Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (02.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2014.07.16/2(28)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
20.11.2009
Дата подписания
20.11.2009
Дата вступления в силу
02.04.2014

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ՝ Կողմեր),

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրի 8-րդ հոդվածով,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կատարել փոփոխություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրի 5-րդ հոդվածում և գիտատեխնոլոգիական զարգացման Միջպետական կոմիտեի մասին 1995թ. նոյեմբերի 3-ի Կանոնադրության մեջ՝ գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին ստեղծելու վերաբերյալ մասում, և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերն ստեղծում են գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության Միջպետական խորհուրդ (ԳՏՆ ՄԽ), որն իրականացնում է իր գործունեությունը դրա վերաբերյալ` սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Կանոնադրությանը համապատասխան:

2. ԳՏՆ ՄԽ-ն մշակում է գիտատեխնիկական և նորարարության միջպետական տարածության ձևավորման հարցերը, որոշում գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության գերակա ուղղություններն ու ձևերը, իր իրավասության սահմաններում ընդունում, իսկ անհրաժեշտության դեպքում` նախապատրաստում և սահմանված կարգով պետությունների ղեկավարների և ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնում գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խնդիրների լուծմանն առնչվող փաստաթղթերի նախագծեր:

ԳՏՆ ՄԽ որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ և հիմք են համապատասխան հարցերի նախապատրաստման համար, որոնք քննարկվելու են սահմանված կարգով` ԱՊՀ բարձրագույն մարմինների կողմից»:

2. Համաձայնագրի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված ԱՊՀ մասնակից

պետությունների գիտատեխնոլոգիական

ընդհանուր տարածություն ստեղծելու

մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրին կից

 

 ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության հարցերով Միջպետական խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության հարցերով Միջպետական խորհուրդը (այսուհետ` ԳՏՆ ՄԽ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) շրջանակներում համագործակցության գործընթացների համակարգմանն աջակցելու նպատակով:

ԳՏՆ ՄԽ-ն հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության` մշտական գործող համակարգող մարմին, որն իր գործունեությունն իրականացնում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից տրված լիազորությունների շրջանակում և հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդին և Տնտեսական խորհրդին:

Իր գործունեությունն իրականացնելիս ԳՏՆ ՄԽ-ն ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995թ. նոյեմբերի 3-ի Համաձայնագրով, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում կնքված այլ միջազգային պայմանագրերով, պետությունների ղեկավարների Խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի և Տնտեսական խորհրդի որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:

 

 II. ԳՏՆ ՄԽ գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթները

 

2.1. ԳՏՆ ՄԽ գործունեության հիմնական ուղղություններն են.

գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության համակարգումն ամբողջությամբ և դրա առանձին բաղադրիչներով, Համաձայնագրի մասնակից պետություններում համատեղ գիտատեխնիկական և նորարարական ծրագրերի ու նախագծերի աջակցության ֆինանսատնտեսական մեխանիզմների ձևավորումը,

համագործակցության նոր ձևերի զարգացման, այդ թվում՝ պետական աջակցության վերաբերյալ առաջարկությունների մշակումը, որոնք նպաստում են պետությունների գիտատեխնիկական և նորարարական ներուժի արդյունավետ օգտագործմանը համատեղ ծրագրերի իրականացման դեպքում,

ԱՊՀ մասնակից պետությունների գիտահետազոտական և նորարարական տեխնիկական կազմակերպությունների, գիտնականների և մասնագետների միջև ուղիղ կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

 

2.2. ԳՏՆ ՄԽ հիմնական գործառույթներն են.

ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և նորարարական ներուժի վիճակի գնահատումը և մոնիտորինգի անցկացումը,

ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական գիտատեխնիկական և նորարարական համագործակցության զարգացման հետ կապված խնդիրների վերլուծությունը,

Համաձայնագրի մասնակից պետությունների գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության գերակա ուղղությունների որոշումը,

Համաձայնագրի մասնակից պետություններում գիտությանը, տեխնոլոգիային և նորարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ընդհանուր առաջարկությունների նախապատրաստումը,

ԱՊՀ մասնակից պետություններում միջպետական գիտատեխնիկական և նորարարական համագործակցության զարգացման վերաբերյալ ամենամյա զեկուցումների, ինչպես նաև այդ թեմային նվիրված այլ վերլուծական, տեղեկատվական և տպագիր հրատարակությունների նախապատրաստումը,

համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների համակարգումը դրանց անցկացմանը մասնակցող ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնության դեպքում:

 

2.3. ԳՏՆ ՄԽ-ն իր գործառույթներն իրականացնելու համար`

ընդունում է որոշումներ այն իրավասությունների սահմաններում, որոնք տրամադրվել են ԳՏՆ ՄԽ անդամներին իրենց կառավարությունների կողմից,

նախապատրաստում և ԱՊՀ բարձրագույն մարմինների քննարկմանն է ներկայացնում գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր,

ուղարկում է հարցումներ ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններին՝ պետությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, որոնց մասնակից են Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ԳՏՆ ՄԽ իրավասության սահմաններում գտնվող հարցերի առնչությամբ,

ստեղծում է գիտատեխնիկական և նորարարական համագործակցության առանձին կամ առավել կարևոր ուղղություններով ժամանակավոր ստեղծագործական խմբեր և աշխատանքային մարմիններ: Դրանց գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմինների առանձին որոշումով կամ դրանց գործունեության արդյունքներով շահագրգիռ ներդրողների կողմից,

հրավիրում և անցկացնում է լիակազմ նիստեր, իսկ առանձին հարցերով` աշխատանքային խորհրդակցություններ կամ աշխատանքային խմբեր՝ ԳՏՆ ՄԽ իրավասությանն առնչվող փաստաթղթերի նախագծերի մշակման համար,

գործում է` սերտորեն համագործակցելով ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների, ինչպես նաև գիտությունների ակադեմիաների Միջազգային ասոցիացիայի հետ:

 

III. ԳՏՆ ՄԽ աշխատանքների կազմակերպումը

 

3.1. ԳՏՆ ՄԽ կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության մեկական ներկայացուցիչ (ղեկավար կամ տեղակալ), որոնք ԱՊՀ մասնակից պետություններում պատասխանատու են գիտատեխնիկական և նորարարական զարգացման համար:

ԳՏՆ ՄԽ կազմում ընդգրկվում է նաև գիտությունների ակադեմիաների Միջազգային ասոցիացիայի ղեկավարը:

ԳՏՆ ՄԽ որոշմամբ նրա կազմում կարող են ընդգրկվել նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

ԱՊՀ մասնակից պետությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի մեկ ձայն:

Անհրաժեշտության դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների որոշմամբ ԳՏՆ ՄԽ աշխատանքներին կարող են մասնակցել գիտությունների ազգային (պետական) ակադեմիայի, ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների, գիտական շրջանակների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների և երրորդ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

3.2. ԳՏՆ ՄԽ-ն հաստատում է իր աշխատանքների կանոնակարգը:

3.3. ԳՏՆ ՄԽ նիստերն անցկացվում են Համաձայնագրի մասնակից պետություններում՝ հերթականությամբ: Նիստերի անցկացման համար ծախսերը կրում է Համաձայնագրի այն մասնակից պետության գործադիր իշխանության մարմինը, որի ներկայացուցիչը հանդիսանում է Խորհրդի անդամ, և որի տարածքում անցկացվում է նիստը (ընդունող կողմ): ԳՏՆ ՄԽ անդամների գործուղման հետ կապված ծախսերը կրում է Համաձայնագրի մասնակից ուղարկող պետությունը: ԳՏՆ ՄԽ նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, այն վայրում և ժամկետներում, որոնք որոշվում են ԳՏՆ ՄԽ կողմից՝ ընդունող կողմի առաջարկությամբ:

3.4. ԳՏՆ ՄԽ-ն ղեկավարում է նախագահը, որն ընտրվում է Համաձայնագրի մասնակից պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների թվից՝ ռոտացիայի սկզբունքի հիման վրա: Նախագահության կարգն ու ժամկետները որոշվում են ԳՏՆ ՄԽ կողմից՝ դրա աշխատանքների կանոնակարգին համապատասխան: Նախագահը ղեկավարում է ԳՏՆ ՄԽ նիստերը, կազմակերպում դրա աշխատանքը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:

ԳՏՆ ՄԽ նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, ԳՏՆ ՄԽ անդամներից որևէ մեկը մասնակցում է ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից` տնտեսական հարցերով Հանձնաժողովի նիստերին գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության փաստաթղթերի նախագծերի քննարկման դեպքում:

3.5. ԳՏՆ ՄԽ-ն ամեն տարի հաստատում է իր աշխատանքների պլանը, որոշում հարցերի քննարկման ժամկետներն ու կարգը:

3.6. ԳՏՆ ՄԽ-ն ամեն տարի զեկույց է ներկայացնում ԱՊՀ Տնտեսական խորհրդին կատարված աշխատանքների և գալիք տարում նախատեսված միջոցառումների վերաբերյալ:

3.7. ԳՏՆ ՄԽ գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվում է գործադիր մարմին (աշխատակազմ):

Գործադիր մարմնի (աշխատակազմի) կանոնակարգն ընդունվում է ԳՏՆ ՄԽ կողմից` իր նիստի ժամանակ, և հաստատվում է ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից:

3.8. ԳՏՆ ՄԽ որոշումներն ընդունվում են.

համաձայնությամբ` գիտատեխնիկական և նորարարության համաձայնեցված քաղաքականության անցկացման վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելիս և միջպետական գիտատեխնիկական և նորարարության տարածության ձևավորման և գործունեության հետ կապված առաջարկություններ մշակելիս,

պարզ մեծամասնությամբ` ընթացակարգային հարցերի վերաբերյալ»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերն ավելի ուշ են կատարել, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Կատարված է Յալթա քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 20-ին, ռուսերեն, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված օրինակը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 2-ին

 

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995 թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման կապակցությամբ

 

20 նոյեմբերի 2009թ.

 ք. Յալթա

 

«Մոլդովայի Հանրապետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի կատարումից հետո»:

 

 /ստորագրություն/

 

Վլադիմիր Ֆիլատ

Մոլդովայի Հանրապետության Վարչապետ

 

Ուկրաինայի վերապահումը

 

համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 6.2 կետի

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995 թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ

 

20 նոյեմբերի 2009թ.

 

«Բացառությամբ այն դրույթների, որոնք վերաբերում են գիտատեխնիկական և նորարարության քաղաքականության համակարգմանը կամ համաձայնեցմանը»:

 

Ուկրաինայի վարչապետ,
պատվիրակության ղեկավար`

 /ստորագրություն/

Յու. Տիմոշենկո