ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-4107 |
Քաղաքացիական գործ թիվ 3-377(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` խաղի հաղթող ճանաչելու և շահումը վճարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արա Խաչատրյանը պահանջել է ճանաչել 2006 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից հայտարարված «Գանձեր որոնողները» խաղի շրջանակներում անցկացվող «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող և պարտավորեցնել Ընկերությանը վճարելու նշված խաղի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ շահումը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.02.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասը որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Արա Խաչատրյանի պահանջը դիտել է հիմնավոր` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նշված խաղի երրորդ կարևորագույն պայմանը` Արա Խաչատրյանի կողմից ուղարկված թվերը չկրկնվելու վերաբերյալ, նախորդ դատական ակտով չեն հաստատվել: Այդ հանգամանքը չի հաստատվել նաև սույն գործի քննության ընթացքում: Նման պարագայում որևէ կերպ չհիմնավորված հանգամանքը Վերաքննիչ դատարանը դիտել է որպես հաստատված հանգամանք:
Ընկերությունը բաժանորդներին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է խաղի պայմանների և իր պատասխանատվության սահմանափակումների մասին: Հետևաբար, անգամ ծրագրային սխալների, խափանումների կամ հայտարարության պայմաններում նախատեսված այլ հիմքերով Ընկերության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում, եթե նույնիսկ հաղթող է ճանաչվել մեկ այլ թիվ ուղարկած բաժանորդ, միևնույն է, մինչև խաղն սկսվելը տրված տեղեկատվությամբ Ընկերության և բաժանորդների միջև դրա վերաբերյալ համաձայնություն ձեռք բերված լինելու հանգամանքի հիման վրա Ընկերությունը պատասխանատվություն կրել չի կարող: Բացի այդ, քանի որ խաղի համար ստեղծված «սպասարկող ծրագիրը» նախատեսված է եղել ստանալու բացառապես ամբողջ թվեր, ուստի Արա Խաչատրյանին հատկացված հեռախոսահամարից ուղարկված կոտորակային թվերը չեն մշակվել, ծրագիրը չի արձագանքել, ինչի մասին բոլոր բաժանորդները, այդ թվում` հայցվորը, նախապես` խաղն սկսելուց առաջ, տեղեկացվել են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 2006 թվականի դեկտեմբերին հայտարարված «Գանձեր որոնողները» գովազդային խաղի շրջանակներում անց կացվել է «Շրջադարձ աճուրդ» խաղը:
2) Ընկերության կողմից 31.01.2007 թվականին տրված թիվ 1-230/2 գրության համաձայն` խաղի հաղթող է ճանաչվել 091411117 հեռախոսահամարը, որից ուղարկվել է ամենափոքր չկրկնվող թիվը` «565»-ը:
3) Սույն քաղաքացիական գործով Արա Խաչատրյանը վիճարկում է խաղի կանոններին համապատասխան հաղթող ճանաչվելու հարցը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների:
Նույն օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:
⚖Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ կապված պահանջները ենթակա չեն դատարանում քննության և միայն բացառիկ դեպքերում դատարանը կարող է քննել այս ոլորտում ծագող վեճերը: Մասնավորապես, դատարանում քննության ենթակա են այն անձանց պահանջները, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո: Բացի այդ, դատարանին են ենթակա խաղի կազմակերպչի կողմից շահումը վճարելուց խուսափելու հետ կապված վեճերը:
Այսպիսով, խաղի հաղթող ճանաչելու հետ կապված վեճերը, այդ թվում խաղի կանոններին համապատասխան դրանց անցկացված լինելու հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ և 1040-րդ հոդվածների ուժով դատարանի իրավասությունից դուրս են, իսկ դրանք կազմակերպող և դրանց մասնակցող անձանց պահանջները` դատական պաշտպանության ոչ ենթակա:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվում է Արա Խաչատրյանի «Շրջադարձ աճուրդ» խաղի հաղթող ճանաչվելու հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին, որով դատարանը գտել է, որ Արա Խաչատրյանի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից և այն ենթակա է դատական պաշտպանության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի այդ եզրահանգումը սույն քաղաքացիական գործով նախադատելի նշանակություն չի կարող ունենալ հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական
խնդրին (տե'ս՝ Ա. Եփրեմյան ընդդեմ Ն. Մանվելյանի՝ անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը չի ընդգրկվում դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն չունի նախադատելի նշանակություն:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի վճռով արտահայտված իրավական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ 236-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|