ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-2495 |
Քաղաքացիական գործ թիվ 3-273(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի ապրիլի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ապրեսյանի վճռաբեկ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Արմեն Ապրեսյանի դիմումի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), Երևանի Կենտրոն թաղային համայնքի (այսուհետ` Թաղապետարան)` պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները վիճարկելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Ապրեսյանը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին և Թաղապետարանին համապարտության կարգով հատուցել Թաղապետարանի կողմից կատարված շինարարական աշխատանքների արդյունքում սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Գրիգոր Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի գույքին պատճառված վնասը` 6.436.200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, և այդ գույքի կորստի պատճառով 15 ամսվա չստացված եկամուտները` բաց թողած օգուտը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.02.2006 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ապրեսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Թաղապետարանը և Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 615-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, գործի քննության ժամանակ գործող 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վեճի առարկա հողատարածքի նկատմամբ Արմեն Ապրեսյանն ունի վարձակալության իրավունք, հետևաբար առանց այդ իրավունքի դադարեցման վերաբերյալ պետական գրանցման, հնարավոր չէ Երևանի քաղաքապետի 01.09.2004 թվականի թիվ 1673-Ա որոշման հիման վրա այլ անձի վարձակալական իրավունքի գրանցում կատարել:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 615-րդ հոդվածը, քանի որ այդ հոդվածը չի նախատեսում, որ առանց օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ վարձակալության իրավունք ունեցող անձի իրավունքի դադարեցման վարձատուն կարող է գույքը երկրորդ անգամ վարձակալության հանձնել և նման պարագայում միևնույն գույքի նկատմամբ կարող է կատարվել մեկ այլ անձի իրավունքի պետական գրանցում:
Բացի այդ, Քաղաքապետարանի սխալ վարչարարության պատճառով քանդվել է Արմեն Ապրեսյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սույն գործով վճիռ կայացնելիս անհիմն մերժել է ինչպես հասցված իրական վնասը, այնպես էլ բաց թողնված օգուտը բռնագանձելու պահանջը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2007 թվականի վճիռը, և այն փոփոխել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանները
2.1.1. Թաղապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանը
Մոսկվայի անվան ճեմուղի հիմնելու համաձայնությունը կայացվել է Քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև՝ հետագայում այն Կենտրոն թաղային համայնքին հանձնելու համար, որի համար համապատասխան հողամասը վարձակալության է հանձնվել Կենտրոն թաղային համայնքի հիմնադրած «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին՝ ճեմուղին հիմնադրելուց հետո դրա պահպանումն ու խնամքը կազմակերպելու համար: Նշված ճեմուղու կառուցապատողն է հանդիսացել «Կոմպանիոն» ՓԲԸ-ն: Երևանի Կենտրոն թաղային համայնքը և (կամ) վերջինիս տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև համայնքային որևէ կազմակերպություն, այդ թվում՝ Թաղապետարանը, Մոսկովյան ճեմուղին կառուցելու աշխատանքների ժամանակ պատվիրատու կամ կապալառու չեն հանդիսացել, և որևէ գործողությամբ կամ անգործությամբ վնաս չեն պատճառել Արմեն Ապրեսյանին:
2.1.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանը
Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 615-րդ հոդվածը կիրառելը հիմնավորված է, քանի որ Երևանի քաղաքապետի 01.09.2004 թվականի թիվ 1673-Ա որոշմամբ Մոսկվայի անվան ծառուղի հիմնելու նպատակով հողամասի առանձնացումը չի կարող հիմք հանդիսանալ Արմեն Ապրեսյանի հողամասի վարձակալության իրավունքը դադարեցնելու համար, առավել ևս, որ չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Արմեն Ապրեսյանին վարձակալությամբ տրամադրված հողամասն ընդգրկված է առանձնացած հողամասի սահմաններում:
Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և փաստարկներն անհիմն են, Արմեն Ապրեսյանը մինչև դատական կարգով վեճի լուծումը փոխհատուցման խնդրանքով Քաղաքապետարան չի դիմել, և Քաղաքապետարանը նրան փոխհատուցելու պարտավորությունը չի ընդունում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 1000-Ա որոշմամբ և դրան կից թիվ 1 հավելվածի համաձայն` Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8քմ մակերեսով տարածքի նկատմամբ ճանաչվել է Արմեն Ապրեսյանի սեփականության իրավունքը, իսկ դրա զբաղեցրած հողամասը տրամադրվել է վարձակալությամբ հինգ տարի ժամկետով.
2) Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցվել է Արմեն Ապրեսյանի սեփականության, իսկ հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը հինգ տարի ժամկետով.
3) Երևանի քաղաքապետի 01.09.2004 թվականի թիվ 1673-Ա որոշմամբ Երևան քաղաքի Գ.Քոչարի փողոցում Մոսկվայի անվան ճեմուղի հիմնելու(կառուցելու) նպատակով 2292.0 քմ մեկերեսով հողամասը 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին.
4) Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի թիվ Ն 23/35-159 շինարարական թույլտվության համաձայն՝ «Կոմպանիոն» ՓԲԸ-ին թույլատրվել է իրականացնել Երևանի Գ.Քոչարի փողոցի մայթերի բարեկարգման շինարարական աշխատանքներ.
5) Երևան քաղաքում Մոսկվայի անվան ճեմուղի հիմնադրելու հետ կապված քանդվել է Արմեն Ապրեսյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը.
6) «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի 02.08.2004 թվականի թիվ 8-04 գնահատման ակտի համաձայն` գնահատման օրվա դրությամբ Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի շինության արժեքը կազմել է 12.183 (տասներկու հազար մեկ հարյուր ութսուներեք) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ.
7) «Էլեֆանտ-Ռիելթի» ՍՊԸ-ի անշարժ գույքի գնահատման 30.08.2004 թվականի հաշվետվության համաձայն` Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 17,5քմ մակերեսով շինության արժեքը գնահատման օրվա դրությամբ կազմում է 12.620 ԱՄՆ դոլար, որը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 30.08.2004 թվականին սահմանված փոխարժեքի, համարժեք է 6.436.200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 615-րդ հոդվածի համաձայն` գույքը վարձակալության հանձնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար: Վարձակալության պայմանագիրը կնքելիս վարձատուն պարտավոր է վարձակալին նախազգուշացնել հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Վարձատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը, վարձակալին իրավունք է տալիս պահանջել նվազեցնելու վարձավճարը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի և Արմեն Ապրեսյանի միջև 31.07.2004 թվականին կնքվել է Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի 20,8 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ վարձակալության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով: Վերոնշյալ պայմանագիրը լուծված, իսկ Արմեն Ապրեսյանի վարձակալության իրավունքը դադարեցված չեն:
Երևանի քաղաքապետի 01.09.2004 թվականի թիվ 1673-Ա որոշմամբ Երևան քաղաքի Գ.Քոչարի փողոցում Մոսկվայի անվան ճեմուղի հիմնելու (կառուցելու) նպատակով 2292.0քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին: Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարի թիվ Ն 23/35-159 շինարարական թույլտվության համաձայն՝ «Կոմպանիոն» ՓԲԸ-ին թույլատրվել է իրականացնել Երևանի Գ.Քոչարի փողոցի մայթերի բարեկարգման շինարարական աշխատանքներ:
Այդ աշխատանքների իրականացման հետ կապված քանդվել է Արմեն Ապրեսյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնաս է համարվում նաև այդ անձի գույքի կորուստը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն բաժնի դրույթներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ տարածքային կառավարման մարմնի՝ Երևանի քաղաքապետի, կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում են Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի կողմից իրականացված վարչարարության հետևանքով Արմեն Ապրեսյանը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունից, ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը պայմանագրի պայմաններին համապատասխան տիրապետելու և օգտագործելու իրավունքից: Դրանց արդյունքում Արմեն Ապրեսյանին պատճառվել է վնաս: Ըստ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի 02.08.2004 թվականի թիվ 8-04 գնահատման ակտի` գնահատման օրվա դրությամբ Երևանի Գ.Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի շինության արժեքը կազմել է 12.183 (տասներկու հազար մեկ հարյուր ութսուներեք) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ «Էլեֆանտ-Ռիելթի» ՍՊԸ-ի 30.08.2004 թվականի հաշվետվության համաձայն` գնահատման օրվա դրությամբ վիճելի շինության արժեքը 6.436.200 ՀՀ դրամ է:
Հետևաբար, Արմեն Ապրեսյանի հայցապահանջը 6.436.200 ՀՀ դրամի չափով հասցված վնասի փոխհատուցման մասին հիմնավոր է, և այն ենթակա է հատուցման Քաղաքապետարանի կողմից:
Ինչ վերաբերում է Երևանի Կենտրոն համայնքին ներկայացված հայցապահանջին, ապա այն անհիմն է, քանի որ գործում բացակայում է որևէ ապացույց, որով հաստատվում է Թաղապետարանի կողմից ոչ իրավաչափ վարչարարություն իրականացնելու փաստը:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողած օգուտի առկայությունը, այսինքն՝ անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը, յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները: Մասնավորապես բաց թողած օգուտի առկայությունը որոշելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը (մասնավորապես, այլ անձի հետ վարձակալության պայմանագիր կնքված լինելը) կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (այդպիսին կարող է լինել, օրինակ, իրավունքը խախտված անձի կողմից այլ անձանց ուղարկված համապատասխան օֆերտան) ( տես՝ Ջուլիետա Պետրոսյան, Կարեն Դավթյան և Արման Դավթյան ընդդեմ Թևոս Սաֆարյանի՝ պատճառված վնասների հատուցման պահանջի մասին թիվ 3-691(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Արմեն Ապրեսյանի կողմից չի հիմնավորվել վեճի առարկա շինությունը վարձակալությամբ հանձնելու մտադրությունը:
Հետևաբար, բաց թողնված օգուտի մասով հայցապահանջն անհիմն է:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել: Արմեն Ապրեսյանի դիմումը բավարարել մասնակիորեն` բռնագանձել Երևանի քաղաքապետարանից հօգուտ Արմեն Ապրեսյանի 6.436.200 (վեց միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
2. Երևանի Կենտրոն համայնքի մասով, ինչպես նաև բաց թողնված օգուտի մասով հայցը մերժել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |