Գլխավոր տեղեկություն
Номер
N 1167-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.11.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1107
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2008
Дата вступления в силу
08.11.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1167-Ն

 

ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքվող պայմանագրի պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

I. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) պայմանները տարածվում են ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող բոլոր մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) և փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրող) վրա:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Լիազոր մարմնի և փոխադրողի միջև կնքվող պայմանագրի պայմաններն են`

1) լիազոր մարմինը պարտավոր է`

ա. երթուղու ուղեգծի և շարժման չվացուցակի փոփոխության անհրաժեշտության դեպքում նախապես տեղեկացնել փոխադրողին,

բ. փոխադրողի առաջարկությամբ երթուղու ուղեգծի կամ շարժման չվացուցակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քննարկել առաջարկությունը և դրա մասին նախապես տեղեկացնել փոխադրողին,

գ. ավտոբուսների երթևեկության անվտանգությանն սպառնացող գործոնների կամ երթուղում շարժման սահմանափակման (դադարեցման) հետևանքով ավտոբուսների շահագործման անհնարինության կամ սահմանափակման մասին տեղեկացնել փոխադրողին,

դ. փոխադրողին տեղեկացնել երթուղու սպասարկման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին,

ե. սահմանել երթուղու սպասարկման հետ կապված` փոխադրողի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարման չափերը, վճարման կարգը և վճարման ժամկետները.

2) փոխադրողը պարտավոր է`

ա. ապահովել ավտոբուսի տեխնիկական սպասարկումները, ընթացիկ նորոգումները և դրանց հաշվառումը,

բ. երթուղու որևէ հատվածում երթևեկության հարկադրված դադարեցման կամ սահմանափակման դեպքում (շինարարական աշխատանքներ և այլն) դրա մասին անհապաղ տեղեկացնել հերթապահ երթակարգավարին և նրա հրահանգավորումից հետո միայն երթուղին ժամանակավորապես շահագործել այլ ուղեգծով և չվացուցակով,

գ. ապահովագրել երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» N 1608-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգի պահանջներին համապատասխան.

3) պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխություններ կատարելու կարգը, պայմանագրի գործողության դադարեցման հիմքերը.

4) պայմանագրի պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

5) կողմերի միջև ծագած վիճելի հարցերի լուծման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան