Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.07.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
25.07.2008
Дата вступления в силу
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1282/2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-459(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝ Ա. Խառատյան

                           Վ. Ավանեսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

 

Ս. Սարգսյանի

 

 

 Դ. Ավետիսյանի 

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հուլիսի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի՝ վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Երևանի, Արշակունյաց պողոտայի, թիվ 119 հասցեում գտնվող և Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 48,2քմ մակերեսով անշարժ գույքի սպասարկման համար անհրաժեշտ 4350քմ հողամասի մասով մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և Արշակ Աբրահամյանի ու Աստղիկ Սիմոնյանի միջև 19.09.2005 թվականին կնքված հողի վարձակալության թիվ 1858/6-ՊՓ պայմանագիրը, այդ պայմանագրից բխող վարձակալության իրավունքի՝ Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի անվամբ կատարված պետական գրանցումը, Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և հողամասի նկատմամբ ճանաչել վարձակալության իրավունքը:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.04.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արշակ Աբրահամյանը և Աստղիկ Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջնորդությունն ուղղված Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանին, որով փորձաքննություն իրականացնելու համար փորձագետը պահանջել է ներկայացնել որոշակի տեղեկություններ: Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել նաև գործում առկա հայցվորի 13.12.2007 թվականի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ չունի փորձագետի կողմից պահանջված փաստաթղթերը և չի տիրապետում պահանջված տեղեկություններին ու նյութերին: Հետևաբար, պահանջված փաստաթղթերի և տեղեկությունների բացակայության պայմաններում, փորձաքննության իրականացումն օբյեկտիվորեն անհնար էր, իսկ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին հայցվորի միջնորդությունը՝ անհիմն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն պատճառաբանել է, որ վեճի առարկա 48,2քմ մակերեսով շենք-շինության նպատակային օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափը կարող է որոշվել միայն փորձաքննության միջոցով, և, որ այդ չափի որոշումն էական նշանակություն ունի գործի ճիշտ լուծման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ Ընկերությունը միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն:

2. Դատարանը որոշում է կայացրել նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաշինարարական փորձագետներին:

3. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաշինարարական փորձագետները միջնորդել են տրամադրել համապատասխան շինարարական փաստաթղթեր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար:

4. Ընկերության 13.12.2007 թվականի դիմումով, վերջինս հայտնել է, որ չունի փորձագետի կողմից պահանջված փաստաթղթերը և չի տիրապետում պահանջված տեղեկություններին ու նյութերին: Պահանջվող փաստաթղթերի բացակայության պատճառով փորձաքննությունն անկատար է մնացել, ինչը ձևակերպվել է համապատասխան եզրակացությամբ:

5. Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ Ընկերությունը կրկին անգամ միջնորդություն է ներկայացրել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար, սակայն Դատարանն այն մերժել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.   

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը փորձաքննություն նշանակում է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ: Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե´ս Ռազմիկ Սարգսյան և Լիդա Սևոյան ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի՝ առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը):

Չնայած երկրորդ անգամ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Դատարանի որոշումը պատճառաբանված չէ, սակայն Վճռաբեկ դատարանը, սույն քաղաքացիական գործի փաստերի հաշվառմամբ, գտնում է, որ փորձաքննություն նշանակելու մասին Ընկերության միջնորդության մերժումն օրինաչափ է և բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննության իրականացումը մեկ անգամ արդեն իսկ անկատար է մնացել ներկայացված հարցերին պատասխանելու համար Ընկերության կողմից տրամադրման ենթակա փաստաթղթերի բացակայության պատճառով, իսկ նոր փորձաքննություն նշանակելու միջնորդության ներկայացման ժամանակ Ընկերությունը չի ներկայացրել նախորդ փորձաքննության արդյունքներով անհրաժեշտ համարված փաստաթղթերը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննության կատարման համար պահանջվող փաստաթղթերի բացակայության պայմաններում կրկին անգամ փորձաքննության անցկացումը անհարկի կձգձգեր գործի քննությունը՝ հակասելով արդարադատության արդյունավետության շահերին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան