Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.693
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2008
Дата вступления в силу
12.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 591-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 591-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս վերադարձելիության և ժամկետայնության սկզբունքով, առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով, ֆինանսական միջոցների ուղղման գործընթացը (այսուհետ` հատկացում):

2. Սույն կարգի իմաստով համայնքի ֆոնդային բյուջեում ժամանակավոր ազատ միջոց է համարվում, հայտի կազմման օրվանից մինչև հատկացման վերադարձման օրվա եռամսյակի ավարտն ընկած ժամանակահատվածի համար, համայնքի ֆոնդային բյուջեում առկա միջոցների (մուտքերի) և նույն բյուջեում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված ծախսերի (ելքերի) տարբերությունը:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս հատկացումները կարող են կատարվել համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով` բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում համայնքի վարչական բյուջեում` պարտադիր լիազորությունների կատարման հետևանքով առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) դեպքում:

4. Հատկացման չափը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

5. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս հատկացումը կատարվում է համայնքի ավագանու առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

6. Հատկացումը ենթակա է վերադարձման նույն բյուջետային տարվա ընթացքում:

 

II. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻՑ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԸ ԿԱԶՄԵԼԸ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼԸ

 

7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս հատկացում կատարելու նպատակով, համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում որոշման նախագիծ:

8. Համայնքի ավագանու կողմից համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս հատկացում կատարելու մասին դրական որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը համապատասխան գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն: Համայնքի ղեկավարի գրությանը կից ներկայացվում է հայտը, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը`

1) համայնքի ավագանու որոշումը հատկացման մասին.

2) հատկացման չափը` ըստ առանձին ծրագրերի (ծրագրի), ծախսերի և օգտագործման ուղղությունների, ինչպես նաև վերադարձման ժամկետը.

3) համայնքն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական ստորաբաժանման կազմած տեղեկանքը` համայնքի տվյալ բյուջետային տարվա համար, բյուջեով նախատեսված և դրա դիմաց փաստացի մուտքագրված եկամուտների, նշված բյուջեով նախատեսված ու դրա դիմաց փաստացի կատարված ծախսերի, ինչպես նաև համայնքի կողմից նախորդ և ընթացիկ բյուջետային տարիների ընթացքում ստացված փոխատվությունների և հատկացումների ու դրանց մարման, ինչպես նաև տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ համայնքի բյուջեի ֆոնդային և վարչական մասերում միջոցների մնացորդների մասին:

9. Գանձապետական ստորաբաժանման կազմած տեղեկանքը համայնքի ղեկավարին է տրամադրվում նշված տեղեկանքն ստանալու մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը 10-օրյա ժամկետում քննարկում է ներկայացված հայտը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, եթե առկա չեն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված մերժման հիմքերից որևէ մեկը:

11. Հայտի մերժման հիմքերն են`

1) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին.

2) փաստաթղթերում ներկայացված տվյալների անհամապատասխանությունը համայնքի տվյալ տարվա համար հաստատված բյուջեի ցուցանիշներին.

3) եթե նախորդ հատկացումը դեռ չի վերադարձվել:

 

III. ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտն ամբողջ ծավալով համայնքի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձվելու դեպքում համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարներ վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

13. Հատկացման մարումը նախատեսված ժամկետից ուշացվելու դեպքում համայնքի վարչական բյուջեի բոլոր մուտքերն առաջնայնության կարգով փոխանցվում են ֆոնդային մաս` մինչև ամբողջ գումարի մարումը:

14. Հատկացումները ձևակերպվում են որպես համայնքի բյուջեի վարչական մասի մուտքեր և ֆոնդային մասից ելքեր` վարչական մասի դեֆիցիտի ֆինանսավորման համար, իսկ դրանց մարումը` վարչական մասից ելքեր և ֆոնդային մասի մուտքեր` ներգրավված ֆինանսական միջոցների վերադարձից:

15. Հատկացումների տրամադրման, վերադարձման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվություններ կազմելու և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան