Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.04.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
23.04.2008
Дата вступления в силу
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3746/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-272(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան  

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Դ. Խաչատրյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հայրապետյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Կարինե Հայրապետյանի ընդդեմ Սերգեյ Գրիգորյանի, երրորդ անձինք՝ Արմեն Մանվելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Սերգեյ Գրիգորյանի և Արմեն Մանվելյանի միջև 22.12.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրանից ծագած իրավունքների պետական գրանցումը:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Մանվելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Բնակարանը դուրս է եկել սեփականատիրոջ՝ Կարինե Հայրապետյանի տիրապետումից անկախ նրա կամքից: Վերջինս Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում թիվ 2-2806 քաղաքացիական գործով դատավարության մասին չի տեղեկացվել:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ բնակարանը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք ունեցող անձից, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը կարգավորում է քաղաքացիաիրավական այն հարաբերությունները, որոնք ծագում են գույքն օտարելու իրավունք չունեցող անձի կողմից օտարելիս:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վեճի առարկա բնակարանի նկատմամբ արգելանք դնելու մասին միջնորդությանը, որի հետևանքով բնակարանը 04.09.2007 թվականին օտարվել է այլ անձի:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

 

Վեճի առարկա գույքը ձեռք բերող Արմեն Մանվելյանը այն ձեռք է բերել դրա օտարելու իրավունքն ունեցող անձից, գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և չէր կարող իմանալ, որ տվյալ գույքն ունեցել է այլ համասեփականատեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 32/1 շենքի թիվ 34 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Կարինե Հայրապետյանին և Սերգեյ Գրիգորյանին:

2. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 19.10.2006 թվականի վճռով բավարարվել է Սերգեյ Գրիգորյանի հայցը ընդդեմ Կարինե Հայրապետյանի՝ սեփականության իրավունքը դրամական փոխհատուցմամբ դադարեցնելու, ամբողջ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջով:

3. Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 19.10.2006 թվականի վճիռը բեկանվել է Կարինե Հայրապետյանին գործի քննությանը մասնակից չդարձվելու հիմքով:

4. 22.12.2006 թվականին Սերգեյ Գրիգորյանը բնակարանը վաճառել է Արմեն Մանվելյանին: Գործարքից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:

5. 12.07.2007 թվականին Վերաքննիչ դատարանին ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից չի քննարկվել և որոշում չի կայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն oտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց իր իրավունքների խախտման փաստը ապացուցելու համար, գնահատման առարկա չի դարձրել վեճի առարկա գույքը Կարինե Հայրապետյանի տիրապետումից նրա կամքից անկախ ճանապարհով դուրս գալու հանգամանքը հաստատող, սույն քաղաքացիական գործում առկա ապացույցը (Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը) և չի նշել այդ ապացույցի մերժման պատճառները:

Մասնավորապես, վեճի առարկա գույքը Կարինե Հայրապետյանի տիրապետումից նրա կամքից անկախ ճանապարհով դուրս գալու հանգամանքը հիմնավորվում է Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ, որով բեկանվել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 19.10.2006 թվականի վճիռը Կարինե Հայրապետյանին գործի քննությանը մասնակից չդարձնելու հիմքով: Այսինքն, Վճռաբեկ դատարանի որոշմամբ հիմնավորվում է, որ Կարինե Հայրապետյանի սեփականության իրավունքը դադարեցվել է դատական ակտով, որին նա մասնակից չի դարձվել:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա գույքը Կարինե Հայրապետյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կամ իր նախաձեռնությամբ, միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու oրը, և կայացվում է որոշում:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը չի քննարկել սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշում չի կայացրել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան