05) կետ 74, Panchenko v. Rսssia 2005թ. փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 102, Ilijkov v. Bսlgaria, 2001թ. հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33977(96, կետ 81):

Բացի այդ, Եվրոպական դատարանը, Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի գործով /1 հունիսի 2006թ. Mamedova v. Rսssia, գանգատ թիվ 7064/05/ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. « … հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ կալանավորված անձը կատարել է հանցագործություն, հանդիսանում է անհրաժեշտ պայման կալանքի ժամկետի երկարացման օրինականության համար: Այնուհանդերձ, որոշակի ժամանակ անց դա դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե դատական իշխանությունների կողմից ներկայացված մյուս հիմքերը շարունակե՞լ են արդյոք արդարացնել ազատությունից զրկելը: Եթե նման հիմքեր եղել են, «համապատասխան» և «բավարար», ապա դատարանը պետք է պարզի նաև, թե քննությունն իրականացնելիս իրավասու մարմինները դրսևորե՞լ են արդյոք «պատշաճ ջանասիրություն»:

26. Կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ օրենսդրական և նախադեպային կանոնակարգման համադրման և մեկնաբանման հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը.

Իսկ ինչ վերաբերում է անձին մեղսագրվող հանցանքի ծանրությանը, ապա թեև այն էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, սակայն այդ հանգամանքը պետք է գնահատվի գործում առկա մնացած, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում: Այդ առումով կարող է քննության առկա դառնալ նաև դեռևս չկատարված քննչական գործողությունների բնույթը, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը:

27. Այսպիսով, Ա.Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելիս ստորադաս դատարանները պարտավոր էին բավարար փաստերի ներքո հիմնավորված ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված մեկ կամ մի քանի հիմքի առկայությունը: Բացի այդ, բավարար չափով պետք է հիմնավորվեր տվյալ գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինների «պատշաճ ջանասիրությունը» և դրա հիման վրա բավարար փաստերի ներքո հիմնավորեր նոր քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը:

28. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գործով կալանքի տևողությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ կան հասարակական շահի իրական պահանջների հատուկ հատկանիշներ, որոնք ինքնուրույնաբար, չվտանգելով անմեղության կանխավարկածը, գերակշռում են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը:

29. Այս չափորոշիչներով գնահատելով Ա.Ավետիսյանի կալանքի ժամկետի տևողությունը երկարացնելու գործընթացը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանել անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքին վերաբերող ինչպես երկրի ներքին օրենսդրության, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի հիմնարար պահանջներին:

 

III. Գրավի կիրառմամբ անձին կալանքից ազատ արձակելու հարցի քննարկման պահանջը և գրավի անթույլատրելիության դեպքերի մեկնաբանումը.

 

30. Վճռաբեկ բողոք բերած անձն այս առումով Վճռաբեկ դատարանի առջև ըստ էության բարձրացրել է հետևյալ հարցը. ընդհանուր իրավասության դատարանն իրավունք ունե՞ր արդյոք Ա.Ավետիսյանին կալանքից գրավով ազատելը մերժել ու դա ճանաչել անթույլատրելի՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված լինելու պատճառաբանությամբ:

31. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի. «Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:

32. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից բխում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը (Տես Վճռաբեկ դատարանի Տարոն Ռազմիկի Հակոբյանի վերաբերյալ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-115/07 որոշումը (կետ 3.1)):

Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանի որոշումներով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված է, որ դատարանը կարող է կալանքի փոխարեն կիրառել գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց:

33. Ինչպես երևում է՝ Ա.Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշումներից, գրավի կիրառումը մերժվել է այն նույն հիմքով, որով հիմնավորվել է կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման անհրաժեշտությունը:

34. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա, ինչը սույն գործով բացակայում է:

35. Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի հեղինակի այն պնդումը, որ դատարանն իրավունք ունի մեղադրյալին գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածում նշված դեպքերում:

Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:

36. Այդ առումով Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքով գրավից ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքով գրավից ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը:

37. Հետևաբար, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ շարադրելով այլ շարժառիթներ:

 

IV. Սույն որոշման իրավական արժեքը.

 

38. Սույն որոշման 16-29-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:

Սակայն բողոքարկված դատական ակտերը եղել են ժամանակավոր, դրանք կորցրել են իրենց իրավական նշանակությունը: Ուստի Վճռաբեկ դատարանի սույն որոշումը կայացնելու պահին դրանք իրավաբանորեն դադարել են գոյություն ունենալուց:

39. Բացի այդ, գործի նյութերից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի կողմից 2008 թվականի հուլիսի 16-ին կայացվել է դատավճիռ, որով Ասլան Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 6 ամիս ժամկետով, որն Ա.Ավետիսյանն ամբողջությամբ կրել է: Պատիժը կիրառելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առել Ա.Ավետիսյանին անազատության մեջ պահելու ողջ ժամանակահատվածը:

40. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք այլևս իրավաբանորեն գոյություն չունեն, ինչպես նաև Ա.Ավետիսյանի նկատմամբ քրեական վարույթի ողջ համատեքստում չեն հանգեցրել նրան անազատության մեջ ավելի երկար պահելուն, քան դատարանի դատավճռով սահմանված ժամկետն է:

41. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ասլան Հովհաննեսի Ավետիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 19-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ`Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան