Գլխավոր տեղեկություն
Номер
N 60
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2003-21.03.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.20
Принят
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Дата принятия
15.08.2001
Подписан
Վիճակագրական կոմիտե
Дата подписания
15.08.2001
Дата вступления в силу
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.03.2022

603.0060.15.08.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2002թ.

Պետական գրանցման թիվ 60302021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 60

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14 հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է՝

1. հաստատել «Վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերի մասին կարգը» (կցվում է),

2. սահմանել, որ կարգում բերված վիճակագրական հրապարակումների դասակարգումների նոր համակարգն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

15 օգոստոսի 2001 թ.թիվ 60 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 13-րդ մասին համաձայն և սահմանում է վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը, հրատարակությունների կազմակերպման կարգը և նկարագրում դրանց շուրջ ծագող հարաբերությունները:

2. Սույն կարգում գործածված հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ սահմանված է «Պետական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով»:

3. Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը սահմանվել է և հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության ու նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով:

4. Վիճակագրական տեղեկատվության հրապարակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով», սույն կարգով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավական ակտերով:

5. Պետական վիճակագրության իրագործման հիմքը «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն» է, որը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա: Այն ներառում է վիճակագրական աշխատանքների (ցուցանիշների) ցանկը, դրանց տրամադրման պարբերականությունը, հրատարակվելիք վիճակագրական հրապարակումների ցանկը և պարբերականությունը, վիճակագրական տեղեկատվության սպառողների ցանկը, անվճար տրամադրվող տեղեկատվության կազմը, տրամադրման կարգը և այլն:

6. Պետական վիճակագրությունն իրականացվում է պետական վիճակագրություն իրականացնող մարմնի՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱՎԾ) և դրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից: ՀՀ ԱՎԾ համակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրությունը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով:

Վարչական ռեգիստրները ներառում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ՀՀ ԱՎԾ ներկայացվող անհրաժեշտ ցուցանիշները, որոնք պետական վիճակագրական և վարչական դիտարկումների միջոցով հավաքագրված տվյալների (տեղեկությունների) ամբողջության հետ կազմում են ՀՀ պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգը:

7. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինները օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակում են իրենց կողմից իրականացրած տեղեկատվական գործառույթների (վարչական բնույթի դիտարկումների) արդյունքները (այսպես կոչված՝ գերատեսչական և համայնքային տեղեկատվություն)՝ նշելով սկզբնաղբյուրը:

8. Վիճակագրական տեղեկատվությունը համարվում է պաշտոնական, եթե այն հրապարակված է.

- ՀՀ ԱՎԾ կողմից,

- ՀՀ ԱՎԾ տարածքային և գործառնական ստորաբաժանումների կողմից,

- պետական մյուս մարմինների կողմից՝ ՀՀ ԱՎԾ կողմից ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

 

II. Վիճակագրական տեղեկատվության հրապարակման, տարածման միջազգային փորձի կիրառումը

 

9. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշակած «Տվյալների տարածման ընդհանուր համակարգը (ՏՏԸՀ)» դա ԱՄՀ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, որակի, պարբերականության, ինչպես նաև տեղեկատվության տարածման միասնական համակարգի բաղկացուցիչ մասն է:

ՀՀ ԱՎԾ «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը» կառուցվում է այդ համակարգին համապատասխան՝ վիճակագրական տեղեկատվության հրապարակումներում պահպանելով միջազգային չափանիշները:

 

III. Վիճակագրական տեղեկատվություն սպառողները (օգտագործողները)

 

10. Որպես հանրային շահ հետապնդող մարմնի («Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված)՝ ՀՀ ԱՎԾ-ի, կողմից հրապարակված (հրատարակված) վիճակագրական տեղեկատվություն սպառողների (օգտագործողների) ցանկը չի սահմանափակվում: Այդպիսիք կարող են լինել ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները:

 

IV. Տեղեկատվության հրապարակում եվ վիճակագրական հրատարակություններ

 

11. Վիճակագրական հրատարակությունները վիճակագրական հրապարակումների հանդես գալու ձևերից են:

Համաձայն «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի», ՀՀ ԱՎԾ պարբերաբար հրապարակում է վիճակագրական տեղեկատվություն՝ ժողովածուների (տարեգրքերի), տեղեկագրերի, վիճակագրական ամսական զեկույցների, զեկուցագրերի, մամլո հաղորդագրությունների, ինչպես նաև թեմատիկ հրատարակությունների տեսքով:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ ԱՎԾ-ին և այդ հարաբերությունները կարգավորվում են հեղինակային իրավունքի ոլորտի օրենսդրությամբ:

(11-րդ կետը լրաց. 02.09.02 N 198-Ն, փոփ. 01.07.03 N  08-Ն)

12. Հրապարակումը (լույս ընծայումը)՝ հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնությամբ ստեղծագործության ցանկացած միջոցներով պատրաստված օրինակները շրջանառության մեջ մտցնելն է, եթե վերջիններիս մատչելիությունը բավարարում է հասարակության պահանջները: Հրապարակում է համարվում նաև ստեղծագործությունը տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի միջոցով հասարակությանը մատչելի դարձնելը:

ՀՀ ԱՎԾ կողմից վիճակագրական տեղեկատվության ցանկացած նյութի շրջանառության մեջ մտցնելը (այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով) համարվում է հրապարակում, եթե վերջինիս մատչելիությունը բավարարում է հասարակության պահանջները:

Վիճակագրական տեղեկատվությունն իրենից ներկայացնում է տվյալների բազա և հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ:

13. Հանրային շահի ապահովման տեսանկյունով՝ հրապարակումների արդյունավետ օգտագործման նկատառումով, ՀՀ ԱՎԾ հրատարակությունների հետ (և առանձին), ապահովվում է ցուցանիշների մշակման մեթոդաբանական բացահայտումը:

14. Վիճակագրական հրատարակությունը, որպես կանոն, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

- հրատարակության անվանումը,

- թողարկման պատասխանատուն,

- թողարկման հերթական համարը, ամսաթիվը,

- տպագրության ստորագրման ժամանակը,

- դասիչը,

- տպաքանակը,

- գինը,

- տպարանի, հրատարակչի անվանումը, հասցեն:

15. Վիճակագրական հրատարակություններում.

- պարտադիր դրվում է ՀՀ ԱՎԾ պատկերանշանը,

- նշում է կատարվում հեղինակային իրավունքը օրենքով պաշտպանված լինելու մասին,

- նշում է կատարվում առ այն, որ տվյալ հրատարակությունը տեղադրվելու է Ինտերնետ ցանցի ՀՀ ԱՎԾ հասցեում և հրապարակում հետևյալ հասցեն՝ http://www.armstat.am,

- այլ տվյալների բազաներից, հրատարակություններից, աղբյուրներից օգտվելիս պարտադիր պետք է կատարվեն դրանց վրա հղումներ: Այդ այլ նյութերի հեղինակային իրավունքը կրողի կողմից օգտագործման սահմանափակումներ կիրառելու դեպքում նախապես ստացվում է օգտագործման թույլտվություն,

- ճշգրտված բոլոր տեղեկությունների հրապարակումը պետք է, որպես կանոն, առանձին հայտարարվի: Հնարավորության դեպքերում նաև պետք է նշվի տեղեկություն՝ հետագայում ճշգրտման ենթակա լինելու մասին: Ճշգրտման ենթակա տեղեկությունների մասին հրապարակում են համարվում նաև մեթոդաբանական պարզաբանումներում կատարված նշումները,

- վիճակագրական տեղեկատվությունը հավասարապես և միաժամանակ մատչելի է վիճակագրական տեղեկատվության բոլոր սպառողներին (օգտագործողներին)1, հաշվի առած «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված սահմանափակումները, մասնավորապես վիճակագրական գաղտնիքի դրույթը և այլն:

________

1 Զանգվածային լրատվության միջոցներին՝ ՀՀ ԱՎԾ վիճակագրական տեղեկատվության տրամադրումը կանոնակարգվում է նաև  «Մամուլի և  զանգվածային լրատվության մյուս միջոցների  մասին»  ՀՀ օրենքի 4-րդ  հոդվածով:

 

16. Վիճակագրական հրատարակությունների պաշտոնական լեզուն հայերենն է: «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով» նախատեսված, ինչպես նաև այլ անհրաժեշտ դեպքերում հրատարակություններն իրականացվում են նաև ռուսերեն և/կամ անգլերեն (այլ՝ օտար) լեզուներով:

Տարընթերցությունների առկայության դեպքում վերահսկիչ տարբերակը (օրինակը) հայերեն լեզվով տարբերակն է:

 

 

V. Հրատարակությունների որոշակի ձեվերը

 

17. Մամլո հաղորդագրություն: Տեղեկատվության տարածման ամենամատչելի ձևերից մեկը մամլո հաղորդագրություններն են: Դրանք ցուցանիշների ամփոփ համառոտագրերն են և թեմատիկ հաղորդագրությունները (ամսական և եռամսյակային պարբերականությամբ)` հիմնված ընթացիկ-օպերատիվ տվյալների վրա:

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները զանգվածային լրատվամիջոցներին հրապարակման համար տրամադրվում են ամսական կտրվածքով՝ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 3-րդ տասնօրյակի առաջին աշխատանքային օրվա ոչ ուշ, քան ժամը 1500, որպես կանոն, աղյուսակային ներկայացմամբ:

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների համառոտագրերը զանգվածային լրատվամիջոցներին հրապարակման համար տրամադրվում են եռամսյակային կտրվածքով՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» վիճակագրական ամսական զեկույցի հրատարակումից (տպագրումից) հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Դրանք իրենց մեջ ներառում են վերլուծական, աղյուսակային, գրաֆիկական նյութեր:

Թեմատիկ հաղորդագրությունների շարքում պատրաստվում են նաև միջազգային համադրումներ (մասնավորապես` ԱՊՀ երկրների հետ) լուսաբանող աղյուսակային նյութեր:

Ծրագրվածից դուրս, մամլո հաղորդագրություններ պատրաստվում են նաև ՀՀ ԱՎԾ կողմից կազմակերպվող մամլո ասուլիսների, ՀՀ ԱՎԾ վիճակագրական հրատարակությունների շնորհանդեսների, սեմինարների մասնակիցների և այլ դեպքերի համար:

18. Վիճակագրական-վերլուծական տեղեկագիր: Հրապարակման տարածման (հրատարակության) ձևերից է վիճակագրական-վերլուծական տեղեկագիրը: Այն նախատեսվում է վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրում և հրապարակվում միանվագ:

Տեղեկագիրը վերլուծական (տեքստային և աղյուսակային) նյութերի ամբողջություն է, որում մանրամասն ներկայացվում են տնտեսության որևէ հատվածի (ենթահատվածի, ճյուղի, ոլորտի) կամ սոցիալ-ժողովրդագրական և բնապահպանական ոլորտների վիճակի ցուցանիշների դինամիկ փոփոխությունները, վերլուծությունը, որոնք պաշտոնական վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան պետք է լինեն անաչառ, ապաքաղաքական, պարունակելով լոկ պարզաբանումներ թվերի էության մասին, սակայն ոչ մեկնաբանություններ:

19. Վիճակագրական տեղեկագիր: Վիճակագրական տեղեկագիրը երկրի տնտեսության որևէ առանձին հատվածի (ենթահատվածի, ոլորտի) վիճակագրական դինամիկ ցուցանիշների ներկայացումն է աղյուսակային տեսքով (առանց տեքստային մասի), որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային, տարեկան):

20. Վիճակագրական ամսական զեկույց: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» վիճակագրական ամսական զեկույցը հանդիսանում է ՀՀ ԱՎԾ հիմնական (պարբերական-ամսական) վիճակագրական հրատարակությունը: Այն պատրաստվում է ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) վիճակագրություն իրականացնող մարմինների, վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպությունների հաշվետվությունների, հաշվարկների տվյալների՝ ՀՀ ԱՎԾ կողմից ամփոփման, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների հիման վրա և հանդիսանում է առավել ամբողջական, ընդգրկուն (ըստ ՏՏԸՀ-ի), աղյուսակներով հագեցած, տեքստային բացատրություններ և մեթոդաբանական պարզաբանումներ պարունակող հրատարակություն:

«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» վիճակագրական ամսական զեկույցները վիճակագրական տեղեկատվության սպառողներին են տրամադրվում ամսական կտրվածքով` հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 40-րդ օրը:

Ամսական զեկույցներում վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է աճողական կարգով (օրինակ, զեկույցի հունվար-մարտի թողարկումն ընդգրկում է հունվար, փետրվար և մարտ ամիսների ցուցանիշները՝ աճողական կարգով):

Ամսական զեկույցները պատրաստվում են հակիրճ, եռամսյակայինը՝ ավելի մանրամասն, իսկ տարեկանը՝ առավել ընդլայնված:

(20-րդ կետը լրաց. 01.07.03 N  08-Ն)

21. Վիճակագրական ժողովածու (տարեգիրք): Վիճակագրական ժողովածուն (տարեգիրքը) երկրի սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող առավել ամբողջական վիճակագրական հրապարակումն է: Դրանում մանրամասնորեն, դինամիկ շարքերով (առանձին դեպքերում նաև պահի դրությամբ) ներկայացվում է տնտեսության կարևորագույն ճյուղերի վիճակի մասին տեղեկատվություն: Որպես կանոն, դրանում բերվում են տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական և բնապահպանական ոլորտները բնութագրող բոլոր ցուցանիշները:

Վիճակագրական ժողովածուի (տարեգրքի) մեջ վիճակագրական նյութերը ներկայացվում են նաև գծապատկերներով, քարտեզային պատկերմամբ: Առանձին տեքստային հատվածներով տրվում են վիճակագրական ցուցանիշների բնութագրերը:

22. Առանձին թեմատիկ հրատարակություններ: Բացի V բաժնում նշված հրատարակությունների ձևերի, որոշակի դեպքերում կիրառվում են նաև հրապարակումների այլ ձևեր: Մասնավորապես, «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով իրեն տրված իրավասության սահմաններում և համապատասխան ռեսուրսային ապահովման պարագայում, ՀՀ ԱՎԾ իրականացնում է նաև վիճակագրական աշխատանքների ծրագրում հատկապես չընդգրկված տեղեկատվության հրապարակում կամ իրականացնում դրանում ընդգրկվածների ագրեգացման և սինթեզման այլ աստիճանների վրա գտնվող տեղեկատվության հրապարակում (այդ թվում նաև սույն կարգում նշված հրապարակումների ձև չընդունած վիճակագրական տեղեկատվություն սպառողների (օգտագործողների) առանձին գրություն-հարցումներին պատասխան-գրություններով պատասխանելու միջոցով):

Համաձայն «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի», ՀՀ ԱՎԾ իրականացնում է վիճակագրական հետազոտություններ (դիտարկումներ, հարցումներ), որոնց նյութերի ամփոփման արդյունքում հրապարակվում են վիճակագրական ժողովածուներ, զեկույցներ, գրքույկներ և այլն:

Համատեղ հետազոտություններ, դիտարկումներ, ծրագրեր իրականացրած լինելու դեպքում ՀՀ ԱՎԾ համատեղ հրատարակություններում կարող է հանդես գալ որպես համահեղինակ:

 

VI. Վիճակագրական հրատարակությունների տարածման ձեվերը

 

23. Վիճակագրական հրատարակությունը վիճակագրական տեղեկատվություն սպառողին (օգտագործողին) կարող է տրամադրվել փոստով, էլեկտրոնային փոստով, Ինտերնետ կապով, գրադարանից օգտվելու և այլ միջոցներով: Տարածումը կարող է իրականացվել նաև թղթային, էլեկտրոնային և այլ ձևով հրապարակումների բաժանորդագրության եղանակով:

24. Վիճակագրական տեղեկատվության տրամադրումը ՀՀ ԱՎԾ (ներառյալ տարածքային և գործառնական ստորաբաժանումները) իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդմամբ.

- վիճակագրական տեղեկատվության սպառողը (օգտագործողը) անվճար ստանում է վիճակագրական տեղեկատվություն «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով» նախատեսված ցուցանիշների (աշխատանքների) մասով:

Նշված տեղեկատվությունը ՀՀ ԱՎԾ տարածում է հանրային գրադարանների, տեղեկատվական գործակալությունների իր ինտերնետային էջի, ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև բաշխման ցուցակներով անվճար ներկայացնում Ծրագրում նշված կազմակերպություններին և մարմիններին: Նշվածը վերաբերվում է միայն Ծրագրի մեջ ընդգրկված (ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող) ցուցանիշների աշխատանքների) ստանդարտ տեսքով և հանրածանոթ դինամիկ շարքերի աղյուսակների ձևով օգտվելու համար տրամադրմանը:

- ոչ ստանդարտ հատուկ՝ «ձևման» կարիք ունեցող, վիճակագրական տեղեկատվության մշակման համար ՀՀ ԱՎԾ, սահմանված կարգով որոշվող գներով2 կարող է ներկայացնել փոխհատուցման պահանջ: Նշվածը պետք է, որպես կանոն, ուղղված լինի ծախսվող ռեսուրսների վերականգնմանը (թուղթ, մասնագետների աշխատաժամանակ, համակարգչային ծառայություններ և այլն) և պետք է գործարկվի միայն այն դեպքում, երբ իրատեսական կարճ ժամանակահատվածում (10-15 րոպե) կբացառվի լոկ մասնագիտական խորհրդատվության միջոցով վիճակագրական տեղեկատվություն սպառողին (օգտագործողին) ուղղորդելը, որպեսզի նա կարողանա ինքնուրույն օգտվել առկա աղյուսակային նյութերից, հրատարակություններից՝ դուրս բերելու համար իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

_________

2 ՀՀ ԱՎԾ կողմից վճարովի վիճակագրական ծառայությունների մատուցման համար, վճարի հաշվարկման, վճարման և միջոցների օգտագործման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

VII. Վիճակագրական հրատարակությունների պահպանումը

 

25. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական հրատարակությունների օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության ազգային գրապալատի, Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արխիվի (ներառյալ էլեկտրոնային տվյալների բազան) միջոցով:

ՀՀ ԱՎԾ կողմից վիճակագրական հրատարակությունները, սահմանված կարգով, տեղադրվում են Ինտերնետ ցանցում, մշտապես պահպանվում ՀՀ ԱՎԾ գրադարանում և տվյալների էլեկտրոնային բազայում:

(25-րդ կետը խմբ. 01.07.03 N  08-Ն)

(կարգը լրաց. 02.09.02 N 198-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.07.03 N  08-Ն)