Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-762
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1013
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
12.09.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
12.09.2008
Дата вступления в силу
12.09.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 սեպտեմբերի 2008 թ.

 

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գ. Գյուրջյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված՝ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը ՍԴ` մուտքագրված 2008 թվականի հուլիսի 1-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան ստորագրվել է 1985 թվականի հոկտեմբերի 3-ին` Գրանադա քաղաքում (Իսպանիա), ուժի մեջ է մտել 1987 թվականի դեկտեմբերի 1-ին: Այն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2006 թվականի մայիսի 17-ին:

2. Կոնվենցիայի նպատակն է ամրապնդել և խրախուսել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ընդհանուր ճարտարապետական ժառանգություն հանդիսացող հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի պահպանությանն ու դրա արժևորմանն ուղղված քաղաքականությունը, նպաստել պետությունների և տարածաշրջանի միջև այդ ժառանգության պահպանության շուրջ համագործակցությանը:

Կոնվենցիան հղում է կատարել`

ա) 1954 թ. դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված` Եվրոպական մշակութային կոնվենցիային, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1997 թ. փետրվարի 18-ին,

բ) 1972 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված` Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է ՀՀ Գերագույն խորհրդի 1993 թ. հունիսի 22-ի որոշմամբ,

գ) 1969 թ. մայիսի 6-ին ստորագրված` Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թ. հունվարի 16-ին:

3. Կոնվենցիայի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- պահպանության ենթակա հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի ճշգրիտ նույնացման նպատակով կատարել գույքագրում, և այդ արժեքներին սպառնացող վտանգի դեպքում, առաջին իսկ հնարավորության պարագայում պատրաստել համապատասխան փաստաթղթեր,

- օրենսդրական քայլեր ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանության ուղղությամբ,

- իրականացնել վերահսկողություն և թույլտվության տրամադրմանն ուղղված պատշաճ ընթացակարգեր,

- կանխել պահպանվող արժեքների աղավաղումը, խարխլումը և ոչնչացումը և այդ նպատակով օրենսդրության մեջ սահմանել նորմեր, որոնց համաձայն կնախատեսվի իրավասու մարմնին ներկայացնել արդեն պահպանվող կամ պահպանության ենթակա հուշարձանների քանդմանը կամ ձևափոխմանն առնչվող ցանկացած նախագիծ, որը վնաս կհասցնի դրանց շրջակայքին,

- արգելել պահպանվող հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը,

- հանրային իշխանությունների կողմից ազգային, տարածաշրջանային և տեղական իրավասությունների և առկա բյուջետային միջոցների սահմաններում տրամադրել ֆինանսական աջակցություն` իր տարածքում գտնվող ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով,

- միջոցներ ձեռնարկել հուշարձանների շրջակայքում, համալիրների ներսում և տեսարժան վայրերում շրջակա միջավայրի ընդհանուր բարեկարգման ուղղությամբ,

- նվազագույնի հասցնել ճարտարապետական ժառանգության ֆիզիկական ոչնչացման վտանգները,

- ճարտարապետական ժառանգության պահպանության մասին օրենսդրության խախտման դեպքում իրավասու մարմինների կողմից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

- հարգելով ժառանգության ճարտարապետական և պատմական բնույթը` նպաստել պահպանվող արժեքների օգտագործմանը և անհրաժեշտության դեպքում հին շենքերի վերաշահագործմանը,

- բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ճարտարապետական ժառանգության պահպանության կարևորության վերաբերյալ,

- փոխանակել պահպանության քաղաքականության վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերում է պահպանության քաղաքականության իրականացման միջոցներին, մեթոդներին և եղանակներին,

- նպաստել ճարտարապետական ժառանգության պահպանության հետ առնչություն ունեցող տարբեր մասնագիտությունների և արհեստների ուսուցման ծրագրերին,

- անհրաժեշտության դեպքում կատարել ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում փորձի և փորձագետների փոխանակում:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված՝ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-762

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան