Գլխավոր տեղեկություն
Номер
N 1910-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.09.2008-29.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.185
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2007
Дата вступления в силу
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1910-Ն

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության, 9-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերության, 4-րդ մասի, 6-րդ մասի, 12-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 25-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) թաղման և դիակիզման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և թաղումների գրանցման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գերեզմանի վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնները՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները՝ համաձայն N 5 հավելվածի.

զ) հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.

է) ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հողատարածքի հատկացման կարգը և չափը` համաձայն N 7 հավելվածի.

ը) վերահուղարկավորման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը,

բ) վրահուղարկավորման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 16
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՂՄԱՆ ԵՎ ԴԻԱԿԻԶՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) գերեզմանատան սահմաններում տրամադրված գերեզմանատեղում հողին հանձնելու (թաղելու) կամ դիակիզելու հետ կապված գործողությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

գերեզմանատան տնօրինություն` համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի, կամ համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից ստեղծված հուղարկավորության կազմակերպման համար օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպություն.

դիակիզարան` մահացածի մարմինը դիակիզելու համար հատուկ վառարաններով, հանգուցյալի հետ հրաժեշտի ծիսակատարման սրահով, դիակների ժամանակավոր պահման սառնարանային համալիրով կահավորված հատուկ կառույց.

աճյունասափոր` չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը` 0,15 մ, երկարությունը` 0,20 մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը.

հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար հատուկ կառուցված պատ:

3. Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորությունն իրականացվում է մահվան վկայականի հիման վրա:

4. Մահվան վկայականը տրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների (գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի) կողմից:

Մահացածի մարմնի հերձման դեպքում մահվան վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշմամբ սահմանված կարգով` մահվան պատճառի մասին պաթոլոգաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրված եզրակացության հիման վրա:

Առանց մահացածի մարմնի հերձման` մահվան վկայականը կարող է տրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:

5. Մահացածի հուղարկավորման տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են` հաշվի առնելով անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ, դրա բացակայության դեպքում, հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը` օրենքով սահմանված կարգով:

6. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` 2,5 քառ. մետր մակերեսով (2,5 մ x 1,0 մ): Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12,0 քառ. մետր, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

7. Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գերեզմանատան տնօրինությանը ներկայացնում է մահվան վկայականը և առաջարկություն հուղարկավորության տեղի ու տեսակի (հողին հանձնում կամ դիակիզում) վերաբերյալ:

8. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ համատեղ որոշում է հուղարկավորության տեղը, ինչպես նաև օրը և ժամը: Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

 9. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական:

10. Ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կատարվում են համապատասխան գրանցումներ: Նշված գերեզմանի վկայականի բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տրվում է գերեզմանի նոր վկայական:

11. Նոր գերեզմանը հատկացվում է օրենքով սահմանված կարգով և չափերով` գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ: երեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ համատեղ տեղում սահմանասյուներով նշում է գերեզմանի սահմանները:

12. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող` մահացածին հողին հանձնելու, դիակիզման նախապատրաստական աշխատանքների (գերեզմանի փորում, թաղման կազմակերպում, գերեզմանի կարգավորում, դիատար և այլ ավտոմեքենաների տրամադրում, դիակիզում) և մատուցվող այլ վճարովի ծառայությունների ցանկը: Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված` մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը հաստատում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը):

14. Աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ կամ ընտանեկան գերեզմանում` դիակիզարանի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

15. Մահացածի հետ հրաժեշտի և հուղարկավորության ծիսակատարությունը կարող է իրականացվել համայնքներում ձևավորված ազգային և կրոնական ավանդույթի համաձայն:

16. Հուղարկավորության ավարտից հետո գերեզմանատան տնօրինությունը գերեզմանի վրա տեղադրում է մետաղյա ցուցանակ, իսկ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու դեպքում փակվում է սալաքարով, որոնց վրա նշվում են հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գերեզմանատեղի (աճյունասափորի) հաշվառման համարը: Մետաղյա ցուցատախտակը և աճյունասափորի սալաքարը պատրաստվում և տեղադրվում են գերեզմանատան տնօրինության միջոցների հաշվին:

17. Հուղարկավորությունը դիակիզման միջոցով կամավոր է: Այն իրականացնելու համար հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գրավոր դիմում է դիակիզարանի տնօրինությանը` ներկայացնելով մահվան վկայականը:

18. Դիակիզարանի պատասխանատու անձը դիակիզման մատյանում կատարում է դիակիզման օրվա ու ժամի վերաբերյալ գրանցում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի պատվերով կազմակերպում է մահացածի մարմնի ընդունումը, հրաժեշտի ծիսակատարությունն ու դիակիզումը: Աճյունասափորը հանձնվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին կամ, նրա բացակայության դեպքում, հարազատներից որևէ մեկին` դիակիզումից հետո մեկ օրվա ընթացքում:

19. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ, նրանց բացակայության դեպքում, մահացածի հուղարկավորությունն ստանձնում է քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

20. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

21. Ինքնությունը չպարզված անձի հուղարկավորությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների համաձայնությամբ` քաղաքացիական գերեզմանատներում հատուկ հատկացված տեղերում: Ինքնությունը չպարզված անձի դիակիզումն արգելվում է` բացառությամբ սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքերի:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են մահացած անձանց հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի անվամբ գերեզմանատներում գերեզմանատեղերի (գերեզմանների) հաշվառման և թաղումների գրանցման կարգն ու մատյանի ձևը` համաձայն ձևի:

2. Թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանները (այսուհետ` մատյան) վարում են տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) կամ նրանց կողմից լիազորված պատասխանատու անձը (կազմակերպությունը)` յուրաքանչյուր գերեզմանատան համար:

3. Մատյանի թերթերը համարակալվում են, կարվում և կնքվում սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների կողմից:

4. Մատյանում գրանցվում են`

ա) գրանցման հերթական համարը, տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,

բ) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը,

գ) մահացածի ծննդյան և մահվան տարեթվերը, ամսաթվերը և ամիսները,

դ) մահվան վկայականի համարը, մահը գրանցող մարմնի անվանումը, գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,

ե) մահացածի վերջին բնակության վայրը,

զ) գերեզմանի վկայականի համարը, գերեզմանի տեղը (ծառուղի, հատված, շարք),

է) գերեզմանի մակերեսը (քառ. մետր)` ընդամենը, այդ թվում` վճարովի,

ը) հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը և մահացածի հետ ազգակցական կապը,

թ) տվյալ գերեզմանում թաղվածների թիվը,

ժ) այլ նշումներ:

5. Մատյանի համապատասխան սյունակներում ստորագրում են գերեզմանի վկայականն ստացողը և գրանցում կատարող պատասխանատու անձը:

6. Մատյանում ուղղումներ և ջնջումներ կատարելն արգելվում է: Անհրաժեշտության դեպքում` կատարված ուղղումները կամ ջնջումները վավերացվում են գրանցման մատյանը վարող պատասխանատու անձի ստորագրությամբ:

7. Մատյանները պահվում են անժամկետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև

Մ Ա Տ Յ Ա Ն

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

Գրանցման
հերթական
համարը,
տարեթիվը,
ամսաթիվը,
ամիսը
Մահա-
ցածի
անունը,
հայրա-
նունը,
ազգա-
նունը
Մահա-
ցածի
ծննդյան
և մահվան
տարե-
թվերը,
ամսա-
թվերը,
ամիսները
Մահվան
վկայականի
համարը,
գրանցող
մարմնի
անվանումը,
գրանցման
տարեթիվը,
ամսաթիվը,
ամիսը
Մահացածի
վերջին
բնակության
վայրը
Գերեզմանի
վկայականի
համարը,
ծառուղի,
հատված,
շարք
Գերեզմանի մակերեսը
(քառ. մ)
Հուղարկավորության
կազմակերպումն
ստանձնող անձը,
ազգակցական կապը
Տվյալ
գերեզ-մանում
թաղված-
ների
թիվը
Այլ նշում-ներ Գրանցում կատարող պատաս-խանատու անձի
ստորա-գրու-
թյունը
ընդա-մենը այդ
թվում` վճա-րովի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
անձնագրի
տվյալները,
ազգակցական
կապը
ստո-
րա-
գրու-
թյունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման


Ձև

էջ 1

Գ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ի  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _ _ _ _ _ _

Գերեզմանատուն __________________________________ ,
ծառուղի __________, հատված ___________, շարք _______ ,
Հողատարածքի չափերը` _____________________________ մ,
Հողատարածքի մակերեսը` ընդամենը` _________________ քառ. մ,
այդ թվում` վճարովի ____________________________ քառ. մ,
Հուշապատ ________________________________________
Հուղարկավորությունն ստանձնած անձ _______________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

_________________________________________________
________________________________________________ ,
Ազգակցական կապը ____________________________________

_____ __________________ 200 թ.




էջ 2

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

NN
ը/կ
Թաղումների և
գերեզմանա-
տեղերի
գրանցման
մատյանում
գրանցման
համարը
տարեթիվը,
ամսաթիվը,
ամիսը
Հանգուցյալի
անունը,
հայրանունը,
ազգանունը
Ծննդյան տարե-
թիվը, ամսա-
թիվը,
ամիսը
Մահվան
տարե-
թիվը, ամսա-
թիվը,
ամիսը
Մահվան
վկայա-
կանի
համարը
Հուղարկա-
վորության
տեսակը
(հողին
հանձնում,
դիակիզում)
Գրանցում
կատարող
պատասխա-նատու անձի
ստորագրու-թյունը
               
               
               
               
               
               

 

Գերեզմանատան տնօրեն ______________

(ստորագրությունը)

_________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

1. Սույն ընդհանուր կանոններով սահմանվում են գերեզմանատների բարեկարգման, պահպանման ու շահագործման (այսուհետ` շահագործում) ընդհանուր կանոնները:

2. Գերեզմանատները շահագործվում են համայնքների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) բյուջեի միջոցների հաշվին:

3. Գերեզմանատների շահագործումն ապահովում է համայնքի ղեկավարը, (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ նրա կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը:

4. Պետական լիազոր մարմինը գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների կազմակերպման բնագավառում իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատները (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանները պահպանվում են բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

6. Գերեզմանատները (դիակիզարանները) կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների հիման վրա` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան:

7. Գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա:

8. Համայնքներում նոր գերեզմանատների կազմակերպման, գործող գերեզմանատների ընդլայնման համար հողատարածքները տրամադրվում և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գերեզմանատները և դիակիզարանները նախագծվում են դրանց համար հատկացված տարածքների ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերի փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

10. Յուրաքանչյուր գործող գերեզմանատան համար համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) հաստատում է գերեզմանատների հողերի օգտագործման հատակագիծը (սխեման), որում նախատեսվում են`

ա) գերեզմանատան զբաղեցրած հողատարածքի սահմանները,

բ) գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին` պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորությամբ,

գ) օրենքով սահմանված չափերով գերեզմանների հատկացման համար տեղամասերը (ծառուղիները, հատվածները, շարքերը) և դրանց օգտագործման հերթականությունը` առանձնացնելով ընտանեկան գերեզմանների, անհատական գերեզմանատեղերի (մեկ անձի) և պատմամշակութային տեղամասերը,

դ) աճյունասափորների տեղադրման համար հուշապատերը,

ե) ճանապարհների ու շավիղների տեղադրությունը, որոնց ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի գերեզմանատան ընդհանուր տարածքի 15 տոկոսը,

զ) կանաչապատման տեղամասերը չպետք է գերազանցեն գերեզմանատան ընդհանուր տարածքի առնվազն 20 տոկոսը,

է) գերեզմանատան շահագործման և գերեզմանատնից օգտվելու համար անհրաժեշտ շինությունները, ենթակառուցվածքները` ելնելով տեղական պայմաններից (ավտոկայանատեղ, սգո արարողությունների սրահ, գրասենյակ, սգո պարագաների ու ծաղիկների վաճառքի կետ, գործիքների վարձույթի կետ, ոռոգման համակարգ, խմելու ջրի ծորակ, հասարակական զուգարան, պարիսպ (ցանկապատ):

11. Ընտանեկան գերեզմանների սահմանների միջև տարածությունը պետք է լինի առնվազն 0,5 մետր: Ընտանեկան գերեզմաններում գերեզմանատեղերի և անհատական գերեզմանատեղերի միջև տարածությունը պետք է լինի մեկ մետր երկարությամբ ու առնվազն 0.5 մետր լայնությամբ:

12. Գերեզմանահորի խորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր: երեզմանահորի հատակն ստորգետնյա ջրերի մակարդակից պետք է առնվազն 2,5 մետր բարձր լինի:

13. Մահացածի աճյունը գերեզմանահորում տեղադրելուց հետո գերեզմանը ծածկվում է 0.5 մետր բարձրությամբ հողաթմբով, որի եզրերը պետք է լինեն գերեզմանահորի չափերից ավելին` գերեզմանահորը մակերևութային ջրերի թափանցումից պաշտպանելու նպատակով:

14. Աճյունասափորների հուշապատի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 2.5 մետր, իսկ երկարությունը՝ գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծին (սխեմային) համապատասխան: Աճյունասափորները տեղադրվում են հուշապատի խորշերում (տրամագիծը` 0,2 մետր, խորությունը` 0,25 մետր) երեք հորիզոնական շարքով: Խորշերի միջև տարածությունն ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով պետք է լինի առնվազն 1,0 մետր: Յուրաքանչյուր աճյունասափորի համար տեղադրվում է սալաքար` 0,5 մ x 0,5 մ չափերով: Հուշապատի համար կարող է օգտագործվել գերեզմանատան պարիսպը:

15. Գերեզմանատան մուտքի մոտ տեղադրվում են գերեզմանատան հատակագիծը և գերեզմանատնից օգտվելու կանոնները:

16. Գերեզմանատան տնօրինությունն ապահովում է գերեզմանատան տարածքի մաքրությունը և կազմակերպում աղբահանությունը:

17. Գերեզմանատան տարածքը պետք է ապահովված լինի մակերևութային ջրերի հեռացման համակարգով:

18. Գերեզմանատան հողատարածքներում, այդ թվում` սանիտարապաշտպանիչ գոտում արգելվում են դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն, ինչպես նաև պտղատու ծառերի ու թփերի տնկումը:

19. Գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա:

20. Գերեզմանատան տարածքում արգելվում է բնակավայրերի խմելու և տնտեսական ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի տեղադրումը` բացառությամբ գերեզմանատան կարիքների համար տեղադրվողների:

21. Գերեզմանատների տեղափոխման դեպքում չի թույլատրվում դրանց զբաղեցրած հողատարածքներն օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻՑ ԵՎ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Սույն կանոններով սահմանվում են գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները:

2. Հուղարկավորությունը գերեզմանատներում և դիակիզումը կատարվում են ամեն օր, ժամը 10.00-18.00-ն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերին, որպես կանոն, հուղարկավորություն և դիակիզում չեն իրականացվում:

3. Գերեզմանատներն այցելուների համար բաց են ամեն օր, ժամը 9.00-20.00-ն:

4. Գերեզմանատան տնօրինությանը հուղարկավորություն կատարելու մասին տեղեկացվում է մեկ օր առաջ:

5. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը (մահացածի հարազատները, մտերիմները) իրավունք ունեն իրենց պատկանող գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

6. Սույն կանոնների 5-րդ կետում նշված շինարարական աշխատանքները կատարելու համար գերեզմանատան տարածք մեքենաների (մեխանիզմների) մուտքը չի արգելվում:

7. Այցելուները գերեզմանների խնամքի և պահպանման համար անհրաժեշտ պարագաներից ու գործիքներից կարող են օգտվել գերեզմանատանը կից վարձույթի կետից:

8. Այցելուները պարտավոր են չաղտոտել գերեզմանատան տարածքը և պահպանել մաքրություն: Այցելուները պարտավոր են ծիսակատարությունների և գերեզմանների խնամքի արդյունքում առաջացած աղբը տեղադրել գերեզմանատան տնօրինության կողմից հատուկ հատկացված տեղերում: Շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած թափոնները հավաքվում և տեղափոխվում են շինարարություն իրականացնող պատասխանատու անձի կողմից:

9. Դիակիզարանից օգտվելու դեպքում մահացածին դիակիզում և աճյունասափորը պատրաստում են ըստ պատվերի ընդունման հերթականության:

10. Գերեզմանների ոչնչացման, պղծման, դրանցում ամրակայված կառույցներին վնաս պատճառելու դեպքում մեղավորները ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը:

2. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որում ընդգրկվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը (հանձնաժողովի նախագահ),

բ) մարզերում` մարզպետը կամ նրա տեղակալը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա տեղակալներից մեկը,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները և այն բնագավառի (մարմնի, կազմակերպության) ներկայացուցիչը, որտեղ աշխատել (գործել) է հանգուցյալը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,

ե) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ),

զ) մահացածի հարազատներից որևէ մեկը:

3. Հանձնաժողովը, մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ, որոշում է թաղման տեղը, քաղաքացիական հոգեհանգստի արարողության տեղը, օրը, ժամը, թաղման թափորի շարժման երթուղին, անհրաժեշտ ավտոբուսների և ավտոմեքենաների թիվը, ինչպես նաև ընդունում է որոշում հանգուցյալի հիշատակը հավերժացնելու նպատակով մահարձանի, հուշաքարի, տապանաքարի (այսուհետ` մահարձան) տեղադրման և գերեզմանի բարեկարգման վերաբերյալ:

(3-րդ կետը խմբ. 04.09.08 N 999-Ն)

3.1. Մահացածի տան պատին հուշատախտակի տեղադրման հետ կապված գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ սահմանված կարգով:

(3.1 կետը լրաց. 04.09.08 N 999-Ն)

4. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից որևէ մեկին նշանակում է հուղարկավորության կազմակերպման պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու անձ) և համապատասխան հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին:

5. Պատասխանատու անձը`

ա) կազմակերպում է թաղման և դիակիզման կարգով նախատեսված համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) պատվիրում է դագաղը և սգո արարողության համար անհրաժեշտ պարագաները,

գ) ապահովում է դիատար ավտոմեքենան, ավտոբուսներ ու ավտոմեքենաներ,

դ) նախապատրաստում և ձևավորում է քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճը (սրահը),

ե) կազմակերպում է մահացածի աճյունի տեղափոխումը քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճ (սրահ), հոգեհանգստի մասնակիցների երթը, պատվո պահակությունը,

զ) թաղումից առնվազն երկու ժամ առաջ ապահովում է գերեզմանահորի պատրաստումը և ձևավորումը, գերեզմանի ու հարակից տարածքի բարեկարգումը,

է) որոշում է մահացածի աճյունը, թաղման թափորի առջևից հանգուցյալի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, ծաղկեպսակները տեղափոխող և գերեզմանում մահացածի աճյունը հողին հանձնող անձանց:

Հանձնաժողովի պատասխանատու անձը սույն կետում նշված աշխատանքների իրականացումը կարող է պատվիրել հուղարկավորության ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` մասնավորապես`

ա. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 1 ձև) հիման վրա հաշվարկված 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումար,

բ. հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 2 ձև) հիման վրա հաշվարկված 342.11 հազ. դրամ հաստատագրված գումար:

(6-րդ կետը խմբ. 04.09.08 N 999-Ն)

6.1. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար սույն կարգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գումարները հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում են հանգուցյալի հարազատներին (առաջին հերթի ժառանգներին) կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին)` որպես աջակցություն:

(6.1 կետը լրաց. 04.09.08 N 999-Ն)

6.2. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար հաստատագրված գումարը տվյալ պահին գործող գներին համապատասխանեցնելու համար կիրառվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կապիտալ ներդրումների միջինացված ինդեքսը:

(6.2 կետը լրաց. 04.09.08 N 999-Ն)

7. Մահացածի հարազատների ցանկությամբ` սեփական միջոցներով կարող են կատարվել թաղման և դիակիզման կարգին չհակասող լրացուցիչ արարողություններ` համաձայնեցնելով հանձնաժողովի պատասխանատու անձի հետ:

8. Հոգեհանգստի դահլիճում (սրահում) պատվո պահակները կանգնում են մահացածի աճյունի չորս անկյունում` դեմքով դեպի դագաղը:

9. Քաղաքացիական հոգեհանգստի ավարտից հետո դուրս է բերվում մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, դագաղի կափարիչը, դագաղը և դրվում դիատարի վրա, ու թաղման թափորը շարժվում է դեպի գերեզմանատուն` հետևյալ հերթականությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան,

մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները և ծաղկեպսակները տանող ավտոմեքենան,

դիատար ավտոմեքենան,

մահացածի հարազատների ավտոմեքենաները,

նվագախմբի ավտոմեքենան,

շտապօգնության մեքենան,

թաղման մասնակիցներին տեղափոխող (այդ թվում` անձնական օգտագործման) ավտոմեքենաները:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը կազմակերպում է թաղման թափորի երթը և ապահովում հրաժեշտի արարողության ու գերեզմանատեղի անվտանգությունը:

11. Հանձնաժողովի պատասխանատու անձը գերեզմանատանը կազմակերպում է թաղման միտինգը:

12. Մահացածի աճյունը հողին հանձնելու արարողությունը, հարազատների ցանկությամբ, կարող է կազմակերպվել ըստ ազգային և կրոնական ավանդույթների:

13. Պատասխանատու անձի կողմից որոշված անձինք ապահովում են գերեզմանահորում մահացածի աճյունի տեղադրումը, գերեզմանաթմբի ձևավորումը, մահացածի նկարի տեղադրումը և գերեզմանի հաշվառման ցուցանակի ամրացումը:

14. Թաղման արարողությունն ավարտվում է` ցավակցություն արտահայտելով մահացածի հարազատներին ու մտերիմներին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
(N1 ձև լրաց. 04.09.08 N 999-Ն)

 

Ձև N 2

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
(N2 ձև լրաց. 04.09.08 N 999-Ն)

 


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար, բացի օրենքով նախատեսված` անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքից, վճարովի հիմունքներով լրացուցիչ տարածք տրամադրելու հետ կապված գործընթացները:

2. Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի տարածք հատկացվում է չորսից ավելի անդամ ունեցող ընտանիքներին` միայն որպես գերեզմանատեղ օգտագործելու իրավունքով: Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 10,0 քառ. մետր:

3. Վճարովի հողատարածքը հատկացվում է բաց գերեզմանատներում հերթական թաղում իրականացնելու ժամանակ գոյություն ունեցող գերեզմանին կից ազատ տարածքի առկայության դեպքում և նոր ընտանեկան գերեզման հատկացնելու դեպքում` ըստ գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծի (սխեմայի) և թաղումների հերթականության:

4. Արգելվում է վճարովի հողատարածքների հատկացումը մասնակի փակ գերեզմանատներում:

5. Գոյություն ունեցող գերեզմանին կից վճարովի հողատարածքի հատկացումը չպետք է խախտի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) և խոչընդոտի հարևան գերեզմանների ու անցումների օգտագործումը:

6. Բաց կամ նոր կազմավորվող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում), ելնելով տեղական պայմաններից, կարող են նախատեսվել առանձին հատվածներ (ծառուղիներ)` ընտանեկան գերեզմանների կազմավորման համար, ներառյալ վճարովի հողատարածքները:

7. Գերեզմանատան տնօրինությունը վճարովի տարածքը հատկացնում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի և մահացածի ընտանիքի անդամների կազմի մասին համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

8. Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը որոշում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը)` օրենքով սահմանված կարգով, ըստ տվյալ գոտու համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների:

9. Հատկացված հողատարածքի արժեքը վճարվում է համայնքի բյուջե (Երևանում` Երևանի քաղաքապետարան), կատարված վճարման դիմաց տրվում է անդորրագիր: Ստացված միջոցներն օգտագործվում են գերեզմանատների պահպանման ու շահագործման համար:

10. Գերեզմանատան տնօրինությունը վճարման անդորրագրի հիման վրա համապատասխան նշում է կատարում գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում) և գրանցում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման ու թաղումների գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում:

11. Գերեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ տեղում նախանշում է վճարովի հողատարածքի տեղը, չափերը և սահմանասյուներով նշում գերեզմանի սահմանները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 8
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են վերահուղարկավորման հետ կապված գործընթացները:

2. Մահացածի հարազատների ցանկությամբ` մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին:

3. Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հարազատի դիմումի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության հիման վրա:

Մահացածի հարազատն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:

4. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի ներկայացուցիչների պարտադիր ներկայությամբ, անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

5. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում է:

6. Հանված աճյունը (աճյունի մնացորդները) փաթաթվում է բամբակյա կտորով և տեղադրվում պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տեղադրվում է փայտյա արկղի կամ դագաղի մեջ և տեղափոխվում նոր գերեզման: Նոր գերեզմանում թաղելուց առաջ աճյունը (աճյունի մնացորդները) հանվում է պոլիէթիլենային պարկից:

7. Նախկին և նոր գերեզմանների գերեզմանատների տնօրինությունները վերահուղարկավորման մասին գրանցումներ են կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյաններում ու գերեզմանների վկայականներում:

8. Գերեզմանատների տեղափոխման դեպքում վերահուղարկավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան