ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 սեպտեմբերի 2008 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ` ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակն է Եվրոպական ներդրումային բանկի օգնությամբ հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը՝ վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով:
3. Համաձայնագրում ամրագրված են միջոցների փոխանցման կարգը, ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցույթների (տենդեր) կարգը, կողմերի արտոնությունները:
4. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Եվրոպական ներդրումային բանկին վերաբերող շահաբաժինները և բոլոր մնացած վճարումները, որոնք բխում են համաձայնագրից, ինչպես նաև նման գործողությունների հետ կապված բանկի ակտիվներն ու եկամուտներն ազատել հարկերից,
● երաշխավորել, որ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման համար կնքված պայմանագրերը հարկային, մաքսային և այլ հարցերի մասով օգտվեն ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան այն պայմաններն են, որոնք սահմանված են ցանկացած այլ միջազգային ֆինանսական կազմակերպության համար՝ ընտրելով դրանցից ամենաբարենպաստը,
● առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության չիրականացնել բռնագրավում, սեփականազրկում կամ ցանկացած այլ միջամտություն ծրագրի ակտիվների կամ եկամուտ ստեղծելու կարողության նկատմամբ, եթե դրանք անհրաժեշտ չեն ծրագրի առնչությամբ առաջացած պարտքի տոկոսները վճարելու համար,
● ապահովել, որպեսզի Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվի լիարժեք իրավունակությունից, ներառյալ, մասնավորապես, պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու, տնօրինելու և դատավարություններում որպես կողմ հանդես գալու իրավունքները,
● Բանկին ազատ մուտք տրամադրել ՀՀ ֆինանսական շուկա՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության,
● երաշխավորել, որ Բանկի ակտիվները ենթակա չդառնան խուզարկության և սեփականազրկման բոլոր ձևերի կիրառման, տույժի գանձման և պարտքի դիմաց գույքի բռնագրավման ու ցանկացած նման միջոցի կիրառման՝ նախքան իրավասու դատարանի կողմից Բանկի դեմ վերջնական որոշում կայացնելը,
● ապահովել, որ Բանկի պաշտոնյաները և աշխատակիցները (բացառությամբ ՀՀ քաղաքացիների) օգտվեն անձեռնմխելիությունից՝ պաշտոնական դիրքում կատարած գործողությունների համար և տրամադրել դիվանագիտական արտոնություններ և միջոցներ՝ պաշտոնական հաղորդակցության, փաստաթղթերի փոխանցման և ճանապարհորդության համար,
● երաշխավորել, որ Հայաստանի դատարաններն իրավասու են ճանաչել համապատասխան ընդդատության դատարանի կամ տրիբունալի՝ պատշաճ դատական ընթացակարգով տրված վերջնական որոշումը, և ապահովել ցանկացած նման որոշման իրականացումը՝ ըստ գործող ազգային կանոնների և ընթացակարգերի,
● հրաժարվել անձեռնմխելիությունից և իրավասու դատարանի կամ տրիբունալի, այդ թվում՝ Եվրոպական համայնքների արդարադատության դատարանի ընդդատության վիճարկման իրավունքից,
● ժամանակին տեղեկացնել Բանկին իր կողմից ձեռնարկված ցանկացած միջոցառման, օրինակ՝ օրենսդրության փոփոխության մասին, որոնք կարող են նյութապես անդրադառնալ Բանկին վերապահված իրավունքների և շահերի վրա:
5. Համաձայնագիրը սահմանում է նաև այն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը, ժամկետները, ինչպես նաև համաձայնագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերի լուծման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի փետրվարի 12-ին` Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
12 սեպտեմբերի 2008 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|