ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-4178/2008 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-422(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անդրե Ջելոյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 18.01.2007 թվականի վճիռը՝ ըստ հայցի Ռուզաննա Խաչիկյանի ընդդեմ Անդրե Ջելոյանի՝ համատեղ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու, 10-րդ շենքի, թիվ 10 բնակարանի համատեղ սեփականատեր:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրե Ջելոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուզաննա Խաչիկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Գործով դատաքննության ժամանակ չեն հաստատվել հայցվորի անձնական միջոցների հաշվին վերանորոգում կատարելու, ինչպես նաև վերանորոգման հետևանքով բնակարանի արժեքը նշանակալի չափով ավելանալու փաստերը: Գործում առկա ապացույցներից հետևում է, որ վերանորոգման գումարները հայցվորը ստացել է պատասխանողի անձնական միջոցներից, իսկ բնակարանի գնի աճի՝ մոտ 4 անգամ բարձր լինելը ոչ թե վերանորոգման, այլ անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքի աճի հետևանք է:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի գնահատել «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի 2007 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 04/01-383 գրությունը, որով հաստատվում է այն փաստը, որ 2002 թվականի հունվարից 2007 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Արաբկիր համայքնում բնակարանների 1 քմ-ի արժեքի բնականոն աճի գործակիցն աճել է 4.89 անգամ:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել «Պեի Դե Լա Լուարի Խնայբանկ»-ի 24.10.2007 թվականի տեղեկանքը և քաղվածքները, որոնցով հաստատվում է այն փաստը, որ պատասխանողը Ռուզաննա Խաչիկյանի հաշվեհամարին է փոխանցել 10.700 եվրոյի չափով գումար:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ 2002-2007 թվականների ընթացքում անշարժ գույքի 1 քմ-ի արժեքի բնականոն աճի գործակիցն աճել է 4.89 անգամ, դեռևս հիմք չէ հաստատված համարելու համար այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի արժեքը բարձրացել է ոչ թե վերանորոգման, այլ շուկայական գների բարձրացման հետևանքով, քանի որ վերոնշյալ ցուցանիշը ստացվել է հազարավոր գույքի գնահատման արդյունքում, որոնց ամենաբարձր և ամենացածր արժեքների հարաբերությունը կարող է տարբեր լինել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Անդրե Ջելոյանը 02.05.2000 թվականին 6.360.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 10-րդ շենքի թիվ 10 բնակարանը:
2. Անդրե Ջելոյանը և Ռուզաննա Խաչիկյանն ամուսնացել և իրենց ամուսնությունը գրանցել են Ֆրանսիայի Հանրապետությունում 15.07.2003 թվականին:
3. Բնակարանը վերանորոգվել է 2005 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին:
4. Բնակարանի շուկայական արժեքը 28.09.2007 թվականի դրությամբ 25.500.000 ՀՀ դրամ է:
5. «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից 19.10.2007 թվականին տրված գրության համաձայն՝ 2002 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի արժեքի բնականոն աճի ինդեքսը աճել է 4,89 անգամ, որպիսի աճն ուղղակիորեն տարածվել է նաև բնակարանի շուկայական արժեքի աճի վրա:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետևյալ վավերապայմանների միաժամանկյա առկայության դեպքում՝
ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.
բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.
գ) կատարված ներդրման և արժեքի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցերը՝
ա) բնակարանի վերանորոգման պահին՝ 2005 թվականին ի՞նչ արժեք ուներ բնակարանը.
բ) արդյո՞ք բնակարանի վերանորոգման հետևանքով դրա արժեքը ավելացել է նշանակալի չափով.
գ) առկա է արդյո՞ք կատարված վերանորոգման և արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական և թե' իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով այն փաստը, որ վեճի առարկա գույքում Ռուզաննա Խաչիկյանի կողմից կատարվել է 15.000 ԱՄՆ դոլար ներդրում, և որ գույքի գինը 6.360.000 ՀՀ դրամից բարձրացել է 25.000.000 ՀՀ դրամի, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Անդրե Ջելոյանին սեփականության իրավունքով պատկանող վեճի առարկա բնակարանում Ռուզաննա Խաչիկյանի կողմից ներդրման չափը (ներդրված գումարը Ռուզաննա Խաչիկյանի և Անդրե Ջելոյանի համատեղ սեփականությունը, թե Ռուզաննա Խաչիկյանի անձնական միջոցներ լինելու հանգամանքը), և չի հիմնավորել այդ ներդրման հետևանքով վեճի առարկա գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով վեճի առարկա գույքի արժեքի ավելացման փաստը, չի հիմնավորել նաև այդ ավելացման և Ռուզաննա Խաչիկյանի կողմից կատարված ներդրման պատճառահետևանքային կապը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել սույն քաղաքացիական գործում առկա «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից 19.10.2007 թվականին տրված գրությունը, համաձայն որի՝ 2002 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի արժեքի բնականոն աճի ինդեքսը աճել է 4,89 անգամ, ինչի հետևանքով ավելացել է նաև բնակարանի շուկայական արժեքը և չի նշել տվյալ ապացույցը մերժելու փաստարկները: Մինչդեռ, հիշյալ գրությամբ հիմնավորվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի արժեքը բարձրացել է ոչ թե վերանորոգման, այլ շուկայական գների բարձրացման հետևանքով:
Բացի այդ, 2005 թվականին կատարված ներդրման հետևանքով բնակարանի արժեքի աճը հաստատված համարելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել 2000 թվականից մինչ 2007 թվականը բնակարանի արժեքի փոփոխությունը: Այնինչ Վերաքննիչ դատարանը պետք է նախ հիմք ընդուներ մինչ ներդրումը՝ 2005 թվականի դրությամբ բնակարանի արժեքը և դրանից անմիջապես հետո արձանագրված գնի ավելացումը, որն ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում կատարված ներդրման հետ, և այնուհետև գնահատման առարկա դարձներ գույքի արժեքի նշանակալի չափով ավելացած լինելու հանգամանքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2007 թվականի վճիռը և այն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |