Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.23/47(637)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.06.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
20.06.2008
Дата вступления в силу
20.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0178/05/08

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0178/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

   

Վ. Աբելյանի

 

   

 Ս. Սարգսյանի

 

   

 Դ. Ավետիսյանի

   

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դավթաշենի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի` 328.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանից բռնագանձել 328.100 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի (այսուհետ` Վարչական դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վարչական դատարանը խախտել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 11-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը հիմք է ընդունել միայն Արման Չանախչյանի կողմից ներկայացված փաստարկները անտեսելով այն հանգամանքը, որ վերջինիս նկատմամբ կազմված ակտն ամբողջությամբ համապատասխանում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Կազմված ակտը ստորագրվել է Արման Չանախչյանի կողմից առանց որևէ առարկության, սակայն ակտով առաջադրված գումարը սահմանված ժամկետում չի վճարվել, ինչի պատճառով տուգանքի գումարը կրկնապատկվել է: Ստուգման ակտը կազմվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հիմքով, քանի որ Արման Չանախչյանն իրականացրել է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որի դեպքում պարտավոր էր ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենա, որը սակայն չի ունեցել: Փաստորեն տնտեսվարողի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ է: Մինչդեռ, Վարչական դատարանը հիմնվելով Արման Չանախչյանի հայտարարության վրա, ըստ որի` տնտեսվարող սուբյեկտի փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ չեն եղել գործունեություն ծավալելու համար, գտել է, որ Արման Չանախչյանը հանրային սննդի ոլորտում գործունեությամբ չի զբաղվել: Արդյունքում Վարչական դատարանը եզրահանգել է, որ տնտեսվարող սուբյեկտը տվյալ դեպքում պարտավոր չէր հսկիչ-դրամարկղային մեքենա ունենալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և գործ ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) 04.05.2007 թվականին Արման Չանախչյանը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Մաշտոցի տարածքային բաժնում և ստացել անհատ ձեռնարկաատիրոջ պետական գրանցման թիվ 108504 վկայականը:

2) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 06.06.2007 թվականի թիվ 2320107 հանձնարարագրի հիման վրա Արման Չանախչյանի մոտ կատարված ստուգման արդյունքում 11.06.2007 թվականին կազմվել է թիվ 2320107 ակտը:

3) Վերոհիշյալ ստուգման արդյունքում արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանը Դավիթ Բեկի փողոցի 91/1 հասցեում զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ և չունի տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենա:

Արման Չանախչյանը ստորագրել է ակտը՝ առանց որևէ առարկություն ներկայացնելու:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը` 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի գործունեության կազմակերպման համար:

Օրենքի վերոհիշյալ նորմի համաձայն՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը պարտադիր է հանրային սննդի գործունեության կազմակերպման դեպքում մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս: Այսինքն հսկիչ-դրամարկղայիրն մեքենաների տեղադրման փաստական հիմքը հանրային սննդի գործունեության կազմակերպման դեպքում մանրածախ վաճառք կամ բնակչությանը ծառայություններ մատուցելու փաստն է:

Հետևաբար, սույն գործով ապացուցման ենթակա միակ փաստը դա անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայությամբ վերոհիշյալ ոլորտում համապատասխան գործունեության իրականացնելն է: Իսկ տվյալ փաստը հիմնավորված է այն հանգամանքով, որ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանը ստորագրել է վերոհիշյալ խախտումն արձանագրած ստուգման ակտը՝ առանց որևէ առարկություն ներկայացնելու:

Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի կողմից ստուգողներին ներկայացված հայտարարությանը, ապա հայտարարությամբ չի նշվել, թե ինչպիսի փաստաթղթեր են գտնվում ձևակերպման փուլում և ինչպիսիք պետք է ներկայացվեն հարկային տեսչությանը, որպիսի պայմաններում հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն փաստը, որ տնտեսվարող սուբյեկտը ստուգման ժամանակ չի զբաղվել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Տվյալ դեպքում Վարչական դատարանը չի կատարել գործում եղած բոլոր ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն, ինչի արդյունքում ստուգման ժամանակ տնտեսվարողի կողմից հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հարցում հանգել է սխալ հետևության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

  

Վ. Աբելյան

  

Ս. Սարգսյան

  

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան