Գլխավոր տեղեկություն
Номер
N 348-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2008-26.09.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.07.22/25(299) Հոդ.236
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.07.2008
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.07.2008
Дата вступления в силу
01.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

  N 348-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀԱՂՈՐԴՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց միջև օպերատիվ փոխհարաբերությունների կարգը (հավելված)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 112-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 348-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀԱՂՈՐԴՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Արտադրող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

Բաշխման համակարգի

օպերատոր

(Բաշխողի օպերատոր)՝

 

Բաշխողի կազմում գտնվող բաշխման համակարգի կարգավարում իրականացնող ստորաբաժանում.

Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձ.

Օպերատիվ անձնակազմ`

օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Բաշխողի հետ Արտադրողի և Հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կարգով։

3. Բաշխողի օպերատորի օպերատիվ վարույթի և կառավարման կամ օպերատիվ վարույթի (այսուհետ` օպերատիվ ենթակայության) հանձնելու ենթակա սարքավորումների և սարքվածքների ցանկը սահմանում է Բաշխողի օպերատորը: Այդ ցանկում ներառվում են Արտադրողի ու Հաղորդողի այն սարքավորումները և սարքվածքները, որոնք չեն ներառվել Համակարգի օպերատորի սահմանած ցանկում, և որոնց կարգավարումը Բաշխողի կողմից անհրաժեշտ է իր գործունեության լիցենզիայով վերապահված գործառույթներն իրականացնելու համար:

4. Բաշխողի և Արտադրողի, Հաղորդողի միջև օպերատիվ փոխհարաբերությունները, այդ թվում` Արտադրողի, Հաղորդողի կողմից իրենց սեփականությունը հանդիսացող սարքավորումները և սարքվածքները Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո հանձնելու ընթացակարգը, կանոնակարգվում է սույն կարգի N 1 հավելվածով:

5. Բաշխողի օպերատորի oպերատիվ ենթակայության ներքո գտնվող ռելեական պաշպանության և ավտոմատիկայի սարքվածքների կարգավարման ընթացքում Բաշխողի հետ Արտադրողի և Հաղորդողի փոխհարաբերությունների կարգը սահմանվում է սույն կարգի N 2 հավելվածով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲԱՇԽՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բաշխողը պարտավոր է`

1) իրականացել Արտադրողի և Հաղորդողի` իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների կարգավարումը` հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների համար սահմանված տեխնիկական հարաչափերը.

2) իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին տեղեկացնել էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին` դրանց քննությունը կազմակերպելու համար.

3) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

4) տրամադրել Արտադրողին և Հաղորդողին անհրաժեշտ տեղեկություններ և նրանց պահանջով ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ.

5) Արտադրողի և Հաղորդողի սահմանած կարգով նրանց տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են`

1) Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայությանը հանձնել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված սարքավորումները և սարքվածքները.

2) կատարել Բաշխողի օպերատորի` իր իրավասությունների սահմաններում տրված օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` բացառությամբ սույն կարգի N 1 հավելվածի 25-րդ կետով սահմանված դեպքերի.

3) ապահովել Բաշխողի օպերատորի ներկայացուցիչների անարգել մուտքը իրենց տնօրինության (տիրապետման) տակ գտնվող տարածքները` իր իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման համար.

4) ապահովել իրենց կայանքներում տեղադրված՝ Բաշխողի կապի միջոցների և տեղեկատվական (հեռուստամեխանիկայի) սարքերի պահպանումը.

5) անհապաղ հայտնել Բաշխողի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

6) Բաշխողի օպերատորի հետ համաձայնեցնել նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները:

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 348-Ն որոշմամբ հաստատված
կարգի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԲԱՇԽՈՂԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԻ, ՀԱՂՈՐԴՈՂԻ ՄԻՋԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բաշխողը պարտավոր է Արտադրողին և Հաղորդողին, իսկ վերջիններս էլ Բաշխողին մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներկայացնել`

1) իրենց ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

2. Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը Բաշխողին են ներկայացնում իրենց` Համակարգի օպերատորի սահմանած ցանկում չներառված սարքավորումների և սարքվածքների միացման սխեմաները` նշելով դրանց հարաչափերը:

3. Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Բաշխողը սահմանում և Արտադրողին ու Հաղորդողին է ներկայացնում իր օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա Արտադրողի և Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների ցանկը:

4. Սույն հրահանգի 3-րդ կետով նախատեսված սարքավորումների և սարքվածքների հանձնումը Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայությանը կատարվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 25-ը` համապատասխանաբար Բաշխողի ու Արտադրողի և Բաշխողի ու Հաղորդողի տեխնիկական ղեկավարների միջև կնքված համաձայնագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Բաշխողի օպերատորի հերթափոխի կարգավարները (այսուհետ` Բաշխողի հերթապահ կարգավարները) հերթապահության ընթացքում հանդիսանում են Արտադրողի և Հաղորդողի հերթափոխում գտնվող Օպերատիվ անձնակազմի (այսուհետ` հերթապահ անձնակազմի) օպերատիվ ղեկավարները (վերադասները)՝ իրենց իրավասության սահմաններում:

6. Արտադրողի և Հաղորդողի սարքավորումները և սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`

1) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,

2) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Արտադրողի կամ Հաղորդողի օպերատիվ կառավարման ներքո,

3) Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,

4) Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո:

7. Սույն հրահանգի 6-րդ կետի 3) ենթակետով նախատեսված դեպքում սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է համապատասխան հերթապահ անձնակազմը` Բաշխողի հերթապահ կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

8. Սույն հրահանգի 6-րդ կետի 4) ենթակետով նախատեսված դեպքում սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է համապատասխան հերթապահ անձնակազմը՝ Բաշխողի հերթապահ կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են ներքին հրահանգների համաձայն:

9. Արտադրողի և Հաղորդողի հերթապահ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Բաշխողի հերթապահ կարգավարին վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ՆՈՐՈԳՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու սարքվածքների վրա աշխատանքները կատարվում են նորոգման կամ այլ նպատակով աշխատանքից դուրս բերման հայտի (այսուհետ` հայտ) համաձայն: Հայտերը տրվում են սույն հրահանգի 1-ին կետում նշված ցուցակներում ներառված աշխատակիցների կողմից: Եթե սարքավորումը կամ սարքվածքը միաժամանակ գտնվում է նաև էլեկտրաէներգետիկական համակարգի այլ լիցենզավորված անձի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո, ապա հայտը տրվում է և´ Բաշխողի օպերատորին, և´ այդ լիցենզավորված անձին: Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխարկումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև Արտադրողի և Հաղորդողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և Բաշխողի տեխնիկական ղեկավարի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը:

11. Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

12. Պլանային նորոգումների համար հայտերը հաղորդվում են Բաշխողի օպերատորի կարգավարին` ժամը 1100-1500-ն, հետևյալ օրերին.

1) երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,

2) երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,

3) չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,

4) հինգշաբթի` շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերի համար,

5) ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,

6) շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին հայտեր չեն ընդունվում:

13. Սարքավորման վթարային անջատման կամ այն անհապաղ ձեռքով անջատելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում սարքավորման անջատվելուց հետո տրվում է շտապ հայտ՝ նորոգման աշխատանքներ կատարելու կամ աշխատանքների ծավալն ու կատարման ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

14. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

15. Սարքավորման կամ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու համար հայտը հաղորդվում է թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման ժամկետը, ժամը և պատճառը։

16. Բաշխողի օպերատորի կարգավարը հայտերի պատասխանները հայտնում է Արտադրողին և Հաղորդողի հերթապահ անձնակազմին աշխատանքներն սկսելու կամ շարունակելու նախօրյակին` մինչև ժամը 1400-ն:

17. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Արտադրողի և Հաղորդողի հերթապահ անձնակազմը պարտավոր է Բաշխողի հերթապահ կարգավարից թույլտվություն ստանալ՝ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Բաշխողի հերթապահ կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը՝ ելնելով իրավիճակից:

18. Բաշխողի հերթապահ կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը` այդ մասին համապատասխան գրանցում կատարելով օպերատիվ մատյանում:

19. Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման կամ սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված՝ դրանք պահուստավորելու կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները և սարքվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է սարքավորման նորոգման թույլատրված ժամկետի մեջ:

20. Եթե Արտադրողը կամ Հաղորդողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա Բաշխողի հերթապահ կարգավարին հայտնում է աշխատանքը չկատարելու պատճառը:

21. Եթե Արտադրողը կամ Հաղորդողը թույլատրված հայտով աշխատանքը չեն կատարում Բաշխողի հերթապահ կարգավարի չթույլատրելու պատճառով, ապա վերջինս հայտնում է աշխատանքների կատարումը չթույլատրելու պատճառը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

22. Բաշխողի հերթապահ կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

2) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

3) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

4) միացման կամ անջատման,

5) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

23. Բաշխողի հերթապահ կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին հաղորդագրությունը գրանցվում են Բաշխողի հերթապահ կարգավարի և Արտադրողի, Հաղորդողի հերթապահ անձնակազմի օպերատիվ մատյաններում:

24. Ստանալով Բաշխողի հերթապահ կարգավարից կարգադրությունը, Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահ անձնակազմը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել Բաշխողի հերթապահ կարգավարին: Եթե Արտադրողի կամ Հաղորդողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ վերադաս կարգավարներից:

25. Բաշխողի հերթապահ կարգավարների կարգադրությունները Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահ անձնակազմը պարտավոր է կատարել անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորման պահպանությանը սպառնացող դեպքերի, ինչպես նաև այն դեպքերում, երբ կատարում է Համակարգի օպերատորի հերթապահ կարգավարի կարգադրությունները: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա պետք է հիմնավորված առարկություն ներկայացնի: Բաշխողի հերթապահ կարգավարի կողմից կարգադրությունը հաստատվելու դեպքում Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահ անձնակազմը պարտավոր է այն կատարել: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր տեխնիկական ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

26. Բաշխողի հերթապահ կարգավարի կարգադրության չկատարման կամ անհիմն ուշացման համար պատասխանատվությունը կրում է կարգադրությունը չկատարող անձը կամ նրա ղեկավարը, եթե կարգադրությունը չի կատարվել վերջինիս պահանջով:

27. Բաշխողի հերթապահ կարգավարն իրավունք ունի իր տեխնիկական ղեկավարի միջոցով Արտադրողի կամ Հաղորդողի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրենց օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

28. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

29. Օպերատիվ խոսակցություններն իրենց մեջ ներառում են`

1) Բաշխողի օպերատորի կարգավարի կարգադրությունները Արտադրողի և Հաղորդողի հերթապահ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

2) Արտադրողի և Հաղորդողի հերթապահ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

30. Օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունի սույն հրահանգի 1-ին կետով նախատեսված ցուցակներում ընդգրկված օպերատիվ անձնակազմը:

31. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ օպերատիվ անձնակազմերը պարտավոր են միմյանց դիմել միայն պաշտոնապես՝ ազգանունով։

32. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի:

33. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

34. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ չի թույլատրվում վարել փոխարկումներին չվերաբերող խոսակցություն:

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թվականի հուլիսի 2-ի
N 348-Ն որոշմամբ հաստատված
կարգի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Բաշխողի հետ Արտադրողի և Հաղորդողի փոխհարաբերությունները Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ռելեական պաշպանության և ավտոմատիկայի (այսուհետ` ՌՊԱ) սարքվածքների կարգավարման ընթացքում:

2. Արտադրողը և Հաղորդողը պատասխանատու են իրենց սեփականությունը հանդիսացող ՌՊԱ սարքվածքների տեխնիկական վիճակի համար:

3. Սույն հրահանգում նշված առաջադրանքները և տեղեկատվությունը Բաշխողը Արտադրողին և Հաղորդողին, իսկ վերջիններս էլ Բաշխողին պարտավոր են ներկայացնել գրավոր` տեխնիկական ղեկավարի ստորագրությամբ: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի միջոցով: Առաջադրանքները պետք է կատարվեն նշված ժամկետում և կատարման մասին տրվի գրավոր պատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը Բաշխողի համաձայնեցմանն են ներկայացնում Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊԱ սարքվածքների հաջորդ տարվա պլանային ստուգումների գրաֆիկները:

5. Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը Բաշխողի օպերատորի համաձայնեցմանն են ներկայացնում վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊԱ սարքվածքների դրվածքների քարտերը:

6. Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Բաշխողը Արտադրողին և Հաղորդողին է ներկայացնում`

1) իր կողմից համաձայնեցված ՌՊԱ սարքվածքների դրվածքների քարտերը,

2) ՌՊԱ սարքվածքների փոփոխման ենթակա կամ նոր դրվածքների վերաբերյալ առաջադրանքները,

3) ՌՊԱ սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները:

7. Բաշխողը հաշվարկում և կատարման համար Արտադրողին և Հաղորդողին է առաջադրում ՌՊԱ սարքվածքների դրվածքների անհրաժեշտ հարաչափերը և հսկում կատարումը:

8. Արտադրողը և Հաղորդողը Բաշխողի պահանջով վերջինիս են ներկայացնում իրենց սարքավորումների և սարքվածքների վերաբերյալ տեխնիկական լրացուցիչ տվյալները:

9. Բաշխողից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

10. Վթարային անջատումների դեպքում, Բաշխողի օպերատորի պահանջով, Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միակցման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

11. Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, Բաշխողի օպերատորի պահանջով Արտադրողը և Հաղորդողը կատարում են հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում Բաշխողի օպերատորին:

12. Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են Բաշխողի օպերատորին անմիջապես տեղեկացնել իրենց տարածքում տեղակայված ՌՊԱ սարքվածքների խափանումների դեպքերի մասին:

13. Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են հնարավորին սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Բաշխողի օպերատորին:

14. Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են պլանային և արտապլամային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Բաշխողին ստուգումներից անմիջապես հետո:

15. Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են Բաշխողի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում: